«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն և 2023 թվականի հուլիսի 27-ի N1276-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« __ »_______ 2024 թվականի N _____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N1667-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1276-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման Հավելված N 3-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
- 7-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«7․ «Հայտերը ներկայացվում են առձեռն, փոստի, էլեկտրոնային փոստի միջոցով կամ «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ հարթակ) միջոցով։ 2025 թվականի հունվարի 1-ից հայտերը ներկայացվում են հարթակի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։»․
- 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Լիազոր մարմինը հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, հայտը և հայտին կից ներկայացվող փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից ներկայացվող փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ժամկետում առձեռն, փոստի, էլեկտրոնային փոստի միջոցով ստացված հայտերի դեպքում՝ գրավոր, իսկ հարթակով ստացված հայտերի դեպքում՝ հարթակով ծանուցում է հայտատուին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի մատնանշած թերությունները: Լիազոր մարմնի կողմից հայտի քննարկման գործընթացի ժամկետը կասեցվում է մինչև հայտատուի կողմից հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում առկա թերությունների վերացումը:»․
- 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9․ Լիազոր մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը։ Պայմանագիրը կամ հայտի մերժման մասին տեղեկատվությունը հարթակով ստացված հայտերի դեպքում տրամադրվում է հարթակի միջոցով, իսկ առձեռն, փոստով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված հայտերի դեպքում՝ գրավոր։ Հարթակի միջոցով պայմանագիր կնքող անձի կողմից պայմանագրի ընդհանուր պայմաններին համաձայնությունը տրվում է հարթակով այն հաստատելու միջոցով։»․
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9․1 կետ․
«9․1․ Լսված լինելու իրավունքն իրացնելու նպատակով լիազոր մարմինը գրավոր հրավիրում է հայտատուին՝ մերժման հիմքերը ներկայացնելու համար։ Հայտատուի լսված լինելու իրավունքի իրացումն արձանագրվում է:»․
- 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«13․ Հարթակով կնքված պայմանագիրը հայտատուին տրամադրվում է էլեկտրոնային փոստով, որի վրա առկա է պայմանագրի վավերականությունը փաստող «արագ արձագանքման» QR կոդ», որով ստուգվում է տրամադրված փաստաթղթի վավերականությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի միջոցով։»։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին» N 1276-Ն հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10․ «Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված հայտերը ներկայացվում են առձեռն, փոստի, էլեկտրոնային փոստի միջոցով կամ «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ հարթակ) միջոցով։ 2025 թվականի հունվարի 1-ից հայտերը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են հարթակի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։»․
- 11- րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ հայտին կից ներկայացվող փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը հնգօրյա ժամկետում առձեռն, փոստի, էլեկտրոնային փոստի միջոցով ստացված հայտերի դեպքում՝ գրավոր, իսկ հարթակով ստացված հայտերի դեպքում՝ հարթակով ծանուցում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկման գործընթացի ժամկետը կասեցվում է մինչև հայտատուի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:»․
- 12-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«12․ Լիազորված մարմինը հայտերը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը։ Պայմանագիրը կամ դրա կնքման մասին հայտի մերժման մասին տեղեկատվությունը տրամադրվում է հարթակի միջոցով, իսկ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված հայտերի դեպքում՝ գրավոր։ Հարթակով պայմանագիր կնքող անձի կողմից պայմանագրի ընդհանուր պայմաններին համաձայնությունը տրվում է հարթակով այն հաստատելու միջոցով։»
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13․1 կետ․
«13․1․ Լսված լինելու իրավունքն իրացնելու նպատակով լիազորված մարմինը գրավոր հրավիրում է հայտատուին՝ մերժման հիմքերը ներկայացնելու համար։ Հայտատուի լսված լինելու իրավունքի իրացումն արձանագրվում է:»․
- 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18․ Հարթակով կնքված պայմանագիրը հայտատուին տրամադրվում է էլեկտրոնային փոստով, որի վրա առկա է պայմանագրի վավերականությունը փաստող «արագ արձագանքման» QR կոդ», որով ստուգվում է տրամադրված փաստաթղթի վավերականությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի միջոցով։»։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
« » --------------------------- 2024թ.
ք.Երևան
-
Discussed
25.07.2024 - 10.08.2024
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 1088
Print