Добавить в избранное

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

46%54%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) ներկայումս նախատեսում է կարգավորում, ըստ որի ունկնդիրներն Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրությանը համապատասխան կրթաթոշակ։ Ընդ որում, կրթաթոշակի սահմանումը նախատեսվել է Օրենքի ընդունումից ի վեր: Այս կարգավորման նպատակը, ըստ էության, ունկնդիրների կարողությունների կենտրոնացումն է մասնագիտական ուսուցման գործընթացի վրա: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում Օրենքը կարգավորումներ չի պարունակում Ակադեմիայում մասնագիտական ուսուցման ընթացքում ունկնդիրների աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվելու հիմքերի վերաբերյալ։ Այսինքն՝ ունկնդրին տրվում է կրթաթոշակ Ակադեմիայում մասնագիտական ուսուցում անցնելու համար, սակայն առկա չեն այն պայմանները, որի դեպքում կրթաթոշակի տրամադրումը կհամարվեր իրապես անհրաժեշտություն ունկնդրի ուսուցման գործընթացը անխոչընդոտ կամ առանց այլ տեսակի ծանրաբեռնվածության կազմակերպելու համար:

Ավելին, պրակտիկայում մեծաթիվ են դեպքերը, երբ ունկնդիրը, Ակադեմիայում մասնագիտական ուսուցման ընթացքում, շարունակում է իր աշխատանքային պարտականությունների կատարումը՝ գործատուի հետ համաձայնեցված կարգով, և միաժամանակ պետական բյուջեից ստանում է կրթաթոշակ: Այնինչ, կրթաթոշակի նպատակը կրած ծախսերը փոխհատուցելը պետք է լիներ, այլ ոչ՝ լրացուցիչ դրամական օժանդակությունը: Վերոհիշյալը ստեղծում է որոշակի խնդրահարույց իրավիճակներ:

Ըստ էության, Ակադեմիայի կողմից անհրաժեշտ պայմանների նախատեսման և գործատուի հետ համաձայնության ձեռքբերման դեպքում ունկնդիրը կկարողանա լիարժեք կատարել թե՛ որպես ունկնդիր, թե՛ որպես աշխատող իր ստանձնած պարտականությունները: Նման դեպքերը բազմաթիվ են, երբ տարբեր տարբեր դասընթացների շրջանակներում ուսուցումը կազմակերպվում է ոչ աշխատանքային ժամերի կամ այնպես, որ հնարավոր քիչ ազդեցություն ունենա ունկնդրի աշխատանքային հարաբերությունների վրա: Նման օրինակ է ՀՀ փաստաբանական ակադեմիայում ուսուցման գործընթացի կազմակերպումը:

Հնարավոր են նաև դեպքեր, երբ ունկնդրի աշխատավարձը ավելի ցածր լինի քան կրթաթոշակը, կամ ընդհանրապես չգտնվի աշխատանքային հարաբերությունների մեջ: Այս դեպքում ևս ստացվում է, որ պետությունը, առանց որևէ հիմնավորվածության և իրական անհրաժեշտության, ունկնդիրներին տրամադրում է կրթաթոշակ՝ միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք անցնում են մասնագիտական պատրաստում:

Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա պայմաններում և պետության որդեգրած թվայնացման խրախուսման շրջանակներում առավել քան կարևորվում է էլեկտրոնային հեռահաղորդակցության տարբեր միջոցների կիրառումն ու զարգացումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Այստեղ ևս բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր դասընթացներ կազմակերպվում և անցկացվում են էլեկտրոնային եղանակով՝ այդպիսով խնայելով թե՛ ժամանակը, և թե՛ մարդկային ու ֆինանսական ռեսուրսները:

Միաժամանակ, հարկ է նշել, որ միջազգային վերաբերելի փաստաթղթերի վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ որևէ փաստաթղթով չի սահմանվում մասնագիտական պատրաստման ընթացքում պետության կողմից ունկնդիրներին կրթաթոշակի վճարման պարտականությունը։ Մասնավորապես.

Դատական վերապատրաստումների միջազգային կազմակերպության (IOJT) կողմից ընդունված՝ Դատական վերապատրաստման սկզբունքների վերաբերյալ հռչակագրում նշվում է, որ բոլոր պետությունները պետք է դատական վերապատրաստման համար պատասխանատու իրենց հաստատություններին տրամադրեն բավարար ֆինանսավորում և այլ ռեսուրսներ՝ իրենց նպատակներին և խնդիրներին հասնելու համար: Ընդ որում, տվյալ դեպքում խոսք է գնում այդպիսի մարմինների անկախության ապահովման վերաբերյալ՝ բացահայտելով, որ ֆինանսավորումը և այլ ռեսուրսների տրամադրումը նպատակ ունի ապահովելու այդ մարմինների ինքնավարությունը, ինչը հնարավորություն կտա նրանց իրականացնել իրենց մանդատը առանց այլ մարմիններից ֆինանսական կախվածության: Միաժամանակ բացահայտվում է  նաև ֆինանսավորման և ռեսուրսների բովանդակությունը, ըստ որի դրանք ներառում են գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերը, ներառյալ, ի թիվս այլ կարիքների, դատավորների վերապատրաստման համար հարմար և ժամանակակից գործիքներով/տեխնիկական միջոցներով հագեցած տարածքներ, բարձր որակավորման մարդկային ռեսուրսներ, ինչն իր հերթին ընդգրկում է պրոֆեսիոնալ և օժանդակ անձնակազմը:

Միաժամանակ, կարևորելով դատավորների շարունակական վերապատրաստման նշանակությունը, նշվում է, որ պետությունը պետք է հնարավորություն տա դատավորներին վերապատրաստումն անցնել իրենց աշխատանքային ժամերին: Դրան կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե առկա լինեն կոնկրետ մեխանիզմներ, ինչպես.

ա) հնարավորություն ընձեռնել դատավորներին հանգստյան օրեր վերցնել իրենց աշխատանքից՝ առանց որևէ բացասական ազդեցության իրենց պաշտոնի/աշխատանքի վրա,

բ) վճարել դատավորներին՝ կրթական սեմինարներին և վերապատրաստման այլ դասընթացներին մասնակցելու համար[1]։

Եվրոպական դատական ​​ուսուցման ցանցի կողմից ընդունված դատավորների վերապատրաստման հիմնարար սկզբունքներում ևս կարևորվում է դատավորների նախնական մասնագիտական ուսուցումը՝ միաժամանակ արձանագրելով, որ  դատական անկախության սկզբունքներին համապատասխան, դատավորների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, բովանդակությունը և անցկացումը բացառապես դատավորների վերապատրաստման համար պատասխանատու ազգային հաստատությունների ընտրության տիրույթում է[2]:

Հարկ է նկատել, որ թեև եվրոպական չափանիշներն ընդգծում են ուսուցման/վերապատրաստման կարևորությունը, դրանք չեն նախատեսում կոնկրետ մանրամասներ այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպվի դատավորների և դատախազների կրթության և վերապատրաստման համակարգը: Այս հարցերը առանձին երկրների կազմակերպչական իրավասությանը և հայեցողությանն են թողնված: Մի շարք երկրների փորձի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ կրթաթոշակի վճարումը համընդհանուր ընդունված և պարտադիր պրակտիկա չէ։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել պետության կողմից Արադարադատության ակադեմիայի ունկնդիրներին մասնագիտական պատրաստման ընթացքում տրվող կրթաթոշակի վերաբերյալ կարգավորումները:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու և դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնել ավելի թիրախային և հիմնավորված, ինչը թույլ կտա տնտեսված միջոցները օգտագործել Ակադմիայի կարիքների բավարարման և կարողությունների զարգացման համար:

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, իսկ ծախսերում նախատեսվում է փոփոխություններ՝ նվազեցման տեսքով: Մասնավորապես, 2024 թվականին մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին տրամադրվող կրթաթոշակի ընդհանուր չափը կազմել է 83.865.600 ՀՀ դրամ։ Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում նախատեսվում է այդ գումարը տնտեսել։

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

[1] https://ncfsc-web.squiz.cloud/__data/assets/pdf_file/0014/6152/2017-principles.pdf

[2] https://portal.ejtn.eu/PageFiles/15756/Judicial Training Principles_EN.pdf

  • Обсуждалось

    04.02.2025 - 19.02.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 963

Принт