ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) 2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով ձևավորել օրենսդրական դաշտ՝ ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու, ինչպես նաև սույն ոլորտում համապատասխան մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու գործընթացը կանոնակարգելու նպատակով։
«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին հաապատասխան 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-297-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ ընդունվեց միջոցառումների ցանկը։
Վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության կազմակերպումը ներառվել է «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում։ Սույն իրավական ակտի ընդունումը կապված է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար մասնագիտական վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատությունների լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությունից:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Հաշվի առնելով, որ ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու համար մասնագիտական վերապատրաստումը վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների՝ վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետների և վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների կողմից գիտելիքների յուրացման և կատարելագործման գործընթաց է՝ սույն իրավական ակտով սահմանվում են նշված գործունեությունը իրականացնող ուսումնական հաստատությունների նկատմամբ լիցենզավորման պայմաններ և պահանջներ, մասնավորապես՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն կազմակերպման համար համապատասխան սարքավորումներով և տեխնիկական միջոցներով կահավորված ուսումնական տարածքների, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների առկայություն և ուսումնական հաստատության ղեկավարի կողմից մշակված և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ), վտանգավոր բեռների փոխադրումը կարգավորող այլ օրենսդրական ակտերի և միջազգային պայմանագրերի պահանջների հետ ներդաշնակեցված ուսումնական ծրագրեր:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը առնչվում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 01․07․2019թ․ N 666-Լ որոշման՝ ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 23-րդ, ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 39.1-րդ, ՀՀ վարչապետի 14․02․2024թ․ N 137-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետերի և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի պահանջների կատարումն ապահովելու միջոցառումների շրջանակում իրականացվող օրենսդրական փոփոխություններին։