«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 191-Ն որոշմամբ սահմանվել են ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման և անդառնալի ազդեցությունների կանխարգելման նպատակով իրականացվող մշտադիտարկումների իրականացման պահանջները, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը։ Մասնավորապես՝ մետաղական օգտակար հանածոների դեպքում ընդերքօգտագործողները մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման արդյունքները պարտավոր են ներկայացնել եռամսյակային կտրվածքով, իսկ ոչմետաղական հանածոների դեպքում՝ տարեկան կտրվածքով։ Ընդերքօգտագործողի պաշտոնական էլեկտրոնային կայքի առկայության դեպքում իրենց մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությունները տեղադրում են այդ կայքում։ Ընդորում, մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումները իրականացվում են շաբաթական մեկ անգամ՝ 24 ժամ տևողությամբ, ինչն էլ չի արտահայտում մթնոլորտային օդի աղտոտվածության իրական պատկերը։
Սակայն գործող իրավական կարգավորումների շրջանակներում ընդերքօգտագործման ընթացքում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի իրականացումը ճշգրիտ չի արտահայտում մթնոլորտային օդի աղտոտվածության իրական պատկերը, ինչն էլ հնարավորություն չի տալիս մշտադիտարկման արդյունքում ստացված տվյալների հիման վրա վերահսկելի դարձնել գործունեության ընթացքում առաջացած մթնոլորտ վնասակար նյութերի, մասնավորապես, փոշու արտանետումների քանակը։ Այս ամենը բերում է ընդերքօգտագործման ընթացքում մթնոլորտային օդի որակի իրական պատկերի բացակայությանը, ինչպես նաև գործունեության ընթացքում հսկողության մեխանիզմների թերի կատարմանը։
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն առաջացավ իրավական ակտի փոփոխությամբ և լրացմամբ վերացնել իրավական բացը՝ ամրագրելով կախված մասնիկների (PM2,5 և PM10) համար շարունակական (անընդհատ) ռեժիմով ավտոմատ չափման սարքավորումների կիրառմամբ, մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման իրականացման պահանջը, ինչպես նաև մշտադիտարկման տվյալների հասանելիության ապահովում ընդերքօգտագործողի պաշտոնական էլեկտրոնային հարթակին կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված հարթակին, ինչն ել հնարավորություն կստեղծի կառավարելի և վերահսկելի դարձնել տվյալ գործունեությունից առաջացած մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները։
Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է վարչապետի 2025 թվականի հոկտեմերի 21-ի N02/02.39/34200 հանձնարարականից, ինչով հանձնարարվել է մշակել оդի որակի հսկողության (շինհրապարակներից և քաղաքների մոտ գտնվող հանքերի առաջացող փոշու սահմանափակում) մեխանիզմների գործարկմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ՝ մասնավորապես շինհրապարակներից և քաղաքների հարակից հանքավայրերից առաջացող փոշու արտանետումների սահմանափակման նպատակով։
Նշված հանձնարարականի շրջանակներում առաջարկվում է 2018 թվականի փետրվարի 22-ի կառավարության 191-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես, փոշու արտանետումների նկատմամբ արդյունավեր ու շարունակական (անընդհատ) հսկողություն ապահովելու նպատակով նախատեսվում է գործող՝ շաբաթական մեկ անգամ 24 ժամ տևողությամբ մշտադիտարկման պահանջը փոխարինել օդի որակի անընդհատ հսկողությամբ՝ ավտոմատ չափման սարքավորումների կիրառմամբ։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Որոշման նախագծով առաջարկվում է սահմանել ընդերքօգտագործման ընթացքում կախված մասնիկների ( PM2,5 և PM10) համար մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման իրականացում շարունակական (անընդհատ) եղանակով՝ ավտոմատ չափման սարքավորումների կիրառմամբ։
Նախագծով նաև նախատեսվում է, որ մշտադիտարկման արդյունքում ժամային պարբերականությամբ ստացված տվյալները փոխանցվում և հրապարակվում ընդերքօգտագործողի պաշտոնական էլեկտրոնային հարթակում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կախված մասնիկների (PM2,5 և PM10) արտանետումների վերահսկման նպատակով ստեղծված առցանց հարթակում։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովվի ընդերքօգտագործման գործունեության ընթացքում ինքնահսկողության մեխանիզմների ներդնումը, մթնոլորտային օդի աղտոտման ռիսկերի նվազեցումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողական գործառույթների արդյունավետության բարձրացումը։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 4.10 «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի շրջակա միջավայրի կառավարման 11-րդ առաջնահերթ ուղղությանը.
· մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը:
-
Տևողություն
03.04.2026 18.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 108
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: