Добавить в избранное

2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

-----ի N ---Լ որոշման

ԾՐԱԳԻՐ

 

2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ  ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ

 

  1. 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի  մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը պայմանավորված է մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկառու տնտեսավարողների վարկային բեռի թեթևացման անհրաժեշտությամբ։
  2. Ծրագրի հիմնական նպատակն է` 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի  մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով մեղմել կրած վնասները, բարելավել վարկավորման պայմանները, նախադրյալներ ստեղծել վարկային պարտավորությունների կատարման համար և նպաստել տուժած տարածքներում գյուղատնտեսական ոլորտի արտադրության կազմակերպման շարունակականության ապահովմանը։
  3. Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի  մարզերի այն տնտեսավարողները, որոնք ունեն գործող գյուղատնտեսական վարկեր (ֆինանսական կառույցին դիմելու պահին գյուղատնտեսական վարկի մայր գումարի մնացորդը 5 մլն դրամից ավելի է) և որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100 %։
  4. Սուբսիդավորման ենթակա են միայն այն վարկառուներին տրամադրված գյուղատնտեսական վարկերի (այլ նշանակության վարկերը ծրագրում չեն ներառվում) տոկոսադրույքները, որոնք ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով նպատակային են օգտագործվել (ագրոպարենային ոլորտում ընդգրկված բնագավառներում)։
  5. Ծրագրի շրջանակում սուբսիդավորվող վարկը չպետք է հանդիսանա գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերով սուբսիդավորվող վարկ (ճշգրտման գործառույթը վերապահվում է վարկատու ֆինանսական կառույցին), ինչպես նաև ծրագրին չեն կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման շրջանակում 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների դիմաց աջակցություն ստացած տնտեսավարողները։
  6. Ծրագրի մասնակիցներն են՝
  • Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած (հիմքը՝ համայնքի ղեկավարի կողմից տրված և մարզպետի կողմից հաստատված տեղեկանքը) և գյուղատնտեսական վարկեր  ունեցող (ֆինանսական կառույցին դիմելու պահին վարկի մայր գումարի մնացորդը պետք է լինի 5 մլն դրամից ավել) ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնց ցանքատարածություններում կամ այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100 % (այսուհետ՝ վարկառու)․
  • առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ ֆինանսական կառույցներ)․
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն)․
  • Նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ` ԳՖԿ)։
  1. Ծրագիրը իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
  • մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը վարկառուները դիմում են իրենց վարկատու ֆինանսական կառույցներին՝ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով։ Դիմումին կից ներկայացվում է՝

ա․ համայնքի ղեկավարի կողմից տրված և մարզպետի կողմից հաստատված տեղեկանքը, որ վարկառուի ցանքատարածություններում կամ այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100 %,

բ․ համայնքի ղեկավարի կողմից տրված հավաստող տեղեկանք, որ վարկառուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման շրջանակում 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների դիմաց աջակցություն չի ստացել (չի ստանալու)․

  • եթե սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ցանկը ամբողջական չէ, ապա վարկառուն կարող է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում ներկայացնել ճշտված փաստաթուղթը կամ ամբողջականացնել փաստաթղթերի ցանկը․
  • ծրագրի շրջանակում սուբսիդավորվում է միայն 5 մլն դրամից ավելի (5 մլն դրամը չի ներառվում ծրագրում) վարկի մայր գումարի մնացորդ (ֆինանսական կառույցին դիմելու պահին) ունեցող վարկառուների գյուղատնտեսական վարկերը․
  • վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի՝ 6 տոկոսային կետով՝ վարկառուի կողմից իրականացված փաստացի մարումների հիման վրա, առավելագույնը 6 ամիս ժամկետով․
  • վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հետ կապված ֆինանսական կառույցների կողմից այլ ծառայությունների համար վճարներ չեն գանձվում (սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).
  • վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները։ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի` սուբսիդավորման հայտի հիման վրա: Ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերը սկսում է ներկայացնել ԳՖԿ-ին 2025 թվականի փետրվար ամսից՝ ներառելով դեկտեմբեր և հունվար ամիսների սուբսիդավորման ենթակա գումարները: Ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Հայտի հետ միասին (տվյալ վարկառուի համար առաջին անգամ ներկայացվող) ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է ներկայացնում նաև գրավոր հավաստում, որ վարկի նշանակությունը գյուղատնտեսական է, սուբսիդավորման ներկայացվող վարկը չի հանդիսանում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերով սուբսիդավորվող վարկ, ինչպես նաև ծրագրի 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկանքները և վարկառուի հետ կնքված վարկային պայմանագիրը: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվողպայմանագրով: Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով Նախարարության հետ.
  • ԳՖԿ-ն հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացությամբ ներկայացնում Նախարարություն։ Նախարարությունը ԳՖԿ-ի կողմից տրված դրական եզրակացության և ԳՖԿ-ի ու Նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական միջոցների առայության դեպքում) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ–ին, որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Հայտը՝ ծրագրի պահանջներին չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով հայտի չբավարարման հիմքերը․
  • ծրագրի շրջանակում վերջին սուբսիդավորման հայտը պետք է ներկայացվի 2025 թվականի հունիս ամսվա համար, իսկ հուլիս ամսից հետո ներկայացված հայտերը դիտարկման ենթակա չեն։
  1. Վարկառուի կամ ֆինանսական կառույցի կողմից ներկայացված կեղծ տեղեկատվություն ի հայտ գալու դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից: Մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման՝ կիրառելով ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ հաստատված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը մեկամսյա ժամկետում): ԳՖԿ-ն ֆինանսական կառույցի կողմից վերադարձված գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Նախարարությանը։ Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի հետ կնքվող պայմանագրով սահմանված ձևաչափով և ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի ԳՖԿ-ին: ԳՖԿ-ն ամսական պարբերականությամբ ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Նախարարություն:
  2. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ֆինանսական կառույցի հանդեպ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով ֆինանսական ակտիվների դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ։
  3. ԳՖԿ-ի կողմից Նախարարություն ներկայացվող հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին` ըստ մարզերի համայնքների վարկառուների տվյալները, վարկի մայր գումարի մնացորդը, տոկոսադրույքը, սուբսիդավորման գումարը, ֆինանսական կառույցի կողմից իրականացված նպատակային մոնիթորինգի ամսաթիվը և արդյունքները։
  4. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում`
    • ծրագրում ոչ նպատակային օգտագործված վարկերի ներգրավումը․
    • բնական աղետի հետևանքով վարկի մայր գումարի վերադարձման անհնարինությունը։
  5. Ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար, պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով 2025 թվականի համար Նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
  6. Վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման արդյունքում` կարկտի հետևանքով տուժած մարզերում հնարավորություն կստեղծի վարկառուների տնտեսությունների կայունացման և գյուղատնտեսական ոլորտի արտադրության կազմակերպման շարունակականության համար:
  • Продолжительность

    15.11.2024 30.11.2024
  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 619

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .