ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով` ամուսիններից մեկի` ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում: Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությանը` ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր (օրինակ` ՔԿԱԳ մարմիններ, նոտար): Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներ նախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության և օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով (ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգը, այդ միջոցների չափերը կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը):
Վերոշարադրյալի հաշվառմամբ, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է բացառել ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման և պաշտպանության անհաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաև Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:
- ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամուսնալուծության գործերով դատական միջամտության անհրաժեշտությունն առաջանում է հիմնականում ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում, այսինքն՝ երբ առկա է այդ ամուսնու շահերի հաշվառման և ընտանիքի պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն՝ առաջարկում ենք բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը, այն է՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով և ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նախատեսել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու կարգ, եթե ամուսնալուծության պահանջի հետ միաժամանակ դատարան չեն ներկայացվում այլ պահանջներ:
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախագծի ընդունման արդյունքում ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում կբացառվեն դատական կարգով ամուսնալուծության դեպքերը, եթե ամուսնալուծությունից բացի չեն ներկայացվել այլ պահանջներ, որի արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածության մակարդակը: