Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

 

1.      Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը   

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի 2025 թվականի «Աշխարհի թմրամիջոցների զեկույցի» (այսուհետ՝ Զեկույց) համաձայն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հանցավոր կազմակերպությունների եկամտի գեներացման կարևոր աղբյուրներից է։ Նույնը հավաստվում է Եվրոպոլի և ԵՄ թմրամիջոցների գործակալության համատեղ ուսումնասիրությամբ, որի արդյունքների համաձայն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կազմակերպված հանցավորության շահույթի գեներացման հիմնական աղբյուրներից մեկն է՝ կազմելով հանցավորության համաշխարհային շահույթի մոտ մեկ հինգերորդը[1]։

Զեկույցի համաձայն՝ հանցավոր կազմակերպությունների միջև այս ոլորտում մրցակցությունը հանգեցնում է նրանց կողմից բռնության կիրառման, և այս խնդիրն առկա է մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ վերջին տարիներին՝ Արևմտյան Եվրոպայում։ Զեկույցի համաձայն՝ արձանագրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ռեկորդային թվեր, և Ասիայում ու Աֆրիկայում ձևավորվում են նոր շուկաներ։

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2020-2025 թվականների ընթացքում թմրամիջոցների առգրավման տվյալները վկայում են այն մասին, որ ՀՀ-ում առավել տարածված է բնական ծագման թմրամիջոցների՝ «կանեփի» և «մարիխուանայի» ապօրինի շրջանառությունը։ Դրանց տարածվածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ թմրամիջոցների հումքը՝ կանեփ տեսակի բույսը, աճում է հանրապետության ողջ տարածքում, և մեծամասամբ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ստանում են հենց այդ բույսից՝ տնայնագործական եղանակով:

Միաժամանակ, տարեցտարի աճում է առգրավված սինթետիկ թմրամիջոցների ծավալը, ինչը վկայում է ինչպես դրանց ապօրինի շրջանառության կայուն աճի միտումների, այնպես էլ՝ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին։

Այսպես, օրինակ, 2022 թվականին առգրավվել է 20 կգ 571 գ սինթետիկ թմրամիջոց, մինչդեռ 2024 թվականին՝ 38 կգ 547 գ, իսկ 2025 թվականին՝ 213 կգ 898 գ։ Այնուամենայնիվ, առանցքային է, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում սինթետիկ թմրամիջոցներ արտադրող երկիր. վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել է այդպիսի մեկ դեպք, իսկ հանրապետության տարածքում առգրավված սինթետիկ թմրամիջոցները ներկրվում են արտերկրից՝ հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, եվրոպական երկրներից:

Միաժամանակ, ՀՀ-ում գործող նարկոլոգիական բժշկական կենտրոններում հիվանդանոցային բուժում ստացող անձանց թվում գերակշռում են ափիոնատիպ նյութերի գործածման կապակցությամբ բուժում ստացող անձինք։ Այսպես, օրինակ, ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ 2022 թվականին հիվանդանոցային բուժում ստացած 128 բուժառուից 79-ն են բուժում ստացել ափիոնատիպ նյութերի գործածման կապակցությամբ, իսկ 2024 թվականին՝ 160 բուժառուից 120-ը։

Ընդ որում, Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ հանրային առողջության տեսանկյունից առավել խնդրահարույց են համարվում ներարկային ճանապարհով գործածվող թմրամիջոցները, որոնք գործածող անձանց շրջանում տարածվում են արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդություններ, ինչպես նաև՝ ափիոիդների, կոկաինի և ամֆետամինի գործածումը, որոնց տարածումը խիստ մտահոգիչ է՝ նկատի ունենալով, որ դրանց գործածումն առաջացնում է լրջագույն հոգեկան և վարքային խանգարումներ։

Վերոգրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալի աճի միտումները, ինչպես նաև՝ հանրային առողջության համար դրանց վտանգավորության աստիճանը, անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Հանցավորության դեմ պայքարի ժամանակակից խոչընդոտները, այդ թվում՝ հանցավորության անդրսահմանային բնույթը և համացանցային հանցանքների հայտնաբերման և կանխարգելման մարտահրավերները, ենթադրում են, որ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների գործունեությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե այն պարզապես արձագանքող (ռեակտիվ) բնույթից բացի կրի նաև պրոակտիվ բնույթ՝ հիմնվելով համակարգային կերպով հավաքագրված տեղեկատվության և տվյալների ու դրանց վերլուծության վրա։ Այս մոտեցման դեպքում հնարավոր է հավաքագրված տեղեկատվության և դրա վերլուծության հիման վրա տարանջատել առաջնահերթությունները, հիմնական անվտանգային խնդիրները, սպառնալիքները, հանցանքների տեսակները և այլն, և դրանց համահունչ՝ պլանավորել աշխատանքն ու բաշխել ռեսուրսները։ Նման մոտեցումները կազմում են ոստիկանության փաստահեն ծառայության (intelligence-led policing) հենքը և հատկապես արդյունավետ են կազմակերպված և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում[2]։

Ելնելով վերոգրյալից և նպատակ ունենալով ապահովել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը՝ Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությամբ նախատեսվել է ապօրինի շրջանառության բացահայտման առաջնահերթության տեսանկյունից թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դասակարգման անհրաժեշտությունը։ Ռազմավարությամբ ընդգծվել է, որ նման դասակարգումը պետք է հիմնվի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վտանգավորության, Հայաստանի Հանրապետությունում դրանց գործածման տարածվածության և այլ չափանիշների վրա՝ նպատակ ունենալով ուղղորդել այս ոլորտում իրավապահ մարմինների աշխատանքը՝ այն դարձնելով առավել թիրախային։ Ըստ այդմ, անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություն՝ ապահովելու համար ապօրինի շրջանառության բացահայտման առաջնահերթության հաշվառմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համապատասխան դասակարգման սահմանումը։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանելու թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնահերթությունների հաշվառմամբ  թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների դասակարգումը։

Նշված դասակարգումը նախատեսվում է կիրառել որպես իրավապահ մարմինների գործունեության ուղենիշային հիմք՝ ապահովելով, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրականացվող միջոցառումները կրեն ոչ միայն արձագանքող (ռեակտիվ), այլև՝ կանխարգելիչ և պրոակտիվ բնույթ՝ հիմնված ռիսկերի, սպառնալիքների և հանցավորության զարգացման միտումների վերլուծության վրա։

Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է նաև ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված դասակարգումը սահմանող որոշման նախագիծ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացված վերլուծության արդյունքները։

 

3 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։

 

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում առավել համակարգված, փաստահեն և ռիսկերի գնահատման վրա հիմնված միջոցառումների իրականացումը, ինչը կնպաստի տվյալ ոլորտում պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։

 

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 736-Լ որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 44-րդ գործողությունից։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն



[1] Տես Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ԵՄ ճանապարհային քարտեզը, հասանելի՝ https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX%3A52023DC0641

[2] Տես «Ոստիկանության փաստահեն ծառայություն», ԵԱՀԿ ուղեցույց, 2017, հասանելի՝ https://cdn.osce.org/sites/default/files/f/documents/d/3/327476.pdf

  • Տևողություն

    13.05.2026 28.05.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 143

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: