«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-380-Ն օրենքի 9-րդ հոդվածը, Վարչապետի 20․01․2026թ «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N39-Ա որոշում 3-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Մակերևութային ջրերի օգտագործված պաշարների և ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը սահմանելու մասին» N 2207-Ն որոշման կիրարկման արդյունքում ի հայտ եկած խոչընդոտները՝ կապված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման կետում ինտերնետային հասանելիության բացակայության և/կամ ջրառի կետում տեղադրելու անհնարինության հետ, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով տրվել են կարգավորումներ էկոլոգիական թողքի կետում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման պահանջից ազատվելու վերաբերյալ։ Մասնավորապես՝
- ջրօգտագործողները ազատվում են էկոլոգիական թողքի հաշվառման համար ջրաչափիչ սարքերի տեղադրման պահանջից, եթե՝
1) անդրսահմանային գետերից ջրօգտագործում իրականացվելու դեպքում, հաշվի առնելով, որ առկա է էկոլոգիական թողքի հաշվառման նպատակով ենթակառուցվածքի կառուցման անհրաժեշտություն, ինչը խնդրահարույց է անդրսահմանային հարաբերությունների տեսանկյունից,
2) սահմանամերձ բնակավայրերում ջրօգտագործման դեպքում, հաշվի առնելով, որ սույն կարգավորումը կխթանի սահմանամերձ բնակավայրերում տնտեսական ակտիվության բարձրացմանը,
3) ջրառի ծավալը՝ գետի բնական հոսքի հինգ տոկոսը (5%) չգերազանցելու դեպքում, բացառությամբ՝ էներգետիկ, ոռոգման ջրամատակարարման և ջրի տեղափոխման նպատակներով ջրօգտագործման դեպքերում, հաշվի առնելով, որ նման ջրօգտագործողի ջրառի մասնաբաժինը և ազդեցությունը գետի հոսքի նկատմամբ շատ փոքր է և էկոլոգիական թողքի հաշվին ջրառ իրականացնելը իրատեսական չէ,
4) հիդրոլոգիական տեսանկյունից ջրառի կետերի և հիդրոլոգիական դիտակետերի գետահատածքների համընկնման դեպքում, էկոլոգիական թողքի հաշվառման նպատակով ջրօգտագործողների կողմից տվյալ հիդրոլոգիական դիտակետում ջրի մակարդակի ավտոմատ գրանցման և տվյալների առցանց փոխանցման ու արխիվացման համակարգի տեղադրման դեպքում, հաշվի առնելով, որ սույն կարգավորումն այլընտրանքային տարբերակ է էկոլոգիական թողքի կետում առցանց ջրաչափի տեղադրման անհնարինության դեպքում,
5) գործող հիդրոլոգիական դիտակետերի բացակայության կամ դրանց հիդրոլոգիական տեսանկյունից չհամընկնելու դեպքում, ջրառի կետին մոտ գետահատածքում ջրօգտագործողների կողմից ջրի մակարդակի ավտոմատ գրանցման ու տվյալների առցանց փոխանցման ու արխիվացման համակարգ տեղադրելու դեպքում՝ պայմանագրային հիմունքներով մասնագիտացված կազմակերպության միջոցով իրականացնելով ջրաչափական աշխատանքներ, սա ևս այլընտրանքային տարբերակ է էկոլոգիական թողքի կետում առցանց ջրաչափի տեղադրման անհնարինության դեպքում,
- տրվել է կարգավորում, համաձայն որի այլընտրանքային վայրում ջրաչափիչ սարքի տեղադրման պահանջն ամրագրվում է ջրօգտագործման թույլտվությամբ,
- հստակեցվել են նաև ջրաչափիչ սարքի բնութագրիչները (աշխարհագրական կոորդինատական կետեր՝ աստիճան, րոպե, վայրկյան, հարթակին միացման համար անհրաժեշտ նույնականացման տվյալները (ID), գործող ջրօգտագործման թույլտվության համարը և ժամկետը)»,
- ամրագրվել է ջրաչափի բացակայության դեպքում հաշվարկի իրականացման իրատեսական պահանջ, որն իրականացվելու է համաձայն ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի չափաքանակի,
- հստակեցվել է ջրօգտագործողի կողմից կնիքը պոկելու դեպքը և դրա վերաբերյալ ներկայացվող տեղեկատվությունը,
- տրվել են նաև այլ տեխնիկական կարգավորումներ։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման պահանջների հստակեցմանը և վերջինիս պատշաճ կիրարկմանը։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթ ուղղությունից՝ «ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում` ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը»։
Նախագծի ընդունումը կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, ջրային էկոհամակարգերի պահպանությանը։
-
Տևողություն
10.04.2026 30.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Ջրային տնտեսություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 405
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: