Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքն (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունվել է 2018թ. փետրվարի 9-ին  և գործողության մեջ է դրվել 2018թ. ապրիլի 4-ից։ Օրենսգրքի ընդունմամբ ներդրվեց մրցակցային դատավարության այնպիսի մոդել, որի շրջանակներում գործը քննող դատավորը ունի ապացուցման գործընթացը կառավարելու և դատավարության բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ, որոշակի և կանխատեսելի գործիքակազմ, ընդլայնվեցին քաղաքացիական դատավարությունում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, բարելավվեց դատական ծանուցումների ինստիտուտը, մանրակրկիտ կարգավորվեց քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու փուլը, նախատեսվեցին պարզեցված ընթացակարգերը, հատուկ հայցային վարույթները,  հստակեցվեցին վերաքննիչ և վճռաբեկ վարույթների հարուցման հիմքերը, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորությունները և այլն:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության հինգ տարիների ընթացքում վեր են հանվել և լուծվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի պրակտիկ կիրառման արդյունքում առացած մի շարք խնդիրներ, սակայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումից հետո համակարգային և ծավալուն փոփոխություններ քաղաքացիական դատավարության օրենսգրքում տեղի չեն ունեցել:

Այս առումով կարևոր է նշել, որ դատական պրակտիկայի վերլուծությունը, դատավորների շրջանում անցկացված հարցումները վկայում են այն մասին, որ հասունացել է Օրենսգրքում համակարգային որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Հատկապես արդիական է Օրենսգրքոմ առկա այնպիսի կառուցակարգերի բարելավվումը, որոնք բարձրացնելու են քաղաքացիական դատավարության արդյունավետությունը, նպաստելու են դատավարական խնայողության սկզբունքի ապահովմանը, «ողջամիտ ժամկետում» գործի քննության իրավունքի իրականացմանը, էլեկտրոնային գործիքների ընդլայնմանը և այլն:

Նշվածի հաշվառմամբ 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ Կառվարության որոշման Հավելված 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» վերնագրված ռազմավարական նպատակի շրջանակներում ևս կարևորվել է Օրենսգրքի կիրառման արդյունքում վերհանված խնդիրների գույքագրման հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը: Կառավարության նույն որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 6-րդ նպատակի 2-րդ և 6-րդ գործողություններով նախատեսվում է Օրենսգրքի կիրառման արդյունքում գույքագրված խնդիրների հիման վրա Օրենսգրքում և, ըստ անհրաժեշտության, հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակում:

Նշված ռազմավարական նպատակի շրջանակներում գույքագրվել և վեր են հանվել Օրենսգրքի կիրառման մի շարք պրակտիկ խնդիրներ, որոնք ներկայացվել են շահագրգիռ մարմինների, դատական իշխանության ներկայացուցիչների կողմից: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման դատական պրակտիկայի ընթացքում մի շարք թերություններ ու բացթողումների մասին արձանագրվել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում:

Աջակցություն դատական բարեփոխումներին «Հայաստանում դատական իշխանության անկախության և պրոֆեսիոնալիզմի բարձրացում» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի որոշ դրույթների՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության մասին» պատրաստված կարծիքում նույնպես արձանագրվել  է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը[1]:

Հարկ է նաև նշել նաև, որ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Արադարադատության նախարարությանը վերապահված 5-րդ նպատակի («Դատավարական օրենսդրության վերանայում՝ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման և դատավարություններում էլեկտրոնային գործիքների ամբողջական ներդրման համար») հիմնավորման մեջ նշվում է, որ Օրենսգրքի ընդունմամբ բարեփոխվեց քաղաքացիական արդարադատությունը, ներդրվեցին մի շարք նոր ինստիտուտներ, որոնք ուղղված էին դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանն ու գործի քննության արդյունավետության բարձրացմանը: Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներով արձանագրվեցին որոշ նոր կարգավորումների հետ կապված խնդիրներ, և միաժամանակ գործնականում նոր ինստիտուտների կիրառման մասով ի հայտ եկան հակասական մոտեցումներ:

Քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կիրառման արդյունքում արձանագրված խնդիրները ցույց են տալիս, որ Օրենսգրքի ներկայումս գործող խմբագրության շրջանակներում բազմաթիվ հրատապ խնդիրներ շուտափույթ լուծման կարիք ունեն։

Առավել առանցքային նշանակություն ունեն հետևյալները՝

  1. քաղաքացիական գործի գրավոր ընթացակարգով քննության պայմաններում գործի դռնփակ պայմաններում անցկացնելու կարգավորումների բացակայությունը.
  2. դատական նիստից դուրս դատավորի բացարկի (ինքնացարկի) քննարկման հնարավորության բացակայությունը.
  3. վարչական դատարանի քննությանը ենթակա գործերի՝ վարչական դատարանին վերահասցեագրման հնարավորության բացակայությունը.
  4. 4. վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող և չներկայացնող երրորդ անձնաց վերաբերող մի շարք կարգավորումների հստակեցումը,
  5. 5. դիմումի քննության ելքով շահագրգռված անձի հասկացության և նրա իրավունքների շրջանակի սահմանման բացակայությունը.
  6. դատական ծանուցման ինստիտուտի հետ կապված մի շարք կարգավորումների թերի լինելը, ծանուցման որոշ մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը.
  7. դատական ծախսերի ինստիտուտի կատարելագործումը, մասնավորապես դատական ծախսերի բաշխման հետ կապված մի շարք կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը.
  8. հայցի ապահովման ինստիտուտի կատարելագործումը.
  9. 8. բոլոր դատական ատյանների կողմից դատավարական ժամկետները երկարաձգելու հնարավորության բացակայությունը.
  10. հայցվորի կողմից հայցից հրաժարավելու իրավունքի իրացաման կառուցակարգի կատարելագործումը.
  11. հայցային վաղեմության ինստիտուտի բարեփոխումը.
  12. 11. արագացված դատաքննության կիրառման հիմքերի հստակեցումը.
  13. 12. հատուկ հայցային, այդ թվում՝ առանձին աշխատանքային վեճերով գործերի քննության ժամկետների վերանայումը.
  14. վերաքննիչ դատարանի որոշումը գործին մասնակից չդարձած անձի կողմից բողոքարկելու հնարավորության ընդլայնումը.
  15. տեխնիկական բնույթի խնդիրներ պարունակող բողոքները Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների աշխատակազմի միջոցով վերադարձնելու կառուցակարգի ամրագրումը
  16. Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքների վարույթ ընդունման հարցի հետ կապված պրակտիկ խնդիրների կանոնակարգումը, և այլն:

Նշված խնդիրների լուծման և կարգավորման անհրաժեշտությամբ պայամանավորված մշակվել է  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծ (այսուհետ՝ Նախագիծ), որը ուղղված է պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծման և  քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացմանը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, լուծել  իրավակիրառ պրակտիկայում բարձրացված խնդիրները:

Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական կարգավորումները՝

  1. վերանայել առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի շրջանակը.

Նախագծով առաջարկվել է առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի ցանկում ներառել նաև լրացուցիչ վճիռը, հայցադիմումի վարույթ ընդունումը մերժելու մասին, լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումները, քանի որ վերջիններս իրենց բնույթով դասվում են եզրափակիչ դատական ակտերի թվին: 

  1. Սահմանել դատական վարույթի դռնբաց կամ դռնփակ կարգով անցկացման հնարավորությունը.

գործող կարգավորման համաձայն՝ դատարանը գործը դռնփակ պայմաններում կարող է քննել միայն դատական նիստի միջոցով, մինչդեռ գրավոր ընթացակարգի կիրառմամբ քննվող քաղաքացիական գործերը դռնփակ կարգով քննելու վերաբերյալ կարգավորումներ Օրենսգիրքը չի պարունակում: Նախագծով առաջարկվել է սահմանել, որ դատարանը կարող է իրականացնել գործի քննությունը դռնփակ ռեժիմով նաև գործի քննության գրավոր ընթացակարգի դեպքում:  

  1. Վերանայել հատուկ կարծիքի տրամադրման կարգը.

գործող կարգավորման համաձայն՝ հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ մեկտեղ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուկ կարծիքը տրամադրվում է դատական ակտի վերաբերյալ և մինչև դատական ակտի հրապարակումը հատուկ կարծիք ներկայացնող դատավորը ամբողջապես ծանթոթ չի լինում դատական ակտի բովանդակությունը, որի վերաբերյալ պետք է տրամադրի հատուկ կարծիք, Նախագծով առաջարկվել է սահմանել, որ Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հրապարակումից հետո յոթօրյա ժամկետում:

  1. Նախատեսել գործը վարչական դատարանին վերահասցեագրելու հնարավորություն.

Գործող կարգավորման պայմաններում առաջին ատյանի դատարանը չունի գործիքակազմ գործը վարչական դատարանի քննությանը հանձնելու համար, եթե գործի քննության ընթացքում պարզվում է, որ վեճի ենթակայությունը սխալ է որոշվել: Նշված դեպքերում դատարանը կարճում է քաղաքացիական գործի վարույթը, այն պայմաններում, երբ վարչական դատարանը նշված հանգամանքի մասին իմանալով գործը վերահասցեագրում է առաջին ատյանի դատարան: Նախագծով առաջարկվել է նման իրավասություն վերապահել նաև առաջին ատյանի դատարանին՝ դրանով համապատասխանեցնելով Քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերով սահանված կարգավորումները: 

  1. Վերանայել, որոշ դեպքերում նախատաեսել նոր կարգավորումներ գործին մասնակցող անձանց իրավունքների լիարժեք իրացման համար, մասնավորապես՝

5.1. սահմանվել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձանց վարույթի մեջ ներգրավելու հիմքերը, նրանց կողմից ներկայացված հայցադիմումի ընդունման, վերադարձման հիմքերը,

5.2. սահմանվել է, որ դատարանի կողմից ծանուցված անձը, ում իրավունքների և պարտականությունների վրա կարող է անխուսափելիորեն ազդել դատական ակտը, կարող է մինչև գործին մասնակցող անձ ներգրավվելը ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ: Ներկա կարգավորման պայմաններում անձը դատարանի կողմից ծանուցվելով քննվող գործի վերաբերյալ, որով հետագայում կայացվելիք դատական ակտը կարող է շոշափել իր իրավունքները և պարտականությունները, չունի հնարավորություն ծանոթանալու գործի նյութերին՝ հասկանոլու համար, թե կան արդյոք գործի քննությանը ներգրավելու հիմքեր: Առաջարկվող կարգավորմամբ նրան տրվում է այդ հնարավորությունը:

5.3. Սահմանել «դիմումի քնության ելքով շահագրգռված անձ» տերմինի հասկացությունը և գործին նրա ներգրավման կարգը, քանի որ գործող Օրենսգրքով նշված հարցերը կարգավորված չեն:

  1. Վերանայել դատական ծանուցումների իրականացման հետ կապված մի շարք կարգավորումներ.

6.1. Նախագծով սահմանվել է, որ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում դատարանի հայեցողությամբ ծանուցվում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը:

6.2 Նախագծով լրացուցիչ կարգավորումներ են նախատեսվել, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով իրացնել  հեռախոսակապի միջոցով դատավարության մասնակիցների ծանուցումը: Մասնավորապես, Նախագծով սահմանվում է, որ դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին տրամադրել իր հեռախոսահամարը: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից:

  1. Վերանայել դատական ծախսերի բաշխման հետ կապված մի շարք կարգավորումներ.

7.1. Նախագծով սահմանվել է, որ գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, այդ ակտի դեմ բողոք ներկայացնելիս վճարում են պետական տուրք օրենքով ոչ դրամական պահանջներով դատական ակտերի դեմ բողոքների համար սահմանված չափով: Կարգավորման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ անկախ նրանից թե գործով ներկայացված հայցապահանջը դրամական բնույթի է, թե ոչ դրամական, գործին մասնակից չդարձած անձի կողմից բողոք ներկայացվում է այն հիմքով, որ ինքը մասնակից չի դրաձվել գործի քննությանը, որի դեպքում դատարանը գործի ըստ էության ճիշտ լուծման հարցին չի անդրադառնում:

 7.2. Նախագծով սահմանվել են հաշտության համաձայնության, հայցային վաղեմության կիրառման դեպքերում դատական ծախսերի հատուցման կարգի հետ կապված նոր կարգավորումներ: Մասնավորապես, Նախագծով սահմանվել է համապատասխան կարգավորում, որի ուժով դատարանը առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում այդ մասով առանձնացելով  գործի վարույթը և առանձնացված մասով կայացնելով հայցը մերժելու մասին վճիռ, կարող է այդ գործով դատական ծախսերին անդրադառնալ նշված գործի քննության վերսկսված մասով կայացվելիք եզրափակիչ դատական ակտով:  

  1. Բոլոր դատական ատյանների կողմից դատավարական ժամկետները երկարաձգելու հնարավորության նախատեսում.

Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է երկարաձգել դատարանի սահմանած և չավարտված, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև օրենքով սահմանված և չավարտված դատավարական ժամկետները:

Սույն դրույթի մեկնաբանությունից հետևում է, որ Օրենսգրքով դատավարական ժամկետների երկարաձգման հնարավորություն տրված է միայն  առաջին ատյանի դատարանին։ Հաշվի առնելով, որ դատավարական ժամկետները կարող են երկարաձգվել նաև վերադաս դատական ատյանների կողմից` նախագծով առաջարկում է նշված հոդվածից հանել  «Առաջին ատյանի» բառերը։

  1. Վերանայել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ կարգավորումները:

9.1. Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հայցադիմումի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելուց խուսափելու համար հայցվորը ներկայացնում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն՝ առանց պահպանելու դրա ներկայացման ձևին առաջադրվող պահանջները: Նշված իրավիճակներից խուսափելու նպատակով նախագծով հստակ սահմանվել է, որ հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները կարող են չկցվել հայցադիմումին միայն այն դեպքում, երբ հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ միջնորդություն:  

9.2. Նախագծով սահմանվել է, որ բոլոր այն դեպքում, երբ հայցի կամ ապացույցների ապահովման մասին որոշման կատարման մասին տեղեկություններ չեն ստացվում որոշման կատարումն ապահովելու օրվանից եռամսյա ժամկետում, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց եռամսյա ժամկետը լրանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

  1. Վերանայել առաջին ատյանի դատարանում հայցի հարուցման, գործի քննության նախապատրաստության, գործի դատաքննության փուլերում առկա թերի կարգավորումները, մասնավորապես՝

10.1. սահմանվել է, որ հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները անվերապահ բեկանման հիմքերով վերադաս դատարանի կողմից վերացվելու դեպքում, առաջին ատյանի դատարանը կարող է կրկին անդրադառնալ հայցադիմումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերի առկայությանը,

10.2. սահմանվել են կարգավորումներ դատական նիստում և դատական նիստից դուրս ներկայացվող միջնորդությունների ներկայացման և քննարկման կարգի վերաբերյալ,

10.3. սահմավել է, որ նոր պատասխանող ներգրավելու միջնորդության մեջ պետք է նշվեն նոր պատասխանող ներգրավելու հիմքերը և հիմնավորումները

10.4. նոր կարգավորում է նախատեսվել այն դեպքերի համար, երբ հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն: Գործող կարգավորման պայմաններում դատարանը նման միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում պարտավոր է հրավիրել դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Մինչդեռ, մեծամասամբ դեպքերում դատարանը չի հասցնում սահմանված ժամկետում հրավիրել և անցկացնել դատական նիստ, իսկ շատ դեպքերում նման միջնորդություն ներկայացրած անձը չի ներկայանում դատական նիստին:

