2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » _________________ 2026 թվականի N… -Լ
2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հաստատել՝
1) 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը` համաձայն N 1 հավելվածի:
2) 2026 թվականին կաթի արտադրության համար սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետից բխող ֆիանսական պարտավորությունները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
ՀՀ կառավարության 2026 թվականի
․․․․․․․․․․․․․․․-ի N -Լ որոշման
2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1․ 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է հանրապետության մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին։
2․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2․ Միջոցառումը նախատեսված է իրականացնել 2026 թվականին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
3․ Միջոցառման մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)․
2) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետների աշխատակազմեր)․
3) Հայաստանի Հանրապետության համայնքները կամ բնակավայրերը (այսուհետ՝ համայնք կամ բնակավայր)․
4) կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները (այսուհետ՝ շահառու)։
4․ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
1) միջոցառման շահառու կարող են հանդիսանալ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ արտադրություն իրականացնող՝ 3 գլուխ և ավելի կովեր խնամող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց տնօրինության տակ գտնվող կովերը հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում և ներառված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում․
2) սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-ից 20-ը ներառյալ կովերի համար՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա․ Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2026 թվականի
------- -ի № --- Լ որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. 2026 թվականին կաթի արտադրության համար տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են 2026 թվականին կաթի արտադրության համար 3-ից 20-ը ներառյալ կովեր տնօրինող տնտեսավարող սուբյեկտներին մեկ կովի հաշվով 15 000 դրամի չափով սւբսիդավորում տրամադրելու հետ կապված հարաբերությունները։
2. Ընթացակարգի համաձայն, շահառու են համարվում սույն որոշման № 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները բավարարող՝ Հայաստանի Հանրապետության մարզերում կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերը։
3. Սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որը սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով հասցեն, հեռախոսահամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը, դրանց ականջապիտակների գույքային համարները և բանկային հաշվեհամարը։
4. Դիմումին կից, շահառուն ներկայացնում է նաև՝
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
2) անասնաբույժի կողմից տրված տեղեկանք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումներում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ․
3) գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմիններին փոխանցելու մասին։
5. Բնակավայրի վարչական ղեկավարը, դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք փոխանցում է համայնքի ղեկավարին։ Վերջինիս հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), 20 աշխատանքային օրվա ընթացքում, յուրաքանչյուր շահառուի կողմից ներկայացված կովերի գլխաքանակի տվյալները համադրում է նախ՝ համայնքների (բնակավայրերի) տնտեսությունների գրքերի, ապա ականջապիտակի գույքային համարները՝ «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ։ Կովերի գլխաքանակի անհամապատասխանության դեպքում ելակետային են համարվում «ԱՆի ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում առկա կենդանինների տվյալները։ Կովերի շարքին կարող են դասվել «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ներառված՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված էգ կենդանիները։
6. Տվյալների համադրման արդյունքում հանձնաժողովը կազմում է հաշվետվություն, որտեղ նշվում է յուրաքանչյուր շահառուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, բնակության վայրը և հասցեն, բացառապես «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում գրանցված և սուբսիդավորման ենթակա կովերի քանակը, կովերի ականջապիտակների գույքային համարները և սուբսիդավորման ընդհանուր գումարը։ Համայնքի ղեկավարը, ստորագրված և կնքված ամփոփ հաշվետվությունը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ներկայացնում է մարզպետի աշխատակազմ։
7. Մարզպետի աշխատակազմը, յուրաքանչյուր համայնքի կողմից ներկայացրած հաշվետվության հիման վրա, 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ՝ «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ համադրելով համայնքի շահառուների առնվազն 10%-ի տվյալները։ Անճշտությունների առկայության դեպքում հաշվետվությունը վերադարձվում է համայնք և 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում են համապատասխան ճշգրտումներ, որից հետո ամփոփ հաշվետվությունը ներկայացնում նախարարություն։
8. Նախարարությունը, համայնքի ամփոփ հաշվետվությունը ստանալուց հետո, 25 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ՝ «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ համադրելով համայնքի շահառուների առնվազն 5 -ի տվյալները։ Մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած անճշտությունները շտկելու նպատակով համայնքի ամփոփ հաշվետվությունը վերադարձվում է մարզպետի աշխատակազմ՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և կրկին նախարարություն ներկայացնելու համար։
9. Նախարարությունը, ուսումնասիրելով համայնքի հաշվետվության վերջնական տարբերակը, 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է դրական եզրակացություն մարզպետի աշխատակազմին՝ սուբսիդավորման ենթակա գումարը համայնքի հաշվեհամարին փոխանցելու համար։
10. Համայնքները, սուբսիդավորման ենթակա գումարը ստանալուց հետո, 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուների բանկային հաշվեհամարին են փոխանցում նախատեսված գումարները, որոնք ենթակա չեն բռնագանձման, և 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։
11. Շահառուները, սուբսիդավորում ստանալու նպատակով, դիմումները ներկայացնում են սույն որոշման հրապարակմանը հաջորդող օրվանից մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ներառյալ, իսկ մարզպետի աշխատակազմից համայնքի ամփոփ հաշվետվությունը նախարարությանն է ներկայացվում մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։
12. Միջոցառման շրջանակներում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները մարզպետների աշխատակազմերը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը վերադարձնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ այդ մասին տեղեկացնելով նախարարությանը։
13. Միջոցառման ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։
14. Միջոցառման շրջանակներում որպես շահառու կհանդիսանան հանրապետության բոլոր մարզերի կաթի արտադրությամբ զբաղվող շուրջ 20 հազար տնտեսավարող սուբյեկտներ, որոնց տնօրինած կովերի ընդհանուր գլխաքանակը կարող է կազմել գրեթե 90 հազար գլուխ։ Մեկ կովի հաշվով 15 000 դրամ սուբսիդավորման պարագայում միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն 1 մլրդ 350 մլն դրամ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա․ Հարությունյան
-
Տևողություն
27.04.2026 13.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 170
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: