В стадии разработки
«Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքի նախագիծ
-
2 - За
-
8 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը
- Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու, այդ արտադրանքի անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները և նպատակաուղղված է սպառողների առողջության և անվտանգության ապահովմանը:
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է ոչ պարենային ամբողջ արտադրանքի վրա (անկախ վաճառքի ձևից՝ ներառյալ էլետրոնային առևտուրը)՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքների տեսակների, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր), Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով:
- Սույն օրենքը չի տարածվում․
1) ծառայությունների և աշխատանքների.
2) օգտագործված արտադրանքի.
3) դեղամիջոցների.
4) բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական սարքավորումների)․
5) պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար ռազմական նշանակության արտադրանքի.
6) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների հետ կապված իրավահարաբերությունների վրա։
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմանական հասկացությունները
1․ Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
- արտադրանք՝ ցանկացած արտադրանք, որը նախատեսված է սպառողների համար կամ հիմնավորված կանխատեսելի պայմաններում կարող է օգտագործվել սպառողների կողմից, նույնիսկ՝ եթե այն նախատեսված չէ վերջիններիս համար, և եթե տնտեսական գործունեության շրջանակներում մատակարարվել կամ տրամադրվել է սպառողներին վճարի դիմաց կամ անվճար: Սույն սահմանումը չի կիրառվում օգտագործման մեջ գտնվող այն արտադրանքի նկատմամբ, որը մատակարարվել է, որպես հնաոճ իր կամ արտադրանք, որն օգտագործումից առաջ ենթակա է վերանորոգման կամ վերականգնման` պայմանով, որի մատակարարը վերանորոգման և վերականգնման անհրաժեշտության մասին հստակ տեղեկացնում է այն անձին, ում նման արտադրանքը տրամադրվում է.
- անվտանգ ոչ պարենային արտադրանք (այսուհետ` անվտանգ արտադրանք)՝ ցանկացած արտադրանք, որն օգտագործման սովորական կամ հիմնավորված կանխատեսելի պայմաններում (ներառյալ գործողության ժամկետը և, անհրաժեշտության դեպքում շահագործման մեջ դնելու, պահպանման, տեղափոխման, իրացման, օգտահանման պայմանները) ռիսկ չի առաջացնում կամ նման արտադրանքի օգտագործմամբ պայմանավորված կարող են առաջանալ միայն նվազագույն ռիսկեր, որոնք համարվում են ընդունելի և վտանգ չեն առաջացնում բնակչության առողջությանն ու անվտանգությանը` մասնավորապես հաշվի առնելով.
ա. արտադրանքի բնութագրերը, ներառյալ՝ դրա բաղադրությունը, փաթեթավորումը, շահագործման, հավաքման հրահանգները և ըստ անհրաժեշտության՝ նաև տեղադրման և տեխնիկական սպասարկման վերաբերյալ ցուցումները.
բ. արտադրանքի ազդեցությունը այլ արտադրանքի վրա, եթե ենթադրվում է, որ դրանք օգտագործվելու են համատեղ.
գ. արտադրանքի արտաքին ձևավորումը, արտադրանքի պիտակները, դրա օգտագործման և ոչնչացման վերաբերյալ հրահանգները և նախազգուշացումները, ինչպես նաև արտադրանքի վերաբերյալ ցանկացած ցուցումները կամ տեղեկատվությունը.
դ. սպառողների որոշակի ռիսկային խմբի կողմից (երեխաներ, հղի կանայք, տարեցներ և այլն) արտադրանքի օգտագործման կամ կիրառման վերաբերյալ նախազգուշացումները.
3) վտանգավոր արտադրանք՝ ցանկացած արտադրանք, որը չի համապատասխանում սույն հոդվածով նախատեսված «անվտանգ արտադրանք» սահմանմանը.
4) լուրջ ռիսկ՝ ցանկացած լուրջ վտանգ, ներառյալ՝ այն վտանգները, որոնք չունեն անմիջական ազդեցություն, և որոնք պահանջում են պետական մարմինների կողմից արագ միջամտություն.
5) արտադրող`
ա. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ցանկացած ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է արտադրանք արտադրող կամ իրեն հայտարարում է որպես արտադրանք արտադրող` արտադրանքի վրա իր անունը կամ անվանումը, առևտրային նշանը կամ այլ տարբերանշան տեղադրելով.
բ. Հայաստանի Հանրապետությունում արտադրողի լիազոր ներկայացուցիչ այն դեպքում, երբ արտադրանքի արտադրող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձը.
գ. արտադրանքի ներմուծողը այն դեպքում, երբ արտադրանք արտադրող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը Հայաստանի Հանրապետությունում չունի լիազոր ներկայացուցիչ.
6) դիստրիբյուտոր (վաճառող)` արտադրանքը շրջանառության մեջ դնող` մատակարարման շղթայի ցանկացած մասնագետ (բացառությամբ՝ արտադրողի), որի գործունեությունը չի ազդում արտադրանքի անվտանգության բնութագրերի վրա.
7) արտադրանքի հետկանչ՝ ցանկացած միջոցառում` ուղղված Հայաստանի Հանրապետության շուկայում արտադրողի կամ դիստրիբյուտորի (վաճառող) կողմից սպառողին՝ արդեն իսկ մատակարարված կամ հասանելի դարձած վտանգավոր արտադրանքը վերադարձնելուն.
8) արտադրանքը շրջանառությունից հանելը՝ ցանկացած միջոցառում` ուղղված վտանգավոր արտադրանքի տարածմանը, սպառողներին առաջարկմանը և ցուցադրման կանխմանը.
9) արտադրանքի շրջանառություն՝ արտադրանքի մատակարարումից կամ ներմուծումից հետո (այդ թվում՝ արտադրողի պահեստից արտադրանքն ուղարկելուց կամ առանց պահեստավորման բեռն առաքելուց հետո) արտադրողից ձեռք բերողին (սպառողին) դրա շարժի գործընթացները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմքով տարածելու նպատակով․
10) մակնշում՝ նշանների, խորհրդանիշների, գրառումների, նկարների և այլ նշագրումների տեսքով տեղեկատվություն, որը զետեղվում է արտադրանքի, փաթեթվածքի, մանեկապիտակի, պիտակի, ներդիր թերթիկի վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված ձևով փաթեթվածքի վրա ամրակցված, դրա մեջ տեղադրված կամ դրան կցվող տեղեկատվության այլ տեսակի կրիչի վրա, և նախատեսված է արտադրանքի նույնականացումն ապահովելու համար ու դրա բաղադրության, սպառողական հատկությունների և շահագործման (օգտահանման, կիրառման) ցուցումների մասին սպառողին տեղեկացնելու համար։
Հոդված 3. Արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
- Արտադրանքի ընդհանուր անվտանգության ոլորտում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով,
2․ Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի դրույթները:
Հոդված 4. Արտադրանքի ընդհանուր անվտանգության ապահովման չափանիշները
1․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է արտադրանքի շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից, նախքան շուկայահանումը՝ անկախ վաճառքի ձևից (ներառյալ՝ էլեկտրոնային առևտուրը)։
- Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված շրջանառվող արտադրանքը պետք է լինի անվտանգ, որի անվտանգությանը վերաբերող հատկությունները (ցուցանիշները, բնութագրերը) պետք է պահպանվեն մինչև վերջինիս պիտանելիության ժամկետի ավարտը։ 3․ Արտադրանքի վրա մակնշման և այդ արտադրանքի կամ դրա փաթեթվածքի վրա կամ փաթեթվածքին ամրակցված կամ դրա մեջ տեղադրված ներդիր թերթիկի կամ դրան կցվող տեղեկագրի այլ տեսակի վրա արտադրանքի, արտադրանքի հատկությունների, բաղադրության, նշանակության, պիտանելիության ժամկետի, արտադրման ժամկետի վերաբերյալ, ինչպես նաև առկայության դեպքում՝ ազդեցությունը այլ արտադրանքի վրա, եթե ենթադրվում է, որ դրանք օգտագործվելու են համատեղ և արտադրանքի շահագործման անվտանգ պայմանների (ներառյալ՝ սպառողների առանձնապես խոցելի այն խմբերի մասին նշում, որոնց համար տվյալ արտադրանքի շահագործումը կարող է ռիսկ պարունակել), արտադրողի և դրա գտնվելու վայրի (հասցեի), կոնտակտային տվյալների վերաբերյալ (առկայության դեպքում՝ նաև գծիկավոր կոդ) հայերեն լեզվով տեղեկատվության բացակայության դեպքում՝ դրա իրացումն արգելվում է։
4․ Արգելվում է արտադրել կամ շրջանառության մեջ դնել այն արտադրանքը, որը թվացյալ լինելով սննդամթերք (իր ձևով, հոտով, գույնով, տեսքով, փաթեթավորմամբ, պիտակավորմամբ, ծավալով կամ չափով), իրականում հանդիսանում է ոչ պարենային արտադրանք։
- 5․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված արտադրանքի անվտանգության պահանջների կատարման բավարար պայման է համարվում տվյալ արտադրանքի արտադրության ժամանակ արտադրողի կողմից կամավոր հիմունքով միջպետական կամ ազգային ստանդարտների կամ ազգային ստանդարտների կարգավիճակով ընդունված միջազգային, եվրոպական և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառումը, որոնց գործողությունը տարածվում է նշված արտադրանքի վրա, ինչը հավաստվում է համապատասխանության հայտարարագրով (հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փորձարկման արձանագրության առկայության պայմանով) կամ հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատով.Միջպետական կամ ազգային ստանդարտների կամ ազգային ստանդարտների կարգավիճակով ընդունված միջազգային, եվրոպական և այլ պետությունների ազգային ստանդարտների չկիրառելը, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա, չի կարող դիտարկվել որպես սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված արտադրանքի անվտանգության պահանջների չկատարում և չի կարող հանդիսանալ արտադրանքը՝ որպես վտանգավոր դիտարկվելու նախապայման ։
6․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված արտադրանքի ընդհանուր անվտանգությունը գնահատվում է` հաշվի առնելով հետևյալ պայմանների առկայությունը.
1) կամավոր հիմունքով միջպետական կամ ազգային ստանդարտների կամ ազգային ստանդարտների կարգավիճակով ընդունված միջազգային, եվրոպական և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառում․
2) արտադրանքի անվտանգության գնահատման մոտեցումների նկատմամբ խորհրդատվական ցուցումների կիրառում.
3) համապատասխան ոլորտում արտադրանքի անվտանգության ապահովման գործընթացում լավագույն փորձի կանոնների կիրառում.
4) գիտության և տեխնիկայի ժամանակակից մակարդակի ապահովում.
5) անվտանգության ապահովման հետ կապված սպառողների հիմնավորված սպասելիքների ապահովում:
7․Սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված արտադրանքի ընդհանուր անվտանգության պայմաններին համապատասխանությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) համար արտադրանքի շրջանառության մեջ դնելու կամ տարածելու նկատմամբ համապատասխան սահմանափակող միջոցառումներ ձեռնարկելու (այն շրջանառությունից հանելու կամ հետկանչի միջոցառումների կիրառման համար) այն դեպքերում, երբ առկա են ապացույցներ, որ չնայած արտադրանքի ընդհանուր անվտանգության պայմաններին համապատասխանությանը՝ արտադրանքը հանդիսանում է վտանգավոր:
8․ Արտադրանքը չի կարող համարվել վտանգավոր միայն այն պատճառով, որ առկա են արտադրանքի անվտանգության ավելի բարձր մակարդակի հասնելու հնարավորություններ կամ առաջարկվում է այլ արտադրանք, որն ունի ռիսկի ավելի ցածր աստիճան:
Գլուխ 2. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐԻ (ՎԱՃԱՌՈՂԻ) ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. Արտադրողի պարտականությունները
1.Արտադրողը պարտավոր է շուկայահանել միայն անվտանգ արտադրանք։
- Արտադրողը պարտավոր է․
1) չարտադրել սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում նշված արտադրանք․
2) սպառողին տրամադրել արտադրանքի վերաբերյալ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկատվությունը՝ հնարավորություն տալով նրան գնահատելու արտադրանքին բնորոշ վտանգները արտադրանքի օգտագործման նորմալ կամ ողջամիտ կանխատեսելի ժամկետում, երբ դրանք առանց համապատասխան զգուշացումների անմիջապես տեսանելի չեն, և պաշտպանվելու նման վտանգներից, սակայն այդ տեղեկությունների առկայունը չի ազատում արտադրողին սույն օրենքով նախատեսված այլ պարտավորություններից․
3) ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք հնարավորություն կտան տեղեկանալու այն վտանգների մասին, որ արտադրանքը կարող է ներկայացնել (ներառյալ՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկատվության բացակայությունը կամ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում նշված արտադրանքի առկայությունը), ինչպես նաև ձեռնարկել վտանգավոր արտադրանքը շրջանառությունից հանելուն կամ արտադրանքի հետկանչին ուղղված միջոցառումներ․
4) իրականացնել իր կողմից շուկայահանված արտադրանքի մշտադիտարկում և (անհրաժեշտության դեպքում) նմուշի փորձարկում, բողոքների ուսումնաիրություն, վարել բողոքների գրանցամատյան և իրազեկել դիստրիբյուտորներին (վաճառողներին) կոնկրետ արտադրանքի նկատմամբ իրականացվելիք հետագա միջոցառումների մասին։
Հոդված 6. Դիստրիբյուտորի (վաճառողի) պարտականությունները
- Դիստրիբյուտորը (վաճառողը) իր գործունեության շրջանակներում.
1) պարտավոր է մատակարարել և իրացնել միայն անվտանգ արտադրանք․
2) պարտավոր է չմատակարարել և չիրացնել այնպիսի արտադրանք, որի վերաբերյալ առկա է տեղեկատվություն կամ մասնագիտական տեսանկյունից ենթադրելի է, որ այն չի համապատասխանում անվտանգության պահանջներին կամ հանդիսանում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասում նշված արտադրանք.
3) իր գործունեության շրջանակներում մասնակցում է արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կամ իր կողմից շուկայահանված արտադրանքի մշտադիտարկմանը.
4) պարտավոր է ապահովել շուկայահանվող արտադրանքի արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կողմից մակնշված բոլոր բնութագրերի և սպառողական հատկությունների պահպանումը․
5) պարտավոր է համագործակցել արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) և տեսչական մարմնի հետ՝ իր կողմից մատակարարված կամ իրացվող արտադրանքի սպառողների համար լուրջ ռիսկ հանդիսանալու և այդ ռիսկի կանխմանն ուղղված ձեռնարկված գործողությունների մասին՝ վերջիններիս ծանուցելու միջոցով։
- Եթե արտադրողը կամ դիստրիբյուտորը (վաճառողը) ունի տեղեկություն կամ որպես մասնագետ հիմք ունի ենթադրելու, որ իր կողմից շուկայահանված արտադրանքը վտանգավոր է կամ այն հանդիսանում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված արտադրանք, ապա նա անմիջապես ձեռնարկում է սպառողներին սպառնացող վտանգը կանխելու ուղղությամբ գործողություններ և տեղեկացնում դրա մասին տեսչական մարմնին՝ համագործակցելով վերջինիս հետ և վերջինիս պահանջով ձեռնարկում իր կողմից մատակարարվող կամ մատակարարված արտադրանքից բխող ռիսկերից խուսափելու միջոցառումներ։
- Արտադրողը և դիստրիբյուտորը (վաճառողը) պատասխանատու են սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված արտադրանքի մակնշման մեջ հայտարարված հատկություններին, հիմնական սպառողական հատկություններին և այլ ներկայացված տեղեկատվությանը արտադրանքին համապատասխանելու համար՝ պայմանով, որ արտադրողի կողմից սահմանված արտադրանքի պիտանելիության ժամկետի ընթացքում պահպանվել են արտադրողի կողմից սահմանված շահագործման (օգտագործման, կիրառման) բոլոր հրահանգները (ցուցումները) կամ սահմանափակումները։
- Արտադրողը և դիստրիբյուտորը (վաճառողը) պարտավոր են սպառողի դիմումով վերջինիս տրամադրել տեղեկատվություն այն կազմակերպությունների անվանումների և գտնվելու վայրի մասին, որոնք արտադրողի կամ դիստրիբյուտորի (վաճառողի) կողմից լիազորված են կատարելու ապրանքների նորոգում և տեխնիկական սպասարկում։
Հոդված 7. Արտադրողի և դիստրիբյուտորի (վաճառողի) կողմից շուկայահանած արտադրանքի անվտանգության մշտադիտարկումը
- Արտադրողի կողմից շուկայահանած արտադրանքի անվտանգության մշտադիտարկումը ներառում է.
1) արտադրանքի մակնշման մեջ ամբողջական տեղեկատվության առկայության ստուգում, որը հնարավորություն կտա նույնականացնել անհատական արտադրանքը կամ խմբաքանակը, որին պատկանում է տվյալ արտադրանքը.
2) սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև սպառողների կողմից ներկայացված բողոքների հիման վրա իր անվամբ շուկայահանված արտադրանքի փորձաքննության և փորձարկման անցկացում, միջոցառումների ձեռնարկում՝ ըստ անհրաժեշտության (ժամանակավորապես կասեցնում կամ հետկանչում սպառողներից) ծանուցելով դրանց մասին տեսչական մարմնին։
- Դիստրիբյուտորի (վաճառողի) մասնակցությունը շուկայահանած արտադրանքի անվտանգությանմշտադիտարկմանը ներառում է.
1) արտադրանքի առաջացրած ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը սպառողներին, արտադրողներին, տեսչական մարմնին, ինչպես նաև արտադրանքի մատակարարման շղթայի այլ տնտեսվարող սուբյեկտին.
