Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները հստակեցնելու և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխանանեցնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 03․12․2020թ․ N 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութայյին կարգի 12-րդ կետով սահմանված է, որ մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մաuին տեղեկությունը հրապարակում է «azdarar.am» կայքէջում, լիազոր մարմնի և հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված է, որ հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում։
Հաշվի առնելով մամուլի ոլորտում թվայնացման գործընթացները և տպագրական օրաթերթերի տպաքանակների պարբերաբար նվազումը, խնդիր է առաջանում մրցույթների մասին հայտարարությունների հրապարակման մրցութային կարգով նախատեսված պահանջների ապահովումը։ Ներկայումս 3000 տպաքանակ ունեցող լրատվամիջոցներ փաստացի առկա չեն, ինչը խնդիրներ է առաջացնում տպագրական ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացը կազմակերպելու առումով։
Տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարության և համայնքների կողմից կազմակերպվող կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցույթների հայտարարությունները պատշաճ հրապարակելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում վերանայելու մրցութային կարգի համապատասխան կարգավորումը։
Բացի այդ՝ ներկայումս Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների և հանրապետության տարածքում ներդրվող միասնական երթուղային ցանցի գործընթացի հետ կապված գործող մրցութային կարգով երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետ է սահմանված մինչև 2025թ. հունիսի 1-ը: Կանոնավոր ուղևորափոխադրումներում իրականացված աշխատանքները զգալիորեն բարելավել են հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վիճակը, սակայն դեռևս ամբողջովին չի հաջողվել ապահովել երթուղիների կանոնավոր և անխափան աշխատանքը: Ստեղծված իրավիճակում ավտոբուսների շահագործման դադարեցման պարագայում էական խնդիրներ կառաջանան կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում և կվատթարանա քաղաքացիների տրանսպորտային սպասարկման վիճակը:
Գործող կարգով սահմանված երթուղիների սպասարկման իրավունքը ժամանակավոր հատկացնելու վերաբերյալ կարգավորումները հստակեցման կարիք ունեն կապված ժամկետների հատկացման հետ։
Մրցույթների գնահատման համակարգը նույնպես անհրաժեշտ է կատարելագործել, հաշվի առնելով միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացած խոչընդոտները։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է վերանայել մրցույթների հայտարարությունների հրապարակման կարգավորման առումով, մասնավորապես՝ առաջարկվում է հանել առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում հայտարարությունը հրապարակելու պահանջը։ Դրույթի ընդհանրական ձևակերպումը հնարավորություն կտա հայտարարությունների հրապարակման գործընթացը արդիական, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ լրատվամիջոցներով կազմակերպելու համար։
Բացի այդ՝ կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը չձախողելու և հասարակական տրանսպորտի կանոնավոր և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` մինչև նշված որոշման ուժի մեջ մտնելը շահագործման մեջ գտնվող ավտոբուսների ծառայության ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:
Միաժամանակ նախատեսվում է վերանայել երթողիների սպասարկման իրավունքը ժամանակավոր հատկացնելու վերաբերյալ դրույթները, դրանցում հստակեցնելով գործընթացին վերաբերող դրույթները և ժամկետները։
Լրացվում են մրցույթի գնահատման չափորոշիչները, կարգավորումներ են սահմանվում փոխադրող կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում՝ խախտումները և ուղևորափոխադրումների ոլորտում փորձը գնահատելու համար, լրացվում է նոր գնահատման թերթիկ՝ Ձև 5․3-ը։
3․ Ակնկալվող արդյունքը․
Ակնկալվում է կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների հստակեցում և առկա օրենսդրական բացի լրացում։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի 37-րդ կետով նախատեսված կանոնավոր ուղևորափոխադրումների կանոնակարգման և հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր երթուղիների կազմակերպման և բնակչության տրանսպորտային սպասարկման գործընթացը կազմակերպելու պահանջներից։