Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Կարգավորման ենթակա խնդիրը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 30-ի «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 79-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից։
Միաժամանակ, նախագծի մշակումը պայմանավորված է ներկա պահին գործող ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց թունաբանահիգիենիկ գնահատման փորձարկման արդյունքներն ընդունելի են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար» N 1266-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված երկրների ցանկի վերանայման ու լրաշակման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի առաջադեմ երկրներում պեստիցիդների ու ագրոքիմիկատների արտադրության, պահպանման, փոխադրման, շուկայահանման և օգտագործման տարբեր փուլերի նկատմամբ խիստ հսկողության իրականացումն ու փորձաքննությունների անցկացման հնարավորությունը գիտատեխնիկական բարձր հագեցվածությամբ ժամանակակից լաբոատորիաներում։
2․ Առկա իրավիճակը
Հանրապետության բուսաբուծության ոլորտում դեռևս չի հաջողվում ստեղծել կայուն բուսասանիտարական իրավիճակ։ Գյուղատնտեսական մշակաբույսերի մի շարք հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի հարցում հողօգտագործողները լուրջ դժվարություններիկ առջև են կանգնում։ Այդ կապակցությամբ տարեցտարի ավելանում է ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների քանակն ու տեսականին։ Հանրապետություն են ներմուծվում տարբեր երկրների արտադրության, երբեմն անորակ, ցածր արդյունավետությամբ բույսերի պաշտպանության միջոցներ, որոնք հաճախ ոչ բարձր գնի արդյունքում ավելի մեծ չափերով են սպառվում՝ դրանով իսկ ավելացնելով մարդու առողոջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության վտանգը։ Դրա հետ մեկտեղ կան մի շարք երկրներ, որոնցից ներկրված բույսերի պաշտպանության միջոցները երկար տարիների օգտագործման ընթացաքում մշտապես ապահովել են բարձր արդյունավետություն և վստահություն ու պահանջարկ են վայելում տնտեսավարողների կողմից։
Ներկայումս գործող իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս պատշաճ վերահսկողություն իրականացնել պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության ոլորտում։
Հետևաբար, անհրաժեշտ է վերանայել թունաքիմիկատների կիրառման և շրջանառության մեխանիզմները, մասնավորապես, պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում թունաբանահիգիենիկ գնահատման համար հիմք հանդիսացող փորձարկումներ իրականացրած երկրների կազմը, որը հնարավորություն կտա նվազեցնել մարդկանց և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցությունը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի վերանայել և լրամշակել Որոշմամբ սահմանված երկրների ցանկը, որոնցում կատարված թունաբանահիգիենիկ փորձարկման արդյունքներն արժանահավատ են (տարիների փորձով հաստատված) և ընդունելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում թունաբանահիգիենիկ գնահատման համար։ Վերանայված ցանկում ներառվել են հիմնականում Եվրոպական միության երկրները, ինչպես նաև Ճապոնիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Կորեայի Հանրապետությունը, Վրաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն՝ հաշվի առնելով նշված պետություններում թունաքիմիկատների արտադրության, շրջանառության, թունաբանահիգիենիկ փորձարկումների և օգտագործման ոլորտներում ներդրված վերահսկողության խիստ պահանջները։ Նշված երկրներում առկա գերհագեցած լաբորատորիաներում և գիտահետազոտական կենտրոններում իրականացված թունաբանահիգիենիկ փորձարկումների արդյունքները վստահություն են ներշնչում և կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար։
Միաժամանակ, Օրենքով «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածը խմբագրվել է, որով համապատասխան երկրների ցանկը սահմանելու համար ՀՀ կառավարության լիազորող նորմի դրույթի համարակալումը փոփոխվել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել Որոշման նախաբանում համապատասխանեցնել նշված լիազորող նորմի հղումը՝ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասին պահանջներին համապատասխան։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնի հետևյալ կետից՝
«- ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը», https://www.gov.am/files/docs/4586.pdf ։
Նախագծի ընդունումը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում գրանցել և շրջանառել մարդկանց կյանքի, առողջության և շրջակա միջավայրի համար հնարավորինս անվտանգ և որակյալ պեստիցիդներ ու ագրոքիմիկատներ, միաժամանակ հնարավորություն տալով գյուղացիական տնեսություններին այդ նյութերի կիրառմամբ իրականացնել ավելի արդյունավետ պայքար բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ՝ ապահովելով կայուն բուսասանիտարական իրավիճակ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ՝ Որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում կատարված թունաբանահիգիենիկ փորձարկումների հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման արդյունքում հանրապետությունում տնտեսավարողներին հնարավորություն կընձեռնվի սեղմ ժամկետներում կազմակերպել իրականացվող գործառույթները, հանրապետության հողօգտագործողներին մատակարարել բարձր արդյունավետությամբ, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար նվազ վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցներ։ Կգրանցվեն և կշրջանառվեն միջազգային չափանիշներին համապատասխան պեստիցիդներ և ագրոքիմիկատներ՝ ապահովելով հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակ, միաժամանակ բարձրացնելով սննդամթերքի անվտանգության մակարդակը։
Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կապահովվի Սահմանադրության դրույթներին համապատասխան՝ իրավական ակտի լիազորող նորմի որոշակիությունը և իրավական դաշտում անհամապատասխանությունների բացառումը։