«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի (2024 թ.) 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որոնք լիազորում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնին սահմանել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈւ) ձևերի կազմակերպման կարգը և մեթոդաբանությունը։
Նախագծի ընդունումը ուղղակիորեն նախատեսված է նաև ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Վարչապետի 10 հոկտեմբերի 2024 թվականի N 914-Ա որոշման հավելվածի 22-րդ կետով։
2024 թ․ ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը համակարգային մակարդակով ամրագրում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (դուալ ուսումնառություն, պրակտիկա, աշխատանքի ընթացքում ուսումնառություն) կիրառման հնարավորությունը և դրա կազմակերպման իրավական նախադրյալները։ Սակայն օրենքով սահմանված ԱՀՈՒ ձևերի ներդրման և գործնական կիրառման համար անհրաժեշտ է խնդրո առակ ենթաօրենսդրական կարգավորում։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
Սկսած 2017 թվականից Հայաստանի արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթության որակավորումներով ծրագրերի իրականացման շրջանակում, փորձարարական կարգով ներդվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության դուալ և պրակտիկա ձևերը, որպես գործնական կարողունակությունների զարգացմանը միտված և պրակտիկայի բաղադրիչին փոխարինող գործնական աշխատանքային ուսուցում։
Շուրջ 10 տևած փորձարկումների և տարբեր հաստատությունների ու նրանց սոցիալական գործատուների կողմից մշակված տարբեր մեթոդաբանական լուծումները, հիմնախնդիրները և շահառուների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը վերլուծվել են ու դրանց իրավական սահմանումները ամրագրվել են Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածներում, իսկ ընթացակարգային կառուցակարգերը սահմանվել են սույն կարգում և դրա հավելվածներում։
Նախագծով սահմանվում են, արհեստագործական կամ միջին մասնագիտական ծրագրերի մակարդակներում որոշակի ոլորտային որակավորման ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (այսուհետև՝ ԱՀՈւ) ձևերի իրականացման հետ կապված գործընթացները, դրանց մասնակիցների հարաբերությունները, կիրառվող փաստաթղթերը և կազմակերպման մեթոդաբանությունը:
Մասնագիտական կրթության համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը հանդիսանում է՝
· կրթության և աշխատաշուկայի կապի ամրապնդման հիմնական գործիք,
· մասնագիտական կարողունակությունների ձևավորման արդյունավետ մեխանիզմ,
· սոցիալական գործընկերության գործնական դրսևորում,
· շրջանավարտների աշխատունակության և մրցունակության բարձրացման միջոց։
Մինչ այժմ ԱՀՈւ-ի կազմակերպումը տարբեր ՄՈՒՀ-երում իրականացվել է տարբեր մոտեցումներով, հաճախ առանց միասնական մեթոդաբանական հիմքի, փաստաթղթային միասնական ձևաչափի և գործընթացների հստակեցված բաշխման։
Նախագծով առաջարկվող կարգը ապահովում է՝
· միասնական մոտեցում բոլոր ՄՈՒՀ-երի համար,
· գործընթացների իրավական հստակեցում,
· սոցիալական գործընկերների մասնակցության կանոնակարգում,
· ուսումնառության վերջնարդյունքների կապակցվածություն որակավորման շրջանակային նկարագրերին։
Հրամանի հավելվածով հաստատվող կարգը և մեթոդաբանությունը սահմանում են՝
· ԱՀՈւ ձևերի ընտրության, իրականացման, մի ձևից մյուսին անցման կարգը,
· ԳԱՈՒ մոդուլային ծրագրի մշակման մեթոդաբանությունը,
· սոցիալական գործընկերության նախապատրաստական և գործընկերների ներգրավման կարգը,
· որակավորման ծրագրի մեթոդական փաթեթի պարտադիր բաղադրիչները,
· գնահատման և մոնիթորինգի մեխանիզմները։
Կարգով հաստատվում է տիպային փաստաթղթերի ամբողջական փաթեթ, որը ներառում է՝
1. ԳԱՈՒ մոդուլային ծրագրի ձևաչափ (Հավելված 2)
Այն սահմանում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևը, ուսումնառության արդյունքները, վերջնարդյունքների համադրությունը որակավորման շրջանակային նկարագրի հետ, իրականացման ժամկետները, ուսանողի բեռնվածությունը, ինչպես նաև գործընկեր կազմակերպության մասնակցությունը։
Տվյալ փաստաթուղթը ապահովում է ուսումնառության արդյունքների հստակ ձևակերպում և դրանց կապակցվածությունը աշխատաշուկայի պահանջներին։ Այն հանդիսանում է ԱՀՈւ-ի բովանդակային հիմքը և երաշխավորում է կրթական ծրագրի ամբողջականությունը, չափելիությունը և որակի ապահովումը։
2. Փոխըմբռնման հուշագիր (Հավելված 3)
Փոխըմբռնման հուշագիրը սահմանում է ՄՈՒՀ-ի և գործընկեր կազմակերպության միջև համագործակցության ընդհանուր մտադրությունը՝ սոցիալական գործընկերության շրջանակում ուսանողների պատրաստման ուղղությամբ։ Այն ամրագրում է կողմերի պատրաստակամությունը՝ նպաստելու աշխատանքի վրա հիմնված ուսումնառության իրականացմանը։
Հուշագիրը չունի պարտադիր իրավական բնույթ, սակայն հանդիսանում է համագործակցության նախնական ինստիտուցիոնալ հիմք և նախապատրաստում է հետագա պայմանագրային հարաբերությունների ձևավորմանը։ Այն խթանում է գործատուների ներգրավվածությունը և ամրապնդում է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը։
3. Համագործակցության պայմանագիր (Հավելված 4)
Համագործակցության պայմանագիրը կարգավորում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման հետ կապված ՄՈՒՀ-ի և գործընկեր կազմակերպության իրավահարաբերությունները։ Այն սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ԳԱՈՒ մոդուլային ծրագրի իրականացման կարգը, մոնիթորինգի և գնահատման գործընթացները, ինչպես նաև ուսանողների անվտանգության և աշխատանքի պաշտպանության պահանջները։
Այս փաստաթուղթը ստեղծում է պարտադիր իրավական հիմք ԱՀՈւ-ի իրականացման համար, ապահովում է պատասխանատվության հստակ բաշխում և նվազեցնում է իրավական և կազմակերպական ռիսկերը։ Այն հանդիսանում է ԱՀՈւ-ի կայուն և համակարգված իրականացման հիմնական իրավական գործիքը։
4. Աշխատանքային պայմանագիր (ուսանողի հետ) (Հավելված 5)
Աշխատանքային պայմանագիրը կիրառվում է այն դեպքերում, երբ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը իրականացվում է աշխատանքային հարաբերությունների շրջանակում։ Այն սահմանում է գործատուի և ուսանողի (աշկերտի) միջև առաջացող աշխատանքային հարաբերությունները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի պայմանները, անվտանգության և աշխատանքի պաշտպանության պահանջները, ինչպես նաև վարձատրության հետ կապված դրույթները։
Փաստաթուղթը ապահովում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսդրությանը և երաշխավորում է ուսանողի սոցիալական և իրավական պաշտպանությունը։
5. Պրակտիկայի պայմանագիր (Հավելված 6)
Պրակտիկայի պայմանագիրը կարգավորում է այն դեպքերը, երբ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն իրականացվում է պրակտիկայի ձևով և չի առաջացնում աշխատանքային հարաբերություն։ Այն սահմանում է պրակտիկայի կազմակերպման պայմանները, ուսանողի և կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անվտանգության և վերահսկողության պահանջները։
Այս փաստաթուղթը ապահովում է իրավական հստակություն և տարանջատում կրթական և աշխատանքային բաղադրիչները՝ պահպանելով ուսումնառության նպատակային ուղղվածությունը։
6. ԳԱՈՒ օրինակելի օրագիր (Հավելված 7)
Օրագիրը նախատեսված է ուսումնառության ընթացքի փաստաթղթավորման և կարողունակությունների գնահատման համար։ րագիրը ԳԱՈՒ մոդուլային ծրագրում ընդգրկված ուսանողի ձեռք բերած վերջնարդյունքները գնահատելու փաստաթուղթն է, կիրառվում է ԱՀՈՒ բոլոր ձևերի համար և հանդիսանում է պետական ամփոփիչ ստուգման բաղկացուցիչ։ Այն կազմվում է համապատասխան որակավորման ծրագրի ամբողջ ժամանակահատվածի համար և իր մեջ ամփոփում է ուսումնառության ընթացքում բոլոր կազմակերպություններում ուսանողի անցած ԳԱՈՒ վերաբերյալ տեղեկատվությունը՝ անկախ դրա իրականացման ձևից, վայրից և կազմակերպությունների քանակից:
Մշակված տիպային փաստաթղթերը կիրառելի են տարբեր ԱՀՈւ ձևերի դեպքում, ապահովում են իրավական և կազմակերպական միասնականություն, հնարավորություն են տալիս ճկուն համապատասխանեցում՝ ըստ ոլորտի և որակավորման առանձնահատկությունների։
Որպես սկզբունքային ամրագրվել են հետևյալ մոտեցումները.
1) ԱՀՈՒ բոլոր ձևերը կազմակերպվում են համապատասխան որակավորման մոդուլային ծրագրի բաղկացուցչի մաս կազմող գործնական աշխատանքային ուսուցման (ԳԱՈւ) մոդուլային ծրագրով, որը մշակվում և կազմակերպվում է ՄՈՒՀ-ի ու տվյալ որակավորումների ոլորտի սոցիալական գործընկերության կողմ կազմակերպության հետ համատեղ.
2) ԱՀՈՒ ձերից ցանկացածը ուսումնական հաստատությունը կարող է որոշել ինքնուրույն, ինչպես նաև միաժամանակ կարող է կիրառել տարբեր ձևեր կամ փոխել ձև՝ սույն կարգով սահմանված նախապայմանների առկայության դեպքում։
3) Գործնական աշխատանքային ուսուցման մոդուլային ծրագիրը պետք է մշակվի սոցիալական գործընկերների հետ համատեղ։ Այդ նպատակով սույն կարգի շրջանակում հաստատման է ներկայացվել Փոխըմբռնման հուշագրի և Համագործակցության պայմանագրի տիպային ձևերը։
4) Գործնական աշխատանքային ուսուցման մոդուլային ծրագրում ընդգրկված ուսանողների հետ՝ կապված ԱՀՈՒ ձևից կարող է կնքվել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր (աշկերտության պայմանագիր) կամ պրակտիկայի պայմանագիր. Դրանց տիպային ձևերը հաստատման են ներկայացվում Հավելված 5ով և Հավելված 6-ով։
5) ԱՀՈՒ Աշխատանքի ընթացքում ուսումնառության ձևով ընդգրկվող ուսանողների համար կարող են կիրառվել անհատական մոտեցում՝ կապված նրա զբաղմունքից բխող աշխատանքային գործառույթներից։
6) ԳԱՈՒ մոդուլային ծրագրի կազմակերպման ընթացքը հաշվառելու, վերահսկելու և արդյունքները գնահատելու նպատակով սահմանված է Գործնական աշխատանքային ուսուցման օրագիրը՝ համաձայն Հավելված 7-ի։ Օրագիրը ԳԱՈՒ մոդուլային ծրագրում ընդգրկված ուսանողի ձեռք բերած վերջնարդյունքները գնահատելու փաստաթուղթն է և կիրառվում է ԱՀՈՒ բոլոր ձևերի համար։ Օրագրի գնահատման արդյունքները հանդիսանում են նաև տվյալ ուսանողի պետական ամփոփիչ ստուգման վերջնարդյունքի գնահատման պարտադիր բաղկացուցիչ։
Որպես ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով միջանկյալ կարգավորում, ԿԳՄՍ նախարարի որոշման նախագծով սահմանվել է կարգի ներդման և դրա անցումային ժամանակահատվածի գործողությունները։ Մասնավորապես՝ կարգը կիրառվում է մասնագիտական կրթության համապատասխան որակավորման կրթական չափորոշիչների պրակտիկայի բաղադրիչին համապատասխան՝ մինչև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտային որակավորումների շրջանակի ու արհետագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման շրջանակային նկարագրի սահմանումը, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից որակավորման ծրագրի հաստատելը։ Կարգի ուժի մեջ մտնելուց հետո, առավելագույնը երկու ուսումնական տարվա ընթացքում, ՄՈՒՀ-ն իրենց իրականացրած մասնագիտությունների բոլոր որակավորումների պետական կրթական չափորոշիչների և մոդուլային ծրագրերի շրջանակում կազմակերպվող ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների ծրագրերը համապատասխանեցնում են սույն կարգով սահմանված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համապատասխան ձևին և մեթոդաբանությանը՝ մշակելով առնվազն մեկ գործնական աշխատանքային ուսուցման (ԳԱՈՒ) մոդուլային ծրագիր։
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումով հնարավոր կլինի իրականացնել արհեստագործական կամ միջին մասնագիտական ծրագրերի մակարդակներում որոշակի ոլորտային որակավորման ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի հետ կապված գործընթացները, կանոնակարգել և դրանց մասնակիցների հարաբերությունները, կիրառվող փաստաթղթերը և հստակորեն կազմել ու կիրառել ճկուն մեթոդաբանություն՝ սահմանված ուղեցույցների օգնությամբ։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Կարգի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստորաբաժանումների, ԿԶՆԱԿ հիմնադրամի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի և «Ուսուցման ազգային հիմնադրամի» կողմից՝ Գերմանիայի կառավարության անունից Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի օժանդակությամբ և ծրագրի շրջանակում ցուցաբերած փորձագիտական աջակցությամբ։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում ընդգծվում է, որ 2024 թ․ ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ նոր օրենքը համակարգային փոփոխություններ է մտցրել ոլորտում՝ «առանցքային դարձնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, մասնավորի հետ համագործակցությունն ու տնտեսության հետ կապը»։ Ոլորտում կատարված փոփոխությունների արդյունքում արձանագրվել է ՄԿՈՒ հաստատություններ ընդունելության 11,4% աճ:
Կարևորելով մասնագիտական կրթության դերը սոցիալ-տնտեսական զարգացման, պահանջարկին համապատասխան աշխատաշուկայի համալրման գործում՝ ՀՀ կառավարության 2021թ․ օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնում առանձնացրել է գործունեության մի շարք թիրախային ուղղություններ, այդ թվում՝
· տարեկան առնվազն 2 ուսումնական հաստատություններում աշխատանքի վրա հիմնված և դուալ ուսուցման ներդրում ու ընդլայնում՝ մասնավոր հատվածի և գործարար համայնքի ակտիվ ներգրավման միջոցով, որը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ աշխատուժի պատրաստմանը,
· հաստատությունների կառավարման նոր մոդելների փորձարկում և ներդրում՝ հիմնված պետական-մասնավոր համագործակցության վրա և բարձրացնելով համակարգի արդյունավետությունը,
· մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցելով վարձատրության մեխանիզմների հետ,
· նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության գրավչության, մատչելիության բարձրացման, ներառականության ապահովման նպատակով ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, ուսումնաարտադրական բազայով (լաբորատորիաներով) ապահովում (տարեկան առնվազն 2 հաստատություն):
2019 թ․ ընդունվել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգ և 2019-2025թթ. գործողությունների ցանկ», որը ռազմավարական փաստաթուղթ է՝ ՄԿՈՒ ոլորտում քաղաքականության շրջանակի ձևավորմանը և Հայաստանում ԱՀՈՒ նոր ձևերի աստիճանական ներդրմանը։ Փաստաթուղթը սահմանում է մի շարք գործողություններ, որոնք անհրաժեշտ են ԱՀՈՒ-ի հաջող իրականացման և հետագա ընդլայնման համար, ներառյալ (i) քաղաքականության և իրավական դաշտի բարելավումը, (ii) ԱՀՈՒ կազմակերպումը և իրականացումը աշխատավայրում և լսարանում (iii) ԱՀՈՒ-ի որակի ապահովումը, (iv) ԱՀՈՒ ֆինանսավորումը և ձեռնարկությունների համար խթանները։
2022 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որը կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքն է («Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետ)։ Նշված փաստաթղթով ևս ՄԿՈՒ հիմնական ռազմավարական առաջնահերթություններ են սահմանված․
• աշխատանքի վրա հիմնված ուսուցման խթանումը,
• ՄՈՒՀ մանկավարժական աշխատողների վերապատրաստումը և շարունակական մասնագիտական զարգացումը,
• Կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը,
• ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացմանն աջակցությունը,
• ՄԿՈՒ ֆինանսավորման մեխանիզմների վերանայումը:
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը» առաջնահերթություն է տալիս ՄԿՈՒ համակարգերի զարգացմանը՝ երկրի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նպատակ ունենալով «բարձրացնել զբաղվածությունը որակյալ և բարձր արտադրողականություն աշխատատեղերի ստեղծման միջոցով»։
Փաթեթի կարգավորումները միտված են նաև կենսագործելու նաև կիրթ և կարողունակ քաղաքացի դաստիարակելու Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությամբ հռչակված նպատակները։
Հայաստանը ստանձնել է նաև մի շարք միջազգային պարտավորություններ, որոնք վերաբերելի են նաև մասնագիտական կրթության ոլորտին։ ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգը և, մասնավորապես, կայուն զարգացման նպատակ 4-ը՝ նախատեսում են ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ։
Հայաստանը ստորագրել է նաև «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը, որն ուղղված է ապահովելու, որ մարդիկ կիրառեն իրենց տաղանդներն ու հմտությունները, օգտվեն տարիքին համապատասխան, ցկյանս ուսուցումից («Շարունակական կրթություն» (ողջ կյանքի ընթացքում ուսումնառություն), ներառական և որակյալ կրթությունից՝ բարենպաստ և անվտանգ միջավայրում:
Եվրոպական Միություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հատուկ անդրադարձ է կատարում ամբողջ կյանքի ընթացքում կրթությունը խթանելու հարցերին՝ առանցքում պահելով մասնագիտական և բարձրագույն կրթությունը։ Շարունակական կրթության խթանումը դիտվում է աճի և աշխատատեղեր ստեղծելու բանալին է՝ քաղաքացիներին ընձեռելով հասարակության մեջ լիարժեք կերպով ներգրավվելու հնարավորություն։
Ի գործադրումն ՄԿՈւ օրենքով նախատեսված լայնածավալ և արմատական փոփոխությունների՝ 2024 թ․ ընդունված փաթեթի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Վարչապետի N 914-Ա որոշման 22-րդ կետով սահմանված է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈւ) ձևերի կազմակերպման կարգի և մեթոդաբանության ընդունում։
-
Տևողություն
29.04.2026 14.05.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 208
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: