Находится в правительстве РА
«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1) «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-264 օրենքը (այսուհետ՝ Օրենք) մշակվել և ընդունվել է 2001 թվականին, սակայն այս տարիների ընթացքում կրթական համակարգում իրականացված բազմաթիվ փոփոխություններ արտացոլված չեն գործող Օրենքում։
Մասնավորապես, 2014 թվականին «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացվել է նոր՝ «ոչ ֆորմալ կրթություն» և «ինֆորմալ» կրթություն հասկացություններով: Էկոլոգիական կրթության արդյունավետության բարձրացման և այն հասարակության բոլոր (այդ թվում՝ հանրակրթության համակարգի մասնակից չհանդիսացող) շերտերին առավել հասանելի դարձնելու նպատակով նպատակահարմար է գտնվել նշված հասկացությունները ներառել Օրենքում՝ համապատասխանեցնելով էկոլոգիական կրթության համատեքստին և ապահովելով դրանց հետագա կիրառելիությունը։
«Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն տարանջատել էկոլոգիական կրթության իրականացման մոտեցումները նախադպրոցական, տարրական, միջին (հանրակրթական դպրոցի 1-ին և 2-րդ աստիճաններ) և ավագ դպրոցներում։
Մասնավորապես, ամրագրվում է, որ էկոլոգիական կրթությունը նախադպրոցական կրթական մակարդակում ապահովվում է կրթության, ինչպես նաև շրջակա միջավայրի բնագավառների հաստատված պետական ծրագրերին և մեթոդական ուղեցույցերին համապատասխան, իսկ հանրակրթական դպրոցի 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական դպրոց, միջին դպրոց)՝ իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում ներառված թեմաների, ավագ դպրոցում` ինքնուրույն առարկայի միջոցով։ Կարևորվում է էկոլոգիական կրթությունն ընտանիքում, ինչպես նաև ոչ ֆորմալ, ինֆորմալ կրթության մակարդակներում։
Բացի այդ, 2015թ. ընդունվել և 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Միավորված ազգերի կազմակերպության «Կայուն զարգացման նպատակները», որոնց շարքում՝ 13-րդ նպատակի 13.3 թիրախում, ամրագրված է կրթության բարելավման, իրազեկվածության բարձրացման և կլիմայի փոփոխությունների մեղմացման, հարմարվողականության, ազդեցության նվազեցման և վաղ նախազգուշացման հարցերում մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունների անհրաժեշտությունը։ Ըստ այդմ՝ Օրենքի համապատասխան հոդվածներում առաջարկվում է ներառել կայուն զարգացմանն առնչվող դրույթներ։
Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ էկոլոգիական կրթության ու դաստիարակության համակարգը ոչ լիարժեք է գործում առանց էկոլոգիական իրազեկման ու մշակույթի զարգացման։ Վերջիններն Օրենքում նախատեսված փոփոխությունների ու լրացումների արդյունքում ներառվում են էկոլոգիական կրթության ու դաստիարակության համակարգում՝ ստանալով որոշակի իրավական կարգավիճակ։ «Էկոլոգիական իրազեկում» հասկացությունը, Օրենքում ամրագրվելով և էկոլոգիական կրթության ոլորտի շրջանակներում մեկնաբանվելով՝ համալրում է էկոլոգիական մշակույթի զարգացման գործիքակազմը։
Այս համատեքստում կարևորվում է էկոլոգիական իրազեկման կիրառությունն էկոլոգիական խնդիրների լուծման գործընթացում, որպես շրջակա միջավայրի վիճակի, բնապահպանական գիտելիքների և բնական ռեսուրսների օգտագործման մասին տեղեկատվության տարածում՝ նպատակաուղղված հասարակության շրջանում էկոլոգիական մշակույթի զարգացմանը և բացասական հետևանքների կանխմանը, և որպես էկոլոգիական տեսակետների և գաղափարների տարածում՝ նպատակաուղղված հանրային գիտակցության մեջ դրանց ներդրմանը և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում զանգվածային գործնական աշխատանքների ակտիվացմանը, էկոլոգիական անվտանգության պահպանմանը և բնության պատշաճ կառավարմանը։
Օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են նաև էկոլոգիական կրթության համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինների շրջանակի և դրանց լիազորությունների տարանջատման և ամրագրման անհրաժեշտությամբ:
Օրենքի գործող խմբագրությամբ նախատեսվող արտոնագրման և դրա հետ կապված գործընթացները ներկայումս այլ իրավական ակտերով կարգավորված չեն, ուստի գործնականում կիրառելի չեն։ Նախագծով նախատեսվում է, որ շրջակա միջավայրի նախարարությունը սահմանված ժամկետում կմշակի էկոլոգիական կրթության գործունեության իրականացման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց համաձայնեցումների տրամադրման կարգը (այսուհետ՝ Կարգ)։
Կառավարության կողմից Կարգի սահմանումից հետո իրավաբանական և ֆիզիկական անձինք էկոլոգիական կրթության գործունեություն կիրականացնեն առանց արտոնագրի՝ բացառապես շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համաձայնեցում ստանալուց հետո։ Այդպիսով՝ պետական կառավարման համապատասխան լիազոր մարմինները տեղեկացված կլինեն էկոլոգիական կրթության գործունեության իրականացման մասին, յուրաքանչյուրն իր գործառույթների և լիազորությունների սահմաններում կկարողանան համակարգել էկոլոգիական կրթության իրականացման ոլորտը, անհրաժեշտության դեպքում նաև՝ ցուցաբերել աջակցություն կամ իրենց իրավասությունների սահմաններում ներկայացնել առարկություններ։
Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես վերը նշված հանգամանքներով, այնպես էլ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված N 1-ի Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ շրջակա միջավայրին վերաբերող հատվածի 16-րդ կետի՝ «1. «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման իրականացման անհրաժեշտությունից, որի ակնկալվող արդյունք է ամրագրված կրթության բոլոր մակարդակներում էկոլոգիական դաստիարակության արդյունավետ իրականացումը։
2) Ուսումնասիրությունները և միջազգային փորձի վերլուծությունը ցույց են տվել, որ էկոլոգիական կրթության համակարգի արդյունավետ գործունեության կարևոր պայմաններից է գիտական հիմնավորվածությամբ էկոլոգիական մշակույթի զարգացումը, էկոլոգիական իրազեկումը և, ընդհանրապես, էկոլոգիական կրթության ու դաստիարակության իրականացումն անմիջապես համայնքային մակարդակում։ Էկոլոգիական կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման գործընթացին տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կառույցների նշանակալից և արդյունավետ մասնակցության հաջողված փորձ է արձանագրվել աշխարհի տարբեր երկրներում (օրինակ՝ Շվեդիա, Լիտվա, Հնդկաստան)։
Մեզանում ևս նշված գործընթացների աշխուժացման նպատակով Նախագծով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունների շարքում նախատեսվել է էկոլոգիական վարքագիծ դրսևորող համայնքների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց խրախուսող մեխանիզմների մշակում։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների խոշորացման գործընթացի ներկայիս արդյունքները և վերոնշյալ հանգամանքները՝ առաջարկվում է Օրենքում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, «էկոլոգիական իրազեկում» և «էկոլոգիական մշակույթի զարգացում» հասկացությունները տեղայնացնել նաև տեղական ինքնակառավարման մակարդակում՝ համայնքի պարտադիր խնդիրների ցանկում։
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն և լրացում կատարել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի համապատասխան հոդվածներում։
Մասնավորապես, կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում համայնքի ղեկավարի լիազորություններն ընդլայնվել են՝ նրան վերապահելով համայնքի տարածքում էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, համայնքում էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրականացմանն աջակցության իրավասություններ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Էկոլոգիական խնդիրների լուծման, հասարակության շրջանում էկոլոգիական մշակույթի զարգացման և բացասական հետևանքների կանխման, էկոլոգիական կրթության և դաստիարակության գործիքակազմի ընդլայնման, դրանց արդյունավետ իրականացման պատասխանատուների շրջանակի հստակեցման, էկոլոգիական իրազեկման, էկոլոգիական տեսակետների և գաղափարների տարածման իրավական հիմքերի ամրագրման, էկոլոգիական կրթության իրականացման գործընթացի համակարգման, էկոլոգիական կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման համակարգում համայնքների դերի բարձրացման նպատակով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Շրջակա միջավայրի նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
«Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների արդյունքում կկատարելագործվի էկոլոգիական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` Հայաստանի Հանրապետության տնտեսական, կրթական և վարչատարածքային բարեփոխումներին ներդաշնակ, արդի էկոլոգիական պահանջներին և կայուն զարգացման սկզբունքին համահունչ՝ նպատակ ունենալով ուժեղացնել էկոլոգիական կրթության և դաստիարակության դերը՝ ապահովելով անընդմեջ էկոլոգիական կրթության իրականացումը կրթական համակարգի բոլոր մակարդակներում։
Կպարզեցվեն էկոլոգիական կրթության իրականացման գործընթացը, դրա մասնակիցների և ոլորտի պատասխանատուների իրավասությունների շրջանակը, էկոլոգիական կրթության տարբեր մակարդակներում և հասարակության տարբեր շերտերի համար էկոլոգիական կրթության կազմակերպման առանձնահատկությունները։ Էկոլոգիական իրազեկման գործիքակազմի ներդրումը կնպաստի հասարակության շրջանում էկոլոգիական մշակույթի զարգացմանը և բացասական հետևանքների կանխմանը, շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության էկոլոգիական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
- 5. Տեղեկատվություն «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության մասին
«Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունումից հետո Նախագծով սահմանված կարգով և ժամկետում նախատեսվում է Կառավարության որոշման ընդունում, ինչն ամրագրված է Նախագծի անցումային դրույթներում։
- 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում:
- 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացված նախագծերի փաթեթը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 4.10 կետից և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված N1 Հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 16.1 կետից։
-
Обсуждалось
08.07.2022 - 28.07.2022
-
Тип
Закон
-
Область
Образование и наука, Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 5208
Принт