15.04.2026
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայությունների ընդլայնում
«Խորհրդատվական, տեղեկատվական կենտրոնների» շրջանակում սահմանել կարիերայի աջակցության ծառայությունների պարտադիր նվազագույն փաթեթ, որը ներառում է՝
- մասնագիտական կողմնորոշում և կարիերայի պլանավորում,
- ինքնակենսագրականների (CV) և մոտիվացիոն նամակների պատրաստման աջակցություն,
- հարցազրույցների նախապատրաստում,
- աշխատանքի որոնման հմտությունների զարգացում։
Սահմանել բուհերի կարիերայի կենտրոնների հետ համագործակցության պարտադիր ձևաչափ և նվազագույն պահանջներ, ներառյալ՝ տեղեկատվության փոխանակումը, համատեղ միջոցառումների իրականացումը և շահառուների ուղղորդումը։
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավում
Երիտասարդական կենտրոնների համագործակցության շրջանակում սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունների ներգրավման հստակ ձևաչափ, ներառյալ՝
- բուհերի ներկայացուցիչների մասնակցությունը խորհրդակցական կամ կառավարման մարմիններում,
- համատեղ կրթական և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը,
- համագործակցության ծրագրերի խրախուսումը՝ ներառյալ համաֆինանսավորման հնարավորությունները։
Թեմատիկ կենտրոնների ուղղորդում դեպի աշխատաշուկայի պահանջված հմտություններ
Սահմանել, որ «Թեմատիկ երիտասարդական կենտրոնների» գործունեության ուղղությունները ձևավորվում են աշխատաշուկայի պահանջների պարբերական վերլուծության հիման վրա և մասնավոր հատվածի ներգրավմամբ։
Խրախուսել ծրագրերի իրականացումը՝ ուղղված՝
- բարձր պահանջարկ ունեցող և ապագայի հմտությունների զարգացմանը (ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ ՏՏ, տվյալների գիտություն, կանաչ տեխնոլոգիաներ, թվային մարքեթինգ, արհեստական բանականություն),
- շահառուների աշխատունակության (employability) բարձրացմանը,
- ձեռնարկատիրության և ստարտափ մշակույթի զարգացմանը։
Ապահովել մասնավոր հատվածի մասնակցությունը՝ մենթորության, համատեղ դասընթացների և պրակտիկաների միջոցով։
Տվյալների հավաքագրման և հետադարձ կապի համակարգի ամրապնդում
Մոնիթորինգի և գնահատման շրջանակում սահմանել պարտադիր ցուցանիշներ, որոնք ներառում են՝
- ծրագրերի մասնակիցների զբաղվածության մակարդակը (ծրագրին մասնակցելուց հետո 6–12 ամսում),
- ձեռք բերված հմտությունների կիրառելիությունը,
- գործատուների կողմից տրված գնահատականները։
Սահմանել տվյալների պարբերական (առնվազն տարեկան) հավաքագրման և բուհերին փոխանցման մեխանիզմ, կրթական ծրագրերի բարելավման նպատակով։
Ապահովել տվյալների համախմբված և անանուն հրապարակումը։
Միջազգային երիտասարդական կենտրոնների դերի հստակեցում
Հաշվի առնելով բուհերի շրջանավարտների աճող հետաքրքրվածությունը միջազգային կրթական և մասնագիտական հնարավորությունների նկատմամբ՝ առաջարկվում է հստակեցնել «Միջազգային երիտասարդական կենտրոնների» գործառույթները՝ դրանք ուղղելով երիտասարդների միջազգային կարիերայի հնարավորությունների ընդլայնմանը։ Մասնավորապես, կենտրոնները կարող են ապահովել՝
- աջակցություն միջազգային աշխատանքի և պրակտիկայի հնարավորությունների որոնման և դիմելու գործընթացում,
- միջազգային աշխատաշուկային համապատասխան դիմումային փաթեթների (CV, մոտիվացիոն նամակ) պատրաստման աջակցություն,
- տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ միջազգային կրթական և մասնագիտական ծրագրերին մասնակցելու վերաբերյալ,
- համագործակցություն միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ՝ հնարավորությունների ընդլայնման նպատակով։