Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

90%10%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 436-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում կաշառք տալու համար, ինչպես նաև տվյալ հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներում նախատեսում խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարելը:

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախ և առաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափերի բացահայտման կապակցությամբ առկա է օրենսդրական բաց, որպիսի իրավական դիրքորոշում արտահայտել է Վճռաբեկ դատարանը Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ:

Այսպես՝

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝

«1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

(․․․)

17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի.»:

ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է (...):

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

(...)

2) խոշոր չափերով կամ

(...):

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

(...)

2) առանձնապես խոշոր չափերով`

(...):»:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է.

«(...) Ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո։ Վերոնշյալ չափերը ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267-ը, 282-ը, 290-ը և այլն)։

111 Անդրադառնալով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով որպես ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված են նույն արարքի կատարումը խոշոր և առանձնապես խոշոր չափերով։ «Խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել։

Այսպես՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։

Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, մասնավորապես՝ սահմանված չէ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի որ չափն է համարվում խոշոր, իսկ որը՝ առանձնապես խոշոր։ Այլ կերպ՝ առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերն անալոգիայով կիրառելը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։

Այսպիսով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք լինել (...)»:

Վերոգրյալից բացի հարկ է նկատել, որ համանման օրենսդրական բացեր առկա են նաև ՀՀ քրեական օրենսգրքի որոշ այլ հոդվածներում, որտեղ օգտագործված են «կաշառք» և «ապօրինի վարձատրություն» հասկացությունները:

Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածում մասնավոր ոլորտում կաշառքի առարկայի «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափերը նախատեսված են որպես ծանրացնող հանգամանքներ, սակայն կրկին դրանց բովանդակությունը բացահայտված չէ: Ապօրինի վարձատրության առարկայի դեպքում ևս բացահայտված չեն վերջինիս խոշոր և առանձնապես խոշոր չափերը:

Այսպիսով՝ սույն նախագծով առաջարկվում է խնդրո առարկայի կապակցությամբ կատարել օրենսդրական փոփոխություն, քանի որ միայն այդ ճանապարհով հնարավոր է լրացնել օրենսդրական բացը:

 

1.2 ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը:

Նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքն ավարտվելու օրվանից անցել է 15 տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտվելու օրվանից՝ 25 տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

Վաղեմության ժամկետի կասեցումը նշանակում է, որ վաղեմության ժամկետի հոսքը սառեցվում է այն պահից, երբ հանցանք կատարած անձը, գիտակցելով, որ իրավապահ մարմինները կասկածում են իրեն կատարված հանցագործության մեջ, չի ներկայանում քննության: Անձը չի կարող դիտվել քննությունից խուսափող, եթե նրա կատարած հանցանքի մասին հայտնի չէ իրավապահ մարմիններին, ինչպես նաև պարզված չէ նրա` հանցագործությանն առնչվելու փաստը:

Քննությունից խուսափելը նշանակում է, որ անձը կատարում է դիտավորյալ գործողություն կամ անգործություն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար, որով իրավապահ մարմիններին ստիպում է ձեռնարկել միջոցներ իրեն հետախուզելու և հայտնաբերելու համար:

Նշվածի համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե քրեական դատավարությունում երբ է պետք համարել անձի կողմից քննությունից խուսափելու պահը, որից հետո հնարավոր կլինի կասեցնել վաղեմության ժամկետների հոսքը, մինչև դրա վերսկսելը: Այս հանգամանքը կարգավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, մինչդեռ օրենսգրքի տրամաբանությունը հանգում է հետևյալին. հարկ է արձանագրել, որ քրեական արդարադատության «զինանոցում» քննությունից խուսափող անձի դեմ պայքար մղելու գործիքակազմ է հանդիսանում նրա հետախուզումը և հայտնաբերումը: Անձին հետախուզելու համար բնականաբար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինեն բավարար տվյալների համակցություն վերջինիս կողմից հանցանք կատարելու վերաբերյալ և դրանից բխող դատավարական կարգավիճակ:

Գործող իրավակարգավորումների պարագայում այդ դատավարական կարգավիճակը միայն մեղադրյալի կարգավիճակն է, քանի որ հանցանքի կատարման վերաբերյալ բավարար տվյալների համակցություն ունենալու պարագայում վարույթն իրականացնող մարմինը պետք է միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին՝ տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին: Ի դեպ նման կարգավորում նախատեսում էր նաև ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրքը, որտեղ սահմանվում էր, որ անձի նկատմամբ հետախուզում կարող է հայտարարվել բացառապես այն դեպքում, երբ վերջինս ուներ մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Թեև ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքում հետախուզման ինստիտուտը նախատեսված չէ, սակայն վերոգշյալ տրամաբանությունը գործում է նաև գործող օրենսդրության պայմաններում, և նյութական և դատավարական օրենսգրքերի համակարգային վերլուծության արդյունքում գալիս ենք այն եզրահանգման, որ անձի կողմից քննությունից խուսափելու հանգամանքին վարույթն իրականացնող մարմինն արձագանքում է միայն մեղադրյալին հետախուզելու և հայտնաբերելու ուղղությամբ հետաքննության մարմնին համապատասխան հանձնարարություն տալով:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք փաստել, որ անձի կողմից քննությունից խուսափելու մասին խոսք կարող է գնալ միայն այն ժամանակ, երբ տվյալ անձն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, կամ այլ կերպ՝ նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

Նման պայմաններում իմաստազուրկ է դառնում ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ վաղեմության ժամկետների կասեցման վերաբերյալ իրավակարգավորումը, քանի որ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու պահից վաղեմության ժամկետներն այլևս չեն հաշվարկվում, ինչպես նախատեսված է նույն հոդվածի 2-րդ մասով: Վաղեմության ժամկետների կասեցման վերաբերյալ նշված իրավակարգավորումը կարող էր արդիական լինել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, երբ վաղեմության ժամկետը հաշվարկվում էր հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը[1]:

Քննարկված հարցի համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նշված «սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներ» ձևակերպմանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և նշանակում է պատիժ:

(...)

3. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատաբժշկական փորձաքննության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը պատիժ է նշանակում:

(...)

6. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը հնարավոր է դարձնում պատժի կատարումը, անձը ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները: Սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձի ապաքինվելու դեպքում նա ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները:

7. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:

(...)»:

Ինչպես արդեն նշվեց, վաղեմության ժամկետի հաշվարկման ավարտը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից ՀՀ նոր քրեական օրենսգրքով տեղափոխվել է ավելի վաղ փուլ, այն է՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը:

Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում «սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն» անցնելու մասին հղումներն ու պայմանները իրավական որոշակիության առումով հարցեր են առաջացնում, քանի որ եթե տառացի մեկնաբանենք և այդ ժամկետներն ընկալենք նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի ընդհանուր տրամաբանության մեջ, ապա պարզ կդառնա, որ պատժի նշանակումը հետաձգելուց հետո վաղեմության ժամկետները երբեք չեն կարող անցնել, որ դրանք հաշվարկվում են  հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը: Պարզ է, որ պատժի նշանակման հետաձգումից օգտվող անձի նկատմամբ վաղուց արդեն քրեական հետապնդում հարուցված է, ուստիև պատժի նշանակման հետաձգումից հետո վաղեմության ժամկետների հաշվարկման և անցնելու մասին խոսք լինել չի կարող:

Գտնում ենք, որ խնդիրը տեխնիկական բնույթի է, հետևաբար անհրաժեշտ է կատարել այնպիսի փոփոխություն, որը պարզապես կբխի օրենսդրական տեխնիկայի կանոններից և չի սահմանի որևէ նոր իրավանորմ:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

2.1 Սույն հիմնավորման 1.1 կետում շարադրված իրական ակտերից և վերլուծություններից պարզ է դառնում, որ այն հանցակազմերում, որտեղ կաշառք տալու և ապօրինի վարձատրություն տալու խոշոր և առանձնապես չափեր են նախատեսված, այդ չափերի բացահայտման առումով առկա է օրենսդրական բաց, որը կարող է լրացվել միայն օրենսդրական փոփոխություն կատարելով։

Վերոգրյալից ելնելով՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետը լրացնել այնպես, որ նրանով կբացահայտվեն նաև կաշառքի և ապօրինի վարձատրության չափերը։

2.2 Վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտի իրավակարգավորումները հստակեցնելու նպատակով՝ առաջարկում ենք վաղեմության ժամկետների կասեցման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված կարգավորումներն ուժը կորցրած ճանաչել:

Իրավական որոշակիության պահանջներն ապահովելու նպատակով՝ նաև առաջարկվում է խմբագրել ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներին կատարված հղումները՝ դրանց մեկնաբանությունը ավելի սահմանափակելով և հղումներ անելով միայն նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներին:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կբացահայտվեն կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու այն օրենսդրական բացը, որին Վճռաբեկ դատարանն անձադարձել է Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ:

Նախագծի ընդունմամբ նաև կվերանան վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտին վերաբերող անհստակությունները և կլուծվեն օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից որոշ անհստակություններ:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

 

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:

 

7. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

 

[1] Տե՛ս 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասը:

  • Обсуждалось

    05.02.2025 - 20.02.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1084

Принт

Предложения

Մարիամ Չիլինգարյան

20.02.2025

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացման և փոփոխությունների միջոցով բացահայտել կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, քանի որ գործող օրենսդրությամբ առկա է օրենսդրակա բաց։ Նմանատիպ օրենսդրական բաց առկա է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված շորթման հանցակազմի պարագայում։ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում խոշոր չափերով շորթման, իսկ 3-րդ մասի 3-րդ կետը առանձնապես խոշոր չափերով շորթման։ Շորթումը անձի կամ ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանցավորին կամ մեկ այլ անձին հանձնելու կամ հանցավորի կամ մեկ այլ անձի օգտին գույքային բնույթի գործողություն կատարելու կամ գույքային բնույթի պարտավորություն ստանձնելու կամ գույքային իրավունք ձեռք բերելուց ձեռնպահ մնալու պահանջն է՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով, շանտաժով կամ հարկադրանքի այլ եղանակով։ Քանի որ շորթումը հափշտակություն չի համարվում, դրա օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշների մեջ չի մտնում գույքը հանցավորինը կամ մեկ այլ անձինը դարձնելը․ բավարար է միայն այդպիսի պահանջ ներկայացնելը։ Ընդ որում շորթման հանցակազմը ձևական է․ այն ավարտված է համարվում պահանջը ներկայացնելու պահից։ Հետևաբար, շորթման դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի իմաստով կարող է չլինել ո՛չ հափշտակված գույք, ո՛չ պատճառված գույքային վնաս, ո՛չ էլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք։ Ստացվում է, որ այն դեպքում, երբ հանցավորը շորթման հանցակազմով նախատեսված պահանջ է ներկայացնում, սակայն հանցագործությունից տուժած անձը հանցավորին որևէ գույք չի հանձնում, գույքային բնույթի գործողություն չի կատարում կամ ձեռնպահ չի մնում գույքային իրավունք ձեռք բերելուց, հանցավորին չեն կարող մեղսագրվել հանցանքը խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կատարելու ծանրացնող հանգամանքները։ Հաշվի առնլով վերոգրյալը՝ առաջարկվում է 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը «պատճառած գույքային վնասի» բառերից հետո լրացնել ոչ միայն «, կաշառքի, ապօրինի վարձատրության» բառերով, այլև «, շորթման» բառով։

Узнать больше