Այս առումով դատարանին նման բեռից ազատելու նպատակով Նախագծով սահմանվել է, որ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունը ստանալու պահից տասնօրյա ժամկետում հայցվորին ուղարկում է գրավոր ծանուցում, որով պարզաբանում է հայցից հրաժարվելու իրավական հետևանքները: Ծանուցումը ստանալու պահից տասնօրյա ժամկետում միջնորդությունը պնդելու դեպքում, գործի վարույթը կարճվում է: Ծանուցումը չստանալու կամ դրան չարձագանքելու դեպքերում՝ դատարանը ծանուցման վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու ժամկետը ավարտվելու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:»:

  1. Վերանայել աշխատանքային և գնումների հետ կապված վեճերի քննության ժամկետների երկարաձգման հարցը և դրանց քննության կարգը.

Գործող կարգավորման համաձայն գնումների հետ կապված վեճերը քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, իսկ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Մինչդեռ, դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ դատարանները չեն կարողանում նշված ժամկետներում իրականացնել նշված գործերի քննություն և լուծում: Այդ պատաճով Նախագծով նշված գործերի քննության ժամկետը առաջարկվում է երկարաձգել՝  գնումների հետ կապված վեճերով գործերի քննության ժամկետը երեսուն օրվա փոխարեն սահմանելով երկու ամիս, իսկ աշխատանքային վեճերով գործերի քննությունը՝ երեք ամսվա փոխարեն վեց ամիս:

  1. Հստակեցնել արագացված դատաքննության կիրառման հիմքերը.

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝  գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցնբ ակնհայտ անհիմն է: Մինչդեռ, դատական պրակտիկայում «Հայցն ակնհայտ անհիմն է» եզրույթը մեկնաբանվում է ոչ միանշանակ: Նշված խնդիրը լուծելու և դատական պրակտիկայի միասնականությունը ապահովելու նպատակով Նախագծով սահմանվել է, որ հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (անհայտորեն ենթակա է մերժման անկախ դրա հիմքում դրված փաստերից), ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ, կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման (այսուհետ՝ ակհայտ անհիմն հայց):

  1. Նախատեսել Վերաքննության իրավունքի որոշ սահմանփակումներ՝ բեռնաթափելով վերաքննիչ դատարանին փոքր հայցապահանջներով գործերով կայացված դատական ակտերի վերանայումից:

Գործող կարգավորմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվել է 50.000 դարձնել 200.000 դրամ, քանի որ առկա կարգավորումը վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության հարցը փաստացի չի լուծում:

  1. Տեխնիկական բնույթի խնդիրներ պարունակող բողոքները Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների աշխատակազմի միջոցով վերադարձնելու կառուցակարգի ամրագրում

Քաղաքացիադատավարական գործող կարգավորումների համաձայն՝ բողոքը Օրենսգրքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում յուրաքանչյուր դեպքում ենթակա է վերադարձման դատարանի որոշմամբ։ Նկատի ունենալով, որ գործնականում բազմաթիվ են այնպիսի իրավիճակները, երբ բողոքները ետ են վերադարձվում հիմնականում տեխնիկական բնույթի խնդիրների պատճառով (որպես օրինակ՝ բացակայում է հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ բողոքի էլեկտրոնային կրիչը և այլն)՝ առաջարկում ենք վերադաս դատարաններին ևս առաջին ատյանի դատարանի օրինակով վերապահել տեխնիկական բնույթի խնդիրներ պարունակող բողոքները դատարանի աշխատակազմի միջոցով վերադարձնելու հնարավորություն։

  1. Վերաքննիչ դատարանի որոշումը գործին մասնակից չդարձած անձի կողմից բողոքարկելու հնարավորության ընդլայնում.

Օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա հարուցված վերաքննիչ վարույթը կարճելու կամ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումների, ինչպես նաև սույն օրենսգրքի 383-րդ և 384-րդ հոդվածներով նախատեսված հարցերով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների դեմ:

Օրենսգրքով կարգավորված չէ վերաքննության փուլում գործին մասնակից չդարձած անձի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունը։ Մասնավորապես՝ հնարավոր են դեպքեր, որ հենց Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվեն գործին մասնակից չդարձած անձի կամ անձանց իրավունքները։

Առաջարկվող կարգավորմամբ Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շարքը լրացվել  է դատավարության մասնակից չդարձված անձանցով, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Անհրաժեշտ է ընդգծել, որ  վերջիններս վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք են ունենալու, եթե իրենց իրավունքները և պարտականությունները շոշափվել են վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտով: Նշված դեպքում նրանք վճռաբեկ դատարանում օգտվելու են երրորդ անձի իրավունքներից և կրելու են  նրանց համար սահմանված պարտականությունները:

  1. Վերանայել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման կարգավորումը.

Առկա կարգավորումների համաձայն Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, ինչպես նաև վճռաբեկ բողոքը քննվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ի տարբերություն Վճռաբեկ բողոքի քննության՝ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծել նիստին ներկա դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, քանի որ բացակայող դատավորների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարնը երբմեն չի կարողանում ապահովել ձայների մեծամասնություն բողոքի ընդունման հարցը ժամանակին լուծելու համար:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն լրացուցիչ նախադրյալներ քաղաքացիական դատավարությունում մրցակցության, դատավարական խնայողության և գործի՝ ողջամիտ ժամկետում քննության սկզբունքների իրացման, ինչպես նաև գործերի քննության արդյունավետությունը և քաղաքացիական դատավարության կանխատեսելիությունը երաշխավորման համար:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում չի առաջանում ծախսերի ավելացման անհրաժեշտություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծերի ընդունումը բխում է 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ Կառվարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից (Հավելված 1-ով հաստատված «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» վերնագրված ռազմավարական նպատակի շրջանակներում), ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից։ Մասնավորապես, նշված որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարության թիվ 6-րդ նպատակի («Դատավարական օրենսդրության վերանայում՝ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման և դատավարություններում էլեկտրոնային գործիքների ամբողջական ներդրման համար») միջոցառումների թվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերանայմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումը։

 

 

[1] Տե՛ս Աջակցություն դատական բարեփոխումներին «Հայաստանում դատական իշխանության անկախության և պրոֆեսիոնալիզմի բարձրացում» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի որոշ դրույթների՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության մասին» պատրաստված կարծիքը:

  • Обсуждалось

    18.04.2023 - 03.05.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Гражданский процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3875

Принт

Предложения

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

03.05.2023

Նախագծի 60-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 372-րդ հոդվածում՝ 2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ»: Գործող կարգավորումների համեմատ գույքային պահանջներով վերաքննիչ բողոք ներկայացնելու շեմի քառապատիկ ավելացումը հիմնավորված չէ։ Հասկանալի չէ, թե փոփոխությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացվող բողոքների քանի տոկոսի վրա է տարածվելու և ինչքանով է ծառայելու հռչակված նպատակին, հաշվի առնելով, որ Նախագծի հիմնավորումներում որպես սույն փոփոխության նպատակ նշված է․ «Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվել է 50.000 դարձնել 200.000 դրամ, քանի որ առկա կարգավորումը վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության հարցը փաստացի չի լուծում»: Կատարվող փոփոխությունների նպատակը հաշվի առնելով և դրանց համատեքստում (քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների լուծումը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացումը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացումը) առաջարկում ենք նաև վերանայել Աշխատանքային վեճերին վերաբերող հատուկ ընթացակարգերը․ Այսպես՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային վեճը աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի և գործատուի միջև տարաձայնությունն է, որն առաջանում է կամ առաջացել է աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման ժամանակ: Միևնույն ժամանակ ՔԴՕ 210-րդ հոդվածը առավել նեղ է սահմանում աշխատանքային վեճ հասկացությունը՝ սահմանելով, որ Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ)։ Ինչը աշխատանքային իրավունքների խախտման ոչ բոլոր դեպքերում է հնարավորություն ունենում դիմել և ստանալ հատուկ ընթացակարգերով դատական պաշտպանություն, և չի համապատասխանում նյութաիրավական նորմեր սահմանող՝ Աշխատանքային օրենսգրքի 263-րդ հոդվածի դրույթներին։ Ուստի առաջարկում ենք Քաղաքացիական դատավարության օրենսգրքի աշխատանքային վեճի հասկացությունը սահմանող դրույթը ընդլայնել՝ համապատասխանեցնելով Աշխատանքային օրենսգրքի դրույթներին։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