2) համագործակցություն արտադրանքի առաջացրած ռիսկերից խուսափելու ուղղությամբ արտադրողների և շուկայի վերահսկողության մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների ընթացքում:
Գլուխ 3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 8. Տեղեկատվության մատչելիությունը արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում
1․ Շուկայում առկա` սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դրույթներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից իր տեսչական գործառույթների իրականացման ընթացքում այդպիսի արտադրանքի մասին հայտնաբերված դեպքերի վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են ընդհանուր ինտեգրացված տեղեկատվական համակարգերի ռեեստրում, որոնք պետք է մատչելի լինեն նաև հանրությանը՝ «Շուկայի վերահսկողության մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:
- Հանրությանը մատչելի է հետևյալ տեղեկատվությունը․
1) արտադրանքի նույնականացման հնարավորության տվյալների մասին․
2) արտադրանքի անվտանգության հատկությունների և այդ արտադրանքի օգտագործման հետ կապված հնարավոր ռիսկերի բնույթի մասին.
3) արտադրանքից առաջացած ռիսկերի կանխմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման մասին։
- Հայտնաբերված լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունը պարունակում է.
1) դեպքը հայտնաբերած մարմնի լրիվ անվանումը․
2) արտադրանքի անվանումը և նշանակությունը․
3) արտադրանքի խմբաքանակի վերաբերյալ տեղեկությունը․
4) արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի վերաբերյալ տեղեկությունը․
5) ապրանքն ուղեկցող առևտրական փաստաթղթերի անվանումն ու վավերագրերը․
6) համապատասխանության գնահատման փաստաթղթի (գրանցման համարը, գործողության ժամկետը և կարգավիճակը) մասին տեղեկությունը․
7) համապատասխանության գնահատման փաստաթուղթը տրված համապատասխանության գնահատման մարմնի ևվերջինիս հավատարմագրման մասին տեղեկությունը․
8) հայտնաբերված խախտումների և առաջացած ռիսկի նկարագրության (այդ թվում՝ մարդու առողջությանը կամ կյանքին, կենդանիների և բույսերի առողջությանը կամ կյանքին, շրջակա միջավայրին, ունեցվածքին հասցված վնասի մասին), վերաբերյալ տեղեկությունը․
9) տեղեկատվություն ռիսկը կանխելու նպատակով ձեռնարկված միջոցառումների բնույթի և տևողության վերաբերյալ (եթե ձեռնարկվել են նման միջոցառումներ)՝ ներառյալ արտադրողների կամ դիստրիբյուտորների (վաճառողների) կողմից իրենց սեփական նախաձեռնությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկությունը։
ԳԼՈՒԽ 4. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. Սպառողների դիմումը` կապված արտադրանքի անվտանգության իրավունքի պաշտպանության հետ
- Սպառողներն իրավունք ունեն դիմել տեսչական մարմին կամ դատարան` սույն օրենքով սահմանված արտադրանքի անվտանգության ապահովման հետ կապված իրենց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով,
- Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը սպառողները կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան։
Հոդված 10. Արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին համապատասխանության պետական վերահսկողությունը
- Արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է տեսչական մարմնի կողմից՝ «Շուկայի վերահսկողության մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներին համապատասխան:
- 2. Սույն օրենքի նպատակներից ելնելով` տեսչական մարմինը իրականացնում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված արտադրանքի նկատմամբ հետևյալ միջոցառումները.
1) ստուգում է արտադրանքի մակնշման և ուղեկցող փաստաթղթերի առկայությունը.
2) կատարում է շուկայահանած արտադրանքի նմուշառումներ` արտադրանքի հատկանիշների փորձարկման նպատակով.
3) կասեցնում կամ հետկանչում սպառողներից կամ ոչնչացնում կամ արգելում հայտնաբերված վտանգավոր արտադրանքի շուկայահանումը կամ մատակարարումը՝ տալով կարգադրագիր․
- Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արտադրանքի անվտանգության ապահովմանն ուղված միջոցառումները կիրառվում են տեսչական մարմնի կողմից ռիսկի լրջությանը համաչափ։
- 4. Տեսչական մարմնի սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակով միջոցառումները ձեռնարկելու վերաբերյալ պահանջներն ուղղվում են արտադրողին կամ դիստրիբյուտորին (վաճառողին), ինչը կարող է բողոքարկվել դատական կարգով։
ԳԼՈՒԽ 5․ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 11. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար
- Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 12. Օրենքն ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։
- Սույն օրենքն ընդունվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը վեցամսյա ժամկետում ապահովում է շուկայի վերահսկողության ազգային տեղեկատվական համակարգի ստեղծումը:
-
Обсуждалось
05.03.2025 - 20.03.2025
-
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 623
Принт