««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին քաղաքաշինության ոլորտի օրենսդրության շարունակական խստացմամբ և ընթացքի մեջ գտնվող ներդրումային ծրագրերի նկատմամբ վատթարացնող կարգավորումների կիրառմամբ։ Արդյունքում էականորեն աճել է կառուցապատողների ֆինանսական բեռը՝ արտահայտվելով բարձր տեղական տուրքերով և վճարներով, մատակարար կազմակերպությունների միացման զգալի ծախսերով, ինչպես նաև կառուցման փուլում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հաշվարկվող շոշափելի գույքահարկով։ Էական մեծ ֆինանսական պարտավորություններից բացի առկա են նաև վարչարարական լրջագույն խնդիրներ, փոփոխական իրավական միջավայրի ռիսկեր, երկարաժամկետ ֆինանսական գործիքների մատչելիության խնդիրներ, որոնք խոչընդոտում են ներդրումային միջավայրի կայուն ու շարունակական զարգացմանը։ Նշվածով պայմանավորված՝ արձանագրվում են նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի տեմպերի նվազման հստակ միտումներ, ինչը հաստատվում է նաև տրամադրվող շինարարության թույլտվությունների քանակի նվազման մասին վկայող վիճակագրական տվյալներով։
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ սույն կարգավորման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետ պարոն Տիգրան Ավինյանի հետ, որի արդյունքում արձանագրվել է առաջարկվող մոտեցման կարևորությունը՝ մի կողմից ներդրումային միջավայրի կայունության և կառուցապատման ծրագրերի շարունակականության ապահովման, իսկ մյուս կողմից՝ համայնքային բյուջեի եկամուտների կանխատեսելիության և կայունության պահպանման տեսանկյունից։ Նշված հանգամանքը վկայում է առաջարկվող օրենսդրական փոփոխության գործնական արդիականության և ոլորտային քաղաքականության հետ դրա համահունչ լինելու մասին։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Գործող կարգավորումների համաձայն՝ տեղական տուրքեր և վճարներ սահմանող մի շարք գործառույթներ իրականացվում են բուն քաղաքաշինական ծրագրի մեկնարկից առաջ՝ միանվագ վճարմամբ և այն փուլում, երբ կառուցապատողի ֆինանսական հոսքերը դեռևս ձևավորված չեն, բնականոն վաճառքները մեկնարկված չեն։ Իսկ Նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի վճարման պարտավորությունը տարաժամկետել և հավասարաչափ բաշխել կառուցապատման ծրագրի ընթացքում՝ մինչև շինարարության թույլտվության գործողության ժամկետի ավարտը, եթե կառուցապատողի կողմից ապահովվում է համապատասխան գումարի չափին և ժամանակացույցին համապատասխան բանկային երաշխիք։ Այս մոտեցումը հնարավորություն կտա կառուցապատողներին իրականացնել բնականոն տնտեսական գործունեություն, ապահովել ընթացիկ վաճառքներ և ստացվող միջոցների մի մասը փուլային կերպով ուղղել համայնքային բյուջե՝ տեղական տուրքի վճարման նպատակով՝ միաժամանակ չվտանգելով ներդրումային ծրագրերի իրագործելիությունն ու ոլորտի կայուն զարգացումը։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Քաղաքաշինության և ներդրումային քաղաքականությունը միտված է մասնավոր հատվածի գործունեության խթանմանը, խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը և համայնքների կայուն զարգացման ապահովմանը։ Այս համատեքստում կարևոր է ստեղծել այնպիսի իրավական միջավայր, որը միաժամանակ կապահովի համայնքների բյուջեների եկամուտների կայունությունը և չի ստեղծի անհամաչափ ֆինանսական բեռ տնտեսավարողների համար։ Առաջարկվող կարգավորումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, ֆինանսական հոսքերի կանխատեսելիության բարձրացմանը և ներդրումային գրավչության ամրապնդմանը։
4. Կարգավորման նպատակը և բնույթը: Օրենքի նախագծի նպատակն է սահմանել բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների՝ IV և V կատեգորիաների շինարարության թույլտվության համար տեղական տուրքերի վճարման տարաժամկետ և փուլային մեխանիզմ՝ եռամսյակային պարբերականությամբ։
Առաջարկվող կարգավորումը թույլ կտա կառուցապատողներին բաշխել տեղական տուրքերի վճարման պարտավորությունները շինարարության ողջ ընթացքում՝ շինարարության թույլտվության տրամադրման օրվանից մինչև թույլտվության ժամկետի ավարտը։ Միաժամանակ սահմանվում են վճարումների հստակ ժամկետներ՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը, ինչը կապահովի վարչարարության պարզություն և վերահսկելիություն։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքները: Նախագծի ընդունումը ուղղակիորեն կհանգեցնի հետևյալ արդյունքներին․
1) Կառուցապատողների ֆինանսական բեռի հավասարակշռում՝ առանց դրա չափի փոփոխության, սակայն ժամանակի մեջ բաշխման միջոցով մեղմելով և բիզնեսի համար դարձնելով առավել կառավարելի, ինչը թույլ կտա կանխել ոլորտում արձանագրված նոր մեկնարկվող կառուցապատման ծրագրերի տեմպերի անկումը և ապահովել դրա աստիճանական կարգավորումը։
2) Պետական և համայնքային բյուջեների համար կանխատեսելի ֆինանսական հոսքերի ապահովում, եկամուտների կայունացում և ֆինանսական պլանավորման բարելավում։ Կառուցապատման ծրագրերի շարունակականությունն ապահովելով պահպանվում է հարկային մուտքերը, ստեղծվում են զբաղվածության մեծ հնարավորություններ և երկրի տնտեսական կյանքի էական բարելավումներ։
3) Շուկա մուտքի ֆինանսական շեմի նվազեցում, որի արդյունքում շուկա մուտք գործելու համար այլևս անհրաժեշտ չի լինի միանվագ բարձր «մուտքավճար»։ Սա հատկապես կարևոր է ոլորտի հնարավոր մոնոպոլացման կանխարգելման, մրցակցության խթանման, ինչպես նաև կառուցապատման ինքնարժեքի նվազեցման տեսանկյունից, քանի որ ներկայումս բարձր միանվագ վճարները հանգեցնում են ինքնարժեքի աճի՝ բանկային ֆինանսավորման և տոկոսային բեռի պատճառով։
7. Պետական բյուջեի վրա ազդեցությունը: Օրենքի ընդունումը չի առաջացնի լրացուցիչ ծախսեր պետական բյուջեից:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» կետից։ Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար առաջնահերթ նպատակներն են կապիտալի և ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացումը, ինչպես նաև գործարար և պետություն հարաբերությունների ճկունության բարձրացումը։
-
Տևողություն
03.04.2026 19.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 165
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: