Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ որպես ռազմավարական նպատակ սահմանված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովումը: Դատական իշխանության անկախության ամրապնդման տեսանկյունից հիմնաքարային նշանակություն ունի դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգավորումների կատարելագործումը: Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կանոնակարգումների հստակությունը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը նրանց անկախության ապահովման կարևոր գրավականներից է: Իզուր չէ, որ անկախությունը, անկողմնակալությունը, բարեվարքությունն ու պրոֆեսիոնալիզմը հանդիսանում են դատական համակարգի հիմնաքարային արժեքները[1]: Ընդ որում, անկախությունը դատավորին տրված արտոնություն կամ առավելություն չէ, ընդհակառակը, այն հիմնարար սկզբունք է, ցանկացած ժողովրդավարական պետության էական տարր, իրավունքի գերակայության նախապայման եւ արդար դատաքննության երաշխիք[2]: Այն օրենքի գերակայության վրա հիմնված երաշխիք է, որ բոլոր անձինք և իշխանության մյուս մարմինները արդար դատաքննության հնարավորություն ունենան անաչառ դատարանների առջեւ[3]:

Վերոնշյալի համատեքստում դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, նաև որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիքներից է: Իր հերթին, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման են: Հետևաբար, ինչպես նշում է Վենետիկի հանձնաժողովը, եթե դատավորի սխալ վարքագիծը ունակ է թուլացնելու դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, ապա հանրության շահերից է բխում այդ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը[4]: Ի հավելումն, դատական իշխանության նկատմամբ հարգանքը այդ համակարգ ոլորտի առաջատար մասնագետների մուտքը խթանելու գրավական է: Այս համատեքստում Կառավարությունն իր 2021-2026թթ. ծրագրով ամրագրել է շարունակաբար դատական համակարգ նոր արհեստավարժ կադրերի ներգրավման նպատակը՝ միաժամանակ ներդնելով դատավորի պաշտոնի գրավչության բարձրացմանը և դատական համակարգ ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետների մուտքը խթանելուն ուղղված գործիքակազմեր։

Ինչպես նշել է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ), քանի որ հանրությունը դատավորներին օժտում է լայն լիազորություններով և վստահությամբ, պետք է առկա լինեն դատավորի լիազորությունները դադարեցնելու միջոցներ, երբ դատավորի սխալ վարքագիծը այնքան ակնառու և կոպիտ է, որ արդարացնում է նման քայլը: Սա հատկապես վերաբերում է դատական կոռուպցիայի դեպքերին, որոնք հիմնովին խաթարում են հանրային վստահությունը դատական անաչառության և անկախության նկատմամբ[5]: ԵԴԽԽ-ի կարծիքով` դատական համակարգի լեգիտիմությունը և նրա անկախությունը լավագույնս պաշտպանված են, եթե համակարգը գերազանց է գործում: Այս ամենին հասնելու և հանրության հարգանքին արժանանալու համար անկախ և հաշվետու դատական համակարգը պետք է բաց լինի արդարացի քննադատության համար, սովորի իր սխալներից և դրանով իսկ անընդհատ բարելավի իր աշխատանքը: Այդպիսով անկախությունն ու պատասխանատվությունը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ փոխլրացնում են միմյանց։ Իհարկե, դատավորները չպետք է ենթարկվեն քննադատության կամ կարգապահական պատասխանատվության զուտ այն պատճառով, որ կիրառել են օրենքը, որն ընդունվել է նախկին իշխանությունների կողմից, բացառությամբ, եթե նրանք դիտավորյալ, ոչ բարեխղճորեն սխալ են կիրառել այդ օրենքը[6]:

Այսպիսով, դատավորների կարգապահական պատասխանատվության կառուցակարգերի կատարելագործումը անհրաժեշտ պայման է դատական իշխանության անկախության և անաչառության շարունակական ապահովման տեսանկյունից:

Դատական օրենսգիրքը, հատկապես 2020թ. մարտի 25-ի փոփոխություններով, էականորեն բարելավել է կարգապահական պատասխանատվության կարգավորումները, սակայն առկա է կարգապահական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման անհրաժեշտություն հատկապես մարդու իրավունքների հիմնարար խախտումների դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համատեքստում:

Այսպես, Դատական օրենսգրքի 2020թ. մարտի 25-ի փոփոխություններով որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսվեց նաև վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)  վճիռներում արձանագրված խախտումներին:Հարկ է նշել, որ 2008-2018 թվականների ժամանակահատվածում ՄԻԵԴ-ում մի շարք գործեր են հարուցվել, որոնցից մի քանիսը դեռ քննվում են, որոնցով արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) խախտումներ: Դրանք հատկապես առնչվում են ՄԻԵԿ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին (սեփականության պաշտպանություն), ինչպես նաև ՄԻԵԿ 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգման արգելք), 5.1-ին (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք), 6-րդ (արդար դատաքննության իրավունք) եւ 11-րդ (հավաքների եւ միավորման ազատություն) հոդվածների խախտումներին: Այս դեպքերը կապված են, ի թիվս այլնի, Երեւանի կենտրոնում սեփականազրկման դեպքերի[7] եւ 2008թ. համազգային ցույցերի ժամանակ կատարված բռնի գործողություննների արդյունքում տեղի ունեցած մահերով, որոնք, ինչպես հետագայում պարզվել էր, խաղաղ ցուցարարներին ապօրինի ազատությունից զրկելու արդյունք էին[8]:

ՄԻԵԴ վճիռների այս շարքը, ըստ էության, ՀՀ դատարանների կողմից կայացված ակտերի արդյունք էր, ինչը մեծապես նպաստել էր հանրության անվստահությանը դատական իշխանության նկատմամբ[9]:

Սակայն հարկ է նկատի ունենալ, որ ներպետական ատյաններում վեճի սպառումից և ներպատական դատական ակտի կայացումից մինչև ՄԻԵԴ վերջնական ակտի կայացումը, որպես կանոն, անցնում է բավական երկար ժամանակ: Այդ իսկ պատճառով Դատական օրենսգրքի 2020թ. մարտի 25-ի փոփոխություններով նյութական կամ դատավարական իրավունքի խախտում հայտնաբերելու հիմքով կարգապահական վարույթ հարուցելու բացարձակ` ութ տարվա ժամկետը, որը հաշվարկվում է եզրափակիչ դատական ակտի ուժի մտնելուց հետո, որպես բացառություն չկիրառվեց ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում վերհանվող խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու դեպքերի նկատմամբ: Փաստորեն, այս դեպքում Դատական օրենսգիրքը չի սահմանել արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերման առիթով կարգապահական վարույթ հարուցելու իրավական հնարավորության առավելագույն ժամկետը: Արդյունքում, սակայն, կարող է ստեղծվել իրավիճակ, երբ դատարանը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել, այդ թվում՝ վերջինիս լիազորությունները կարող են դադարեցվել, միջազգային դատարանի ակտի ուժի մեջ մտնելուց 20 կամ 30 և ավելի տարի հետո հայտնաբերված խախտման հիման վրա, բնականաբար, եթե առկա են կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Դատական օրենսգրքով նախատեսված մյուս պայմանները:  Մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ անգամ Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով առանձնապես ծանր հանցագործությունների համար սահմանված է 15 տարի վաղեմության ժամկետ:

Մյուս կողմից էլ, 2020թ. մարտի 25-ի ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի անցումային դրույթների 19-րդ մասով սահմանվեց, որ վերոնշյալ առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի` նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա` բացառելով նախկինում կայացված ՄԻԵԴ վճիռներով արձանագրված և բացահայտված խախտումների հիման վրա կարգապահական վարույթներ հարուցելու հնարավորությունը:

Այնինչ ՀՀ անկախացումից ի վեր, ինչպես նշվեց, ՀՀ-ում տեղի են ունեցել մարդու հիմնարար, կոնվենցիոն իրավունքների համակարգային և զանգվածային խախտումներ տարբեր ոլորտներում, որոնք էլ հենց բացահայտվել են ՄԻԵԴ վճիռներով, որոնց մեծ մասը կայացվել է մինչև վերջերս: Հետևաբար, եթե հիմք ընդունվեն միայն ՄԻԵԴ նոր վճիռները, ապա նախատեսված մեխանիզմը ամբողջությամբ չի հասնի իր նպատակին, քանի որ փաստ է, որ 2018 թվականից հետո դատաիրավական համակարգում տեղի են ունեցել էական փոփոխություններ, և դատական ակտերով թույլ տրված հիմնարար խախտումների առկայությունը հնարավոր կլինի բացահայտել բացառապես կամ մեծամասամբ ՄԻԵԴ այն վճիռներով, որոնք վերաբերում են ՀՀ անկախացումից ի վեր տեղի ունեցած խախտումներին:Վերոնշյալը վկայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի կատարելագործման անհրաժեշտության մասին` դատական իշխանության անկախության և անաչառության նկատմամբ հանրության վստահության բարձրացման հանրային շահերից ելնելով:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախևառաջ հարկ է նշել, որ նախագծի նախնական տարբերակով[10] առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք` հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները: Նախագիծը, որը ներկայացվել էր Վենետիկի հանձնաժողովին, հանձնաժողովի ներկայացրած կարծիքի[11] հիման վրա էականորեն լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ: Այսպես`

1. Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում: Նախատեսվել է, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:

Հարկ է նկատել, որ վերոնշյալ 15 տարվա վաղեմության ժամկետի սահմանումը ինքնանպատակ չէ: Նախ, ինչպես բխում է Դատական օրենսգրքի կարգավորումներից, կարգապահական պատասխանատվության հիմքը ոչ թե ինքնին ՄԻԵԴ վճիռն է, այլ դրանով բացահայտված մարդու իրավունքների հիմնարար խախտումը, , որը ենթակա է գնահատման որպես դատարան գործող Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Սա նաև բխում է Վենետիկի հանձնաժողովի` օրենքի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ ներկայացված կարծիքից[12], որին և համապատասխանեցվել է նախագիծը[13]: Նման խախտումը չի կարող դրսևորվել որևէ այլ կերպ, քան դատավորի վարույթում գտնվող գործով նյութական կամ դատավարական որևէ խախտում թույլ տալով: Ընդ որում, ինչպես նշում է Վենետիկի հանձնաժողովը, այս դեպքում նշաձող պետք է համարվի այն խախտումը, որը հանգեցրել է մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտումների և կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, այսինքն` «ակնհայտորեն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»[14]:

Ստացվում է, որ դատավորը իր գործունեության ընթացքում պետք է կանխատեսեր, որ իր վարույթում գտնվող գործով նյութական կամ դատավարական նորմի խախտումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, ընդհուպ` կարգապահական պատասխանատվության հիմքով լիազորությունների դադարեցման:

2. Նախագծի անցումային դրույթներով նաև նախատեսվել է կարգավորում առ այն, որ վերը նշված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերով արձանագրված կամ բացահայտված խախտումներով, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Այդ դեպքերում էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

Այս առումով, հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով ևս կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումը: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 5-րդ մասը կարգավորում էր նաև այս առիթով կարգապահական վարույթը հարուցելու ժամկետները: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման փաստը հաստատող Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ լինելը նոր չէ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման փաստը հաստատող Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից դատական ակտի կայացման փաստն ինքնին կարգապահական վարույթ հարուցելու առիթ է եղել: Ավելին  Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածով որպես պատասխանատվության տեսակ սահմանված էր դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելու կարգավորումը, որը կարող էր կիրառվել այն դեպքում, երբ դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ կամ պարբերական խախտման հետևանքով նա այլևս անհամատեղելի է դատավորի պաշտոնի համար:

Հետագայում, 2018թ. Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանվեց, որ դատավորի լիազորությունները կարող էին դադարեցվել էական կարգապահական խախտում կատարելու դեպքում, իսկ 142-րդ հոդվածի համաձայն` էական կարգապահական խախտում էր համարվում դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:2020թ. մարտի 25-ի փոփոխություններով էլ ավելի հստակեցվեց էական կարգապահական խախտման շրջանակը, սահմանելով, որ էական կարգապահական խախտում է արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման:

Այսինքն՝ վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը հիմնված է եղել այն ընդհանուր տրամաբանության վրա, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման փաստը հաստատող Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կայացրած դատական ակտի առկայությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է, իսկ դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի խախտումները որոշակի չափանիշներին բավարարելու դեպքում կարող էին հանգեցնել լիազորությունների դադարեցման: Հետևաբար բովանդակային առումով նախագծով սահմանվող կարգավորումները կանխատեսելի են, քանի որ արդեն իսկ նախատեսված են եղել օրենսդրությամբ: Առաջարկվող կարգավորման նորությունը զուտ վերաբերում է նրան,որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ միայն մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռը: Ընդ որում, ինչպես նշել է Վենետիկի հանձնաժողովը իր 2019թ. կարծիքում, սխալ չէ միջազգային դատարանների կողմից բացահայտված` մարդու իրավունքների խախտումների մասին օրենսգրքում ուղղակիորեն նշելը, եթե դատավորի գործողությունները կարող են դիտարկվել որպես դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտումներ[15]:

Եթե նույնիսկ առաջարկվող կարգավորումը դիտարկենք օրենքի հետադարձ ուժի տեսանկյունից, ապա հարկ է նշել հետևյալը:

Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով[16]:

Այսպես, միջազգային դատական պրակտիկայում առանձնացվել են որոշակի չափանիշներ, որոնց առկայությունը թույլ է տալիս օրենքի այս կամ այն կարգավորմանը հաղորդել հետադարձություն:

Ամերիկյան դատական պրակտիկայում գործերից մեկով մատնանշվել է, որ հետադարձությունն ընդունելի է, եթե միտված է օրենսդրի իրավաչափ նպատակների իրականացմանը[17]:

Անգլիական դատական պրակտիկայում[18], ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքում[19] հետադարձությունն իրավաչափ և արդարացված դիտելու համար կարևոր չափանիշ է համարվում հանրային շահի առկայությունը:

Բացի այդ, դատարանները կարևորում են նաև իրավահարաբերության սուբյեկտների մոտ վստահության շահի առկայությունն ու նախկինում տվյալ իրավահարաբերությունների կարգավորվածության հանգամանքը:

ՄԻԵԴ-ը հետադարձ ուժի կիրառման հարցին անդրադարձ է կատարել նաև այլ պետություններում դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող կարգապահական գործընթացների համատեքստում: Այսպես, ՄԻԵԴ-ը թիվ 15227/19 գանգատի[20] շրջանակներում, անդրադառնալով դատավորների նախկինում կուտակված գույքի ուսումնասիրությանը, նշել է, որ դատավորի մասնագիտական կյանքի ընթացքում կուտակված անձնական կամ ընտանեկան ունեցվածքի գնահատման գործընթացը (…) չի հակասում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին, իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման տեսանկյունից: Այս վերջին գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ «վաղեմության ժամկետները ծառայում են իրավական որոշակիության ապահովմանը և անարդարության կանխմանը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի որոշում կայացնել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող էին անարժանահավատ դառնալ ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ անձնական կամ ընտանեկան ակտիվները սովորաբար կուտակվում են կյանքի ընթացքում, դրանց գնահատման խիստ ժամանակային սահմանները կսահմանափակեին ձեռք բերված ակտիվների օրինականությունը գնահատելու իշխանությունների կարողությունը»[21]: Շարունակելով, դատարանը նշում է, որ սա պահանջում է ավելի մեծ ճկունություն տրամադրել պետությանը՝ վաղեմության ժամկետների առումով՝ արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնման և ամրապնդման նպատակին համահունչ, հատկապես, այն համատեքստում, երբ հայտարարագրերի ստուգման գործընթացը նախկինում առանձնապես արդյունավետ չի եղել[22]:

Վերացարկվելով գործի փաստական հանգամանքներից` կարող ենք նշել, որ ՄԻԵԴ-ն այս գործով կարևորել է հետևյալը`

- խիստ վաղեմության ժամկետները կարող են սահմանափակել պետության հնարավորությունը` գնահատելու վարքագծի իրավաչափությունը.

- վաղեմության ժամկետների առումով ճկունությունը ուղղված է արդարադատության համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման նպատակի ապահովմանը.

- նախկին մեխանիզմների ոչ արդյունավետ լինելը գալիս է հիմնավորելու նոր կառուցակարգի ճշմարտացի լինելը:

Այս համատեքստում նախագծով առաջարկվող կարգավորումը, բնականաբար, պայմանավորված է ոչ թե նույն, այլ համանման իրավիճակով: Մասնավորապես,

- ՄԻԵԴ վճիռների առումով մինչև 15 տարվա վաղեմության ժամկետ չսահմանելը, ինչպես արդեն նշվեց, հնարավորություն չի տալիս հասնել այն նպատակին, որը դրված է առաջարկվող կարգավորումների հիմքում, այն է` հնարավորություն տալ դատական համակարգին գնահատել իր դատավորների գործունեության իրավաչափությունը.

- այս կարգավորման գերնպատակն է բարձրացնել արդարադատության համակարգի հանդեպ հանրային վստահությունը.

- նախկինում կայացված ՄԻԵԴ վճիռներին չանդրադառնալով` բաց է թողնվում դրանց հետևանքներին գնահատական տալու հնարավորությունը, քանի որ նախկինում առկա չեն եղել արդյունավետ մեխանիզմներ այդ հիմքով դատավորների նկատմամբ բացասական հետևանքներ կիրառելու համար:

Ինչ վերաբերում է հարցի կապակցությամբ ՄԻԵԴ այլ վճիռներին, ապա ՄԻԵԴ-ը մի շարք գործերով խնդրահարույց է համարել օրենքի հետադարձ ուժի կիրառությունը այն դեպքերում, երբ խոսքը, սակայն, գնում էր պետության մասնակցությամբ դեռևս ընթացող վեճի կամ իրավական գործընթացների վրա օրենքի կիրառությունը տարածելուն, որը ազդեցություն էր ունենալու նման գործընթացի դատական կարգով լուծման վրա[23]: Այնինչ առաջարկվող կարգավորման դեպքում խոսքը գնում է արդեն իսկ ավարտված դատական գործերի մասին, որոնցով առկա է վերջնական դատական ակտ և որի շրջանակներում թույլ տրված խախտումներին անդրադարձ է կատարվում միջազգային դատարանի ակտով: Այս կապակցությամբ ՄԻԵԴ-ը իր մյուս գործերով օրենքի հետադարձության հետ կապված պետության գործողությունները ընդունելի է համարել` հիմք ընդունելով հանրային շահով պայմանավորված ծանրակշիռ դրդապատճառները[24]։

Հարկ է նաև նկատի ունենալ, որ չնայած Վենետիկի հանձնաժողովը իր նախկին կարծիքում, որը տրամադրվել էր Դատական օրենսգրքի 2020թ. փոփոխությունների նախագծի վերաբերյալ, նշել էր որոշ կարգավորումներին հետադարձ ուժ չտալու անհրաժեշտության մասին[25], սակայն խոսքը այդ դեպքում վերաբերում էր դատավորի վարքագծի նոր կանոններին, նոր պարտականություններին` կապված գույքային դրությունը բացահայտելու հետ, այնինչ այս դեպքում գործ չունենք նման իրավիճակների հետ:

Ամեն դեպքում, Վենետիկի հանձնաժողովը, օրենքի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ տրամադրած իր կարծիքում, հղում անելով «Իրավունքի գերակայության ստուգաթերթին» (Rule of law chechlist), իրավունքի գերակայության գնահատման չափորոշիչների տեսանկյունից նշում է, որ քրեական ոլորտից դուրս, անձանց իրավունքների հետադարձ սահմանափակումը կամ նոր պարտականությունների նախատեսումը կարող է լինել թույլատրելի, բայց միայն եթե դա բխում է հանրային շահից և համապատասխանում է համաչափության սկզբունքին[26]: Շարունակելով, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հետադարձության հարցը, ըստ էության, չի հանդիսանում եվրոպական չափանիշների խախտում, սակայն անհրաժեշտ է հիմնավորել «ընդհանուր շահերի անհերքելի հիմքերի» կամ «հանրային շահի նկատառումների» և կանխատեսելիության չափանիշի առկայությունը[27]: Դրանով իսկ Վենետիկի հանձնաժողովը, փաստորեն, հաստատել է, որ բացառիկ դեպքերում՝ հանրային շահով պայմանավորված հետադարձությունը կարող է համարվել թույլատրելի: Այս առնչությամբ կանխատեսելիության չափանիշին անդրադարձ է կատարվել վերևում: Ինչ վերաբերում է հանրային շահերի առկայության չափանիշին, ապա առաջարկվող կարգավորմամբ սահմանվել է խիստ բարձր նշաձող, ի տարբերություն էական կարգապահական խախտման մյուս դեպքերում կարգապահական տույժ կիրառելու հնարավորության: Մասնավորապես, առաջարկվող հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:

3. Հիմք ընդունելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ Դատական օրենսգրքում օգտագործվող «այլ միջազգային ատյան» հասկացությունը խնդրահարույց է, նախագծով Դատական օրենսգրքից այս ձևակերպումը հանվել է[28]:

 

Նախագծերի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության դատական-իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարություն և դրանից բխող գործողությունների ծրագիր.

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.1 բաժնում սահմանված է, որ դատաիրավական բարեփոխումների օրակարգը նախևառաջ պետք է շարունակի միտված լինել դատավորների բարեվարքության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով շարունակաբար դատական համակարգ ներգրավել նոր արհեստավարժ կադրեր, որպես վերջնարդյունք ունենալով դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման ու ամրապնդման, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգի կայացման թիրախը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Ն որոշման Հավելվածով 2-ով սահմանվել է միջոցառում՝ ուղղված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդրմանը:

 

Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն ակնկալվում:

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը` մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:

 

[1] ՄԻԵԴ. Parlov-Tkalčić ընդդեմ Խորվաթիայի (գանգատ թիվ 24810/06), պարբ. 86; Oleksandr Volkov ընդդեմ Ուկրաինայի (գանգատ թիվ 21722/11), պարբ. 107; Findlay ընդդեմ Մեծ Բրիտիանիայի (գանգատ թիվ 22107/93), պարբ. 73:

[2] Venice Commission, CDL-AD(2014)018, Joint opinion - Venice Commission and OSCE/ODIHR - on the draft amendments to the legal framework on the disciplinary responsibility of judges in the Kyrgyz Republic, պարբ. 14; CCJE Opinion No. 1 (2001), պարբ. 11; CCJE Opinion No. 17 (2014), պարբ. 5; ՄԻԵԴ. Agrokompleks ընդդեմ Ուկրաինայի (գանգատ թիվ 23465/03), պարբ. 136:

[3] CCJE’s Situation report on the judiciary and judges in the Council of Europe member States Updated version No. 1 (2013), պարբ. 5; CCJE Opinion No. 18 (2015), պարբ. 10:

[4] Venice Commission, CDL-PI(2018)008, Compilation Of Venice Commission Opinions And Reports Concerning Courts And Judges, էջ 32:

[5] Opinions of the Consultative Council of European Judges (CCJE) No. 1 to 23 (2001 – 2020) and Magna Carta of Judges, էջ 182:

[6] Նույն տեղում, էջ 181:

[7] ՄԻԵԴ. Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 27651/05), Թունյանը և այլք ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22812/05), Դանիելյանը և այլք ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 25825/05), Ղասաբյանը և այլք ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 23566/05), Բաղդասարյանը և Զարիկյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 43242/05), Վարդանյանը և Նանուշյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 8001/07), Ղարիբյանը և այլք ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 19940/05), «Հովհաննիսյանն ու Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 5065/06), Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 576/06), «Երանոսյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 3916/06), «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 69936/10) և այլն:  

[8] ՄԻԵԴ. Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի, (գանգատ թիվ 23086/08); Միասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 49020/08); Արզումանյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 63845/09) և այլն:

[9] Այս և վերոնշյալի մասին անդրադարձ է կատարել Վենետիկի հանձնաժողովը նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ ներկայացված իր CDL-AD(2022)002 կարծիքի Ընդհանուր դիտարկումներ բաժնում, պարբ. 6-7, https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2022)002-e:

[10] https://www.e-draft.am/projects/3817/about

[11] CDL-AD(2022)002-e, Armenia - Joint opinion of the Venice Commission and the Directorate General of Human Rights and Rule of Law (DGI) of the Council of Europe on the draft laws on making amendments to the Constitutional Law in the Judicial Code and to the Constitutional Law on Constitutional Court, adopted by the Venice Commission at its 130th Plenary Session (Venice and online, 18-19 March 2022):

[12] Venice Commission, CDL-AD(2014)018, պարբ. 43-48:

[13] Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքի 48-րդ պարբերությունում նշել է, որ «թեև սկզբունքորեն սխալ չէ օրենքում ՄԻԵԴ-ի կողմից հաստատված մարդու իրավունքների խախտումներին հղում կատարելը, եթե դատավորի գործողությունները կարող են ճանաչվել որպես դիտավորությամբ կամ կոպիտ անզգուշությամբ կատարված խախտում, սակայն դատավորի պատասխանատվությունը ՄԻԵԴ-ի բացասական վճռի առիթով պետք է հիմնված լինի միայն ազգային դատարանի կամ Բարձրագույն դատական խորհրդի (որը գործում է որպես դատարան) եզրակացության վրա, որով հաստատվելու է դատավորի դիտավորության կամ կոպիտ անփութության հանգամանքը»:

[14] Venice Commission, CDL-AD(2022)002, պարբ. 51 (For the latter sanction, the threshold must be a violation which has resulted in a fundamental breach of human rights and/or freedoms (in accordance with the definition in Article 142, part 6 of the Judicial Code) and has been committed deliberately or with gross negligence, i.e., which is clearly incompatible with judicial office):

[15] Venice Commission, CDL-AD(2019)024, պարբ. 50:

[16] Kryvoi, Y. and Matos, S., 2021. Non-Retroactivity as a General Principle of Law. Utrecht Law Review, 17(1), pp.46–58. DOI: http://doi.org/10.36633/ulr.604:

[17] Pension Benefit Guaranty Corp. v R.A. Gray & Co., 467 U.S. 717, 730, 104 S.Ct. 2709, 2718, 81 L.Ed.2d 601 [1984]; United States v Northeastern Pharmaceutical & Chemical Co Inc., 810 F2d 726 [1983], https://www.law.cornell.edu/supremecourt/text/467/717:

[18] R v HMRC ex p Huitson [2010] EWHC 97 [76]–[97], appealed in R (Huitson) v HMRC, [2011] EWCA 893 [47]–[73], https://www.bailii.org/ew/cases/EWCA/Civ/2011/893.html:

[19] ՄԻԵԴ. The National & Provincial Building Society, The Leeds Permanent Building Society And The Yorkshire Building Society ընդդեմ Մեծ Բրիտանիայի (117/1996/736/933-935):

[20] ՄԻԵԴ. Xhoxhaj ընդդեմ Ալբանիայի (գանգատ թիվ 15227/19):

 

[21] ՄԻԵԴ. Xhoxhaj ընդդեմ Ալբանիայի, պարբ. 348:

[22] Նույն տեղում, պարբ. 349:

[23] ՄԻԵԴ. Azienda Agricola Silverfunghi S.a.s. և այլք ընդդեմ Իտալիայի (գանգատներ թիվ 48357/07, 52677/07, 52687/07), պարբ. 76 և 88-89, National & Provincial Building Society, Leeds Permanent Building Society and Yorkshire Building Society ընդդեմ Մեծ Բրիտանիայի (գանգատ թիվ 117/1996/736/933-935), պարբ 112:

[24] Guide on Article 6 of the European Convention on Human Rights (civil limb): ՄԻԵԴ. National & Provincial Building Society, Leeds Permanent Building Society and Yorkshire Building Society ընդդեմ Մեծ Բրիտանիայի (գանգատներ թիվ 21319/93, 21449/93 և 21675/93), պարբ 112, ForrerNiedenthal ընդդեմ Գերմանիայի, պարբ. 64, OGIS-Institut Stanislas, OGEC Saint-Pie X և Blanche de Castille և այլք ընդդեմ Ֆրանսիայի, պարբ. 71-72, Hôpital local Saint-Pierre d’Oléron և այլք ընդդեմ Ֆրանսիայի, պարբ. 72-73:

[25] Venice Commission, CDL-AD(2019)024, պարբ. 41, 62:

[26] Venice Commission, CDL-AD(2022)002, պարբ. 78:

[27] Venice Commission, CDL-AD(2022)002, պարբ. 89:

[28] Venice Commission, CDL-AD(2022)002, պարբ. 54-55:

  • Обсуждалось

    25.03.2022 - 09.04.2022

  • Тип

    Конституционный закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4269

Принт