03.05.2023

Նախագծի Հոդված 43-ով նախատեսվում է Օրենսգրքի 180-րդ հոդվածով կատարել հետևյալ փոփոխությունը․ ․․․3) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, բացառությամբ այն գործերի, որոնցում սկզբնական հայցի հետ համատեղ քննվում է նաև հակընդդեմ հայց»: Կարծում ենք, որ նշանակված երկու իրար հաջորդող դատական նիստերին չմասնակցելը և դատական նիստը հետաձգելու կամ այն հայցվոր կողմի բացակայությամբ անցկացնելու միջնորդություն չներկայացնելը չեն կարող մեկնաբանվել ի վնաս հայցվորի այն դեպքերում, երբ Հայցվորը կամ վերջինիս ներկայացուցիչը թեև չեն ներկայացել դատական նիստին, սակայն ներկայացրել են դիրքորոշում, ապացույցներ կամ այլ դատավարական փաստաթղթեր՝ ցույց տալով իրենց հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը գործի ելքով։ Օրենսդրի նման ֆորմալիստական մոտեցումը խոչընդոտում է անձանց՝ արդար դատաքննության և հենց արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու իրավունքները: Նորմի գործող խմբագրությամբ տարբերակի կիրառման մասով դատական պրակտիկան միատեսակ չէ, մասնավորապես՝ մի շարք դատական գործերով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը մեկնաբանել են տարբեր կերպ, և ըստ այդմ՝ կայացրել են միմյանց հակասող դատական ակտեր։ Հատկանշական է, որ նույն դատարանը նույնիսկ նույն դատական կազմով /ՀՀ վերաքննիչ դատարանը/ այս խումբ գործերով կարող է տրամադրել իրարամերժ մեկնաբանություններ և մի դեպքում գտնել, որ հայցն առանց քննության թողնելը եղել է անհիմն, քանի որ Հայցվոր կողմը գործով թեև չի ներկայացել նիստին, այնուամենայնիվ ցուցաբերել է շահագրգռվածություն, մյուս դեպքում՝ նշել, որ վկայակոչվող նորմում վկայակոչված պայմանները սպառիչ են և տարածական մեկնաբանության ենթակա չեն (տե՛ս, օրինակ թիվ ԵԴ/14978/02/19, ՍԴ1/0240/02/20, ԵԴ/27288/02/18, ԵԴ/1977/02/19, ԵԴ/17757/02/19 քաղաքացիական գործերով Դատարանի՝ հայցն առանց քննության թողնելու մասին որոշումները, և որոշման դեմ բերված բողոքի առնչությամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները)։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից բխում է, որ նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի` առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքում անձը զրկված չէ կրկին դատարան դիմելու հնարավորությունից, այս առումով հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը չի բացառում հետագայում հայցվորի կողմից կրկին նույն առարկային մասին նույն փաստական հիմքերով նույն անձանց դեմ հայցադիմում ներկայացնել։ Հետևաբար այն բոլոր դեպքերում, երբ հայցվորի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ վերջինս շահագրգռված է գործի ելքով, սակայն չի ներկայանում հերթական երկու նիստերին և այդ հիմքով դատարանը հայցը թողնում է առանց քննության, ապա հայցվորը միևնույն է հնարավորություն է ունենալու նույն հայցը կրկին ներկայացնելու, ինչը լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանի գործունեությունը։ Ուստի՝ կարծում ենք, որ դատարանը անգամ նման կարգավորման առկայության դեպքում պետք է առնվազն հնարավորություն ունենա յուրաքանչյուր գործի շրջանակներում գնահատել հայցվորի շահագրգռվածությունը։ Մյուս կողմից՝ պրակտիկայի տեսանկյունից, օրինակ՝ անձի պատվի և արժանապատվության արատավորման հետ կապված գործերով վնասի հատուցում ստանալու հայցով դատարան դիմելու վաղեմության ժամկետը մեկ ամիս է, մյուս կողմից՝ ներպետական դատարանների կողմից այժմ չկա հստակ ձևավորված պրակտիկա հայցն առանց քննության թողնվելու դեպքում կրկին հայց ներկայացնելիս վաղեմության ժամկետի հոսքի վերաբերյալ (տե՛ս, օրինակ, ԵԴ/5520/02/20 քաղաքացիական գործը, որով Դատարանը գտել է, որ հայցն առանց քննության թողնվելուց հետո անձը բաց է թողել կրկին հայց ներկայացնելու համար նախատեսված 1 տարվա ժամկետը, դատական ակտը բողոքարկվել է վերաքննության, այնուհետև վճռաբեկության կարգով)։ Նման պայմաններում, հայցն առանց քննության թողնվելու դեպքում անձը ընդհանրապես զրկվում է իր հիմնարար՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության որևէ միջոցից, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածին։ Ուստի առաջարկում ենք հոդվածի նշված դրույթը վերանայել վերոգրյալի համատեքստում՝ առնվազն հնարավորություն տալով Դատարանին՝ յուրաքանչյուր գործով գնահատելու Հայցվորի գործողությունները և վերջինիս շահագրգռվածությունը գործով՝ ըստ այդմ կայացնելով որոշում։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

