«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - За
-
10 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐԻԻ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գյումրիի սելեկցիոն կայան» և «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների գիտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ և առաջնային սերմնաբուծության զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Գյումրիի սելեկցիոն կայան» և «Երկրագործության գիտական կենտրոն» ՓԲԸ-ները ստեղծվել են դեռևս 1920-ական թվականներին որպես մեկ գիտական կառույց՝ հետագայում առանձնանալով։ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի կողմից իրականացվում է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), կտավատի, որոշ բանջարային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ) սելեկցիա և առաջնային սերմնաբուծություն հանրապետության լեռնային և նախալեռնային պայմաններում։ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ն զբաղվում է նաև անասնապահությամբ և ներկայումս ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ տոհմային անասնաբուծության զարգացման ուղղությամբ։ «Երկրագործության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացվում է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ) սելեկցիա և առաջնային սերմնաբուծություն հարթավայրային պայմաններում, ինչպես նաև ընկերությանը պատկանող հողատարածքում առկա են ծիրանի և խաղողի կոլեկցիոն այգիներ։ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ն գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում և տնօրինում է է շուրջ 320 հա մակերեսով վարելահող, տարեկան արտադրում է հացահատիկային մշակաբույսերի շուրջ 521 տոննա (աշնանացան ցորեն՝ 312 տոննա, գարնանացան գարի՝ 200 տոննա, գարնանացան ցորեն՝ 8,7 տոննա), հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ 9,3 տոննա, կորնգանի և առվույտի՝ 9,1 տոննա, կտավատի՝ 1,1 տոննա սուպերէլիտային և էլիտային դասի սերմեր։ «Երկրագործության գիտական կենտրոն» ՓԲԸ-ն գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում, տնօրինում է 77 հա մակերեսով վարելահող, տարեկան արտադրում է աշնանացան ցորենի շուրջ 100 տոննա սուպերէլիտային և էլիտային դասի սերմեր։
«Երկրագործության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի հողային ռեսուրսները սահմանափակ են և պատշաճ հնարավորություն չեն ապահովում գիտական հիմնավորված ցանքաշրջանառությունների իրականացման, համապատասխան դասի սերմերի արտադրության անհրաժեշտ ապրանքային ծավալները ապահովելու, ինչպես նաև հատիկաընդեղեն մշակաբույսերի պահանջված քանակի սերմնաբուծության համար։
«Երկրագործության գիտական կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող նպատակային և դրամաշնորհային գիտական ծրագրեր, որի շրջանակներում ստանում է համապատասխան ֆինանսավորում։
Ներկայումս հաշվի առնելով պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ առկա խնդիրների հաղթահարման և կլիմայի փոփոխության հետևանքով ծագած մարտահրավերների դիմակայման, ագրարային գիտության զարգացման և գիտելիքահենք տնտեսություն ունենալու կարևորությունը՝ անհրաժեշտ է ստեղծել գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և գիտական հեռանկարային նվաճումների գյուղատնտեսական արտադրության մեջ ներդրման համար առավել արդյունավետ և ժամանակակից պահանջներին համահունչ կառավարման համակարգեր։
Կարևորվում է երկու ընկերությունների գիտական և արտադրական ներուժի համատեղման միջոցով ռեսուրսների խնայողության և ծախսերի նվազեցման շնորհիվ ավելի լայնամասշտաբ գիտական ու արտադրական ծրագրերի իրականացումը և գիտաարտադրական գործունեության արդյունքում գոյացող ֆինանսական հոսքերի շարունակական ապահովումը։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է երկու ընկերությունների գիտական ռեսուրսների, գիտական արդյունքների, հիմնական միջոցների միաձուլման արդյունքում ապահովել գիտական և արտադրական գործընթացների արդյունավետ կառավարում և դրանց առավել արդիական և պահանջված զարգացում։
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովման, գիտական գործունեության և գիտելիքահենք գյուղատնտեսության զարգացմանը:
4. Կարգավորման նպատակը և բնույթը.
Կարգավորման նպատակն է «Երկրագործության գիտական կենտրոն» ՓԲԸ-ն «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ին միացնելու ձևով վերակազմակերպելու միջոցով բարձրացնել «Երկրագործության գիտական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության արդյունավետությունը և մեծացնել տեղական սերմնարտադրության ծավալները։ Միաժամանակ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երկրագործության գիտաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվանափոխելու նպատակն է ընկերության անվանման միջոցով նրա գործունեության ամփոփ և ամբողջական ներկայացումը։
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազում չի կանխատեսվում:
7. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի, որոշ բանջարային և տեխնիկական մշակաբույսերի գիտական սելեկցիոն աշխատանքների, առաջնային սերմնաբուծության և բուսաբուծության ոլորտում գիտական այլ հետազոտությունների իրականացման արդյունավետության բարձրացման համար առավել նպաստավոր պայմանների ապահովում, հանրապետությունում բարձր վերարտադրության սերմերով ինքնաբավության բարձրացում, պարենային անվտանգության մակարդակի բարելավում։
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
-
Обсуждалось
20.02.2025 - 12.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1159
Принт