ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1257-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագծի) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորումների համաձայն հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման որոշումը ընդունվում է ավելի վաղ, քան նույն իրավախախտման փաստն արձանագրող վարչական ակտը։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1257-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները:
Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտում հայտնաբերելու դեպքում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի և բռնագրավման ենթակա գույքը վերցնում է պատասխանատու պահպանության, որի մասին նշում է կատարվում արձանագրությունում:
Նույն հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ հարկային մարմնի կողմից հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավումը կիրառվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունած որոշման հիման վրա՝ համաձայն սույն կարգի N 2 ձևի: Հարկային մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումն ընդունում է սույն կարգի 4-րդ կետում նշված արձանագրությունը կազմելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 400-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման դեպքում հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկային մարմնի ընդունած` բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկադիր կարգով անհատույց վերցվում է որպես պետական սեփականություն: Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտում բացահայտելու դեպքում հարկային մարմինն անհապաղ ձեռնարկում է Օրենսգրքով սահմանված՝ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող՝ գույքի արգելանքի ապահովման միջոցը: Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Որոշմամբ սահմանված գործող կարգավորումների համաձայն հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտում հայտնաբերելու դեպքում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն և բռնագրավման ենթակա գույքը վերցնում է պատասխանատու պահպանության, իսկ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշումը կայացվում է նշված արձանագրությունը կազմելուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված պայմաններում, սակայն, պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դեռևս իրավախախտման փաստն արձանագրող ակտի ուժի մեջ մտած չլինելու պայմաններում կայացվում է հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման վերաբերյալ որոշում։ Գործողությունների նման հաջորդականությունը հաճախ բացասական ազդեցություն է գործում վարույթի արդյունավետության վրա։
Ելնելով վերոգրյալից և նպատակ ունենալով նաև Որոշման կարգավորումները համապատասխանեցնելու Օրենսգրքի կարգավորումներին, Նախագծով սահմանվում է, որ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտում հայտնաբերելու դեպքում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն անհապաղ որոշում է կայացնում այդ գույքի վրա արգելանք դնելու մասին։ Որոշման մեջ նշվում են ենթադրյալ իրավախախտման համառոտ նկարագրությունը, արգելադրման ենթակա գույքը, արգելադրում կատարելու ժամանակը և տեղը, ինչպես նաև արգելադրվող գույքի սեփականատիրոջ վերաբերյալ տվյալները:
Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում հարկ վճարողին, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրման ենթակա կամ արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա արգելադրման ենթակա գույքը վերցվում է պատասխանատու պահպանության՝ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա: Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն այն անձին, ում մոտ իրականացվում է արգելադրումը, նախազգուշացնում է արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Միաժամանակ, հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածներով սահմանված դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով ընդունված պատասխանատվություն նախատեսող, իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ և 424-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումների դեպքում պարտավորություն առաջադրող վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ընդունած որոշման հիման վրա:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ, մշակվել է Նախագիծը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության 2-րդ` Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում զարգացման ռազմավարական նպատակի 2.1.1-ին միջոցառումից, այն է` հզորացնել հարկային կարգապահության ռիսկերի կառավարման համակարգի կարողությունները՝ ռիսկերի շրջանակի ընդլայնմամբ և դրանց բացահայտման վերլուծական մեխանիզմների ավտոմատացմամբ՝ նվազեցնելով մարդկային գործոնի ազդեցությունը:
6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման որոշումը կընդունվի իրավախախտման փաստն արձանագրող վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։
7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
-
Տևողություն
20.05.2026 04.06.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 265
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: