Добавить в избранное

Находится в правительстве РА

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Արբիտրաժը վեճերի այլընտրանքային լուծման բավական լայն կիրառություն ունեցող գործիք է ամբողջ աշխարհում: Հայաստանում, ինչպես և մի շարք այլ երկրներում, արբիտրաժային տրիբունալի կողմից քննարկման ենթակա են հիմնականում առևտրային բնույթի վեճերը:

Այս առումով Հայաստանում արբիտրաժային ինստիտուտի շարունակական զարգացումը կարևոր է թե՛ օտարերկրյա ներդրումների հոսքի մեծացման, և թե՛ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տեսնակյունից:

Այս համատեքստում 2015 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է այն վեճերի շրջանակը, որոնք ենթակա են լուծման արբիտրաժի կողմից, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արբիտրաժային մշակույթի խթանումը պահանջում է նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերը արբիտրաժային ընթացակարգերով լուծման հանձնելու օրենսդրական կարգավորումների հստակեցում[1]:

Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ Հայաստանում վեճերի լուծումն արբիտրաժային դատարանին վերապահելը ներկայումս էլ բավականաչափ տարածված երևույթ չէ։ Ուստի, կարիք է առաջացել վերանայելու օրենսդրական կարգավորումները՝ գործող օրենսդրության շրջանակներում առկա որոշակի անորոշությունները հստակեցնելու, Հայաստանում արբիտրաժի ինստիտուտն առավել տարածված դարձնելու և զարգացնելու, արբիտրների նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու և, հետևաբար, նաև դատարանների ծանրաբեռնվածությունը որոշ չափով նվազեցնելու համար։

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու հետևյալ ուղղություններով. 

  • «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում.

1.1.1. Արբիտրների շահերի բախման բացահայտման ոչ բավարար գործիքները և չափանիշները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել՝ հատկապես հանրության կողմից արբիտրաժային ինստիտուտի նկատմամբ վստահության տեսանկյունից:

Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն.

«1. Որպես արբիտր հնարավոր նշանակման մասին առաջարկ ստացած անձը պարտավոր է հայտնել ցանկացած այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են հիմնավոր կասկած առաջացնել նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ: Արբիտրը իր նշանակման պահից և արբիտրաժի ամբողջ ընթացքում՝ մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից վերջնական վճռի կայացումը կամ արբիտրաժային վարույթի որևէ այլ ձևով ավարտը, պարտավոր է կողմերին անհապաղ հայտնել ցանկացած այդպիսի հանգամանքների մասին, եթե նա ավելի վաղ չի հայտնել վերջիններիս դրանց մասին»[2]։

Վերոնշյալ կարգավորումը բխում է ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի «Միջազգային առևտրային արբիտրաժի մասին» մոդելային կարգավորումներից (այսուհետ՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի կարգավորումներ)[3]։

Այս կապակցությամբ, անդրադառնալով միջազգային փորձին՝ հարկ է նշել, որ տարբեր երկրների, օրինակ, Նիդերլանդների[4], Ուկրաինայի[5], Ռուսաստանի Դաշնության[6], Բելգիայի[7], Գերմանիայի[8], Կանադայի[9], Ճապոնիայի[10] և այլն, արբիտրաժային ոլորտը կարգավորող օրենսդրությունը սահմանում է արբիտրին բացարկի հիմքերի միևնույն կարգավորումը ինչ սահմանված է ՀՀ ներպետական իրավական կարգավորումներով։ Այսինքն՝ այս երկրները նույնպես որդեգրել են ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի կարգավորումներով սահմանված դրույթը։ Սակայն առկա են նաև երկներ, որոնք որոշակի հիմքեր են սահմանում արբիտրին բացարկ հայտնելու համար[11]։ Օրինակ՝

Իսպանիայի օրենսդրությունը[12] նույնպես որդեգրել է վերոնշյալ երկրների մոտեցումը՝ ավելացնելով, որ արբիտրաժային վարույթի ընթացքում արբիտրը պետք է լինի անկախ և անկողմնակալ։ Ոչ մի դեպքում արբիտրը չի կարող կողմերից որևէ մեկի հետ լինել անձնական, մասնագիտական կամ առևտրային հարաբերություններում։

Շվեդիայում[13] կողմերը կարող են բացարկ հայտնել արբիտրին, եթե առկա է որևէ հանգամանք, որը կարող է նվազեցնել վստահությունը արբիտրի անաչառության նկատմամբ: Նման հանգամանքներից են.

  1. եթե արբիտրը կամ նրա հետ սերտորեն կապված անձը հանդիսանում է արբիտրաժային վարույթի կողմ կամ որևէ այլ կերպ կարող է օգուտ կամ վնաս ստանալ վեճի լուծման արդյունքում,
  2. երբ արբիտրը կամ նրա հետ սերտորեն կապված անձը արբիտրաժային վարույթի կողմ հանդիսացող ընկերության կամ ցանկացած այլ ասոցիացիայի տնօրենն է կամ որևէ այլ կերպ ներկայացնում է կողմերից մեկին կամ որևէ այլ անձի, որը կարող է օգուտ կամ վնաս ստանալ վեճի լուծման արդյունքում,
  3. երբ արբիտրը տվյալ վեճում եղել է որպես փորձագետ կամ ունեցել է այլ մասնակցություն կամ աջակցել է կողմերից մեկին վեճի առարկա հանդիսացող գործի նախապտրաստական աշխատաքների կամ հենց գործի ընթացքում,
  4. եթե արբիտրը ստացել է կամ փոխհատուցում է պահանջել օրենքով սահմանված կարգի խախտմամբ։

Իտալիայում[14] արբիտրին կարող է բացարկ հայտնվել միևնույն հիմքերով, ինչ դատավորին։ Այսպես, արբիտրին կարող է բացարկ հայտնվել, եթե

  1. նա շահագրգռված է գործով կամ նույնատիպ իրավունքի հարցով որևէ այլ վեճում,
  2. նա կամ նրա ամուսինը կողմի մինչև չորրորդ աստիճանի ազգականն է կամ կողմին փոխկապակցված անձ է կամ հանդիսանում է կողմերից մեկի կամ պաշտպաններից որևէ մեկի հետ համատեղ բնակվող անձ.
  3. նա կամ նրա ամուսինը լուրջ թշնամական կամ վարկային կամ պարտքային հարաբերություններ ունի կողմերից մեկի կամ նրա խորհրդատուներից որևէ մեկի հետ,
  4. նա այդ գործով խորհրդատու է եղել կամ հովանավորել է գործը կամ ցուցմունք է տվել այդ գործի շրջանակներում որպես վկա կամ ծանոթ է գործին՝ նախկինում այդ գործով դատավոր կամ արբիտր լինելու հիմքով կամ տվյալ գործով եղել է տեխնիկական խորհրդատու,
  5. կողմերից մեկի խնամակալն է կամ հոգաբարձուն կամ փաստաբանը կամ լիազորված անձը կամ գործատուն կամ եթե նա՝ գործով շահագրգռված կազմակերպության, ասոցիացիայի, ընկերության տնօրենը կամ կառավարիչն է։

Կամ այլ դեպքերում, երբ ողջամիտ պատճառներ կան արբիտրին անվստահություն հայտնելու։

Չինաստանում[15] արբիտրին կարող է բացարկ հայտնվել, եթե արբիտրը

  1. հանդիսանում է գործի կողմ կամ կողմի կամ նրա ներկայացուցչի մերձավոր ազգականն է,
  2. անձնական շահագրգռվածություն ունի տվյալ գործով,
  3. տվյալ գործով այլ հարաբերություններ ունի կողմի կամ նրա ներկայացուցչի, որը կարող է ազդել արբիտրաժի անկողմնակալության վրա,
  4. մասնավոր հանդիպում է ունեցել կողմի կամ նրա ներկայացուցչի հետ կամ ընդունել է ժամանցի հրավեր կամ նվեր կողմի կամ նրա ներկայացուցչի կողմից։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ստացվում է, որ Օրենքով սահմանված չեն անգամ այն նվազագույն դեպքերը, որոնց պարագայում արբիտրին կարող է բացարկ հայտնվել, և յուրաքանչյուր արբիտրաժային հաստատություն պետք է ունենա արբիտրների վարքագծի իր կանոնները:

Սակայն հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդամենը մի քանի արբիտրաժային հաստատություններ, իսկ գործող արբիտրների թիվն այդքան էլ մեծ չէ՝ հավանականությունը, որ գործը քննող արբիտրի կամ իր հետ փոխկապակցված անձանց և արբիտրաժային վարույթի մասնակիցների միջև կարող է առաջանալ շահերի բախում, բավական մեծ է:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ նպատակահարմար է Օրենքով սահմանել այն ոչ սպառիչ նվազագույն հիմքերը, որոնց դեպքում արբիտրին պետք է բացարկ հայտնվի: Արդյունքում, ավելի հստակ կլինեն արբիտրների բացարկման որոշ հիմքեր. դրանք առավել արդյունավետ կպաշտպանեն արբիտրաժային վարույթի կողմերի միջև հավասարությունը, արբիտրաժի անաչառությունը և կբարձրացնեն արբիտրաժային ինստիտուտի նկատմամբ հասարակության վստահությունը՝ միաժամանակ չսահմանափակելով արբիտրաժային հաստատությունների կողմից բացարկի այլ հիմքեր սահմանելու հնարավորությունը:

 

1.1.2. Օրենքի կարգավորումներից պարզ չէ, թե արբիտրաժային տրիբունալի իրավասության մասին տրիբունալի որոշումը վիճարկվելու դեպքում ո՞ր դատարանը պետք է որոշում կայացնի, ինչը գործնականում կարող է խոչընդոտներ առաջացնել արբիտրաժային վարույթի արագ և անխափան իրականացմանը:

Այսպես, Օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է արբիտրաժին աջակցող և վերահսկող դատարանները: Միևնույն ժամանակ, Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարության վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը կարող է կայացնել որոշում` կամ որպես նախնական բնույթ ունեցող հարցի վերաբերյալ, կամ անդրադառնալ դրան վեճն ըստ էության լուծող որոշման մեջ: Եթե արբիտրաժային տրիբունալը իր իրավասության վերաբերյալ, որպես նախնական բնույթ ունեցող հարցի, կայացնում է որոշում, ապա կողմերից յուրաքանչյուրն այդ որոշման մասին տեղեկացում ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան` տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու հայցով, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ: Մինչև դատարանի կողմից այդ հարցի լուծումը արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել արբիտրաժային վարույթը և վճիռ կայացնել»:

Այսինքն՝ 16-րդ հոդվածը հղում է կատարում 6-րդ հոդվածին, որը, սակայն, նախատեսելով երկու տարբեր դատարաններ՝ Երևան քաղաքի դատարանը և արբիտրաժի գտնվելու վայրի դատարանը, ըստ էության, չի կարգավորում թե արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման դեպքում, որ դատարանն է որոշում կայացնում:

Ստացվում է, որ Օրենքը չի սահմանում, թե արբիտրաժային տրիբունալի իրավասության վերաբերյալ կայացրած որոշումը վիճարկելու համար կողմերը ո՞ր դատարան պետք է դիմեն՝ արբիտրաժի գտնվելու վայրի դատարան, թե՞ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Ուստի, անհրաժեշտ է լրացնել վերոնշյալ օրենսդրական բացը՝ որոշակիացնելով, որ արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման վերաբերյալ գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Իր հերթին, նման մոտեցումը առավել նպատակահարմար է թվում, հաշվի առնելով այն, որ Հայաստանում գործող արբիտրաժային կենտրոնները հիմնականում տեղակայված են Երևան քաղաքում, ինչպես նաև այն, որ արբիտրաժի իրավասության առկայության կամ բացակայության հարցը իր բնույթով ավելի համապատասխանում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված դատարանի (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան)  իրավասության սահմաններում քննվող հարցերին:

Միևնույն ժամանակ, Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.

«Արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում նախնական կարգադրության դեմ ներկայացված ցանկացած առարկության վերաբերյալ ոչ ուշ, քան այդ առարկությունները ներկայացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, որոշելով բավարարել հայցի ապահովման միջոցը չվնասելու վերաբերյալ միջնորդությունը կամ մերժելով ներկայացված միջնորդությունը»:

Նշված կարգավորումից պարզ չէ, թե ի՞նչ է նշանակում «բավարարել հայցի ապահովման միջոցը չվնասելու վերաբերյալ միջնորդությունը»: Միևնույն ժամանակ հարկ է նաև նշել, որ նման կարգավորում առկա չէ նաև ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի կարգավորումներ:

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասի «հայցի ապահովման միջոցը չվնասելու վերաբերյալ» բառերը փոխարինել «հայցի ապահովման միջոցի վերաբերյալ» բառերով:

 

     1.1.3. Օրենքը սահմանում է, որ եթե կողմերի միջև կնքված պայմանագիրն առոչինչ է, ապա դա չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերությանը, սակայն «առոչինչ» եզրույթի օգտագործման արդյունքում, Օրենքով չի կարգավորվում այն դեպքը, երբ կողմերի միջև կնքված պայմանագիրը վիճահարույց է և ոչ թե առոչինչ:

     Այսպես, Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագրի առոչինչ լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը ինքնին կամ օրենքի ուժով չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավե­րության: Իսկ Քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Այսինքն՝ Օրենքի վերոնշյալ դրույթն անդրադառ­նում է անվավեր գործարքների երկու տեսակներից միայն մեկին՝ առոչնչությանը, մինչդեռ այն պետք է վերաբերեր գործարքի անվավերությանն առհասարակ: Ուստի ստացվում է, որ պարզ չէ, թե արդյո՞ք պայմանագրի վիճահարույց լինելը հանգեցնում է արբիտրաժային վերապահման վիճահարույց լինելուն, թե՞ ոչ:

Հետևաբար, անհրաժեշտ է Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «առոչինչ» բառը փոխարինել «անվավեր» բառով, քանի որ «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքից բխում է, որ պայմանագրի՝ թե՛ առոչինչ և թե՛ վիճահարույց լինելու դեպքում արբիտրաժային վերապահման վերաբերյալ դրույթն անվավեր չէ։

Միևնույն ժամանակ, Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.

«Դատարանը, որին ներկայացվել է վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը, կարող է կողմերից մեկի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ որոշակի ժամանակով դադարեցնել այդ հարցի քննությունը, որպեսզի հնարավորություն ընձեռի արբիտրաժային տրիբունալին վերսկսելու արբիտրաժային վարույթը կամ ձեռնարկելու այլ միջոցներ, որոնք արբիտրաժային տրիբունալի կարծիքով կարող են վերացնել արբիտրաժային տրիբունալի վճռի բեկանման հիմքերը»:

Սակայն թե՛ Օրենքի և թե՛ Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ արբիտրաժի վճիռը ոչ թե բեկանվում է, այլ չեղյալ է ճանաչվում: Ուստի անհրաժեշտ է Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում «բեկանել» բառը «չեղյալ ճանաչել» բառերով փոխարինել:

1.1.4. Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.

«1. Եթե արբիտրաժի ընթացքում կողմերը հաշտությամբ լուծում են վեճը, ապա արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է գործի քննությունը և կողմերի խնդրանքով արբիտրաժային տրիբունալի կողմից առարկությունների բացակայության դեպքում համաձայնեցված պայմաններով կայացնում է վճիռ` հաշտության համաձայնության մասին:

  1. Համաձայնեցված պայմանների շուրջ կայացված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռը պետք է կայացվի սույն օրենքի 31-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ և պետք է պարունակի նշում այն մասին, որ այն հանդիսանում է արբիտրաժային տրիբունալի վճիռ: Այդպիսի վճիռն ունի նույն կարգավիճակը և ուժը, ինչպես արբիտրաժային տրիբունալի կողմից ըստ գործի էության կայացվող ցանկացած այլ վճիռ»: Չնայած նրան, որ հոդվածում նշված է, որ արբիտրաժային տրիբունալը կողմերի միջև կայացված հաշտության համաձայնության հիման վրա վճիռ է կայացնում, եթե չունի առարկություններ, գտնում ենք, որ պետք է հստակեցնել, որ արբիտրաժային տրիբունալը ոչ թե միայն իրավունք ունի այլ պետք է մերժել վճիռ կայացնել հաշտության համաձայնության հիմքով, եթե գտնում է, որ կայացված համաձայնության գտնում է, որ հաշտության համաձայնությունը կայացվել է արբիտրաժի իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցի վերաբերյալ, կամ այն հակաօրինական է, կամ հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:

Նման կարգավորումը գործնականում կնվազեցնի ՝ Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով արբիտրաժային վճռի հարկադիր կատարման մասին դատարանի կողմից դիմումի մերժման դեպքերը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է Օրենքի 30-րդ հոդվածում կատարել լրացումներ՝ սահմանելով, որ արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել հաշտության համաձայնության հիմքով վճիռ կայացնելը, եթե գտնում է, որ հաշտության համաձայնությունը կայացվել է արբիտրաժի իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցի վերաբերյալ, կամ այն հակաօրինական է, կամ հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:

 

  • Քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք).

                 1.2.1. Օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանը կասեցնում է վճիռը հարկադիր կատարելու համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը:

Գործնականում լինում են դեպքեր, երբ պարտված կողմը չարաշահում է վերոգրյալ դրույթը և արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու արդյունքում անհիմն հետաձգում է արբիտրաժի վճռի կատարումը՝ խաթարելով գործի վերջնական լուծման արագ գործընթացը և խոչընդոտելով հնարավորինս սեղմ ժամկետներում կատարողական թերթ ստանալու և արբիտրաժային եղանակով իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու՝ անձի իրավունքի իրացմանը։

Միևնույն ժամանակ, լինում են նաև դեպքեր, երբ արբիտրաժային վարույթի կողմը դիմում է դատարան՝ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, իսկ մյուս կողմը տվյալ գործի քննության ավարտին արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում է ներկայացնում դատարան՝ այս պարագայում ևս անտեղի երկարաձգելով և խոչընդոտելով արբիտրաժային գործի վերջնական լուծման գործընթացը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է Օրենսգրքում փոփոխություններ կատարել և սահմանել, որ եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա այդ վեճերը պետք է քննվեն միևնույն վարույթի շրջանակներում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը քննող դատավորի կողմից՝ սահմանելով դիմումը քննելու ժամկետները, և հակառակը, եթե արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը քննելիս դատարանում առկա է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում, ապա այդ վեճերը պետք է քննվեն միևնույն վարույթի շրջանակներում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել նաև  Օրենսգրքի 320-րդ և 325-րդ հոդվածներում:

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջանում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննման ժամկետը սահմանել 15 օր ներկայիս 1 ամսվա փոխարեն, ինչի արդյունքում ոչ միայն կբացառվի իրավունքների չարաշահումը և մինչև երկու ամիս գործի քննության ժամկետի ձգձգումը, այլև կապահովվի արբիտրաժային ողջ գործընթացն առավել արդյունավետ, արագ և գրավիչ դարձնելը:

 

1.2.2. Օրենսգրքի «Օտարերկրյա արբիտրաժի վճիռների ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը» վերտառությամբ 47-րդ գլխի 326-րդ հոդվածը սահմանում է.

«Օտարերկրյա պետությունների տարածքում կայացրած արբիտրաժների և միջազգային առևտրային արբիտրաժների վճիռների (օտարերկրյա արբիտրաժային վճիռներ) ճանաչումն ու կատարումն իրականացնում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարանը նույն օրենքով նախատեսված դեպքերում»:

Իսկ նույն գլխի 330-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն վճիռը կայացրած օտարերկրյա արբիտրաժային դատարանի կամ միջազգային առևտրային արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը:

Վերոնշյալ նորմերում «միջազգային առևտրային արբիտրաժ» եզրույթը կարող է շփոթմունք առաջացնել այն համատեքստում, որ «միջազգային առևտրային արբիտրաժ» եզրույթն իր մեջ ներառում է նաև այն դեպքերը, երբ Հայաստանում գտնվող արբիտրաժային դատարանը որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի և օտարերկրացու միջև առաջացած վեճի վերաբերյալ: Սակայն քանի որ նման արբիրաժային որոշումները կայացվել են Հայաստանում գտնվող արբիտրաժային հաստատության կողմից, վերջիններս ենթակա չեն ճանաչման 1958 թվականի «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիայի իմաստով, որի 1-ին հոդվածի համաձայն.

 «Սույն Կոնվենցիան տարածվում է արբիտրաժային այն վճիռների ճանաչման և կատարման նկատմամբ, որոնք կայացվել են այլ պետության տարածքում, քան այն պետությունը, որտեղ պահանջվում է ճանաչել և կատարել նման որոշումները՝ այն վեճերով, որոնց կողմ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Այն կիրառվում է նաև այն արբիտրաժային որոշումների նկատմամբ, որոնք ներքին որոշումներ չեն համարվում այն պետությունում, որտեղ պահանջվում է դրանց ճանաչումը և կատարումը:»:

          Այսինքն՝ ստացվում է, որ դատարանի կողմից Օրենսգրքի 47-րդ գլխի շրջանակներում ճանաչման են ենթակա միայն օտարերկրյա արբիտրաժի կողմից կայացված որոշումները: Իսկ առկա կարգավորումներով Օրենսգրքի 47-րդ գլխի շրջանակներում դատարանի կողմից ճանաչման են ենթակա նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի և օտարերկրացու միջև առաջացած վեճի վեաբերյալ Հայաստանում գտնվող արբիտրաժային հաստատության կողմից կայացված որոշումները, քանի որ նման դեպքերը ընդգրկվում են «միջազգային առևտրային արբիտրաժ» եզրույթի մեջ:

          Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է վերոնշյալ հոդվածներում իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ հանելով «միջազգային առևտրային արբիտրաժ» եզրույթը:

          Բացի այդ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածներով մշտապես գործող արբիտրաժի նախագահին վերապահված է որոշ փաստաթղթերի պատճենները վավերացնելու լիազորություն։ Այս առումով հարկ է նշել, որ արբիտրաժները կարող են ստեղծվել տարբեր կազմակերպաիրավական ձևերով, և այդ պայմաններում «նախագահ» եզրույթը ոչ միշտ է կիրառելի, ինչպես նաև երբեմն Քաղաքացիական դատավարության օրենսգրով արբիտրաժի նախագահին վերապահված լիազորությունները, հատկապես միջազգային արբիտրաժային հաստատությունների դեպքում, վերապահված են այլ անձանց (օրինակ՝ գլխավոր քարտուղարին)։

          Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է համապատասխան հոդվածներում փոփոխություններ կատարել՝ «մշտապես գործող արբիտրաժի նախագահի կողմից» եզրույթը փոխարինելով «մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից» եզրույթով։

1.2.3. Օրենսգրքի 332-րդ և 333-րդ հոդվածներով սահմանվում են արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումներին ներկայացվող պահանջները: Այս առումով հարկ է նշել, որ Օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումին կից պետք է ներկայացվի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին արբիտրաժի որոշման պատշաճ ձևով վավերացված պատճենը, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում:

Սակայն նկատի ունենալով, որ ի տարբերություն դատարանի, արբիտրաժային տրիբունալն ընդհանրապես հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացնում, գործնականում հմարավոր չէ 333-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին կետի պահանջը ապահովել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ իրականացնել Օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում՝ սահմանելով, որ արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումին կից պետք է ներկայացվի գործն արբիտրաժային դատարանի վարույթում գտնվելը հաստատող որևէ փաստաթուղթ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում է.

  • սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը,
  • արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայության, ինչպես նաև արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում  արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ  դիմումի առկայության դեպքերում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննել,
  • «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել որոշ եզրույթների շտկումներ և կարգավորումների հստակեցումներ՝ ապահովելով օրենսդրության պատշաճ կիրառումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է զարգացնել Հայաստանում արբիտրաժի ինստիտուտը և թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը՝  բարձրացնելով արբիտրաժի ինստիտուտի, և, մասնավորապես, արբիտրների նկատմամբ հասարակության վստահությունը, բացառելով դատարանի կողմից արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումների քննման ընթացքում կողմերի չարաշահումները և սահմանելով դատավարական հնարավորինս սեղմ ժամկետներ:

Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կարող է մեծանալ Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքը, ինչը կնպաստի Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ,  ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

          Նախագծերի ընդունումը բխում է 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ Կառվարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից (Հավելված 1-ով հաստատված «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում» վերնագրված ռազմավարական նպատակի շրջանակներում), ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից։

 

[1] http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=7601&Reading=0

[2] Տե՛ս ՀՀ ՀՕ-55-Ն օրենքը «Առևտրային արբիտրաժի մասին» 29.04.2022 թ.-ի դրությամբ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=119018։

[3]Տե՛ս Article 12, UNCITRAL Model Law on International Commercial Arbitration 1985 With amendments as adopted in 2006, 29.04.2022 թ.-ի դրությամբ՝ https://uncitral.un.org/sites/uncitral.un.org/files/media-documents/uncitral/en/19-09955_e_ebook.pdf։

[4]Տե՛ս Article 1033 of Code of civil procedure of Netherlands 29.04.2022 թ.-ի դրությամբ՝ https://www.jus.uio.no/lm/netherlands.arbitration.act.1986/1020.html։

[5]Տե՛ս  Article 12 of Law of Ukraine of international commercial arbitration,29.04.2022թ.-ի դրությամբ՝ https://icac.org.ua/wp-content/uploads/Law-of-Ukraine-On-International-Commercial-Arbitration-2.pdf։

[6]Տե՛սCтатья 12Федеральный закон от 29.12.2015 N 382-ФЗ (ред. от 27.12.2018) "Об арбитраже (третейском разбирательстве) в Российской Федерации" 29.04.2022թ.-ի դրությամբ՝ http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_191301/f5bd941396b370c98509b75bca13b358adc602a0/ :

[7]Տե՛ս Article 1686 du Code judiciaire de Belgique, 1967-10-10/06, 29.04.2022 թ.-ի դրությամբ` https://www.ejustice.just.fgov.be/cgi_loi/change_lg_2.pl?language=fr&nm=1967101057&la=F:

[8]Տե՛ս Article 1036 ofCode of civil procedure of Germany, 29.04.2022 թ.-ի դրությամբ`https://sccinstitute.com/media/29988/german-arbitration-act.pdf:

[9] Տե՛ս Article 12 du manuel relatif au règlement des conflits, 19.01.2022 թ.-ի դրությամբ`  https://www.justice.gc.ca/fra/pr-rp/sjc-csj/sprd-dprs/res/mrrc-drrg/06.html։

[10]Տե՛ս Article 18 of Arbitration act of Japan 29.04.2022 թ.-ի դրությամբ՝ http://www.japaneselawtranslation.go.jp/law/detail/?id=2784&vm=2&re=02։

[11]Հարկ է նշել, որ նշված երկրներից միայնԻսպանիան է միացել ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի՝ միջազգային առևտրային արբիտրաժի վերաբերյալ տիպային իրավունքին։

[12]Տե՛ս Article 17 of Spain’s new arbitration act, 29.04.2022 թ.-ի դրությամբ`https://arbitrationlaw.com/sites/default/files/free_pdfs/Spain%20Arbitration%20Act.pdf:

[13] Տե՛ս Section 8 of The Swedish Arbitration Act (SFS 1999:116) https://sccinstitute.com/media/37089/the-swedish-arbitration-act.pdf։

[14]Տե՛ս Article 815of Italian code of civil procedure,  29.04.2022 թ.-ի դրությամբ`https://www.studiocataldi.it/codiceproceduracivile/codicediproceduracivile.pdf:

Տե՛ս Articolo 51 de Codice di procedura civile, 29.04.2022 թ.-ի դրությամբ՝ https://www.studiocataldi.it/codiceproceduracivile/codicediproceduracivile.pdf ։

[15]Տե՛ս Article 34 Arbitration Law of the People's Republic of China 29.04.2022 թ.-ի դրությամբ` https://www.wipo.int/edocs/lexdocs/laws/en/cn/cn138en.pdf?crazycache=1։

  • Обсуждалось

    29.12.2022 - 13.01.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Гражданское и коммерческое законодательство, Гражданский процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3003

Принт