03.05.2023

Նախագծի հոդված 3-ով նախատեսվում է Օրենսգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.2-րդ մասով. «3.2. Դատարանը գործը հանձնում է վարչական դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում»: Անհրաժեշտ է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում ևս վերահասցեագրման հնարավորությունը նախատեսել այն դեպքերի համար, երբ ակնհայտ է, որ վեճը ունի հանրային բնույթ/ սահմանելով նաև նման որոշումների կայացման համար հստակ ժամկետ։ Միևնույն ժամանակ Վարչական դատարվարության օրենսգրքում՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համանմանությամբ սահմանել Ընդդատության և ենթակայության մասին վեճերով Վճռաբեկ դատարանին դիմելու ընթացակարգ։ Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 2. Գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում դատարանի հայեցողությամբ ծանուցվում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Առաջարկում ենք կարգավորումը վերացնել, կամ փոփոխել հետևյալ կերպ, ծանուցվում է գործին մասնակցող անձի ներկայացուցիչը, իսկ գործին մասնակցող անձը՝ Դատարանի հայեցողությամբ։ Հակառակ դեպքում պրակտիկայում կստացվի իրավիճակ, երբ դատարանը որոշի իր հայեցողությամբ ծանուցել գործին մասնակցող անձին և ոչ թե ներկայացուցչին՝ նման դիմումի կամ լիազորագրում նշման պայմաններում, և հաշվարկի դատավարական ժամկետներ գործին մասնակցող անձի կողմից դատավարական փաստաթուղթը ստանալու պահից սկսած, ինչի արդյունքում կողմը հետագայում կրի վնաս։ Նախագծի հոդված 14-ով նախատեսվում է Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին տրամադրել իր հեռախոսահամարը: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա բովանդակության մասին ձայնագրություն»: Առաջարկում ենք հստակեցնել նախատեսվող փոփոխությունը՝ Դատական ծանուցագիրը հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքը միջնորդել/ խնդրել է իրեն ծանուցել նշված հեռախոսահամարով։ Հակառակ դեպքում, եթե օրինակ կազմակերպության տարբերանշանը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը ունեցող ձևաթղթի վրա տպվել է դատավարական փաստաթուղթը, նշվածը կարող է մեխանիկորեն հիմք հանդիսանալ անձին ծանուցելու և ծանուցումը պատշաճ համարելու համար։

Узнать больше