Գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
«Գյուղատնտեսական աշխատանքների համար ձեռք բերված դիզելային վառելիքի ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետևանքով դիզելային վառելիքի առաջացած գնաճի ազդեցության մեղմման ու գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների անխափան իրականացման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Իրանի Իսլամական Հանրապետությունում և տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով էներգակիրների շուկայում արձանագրվել է դիզելային վառելիքի գնաճ, որը առաջացնում է ֆինանսական դժվարություններ գյուղատնտեսությունում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար:
Քանի որ մեկնարկում է գարնանային գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը, դիզելային վառելիքի գնի թանկացումը բարձրացնում է գյուղատնտեսական աշխատանքների (վար, ցանք, կուլտիվացիա) սակագները և գյուղատնտեսական արտադրանքի արժեքը։ Բացի այդ, տնտեսավարողների համար գյուղատնտեսական արտադրանքի բարձր ինքնարժեքը դարձնում է գյուղատնտեսական գործունեությունը ոչ շահութաբեր և կարող է պատճառ դառնալ ցանքատարածությունների կրճատման համար։
ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից բարձրացվել է դիզելային վառելիքի գնի կանխատեսվող բարձրացման վերաբերյալ հարցը, որից ելնելով անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը։
Գյուղատնտեսության ոլորտում տարեկան օգտագործվում է շուրջ 20000 տոննա դիզելային վառելիք։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, պարենային անվտանգության բարձրացմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության մակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր իրականացումը և կենսականորեն կարևորագույն պարենամթերքի տեղական արտադրության խթանումը (էջ՝ 53)։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակը՝ գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:
Ծրագիրը կիրականացվի և փոխհատուցումը կտրամադրվի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը ձեռք բերված դիզելային վառելիքի համար։
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ․
- գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական անձինք, ովքեր բնակվում և գյուղատնտեսական գործունեություն են իրականացնում տվյալ համայնքում և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ովքեր գյուղատնտեսական գործունեություն են իրականացնում տվյալ համայնքում․
- համայնքում գյուղատնտեսական մեքենայական աշխատանքներ իրականացնող, ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։
Նախագծով փոխհատուցումը կտրամադրվի, եթե վառելիքի 1 լիտրի գինը գերազանցում է 500 դրամը, ընդ որում փոխհատուցումը տրամադրվում է 1 լիտրի համար վաճառքի գնի և 500 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի քան 1 լիտրի համար 200 դրամը: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված մեկանգամյա գնումը պետք է գերազանցի 10 (ներառյալ) լիտրը: Ընդ որում, 1 հեկտար հողատարածքի հաշվով 50 լիտրից ավել ձեռք բերված վառելիքի ծախսը չի փոխհատուցվում (50 լ դիզելային վառելիքը գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ վառելիքի միջին քանակությունն է):
Համայնքի ղեկավարը ստուգում և ամփոփում է ծրագրով սահմանված, շահառուների կողմից ներկայացված փաստաթղթերը և վճարումը հավաստող փաստաթղթերը ու մինչև բերքահավաքը մոնիթորինգ է իրականացնում շահառուների կողմից ներկայացված հողատարածքներում: Եթե տվյալ հողատարածքի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակություն է իրականացվել, ապա տրվում է մոնիթորինգի դրական եզրակացություն և հողատարածքը հաշվառում է փոխհատուցման համար: Համայնքի ղեկավարը փոխհատուցման համար հաշվառված շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև համայնքի փոխհատուցման ենթակա գումարների չափի և ձեռք բերված վառելիքի ընդհանուր ծավալի վերաբերյալ լրացված ձևաչափը ներկայացնում է մարզպետի աշխատակազմ: Մարզպետի աշխատակազմը ստուգում է ներկայացված տեղեկատվությունը և ծրագրի պահանջներին համապատասխան լինելու դեպքում դրական եզրակացությամբ ձևաչափը ներկայացվում է նախարարություն:
Նախարարությունը դրական եզրակացությամբ ձևաչափը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմ է ներկայացնում տեղեկություն՝ ըստ համայքների վճարումները կատարելու համար:
Մարզպետի աշխատակազմը սահմանված պետական բյուջեի միջոցներով փոխանցման ենթակա գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի միջոցով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին՝ մարզպետի աշխատակազմի և համայնքի կամ բնակավայրի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ բյուջեում ծախսը 2026 թվականի համար գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ։ Կանխատեսման հիմք է հանդիսացել այն, որ գյուղատնտեսական տարվա համար պահանջվում է շուրջ 20000 տոննա դիզելային վառելիք, իսկ միայն գարնանային աշխատանքների համար՝ շուրջ 15000 տոննա, որից մեր կանխատեսմամբ շուրջ 5000 տոննան արդեն ձեռք է բերվել, հետևաբար կանխատեսվում է, որ ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի 10000 տոննա դիզելային վառելիքի ձեռք բերումը, որը կկազմի շուրջ 2 մլրդ դրամ՝ 1 լիտրի համար սուբսիդավորելով 200 դրամ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը:
Ծրագրի իրականացման արդյունքում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն կունենան շուկայական գներից առավել ցածր գներով ձեռք բերելու դիզելային վառելիք, ինչը գնաճի պայմաններում կկանխի ցանքատարածությունների և արտադրության ծավալների կրճատումը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի գնաճը։
Այլ տեղեկություններ:
-
Տևողություն
16.04.2026 01.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 535
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: