Добавить в избранное

Проект принят

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) մի շարք կարգավորումներ ներկայումս համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներն, որոնք իրենց ազդեցությունն են ունենում կորպորատիվ իրավունքի զարգացման վրա: Նշվածը հատկապես վերաբերում է ընկերության կառավարման մարմինների լիազորություններին, հասարակ բաժնետոմսերի տեսակների և դասերի համակարգին, բաժնետոմսերի վաճառքի ու հետգնման դեպքերին, կոտորակային բաժնետոմսերի տիրապետման, օգտագործման և տնօրինման հնարավորությանը, ընկերության բաժնետերերի շահերի հավասարակշռմանը և նրանց պաշտպանությանը, խոշոր գործարքների կնքմանը, ընկերության աշխատակիցների բաժնետիրացման ընթացակարգին և այլն։ Նշված ոլորտում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության` 2019թ.-ի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշմամբ, որտեղ նույնպես նշվում է կորպորատիվ իրավունքին վերաբերող կարգավորումների` ժամանակի զարգացումներից հետ մնալու մասին։

 

1.1. Խոշոր և փոքր բաժնետերերի պաշտպանության լրացուցիչ գործիքներ.

Խոշոր և փոքր բաժնետերերի միջև հաճախ տեղի են ունենում շահերի բախումներ, և շատ դեպքերում դժվար է լինում ապացուցել փոքր բաժնետերերի հանդեպ չարաշահումները։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև խոշոր բաժնետերերի իրավունքները և փորձել հավասարակշռել փոքր և խոշոր բաժնետերերի իրավունքները։ Օրինակ` խոշոր բաժնետերը, ով ցանկանում է իր ընկերության ռազմավարությունը փոփոխել կամ նոր ուղղություններով զարգացնել իր բիզնեսը, պետք է ողջամիտ հնարավորություն ունենա լիարժեք վերահսկողություն իրականացնելու ընկերության նկատմամբ։ Իրենց հերթին, փոքր բաժնետերերը պետք է հնարավորություն ունենան առանց որևէ պատճառի և առանց չարաշահման փաստն ապացուցելու դուրս գալ ընկերությունից՝ ստանալով ողջամիտ փոխհատուցում։

Այսպես, երբ որևէ անձ իր տիրապետության ներքո է կենտրոնացնում բաժնետոմսերի գերակշռող մասը, ապա, մի կողմից, նույնիսկ ամենալայն իրավական երաշխիքների պարագայում փոքր բաժնետերերի համար ընկերությունում մասնակցությունը դառնում է խիստ ձևական, քանի որ նրանք փաստացի գրեթե որևէ ազդեցություն չունեն ընկերության վրա, իսկ խոշոր բաժնետիրոջ համար նման փոքր բաժնետերերի առկայությունը որոշակի բարդություններ է առաջացնում ընկերության կառավարման ընթացքում:

Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի իրավունքը (squeeze out) և պարտադիր գնման պահանջի իրավունքը (sell out) հնարավորություն են տալիս կարգավորել ներկայացված խնդիրները՝ հավասարակշռելով թե՛ փոքր, թե՛ խոշոր բաժնետերերի շահերը։

Նման դրույթներ առկա են աշխարհի տարբեր երկրներում և բաժնետերերի շահերի հավասարակշռման և պաշտպանության ամենակիրառելի գործիքներից մեկն են։ Օրինակ՝ Դանիայում ընկերությունների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսվում է, որ այն բաժնետերերը, ովքեր տիրապետում են կանոնադրական կապիտալի և ձայների ավելի քան 90%-ին, կարող են պահանջել մյուս բաժնետերերից, որ իրենց բաժնետոմսերը վաճառվեն այդ բաժնետիրոջ կողմից: Փոքր բաժնետերերը նույնպես ունեն համարժեք իրավունքպահանջելու, որ կանոնադրական կապիտալի 90%-ի սեփականատեր հանդիսացող բաժնետերը գնի իրենց բաժնետոմսերը և այդպիսով նրանք դուրս գան ընկերության բաժնեմասնակցությունից[1]։ Գերմանիայում այս շեմը կազմում է 95%[2], այս շեմը 95% է կազմում նաև Ուկրաինայում[3], Նիդեռլանդներում[4], Վրաստանում[5], Ղազախստանում[6], ինչպես նաև այնպիսի երկրներում, որտեղ squeeze out/sell out կարգավորումները տարածվում են միայն ցուցակված ընկերությունների վրա. օրինակ՝ Իտալիայում[7], Լյուքսեմբուրգում[8] ։ Նշվածը մեծապես պայմանավորված է ԵՄ 2004 թ.-ի ապրիլի 21-ի 2004/25/EC դիրեկտիվով[9], որի 15-րդ հոդվածը թույլ է տալիս բաժնետոմսերի պարտադիր վաճառքի կամ հետգնման շեմը սահմանել 90-ից մինչև 95%։ Նշենք նաև, որ նշված երկրներից մի քանիսի կարգավորումները վերաբերում են միայն ցուցակված ընկերություններին (օրինակ՝ Իտալիա, Ֆրանսիա Բելգիա), այնուամենայնիվ, հետաքրքրական է, որ այդ երկրներում նույնպես սահմանված է 90-ից մինչև 95% տոկոս սահմանաչափը:

Հատկապես կարևոր է, որ պարտադիր վաճառքի կամ գնման պահանջի իրավունքները կարող է իրականացվել ընկերության բաժնետոմսերի որոշակի տոկոսին տիրապետող բաժնետիրոջ կողմից։ Այլ կերպ ասած, այս պահանջները կիրառելի են, երբ ընկերության փաստացի վերահսկողությունը իրականացնում է մեկ անձ, ով ցանկանում է ստանալ բացարձակ վերահսկողություն ընկերության նկատմամբ։ Այս մոտեցումը որդեգրել են մի շարք պետություններ, որոնց թվում են Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և միաժամանակ այն ստացել է հավանություն Եվրոպական մոդելային կորպորատիվ ակտի հեղինակների կողմից (ԵՄԿԱ)[10]։ Ընդ որում` ՀՀ սահմանադրական դատարանը նույնպես դիրքորոշում է հայտնել, որ բաժնետիրական ընկերությունը որպես ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հավելյալ գույքային միջոցներ (շահութաբաժիններ) ստանալու մտադրությամբ միավորված անձանց կազմակերպություն ունի ոչ միայն առանձին բաժնետերերի մասնավոր շահերի հավասարակշռման, այլև ընդհանուր կորպորատիվ շահերի ապահովման խնդիր: Հակառակ դեպքում ընկերության կառավարումը կդառնա անարդյունավետ, իսկ դա հետագա անդրադարձ կունենա հենց նույն բաժնետերերի սեփականության իրավունքի իրականացման արդյունավետության վրա[11]:

 

1.2. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասակարգում.

Օրենքի համակարգային վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ ընկերությունն իրավունք ունի տարբեր դասերի բաժնետոմսեր թողարկել միայն արտոնյալ բաժնետոմսերի տեսքով, որոնք սահմանափակ դեպքերում են դրանց իրավատերերին տալիս քվեարկելու իրավունք։ Այսինքն, գործող օրենսդրությունը բաժնետիրական ընկերությանը հնարավորություն չի տալիս թողարկելու տարբեր դասերի հասարակ բաժնետոմսեր, ինչը գործնականում արդյունավետ չէ հետևյալ պատճառաբանությամբ․

  • հատկապես վենչուրային կապիտալի ու «հրեշտակ ներդրողների»[12] դեպքում ներդրողները հաճախ պահանջում են այնպիսի բաժնեմասնակցություն, որի պարագայում նրանք հնարավորություն կունենան արտոնյալ պայմաններով շահաբաժիններ ստանալ և միաժամանակ հնարավորություն կունենան քվեարկելու ավելի լայն հարցերով, քան արտոնյալ բաժնետոմսերի գործող կարգավորումներով.
  • գործնականում պատահում են նաև դեպքեր, երբ բաժնետերերը ցանկանում են ստանալ միանման շահութաբաժիններ, սակայն միաժամանակ՝ կախված իրենց ներգրավվածության մակարդակից, փորձից, մասնագիտացումից կամ համբավից, ցանկանում են ունենալ առավել շատ ձայներ, քան իրենց բաժնետոմսերի քանակն է։ Նման դեպքերում բաժնետիրոջ համար այդքան առաջնային չէ բաժնեմասնակցությամբ որոշվող շահութաբաժնի չափը, որքան ընկերության ուղղությունները որոշելու, այն ղեկավարելու և վերահսկելու արդյունավետ հնարավորությունները։ Նման ներդրող-բաժնետերերի առկայությունը բխում է նաև հենց ընկերության շահերից.
  • առհասարակ, բաժնետոմսերը ֆինանսական գործիքներ են, այդ իսկ պատճառով հարկավոր է ներդրողներին հնարավորություն տալ ընտրելու, թե ինչ տեսակի բաժնետոմս են ուզում գնել։

Այսպես, թե՛ հասարակ (սովորական) և թե՛ արտոնյալ բաժնետոմսերը կարող են տալ ոչ միայն մեկ, այլև մեկից ավելի ձայնի իրավունք: Այս մասին են վկայում նաև մի շարք երկրների կորպորատիվ իրավունքի վերաբերյալ օրենսդրությունները. օրինակ` Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Դանիան և Շվեդիան[13]: Այլ կերպ, առանձին դասերի հասարակ բաժնետոմսերով դրանց տիրապետողներին կարող է հնարավորություն տրվել ձեռք բերել տարբեր բնույթի և չափի իրավունքներ։ Որոշ երկրների օրենսդրությամբ էլ սահմանված է, թե մեկ բաժնետոմսը առավելագույնը քանի ձայնի իրավունք կարող է տալ. օրինակ՝ Իտալիայի օրենսդրությամբ մեկ բաժնետոմսը կարող է տալ առավելագույնը 3 ձայնի իրավունք, իսկ ընկերությունը ինքն է ընտրում այդ քանակը՝ ամրագրելով դա իր կանոնադրությամբ, Շվեդիայի  օրենսդրությամբմեկ բաժնետոմսը կարող է տալ առավելագույնը 10 ձայնի իրավունք, իսկ ԵՄԿԱ-ն թույլ է տալիս տարբեր քանակի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տեղաբաշխումը՝ առանց որևէ առավելագույն սահմանաչափ նախատեսելու[14]։

Նշված մեխանիզմը հնարավորություն է տալիս ներդնել առավել լիբերալ և ճկուն համակարգեր, ինչն իր հերթին կօգնի խթանել օտարերկրյա ներդրողներին Հայաստանի Հանրապետությունում հիմնել ընկերություններ կամ մասնակցություն ունենալ ընկերություններում, որոնք կգործեն ժամանակակից, զարգացած կորպորատիվ իրավունքի տրամաբանությամբ։

 

1.3. Խոշոր գործարքների կարգավորումների ազատականացում.

Ներկայումս ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսը չգերազանցող գույքին առնչվող խոշոր գործարքներ կնքելու վերաբերայալ որոշման ընդունումը վերապահված է ընկերության տնօրենների խորհրդին (այսուհետ` խորհուրդ)։ Սակայն, այսպիսի կարգավորումը որոշակի խոչընդոտներ է ստեղծում այդպիսի գործարքների հաճախակի և արագ կնքելու համար։ Ավելին, եթե ընկերությունում խորհուրդ ձևավորված չէ, ապա այդպիսի որոշման կայացումը ինքնաբերաբար վերապահվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին (այսուհետ` ժողով)։ Սակայն, պետք է նկատի ունենալ, որ միշտ չէ, որ բաժնետերերը ցանկանում են այդքան շատ ներգրվված լինել գործարքների կնքման գործընթացին` ներգրավվելով հաճախ ձևական բնույթ կրող գործընթացներում։ Նշվածը կարող է հատկապես կարևոր լինել նոր ստեղծված ընկերությունների համար, քանի որ ենթադրվում է, որ վերջիններս ընկերության գործունեության սկզբնական փուլում չեն տիրապետում մեծածավալ ակտիվներիև, համապատասխանաբար հաճախ են կնքում իրենց ակտիվների 25 տոկոսը գերազանցող գործարքներ։ Հետևաբար, այս տեսանկյունից ավելի նպատակահարմար կլինի, որպեսզի ընկերությանը ընձեռնվի հնարավորություն տարատեսակ գործարքներ կնքել՝ առանց համապատասխանաբար խորհրդի կամ ժողովի որոշման։

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ Համաշխարհային բանկի Doing business ծրագրի` «Փոքր բաժնետերերի պաշտպանությունը» մեթոդոլոգիան հատկապես կարևորում է բաժնետերերի իրավունքները կորպորատիվ կառավարման ոլորտում։ Մասնավորապես, առանձին ենթացուցիչով գնահատվում է, թե արդյոք բաժնետերերը հնարավորություն ունեն քվեարկել և որոշում կայացնել, երբ գործարքը վերաբերում է ընկերության 51 տոկոս և ավելի ակտիվներին[15]։ Հետևաբար, ընկերության ակտիվների մինչև 50 տոկոսը կազմող գույքին առնչվող գործարքների կնքումը գործադիր մարմնի կողմից չի խոչընդոտում նաև այս ցուցիչով դրական գնահատականի ապահովմանը։

Միևնույն ժամանակ, նկատենք, որ, չնայած այն հանգամանքին, որ ժողովի կողմից հաստատման ենթակա՝ խոշոր գործարքների 50%-անոց շեմը միջազգային փորձի շրջանակներում համարվում է դրական պրակտիկա, նաև առկա են այնպիսի երկրներ, որոնք համանման կարգավորումներ են նախատեսում միայն ցուցակված ընկերությունների համար: Օրինակ, Անգլիայի օրենսդրությունը չի պարունակում առանձին կարգավորումներ՝ նվիրված ընկերության կողմից կնքվող խոշոր գործարքներին: Մասնավորապես, «Ընկերությունների մասին» ակտի (Companies Act 2006)՝ 190-րդ հոդվածի (substantial property transactions: requirement of members’ approval) վերլուծությունից պարզ է դառնում, որ ՄԹ-ում «խոշոր գործարքներ» եզրույթն ըստ էության նույնացվում է շահագրռվածության առկայությամբ գործարքների հետ, քանզի ընկերության բաժնետերերի կողմից հաստատման ենթակա են միայն այն «խոշոր գործարքները», որոնց մյուս կողմն է հանդիսանում ընկերության տնօրենը կամ վերջինիս հետ փոխկապակցված անձը: Ընդգծենք, սակայն, որ այլ կանոններ են գործում ցուցակված ընկերությունների նկատմամբ: Մասնավորապես, համաձայն կարգավորող մարմնի (Financial Conduct Authority) ցուցակման կանոնների (կանոն 10), բաժնետերերի համաձայնությունն անհրաժեշտ է բոլոր այն դեպքերում, երբ ցուցակված ընկերությունը կնքում է գործարք, որը ենթադրում է ընկերության կամ ակտիվների ձեռքբերում կամ օտարում, եթե.

  • գործարքի արժեքը հավասար է ցուցակված ընկերության ակտիվների առնվազն 25%-ին,
  • գործարքից բխող շահույթը հավասար է ցուցակված ընկերության շահույթի առնվազն 25%-ին,
  • գործարքի արդյունքում վճարման ենթակա գումարը հավասար է ցուցակված ընկերության հասարակ բաժնետոմսերի ընդհանուր շուկայական արժեքի առնվազն 25%-ին,
  • ցուցակված ընկերության կողմից ձեռքբերվող ընկերության համախառն կապիտալը արժեքը հավասար է ցուցակված ընկերության համախառն կապիտալի առնվազն 25%-ին: (FCR, Ցուցակման Կանոններ, կանոն 10.5.1)

Գերմանիայի «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը (Aktiengesetz) ևս չի պարունակում խոշոր գործարքների կարգավորման վերաբերյալ հատուկ դրույթներ:

Մյուս կողմից, օրինակ, Նոր Զելանդիայի «Ընկերությունների մասին» ակտի (Companies Act, 1993) համաձայն (հոդված 129)՝ որպես «խոշոր» է սահմանում այն գործարքները (major transactions), որոնք ենթադրում են ակտիվների ձեռքբերում կամ ընկերության ակտիվների տնօրինում կամ այնպիսի իրավունքների ձեռքբերում կամ պարտավորությունների ստանձնում, որոնց արժեքը գերազանցում է մինչ գործարքն ընկերության ունեցած ակտիվների արժեքի 50%-ը: Միաժամանակ, խոշոր գործարքները հաստատվում են բաժնետերերի ժողովի որոշմամբ: Այս կանոնից բացառություն է նախատեսված ընկերության գույքը որպես ապահովման միջոց տրամադրելու հետ կապված գործարքների համար:

Վրաստանի «Ձեռնարկատիրության մասին» օրենքի (Law on Enterpreneurs) 54-րդ հոդվածի համաձայն՝ բաժնետերերի ժողովը որոշում է կայացնում գույքի գնման, ընկերության գույքի օտարման կամ ծանրաբեռնման մասին գործարքների վերաբերյալ, եթե գույքի արժեքը գերազանցում է ընկերության ակտիվների արժեքի 50%-ը (ընդ որում, հնարավորություն է ստեղծված կանոնադրությամբ այս շեմը փոխելու), բացառությամբ ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակում կատարվող գործարքների:

Խոշոր գործարքների բավականին բարձր շեմ է նախատեսված նաև ԱՄՆ «Կորպորացիաների մոդելային ակտում» (բաժին 12.02), որի համաձայն, ակտիվների վաճառքի, վարձակալության, փոխանակման կամ այլ կերպ օտարման գործարքը պահանջում է ընկերության բաժնետերերի հաստատումը, եթե գործարքի արդյունքում ընկերությունը կմնա առանց էական տնտեսական գործունեության (significant continuing business activity): Համարվում է, որ ընկերությունը պահպանել է իր տնտեսական գործունեության էական մասը, եթե գործարքից հետո ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ակտիվները միասին կազմում են նախորդ ֆինանսական տարվա  ակտիվների կամ չհարկված շահույթի առնվազն 25%-ը: Նշված կանոնից բացառություն է նախատեսված հետևյալ դեպքերի համար՝ 1) բնականոն տնտեսական գործունեության շրջանակում կատարված գործարքները, 2) ընկերության ակտիվների տրամադրումը որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց, 3) ակտիվների փոխանցումը դուստր ընկերությանը, 4) ընկերության գույքի բաշխումը բաժնետերերի միջև: Ընդ որում, գործարքը բաժնետերերի կողմից հաստատվելուց առաջ որպես կանոն պետք է նախապես հաստատվի խորհրդի կողմից: 

Ի լրումն առանձին երկրների փորձի, որոնք, ըստ էության, թույլ են տալիս խորհրդի իրավասությունների, այդ թվում՝ ընկերության գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված գործարքների հաստատման պատվիրակում, հարկ է նշել, որ համաձայն կորպորատիվ կառավարման ՏՀԶԿ սկզբունքների (տե՛ս Խորհրդի իրավասությունների սկզբունքի D ենթասկզբունք, մաս 1 և 6)՝ ընկերության խորհուրդը պետք է իրականացնի որոշակի առանցքային գործառույթներ, որոնց շարքին է դասվում նաև կապիտալ ծախսեր և ընկերության ակտիվների «վատնման» ռիսկեր ենթադրող գործարքների վերահսկումը:

 

1.4. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի և գործադիր մարմնի լիազորությունների պատվիրակման ազատականացումը.

Ներկայումս Օրենքը սահմանում է ժողովի և խորհրդի «բացառիկ» իրավասությունները, ինչն անհնարին է դարձնում մի շարք որոշումների կայացման իրավունքը խորհրդին կամ գործադիր մարմնին պատվիրակելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, կան մի շարք ընկերություններ, որտեղ բաժնետերերը չեն ցանկանում ակտիվորեն ներգրավված լինել ընկերության կառավարման և առօրյա վերահսկման աշխատանքներում՝ նախընտրելով հարցերի հնարավորինս լայն շրջանակ պատվիրակել տնօրենների խորհրդին կամ, նույնիսկ, տնօրենին։ Կան նաև ներդրողներ, որոնք ցանկանում են առավել շատ ներգրավված լինել ընկերության կառավարմանը վերաբերող հարցերի լուծմանը։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետությունում շատ ընկերություններ չունեն խորհուրդներ, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում ժողովի համար, հատկապես, երբ այդ ընկերություններն ունեն ուժեղ և վստահելի տնօրեններ։

Հայաստանի Հանրապետությունում կորպորատիվ իրավունքի խիստ կարգավորումները և կառավարման հարցերում ճկունության գործիքների բացակայությունը գործարար շրջանակներում հաճախ մտահոգությունների առիթ են հանդիսանում։

Արդյունքում ակնկալվում է Հայաստանում կորպորատիվ ոլորտը դարձնել առավել մատչելի և գրավիչ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար՝ միաժամանակ ապահովելով բաժնետերերի իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ։

Ճկունության պայմաններում հնարավոր է ստեղծել տարբեր նպատակներ հետապնդող ընկերություններ`

  • Ընկերություններ, որտեղ բաժնետերերը սերտորեն ներգրավված են ընկերության կառավարման և վերահսկման գործընթացներում, և
  • Ընկերություններ, որտեղ բաժնետերերը նախընտրում են չներքաշվել առօրյա գործընթացների և ձևական բնույթ կրող այլ գործընթացների մեջ` մասնակցելով միայն ընկերության ռազմավարական նշանակության հարցերի կայացմանը և շահույթ ստանալով։

Տնտեսապես զարգացած մի շարք երկրներում ընդունված մոտեցում է, որ բաժնետերերը պետք է հնարավորություն ունենան ընկերությանը տալ այն կառուցվածքն ու իրականացնել գործառութային իրավասությունների այն բաշխումը, որը նրանք առավել նպատակահարմար են գտնում։ Իսկ նման իրավասությունն իրացնելու միջոցը ճկուն կանոնադրություն մշակելու հնարավորությունն է։ Այս մասին է վկայում նաև ԵՄԿԱ-ի վերլուծությունը, որի հիմքում ևս այն տրամաբանությունն է, որ ժողովի ներգրավվածությունը անհրաժեշտ է այնպիսի որոշումներով, որոնք կարող են որոշիչ դեր ունենալ ընկերության հետագա զարգացման համար կամ որոնք ուղղակի առնչվում են նրանց շահերին, սահմանափակում նրանց իրավունքները կամ ստեղծում նոր պարտավորություններ[16]։

Հետևաբար, իրավասությունների բաշխման ճկուն համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ներդնել և կիրառել կորպորատիվ կառավարման սկզբունքներ, սահմանել կառավարման տարբեր մարմինների միջև պատասխանատվության և պարտավորությունների բաշխումը և իրականացնել առավել արդյունավետ կառավարում, ինչն իր հերթինխթանում է ներդրումները և երկիրը դարձնում առավել գրավիչ՝ կորպորատիվ կառավարման և կորպորատիվ իրավունքի համատեքստում։

 

1.5. Աշխատողների բաժնետիրացման ճկուն համակարգ.

Վերջին տարիներին տարբեր երկրներում լայն տարածում է ստացել աշխատակիցների բաժնետիրացման պլանների և ծրագրերի կիրառումը (Restricted stock units)։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում աշխատակիցների բաժնետիրացումը ներկայիս կարգավորումների համաձայն հնարավոր է շատ խիստ կարգավորումների կիրառմամբ և միայն հետգնված բաժնետոմսերի հաշվին։

Հավատարմության և երկարամյա աշխատանքի դիմաց աշխատողներին ընկերության բաժնետոմսերով պարգևատրելու ինստիտուտը բավականին տարածված գործիք է, որը հնարավորություն է տալիս խրախուսել աշխատակիցներին և կանխել աշխատուժի արտահոսքը, ինչն էլ, իր հերթին, կարող է անուղղակիորեն կանխել մասնագիտական արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից։ Աշխատողների համար բաժնետիրացման համապատասխան պլաններ և ծրագրեր մշակելու հնարավորությունը նաև բանիմաց, հավատարիմ և որակյալ մասնագետներ ներգրավելու միջոց է։

 

1.6. Գրանցման պահին կանոնադրական կապիտալի վճարված լինելու իրավական ֆիկցիա.

Օրենքի ներկայիս կարգավորումները պահանջում են, որ պետական գրանցման պահին ընկերության կանոնադրական կապիտալը լինի վճարված։ Միաժամանակ, ընկերությունը կարող է ունենալ դրամարկղ՝ կանխիկ մուտքերի համար, կամ բանկային հաշվեհամար՝ անկանխիկ մուտքերի համար, միայն դրա պետական գրանցումից հետո։ Արդյունքում, նման կարգավորումը հանդիսանում է իրավական ֆիկցիա և գործնականում կիրառելի չէ։ Ավելին, գործնականում տեղի է ունենում հակառակը. Ընկերության կանոնադրական կապիտալը փաստացի համալրվում է ընկերության պատշաճ կարգով պետական գրանցման ենթարկվելուց հետո կամ, երբեմն, մինչև ընկերության գրանցումը բանկերում բացվում է տարանցիկ կամ հատուկ հաշիվ, որի միջոցներով կվճարվի կանոնադրական կապիտալը:

Այս տեսանկյունից հետաքրքրական են նաև ռուսական կարգավորումները: Այսպես, Ռուսաստանի Դաշնության՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ «Ընկերության հիմնադրման ժամանակ վերջինիս բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվում է հիմնադիրների կողմից այդ բաժնետոմսերի անվանական արժեքից ոչ ցածր արժեքով»: Իր հերթին, 34-րդ հոդվածով սահմանվում է, որ «Ընկերության հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը պետք է ամբողջությամբ իրականացվի ընկերության պետական գրանցման օրվանից մեկ տարվա ընթացքում, եթե ընկերության հիմնադրման մասին պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:»: Ընդ որում, օրենքով սահմանվում է նաև, որ հիմնադրման ժամանակ տեղաբաշխված բաժնետոմսերի առնվազն 50%-ը պետք է վճարվի պետական գրանցման պահից երեք ամսվա ընթացքում, իսկ սահմանված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում չվճարված բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է ընկերությանը: Հատկանշական է, որ, ըստ ռուսական օրենսդրության, Ընկերության ստեղծման մասին պայմանագիրը կարող է նախատեսել բաժնետոմսերի վճարման պարտավորությունը սահմանված ժամկետում չկատարելու համար տույժեր:   

 

1.7. Պահանջի փոխարկումը բաժնեմասնակցության.

Ներկայումս Օրենքը արգելում է ձեռք բերված բաժնետոմսի դիմաց վճարման պարտավորությունից բաժնետիրոջն ազատելը։ Սակայն, պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից աշխարհում ընկերությունների համար ֆինանսավորման գործուն մեխանիզմ է պարտքով ֆինանսավորումը, նախքան բաժնեմասնակցության վաճառելը։ Այս տեսանկյունից, մի շարք ներդրողներ, այդ թվում` օտարերկրյա, կանգնում լուրջ խնդրի առջև, երբ ընկերության առաջին տարիներին նրանք որպես պարտք (debt) գումար են ներդնում ընկերության կապիտալում, իսկ մի քանի տարի հետո ցանկանում են իրենց պարտքը փոխարկել բաժնեմասնակցության (equity)։ Այս դեպքում ընկերությունները ստիպված են լինում մշակել բարդ և փուլային մեխանիզմներ՝ այդպիսի ներդրողներին ընկերության բաժնետեր դառնալու. գործընթացն ավարտին հասցնելու համար։ Հատկանշական է, որ Օրենքը հնարավորություն է նախատեսում պարտատոմսի փոխարկումը բաժնետոմսի՝ այդպիսով հեշտացնելով պարտատիրոջ փոխարկումը բաժնետիրոջ, սակայն նույն հնարավորությունը չի գործում ընկերությանն այլ կերպ պարտքով գումար տված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, երբ վերջիններս ցանկանում են դառնալ ընկերության բաժնետեր։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ բացի փոխարկելի պարտատոմսերից, գոյություն ունեն նաև պարտքային այլ գործիքներ, որոնք որոշակի դեպքերում ենթադրում եմ փոխարկում բաժնետոմսերի: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ առկա բաժնետերերն են փաստացի փոխառություններով ֆինանսավորում ընկերությունը`       այնուհետև ցանկանալով այդ պարտքը փոխակերպել ներդրման:

Միաժամանակ, պարտքը բաժնեմասնակցության փոխարկելու հնարավորությունը առանձնահատուկ նշանակություն ունի ճգնաժամային իրավիճակներում՝ հնարավորություն տալով ընկերություններին «մաքրելու» հաշվապահական հաշվեկշիռը և լրացուցիչ պարտքային բազա ստեղծելու[17] (այդ մասին մանրամասն՝):

Բաժնետոմսերի դիմաց վճարումը բաժնետիրոջ՝ ընկերության նկատմամբ ունեցած պահանջի հաշվանցի միջոցով թույլատրվում է Միացյալ Թագավորության օրենսդրությամբ (Ընկերությունների մասին օրենք, 2006թ, հոդված 583), Իռլանդիայում:

 

1.8. Բացասական կապիտալով ընկերությունների կարգավորման հարցը

Ներկայումս Օրենքը նախատեսում է, որ եթե ընկերության երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարում նրա զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է նվազեցնել իր կանոնադրական կապիտալը։ Սակայն, հաշվի առնելով գործունեության մի շարք տեսակների առանձնահատկությունները, այդպիսի գործունեության սկզբնական հատվածում բիզնես գործընթացները ստիպում են ընկերությանը գործել բացասական կապիտալով. օրինակ` հետազոտությամբ կամ երկարաժամկետ ծրագրերի ներդրմամբ զբաղվող ընկերությունները: Նման դեպքերում ակնկալվում է, որ ընկերությունը կսկսի շահույթ ձևավորել իր գործունեությունը սկսելուց որոշակի ժամանակ անց միայն։ Ուստի, նման դեպքերում, երբ ընկերության մոտ առկա չեն անվճարունակության հիմքեր, իսկ բացասական կապիտալի առկայությունը պայմանավորված է գործունեության առանձնահատկություններով, ըստ էության, նպատակահարմար չէ ընկերությանը պարտադրել նվազեցնել իր կանոնադրական կապիտալը կամ լուծարվել։

Մի շարք եվրոպական երկրներ, ինչպես նաև ԵՄԿԱ-ն, նման դեպքերում նախատեսում են պարտավորություն` արտահերթ ժողով հրավիրելու, որն էլ իրավասու կլինի որոշել ընկերության հետագա քայլերը. օրինակ` Իտալիան կամ Դանիան նախատեսում են պարտադիր ժողովի հրավիրում, եթե ընկերությունը սպառել է իր կապիտալի համապատասխանաբար 50 կամ 30 տոկոսը[18]։

Նշված կանոնն (recapitalize or liquidate) ի սկզբանե ամրագրվել է ԵՄ կորպորատիվ իրավունքը կարգավորող «Երկրորդ դիրեկտիվում»: Կանոնը սահմանափակում էր ընկերությունում՝ օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն շեմը գերազանցող չափով կորուստների ձևավորումը՝ հետևապես արդիական լինելով այն դեպքում, երբ օրենքով սահմանված է ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն չափ:

ԵՄ մի շարք երկրների ներքին օրենսդրություններում recapitalize or liquidate կանոնն ամրագրվել է առավել խիստ կերպով՝ բաժնետերերի արտահերթ ժողով հրավիրելու, կապիտալի համալրման/կանոնադրական կապիտալի նվազեցման կամ լուծարման պահանջներ սահմանելով նաև այն դեպքերի համար, երբ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակասում է կանոնադրական կապիտալի չափից:

Ընկերության կանոնադրական կապիտալի արժեքի որոշակի չափով կորուստներ կրելու դեպքերը տարբեր կերպ են կարգավորվում եվրոպական երկրների օրենսդրությամբ, սակայն ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ առկա է երկու այլընտրանք՝ պարզապես բաժնետերերի արտահերթ ժողովի հրավիրում կամ կանոնադրական կապիտալի չափի նվազեցում/լուծարում: Առավել խիստ՝ կանոնադրական կապիտալի չափի նվազեցման կամ լուծարման պահանջ սահմանված է Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Շվեդիայում:

 Մասնավորապես, Իտալիայի Քաղաքացիական օրենսգրքի 2446 և 2482bis հոդվածների համաձայն՝ եթե կորուստների արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալը կրճատվում է ավելի քան 1/3-ով, ապա տնօրենների խորհուրդը պարտավոր է անհապաղ գումարել բաժնետերերի ժողով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Եթե դրան ​​հաջորդող ֆինանսական տարվա ընթացքում կորուստները չեն նվազում ընկերության կանոնադրական կապիտալի 1/3-ից, ապա ընկերությունը պարտավոր է նվազեցնել կանոնադրական կապիտալը կրած վնասներին համամասնորեն: Հակառակ դեպքում տնօրենների խորհուրդը պարտավոր է դիմել դատարան` կապիտալի նվազեցման մասին որոշում կայացնելու պահանջով:

Ֆրանսիայի Կոմերցիոն օրենսգրքի L225-248 հոդվածի համաձայն՝ կանոնադրական կապիտալի 50%-ից ավելիի չափով կորուստներ կրելու դեպքում ընկերության խորհուրդը կամ գործադիր մարմինը պարտավոր է ֆինանսական հաշվետվությունները հաստատելու օրվանից չորս ամսվա ընթացքում հրավիրել բաժնետերերի արտահերթ ժողով՝ կրած կորուստները բացահայտելու և որոշելու, թե արդյո՞ք անհրաժեշտ է կայացնել լուծարման մասին որոշում: Այն դեպքում, երբ լուծարման մասին որոշում չի կայացվում, ընկերությունը պետք է ոչ ուշ, քան մինչև կորուստների գրանցմանը հաջորդող երկրորդ ֆինանսական տարվա ավարտը նվազեցնի իր կանոնադրական կապիտալը կրած կորուստներին համամասնորեն, բացառությամբ, եթե ընկերության զուտ ակտիվների արժեքը մինչ այդ հավասարվում է կանոնադրական կապիտալի առնվազն 50%-ին: Եթե նշված դեպքերում բաժնետերերի արտահերթ ժողով չի հրավիրվում կամ ընկերության կանոնադրական կապիտալի չափը չի նվազեցվում, ցանկացած շահագրգիռ անձ իրավունք է ստանում դատական կարգով պահանջել ընկերության լուծարումը:

Մանրամասն կարգավորումներ են նախատեսված Շվեդիայի «Ընկերությունների մասին» օրենքի 25(13) -25(20) հոդվածներում: Այստեղ ևս զուտ ակտիվների՝ կանոնադրական կապիտալի 50%-ից պակաս լինելու դեպքը ենթադրում է, որ ընկերության խորհուրդը պետք է հրավիրի բաժնետերերի արտահերթ ժողով, որտեղ կքննարկվի ընկերության լուծարման հարցը: Այն դեպքում, երբ այսպես կոչված «առաջին ժողովը» չի կայացնում լուծարման մասին որոշում, ապա խորհուրդը պարտավոր է հաջորդող 8 ամսվա ընթացքում հրավիրել երկրորդ ժողով: Ընկերությունը ենթակա է դատական կարգով լուծարման, եթե նշված ժամկետում բաժնետերերի երկրորդ ժողովի չի գումարվում կամ ժողովը գումարվում է և չի կայացվում լուծարման մասին որոշում, այն դեպքում, երբ ընկերության զուտ ակտիվների արժեքը չի վերականգնվել մինչև սահմանված շեմը:

 

1.9. Սկսնակ ընկերությունների (start-up) կողմից չապահովված պարտատոմսերի թողարկման հնարավորությունը

Օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ առանց ապահովման պարտատոմսերի թողարկումը թույլատրվում է Ընկերության պետական գրանցումից առնվազն երեք տարի հետո և պայմանով, որ սահմանված կարգով հաստատված լինեն Ընկերության առնվազն երկու տարեկան հաշվեկշիռները:  Այս սահմանափակման արդյունքում մի շարք նոր ստեղծված ընկերություններ զրկվում են պարտատոմսերի միջոցով ֆինանսավորում ներգրավելու հնարավորությունից, քանի որ ակնհայտ է, որ նման ընկերությունները չունեն բավականաչափ ակտիվներ պարտատոմսերի ապահովում տրամադրելու համար: Սակայն նման հնարավորության նախատեսումը, իր հերթին, նույնպես կնպաստի տարբեր ֆինանսական գործիքների միջոցով ներդրումների կատարմանը, օրինակ, սփյուռքի ներկայացուցիչների (diaspora bond) կողմից պարտատոմսերի միջոցով ներդրումներ կատարելուն:

 

1.10. Կոտորակային բաժնետոմսերը պահելու հնարավորությունը

Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բաժնետոմսն անբաժանելի է: Այլ կերպ Օրենքի գործող խմբագրությամբ թույլատրվում է տիրապետել, օգտագործել և տնօրինել միայն ամբողջական բաժնետոմսեր: Միևնույն ժամանակ, Օրենքով նախատեսված դեպքերում, մասնավորապես՝ բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) դեպքում, նախատեսված է, որ առաջանում են կոտորակային բաժնետոմսեր: Ուստի, նման դեպքերում Օրենքով նախատեսվել է բաժնետոմսերի պարտադիր հետգնման պահանջ, որը, սակայն, գործնականում հանգեցնում է տարատեսակ չարաշահումների և բաժնետերերի իրավունքների խախտումների, երբ կոնսոլիդացիան իրականում օգտագործվում է բաժնետերերից ընկերությունից դուրս մղելու նպատակներով:

Իր հերթին, նկատենք, որ կոտորակային բաժնետոմսերը պահելու և դրանք շրջանառության մեջ դնելու հնարավորությունը թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում բացառված երևույթ չէ, և մի շարք երկրներում, այդ թվում՝ զարգացած կորպորատիվ մշակույթ ունեցող, թույլատրվում է տիրապետել, օգտագործել և տնօրինել կոտորակային բաժնետոմսեր: Նման մոտեցումը պայմանավորված էայնհանգամանքով, որ կոտորակային բաժնետոմսերը պահելու և դրանք տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունը նաև օպտիմալացնում է կորպորատիվ գործընթացները՝ նվազեցնելով նյութական, ժամանակի և այլ ծասերը[19]: Ուստի, կոտորակային բաժնետոմսերի շրջանառունակությունը ինքնանպատակ չէ և ուղղված է ինչպես կիրառվող չարաշահումների բացառմանը, այնպես էլ պրակտիկ խնդիրների լուծմանը:

Այսպես, կոտորակային բաժնետոմսերի շրջանառունակությունը իր տարբեր դրևորումներով հայտնի է զարգացած կորպորատիվ հարաբերություններ ունեցող տարբեր երկրներում[20]. այն թույլատրվում է Ռուսաստանում[21], Էստոնիայում[22], Մոլդովայում չի սահմանվում կոնսոլիդացիայի արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերի հետգնման պահանջը[23]: Այս ինստիտուտը բավականին տարածված և զարգացած է նաև ԱՄՆ-ում. օրինակ՝ այստեղ գործում են մի շարք հարթակներ, որտեղ թույլատրվում է կոտորակային բաժնետոմսերի շրջանառությունը (Robinhood, Stockpile, M1 Finance և այլն):

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Վերոնշյալ հիմնավորումները հաշվի առնելով և պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, կորպորատիվ հարաբերությունների իրավակարգավորումները ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու պահանջով` սույն նախագծով առաջարկվում է`

1) հնարավորություն ընձեռել ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 95 և ավելի տոկոսին տիրապետող բաժնետիրոջը ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին պատկանող ձայնի իրավունք տվող մնացած բաժնետոմսերը՝ համապատասխան պահանջի մեջ նշված գնով։ Միաժամանակ, հնարավորություն է տրվում փոքր բաժնետերերին, ովքեր տիրապետում են ընկերության ձայնի իրավունք տվող մինչև 5 տոկոս բաժնետոմսերին, պահանջել խոշոր՝ 95 և ավել տոկոս ձայնի իրավունք տվող բաժնետոմսերիսեփականատիրոջը, գնել իրենց բաժնետոմսերը և դուրս գալ ընկերությունից.

2) կատարել համակարգային փոփոխություններ, որոնք առնչվում են բաժնետոմսերի հասարակ (սովորական) և արտոնյալ տեսակների դասեր նախատեսելու հնարավորությանը և դրանից բխող իրավունքներին։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններն միտված են ընկերություններին ու դրանց բաժնետերերին հնարավորություն ընձեռել ցանկության դեպքում իրենց կանոնադրությամբ սահմանել նաև հասարակ բաժնետոմսերի դասեր՝ համապատասխան տարբերակված իրավունքներով`ներառյալ այդպիսի բաժնետոմսերը տիրապետողներին մեկից ավելի ձայն տրամադրելու իրավունքը.

3) խոշոր գործարք կնքելու մասին որոշման կայացման իրավազորությունը (ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 և ավելի տոկոսը կազմողգույքիձեռքբերումկամօտարում)վերապահել միայն ժողովին, իսկ ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարքների վերաբերյալ (ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի մինչև 50 տոկոսը կազմողգույքիձեռքբերումկամօտարում) նախատեսել առանձին գլուխ, որով այդպիսի գործարքներ կնքելու իրավասությունը բացի ընկերության տնօրենների խորհրդիցհնարավոր կլինի պատվիրակել նաև ընկերության գործադիր մարմնին` կանոնադրությամբ սահմանված դեպքերում։ Արդյունքում, այն ընկերությունները, որոնք ցանկանում են առավել լայն լիազորություններ պատվիրակել իրենց գործադիր մարմնին, կունենան այդպիսի հնարավորություն` ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում.

4) որոշակի լիազորությունների և որոշումների կայացման իրավունքի պատվիրակման հնարավորություն ինչպես խորհրդին, այնպես էլ գործադիր մարմնին` այդպիսով նախատեսելով իրավասությունների պատվիրակման լիբերալ և ճկուն հմակարգ։ Առաջարկվում է մասամբ հրաժարվել «բացառիկ իրավասության» գաղափարից` հնարավորություն տալով ընկերություններին իրենց կանոնադրություններով նախատեսված դեպքերում և չափով` հաշվի առնելով նաև սահմանվող բացառությունները, տարբեր լիազորություններ պատվիրակել ժողովից խորհրդին, իսկ խորհրդից՝ գործադիր մարմնին։ Ընդ որում` բաժնետերերի իրավունքներին ու շահերին առնչվող որոշումների կայացումը, ինչպես նաև այնպիսի հարցերի լուծումը, որոնք ստեղծում են նոր պարտավորություններ բաժնետերերի համար կամ սահմանափակում են նրանց հնարավորությունները միևնույն է մնում են միայն ժողովի ենթակայության հարցեր` այդպիսով պաշտպանելով բաժնետերերի իրավունքները. օրինակ` կանոնադրական կապիտալի նվազեցումը կամ ավելացումը, կանոնադրության այնպիսի փոփոխությունները, որոնք վերաբերում են բաժնետերերի իրավունքներին և պարտականություններին, բաժնետոմսերի համախմբումը, ընկերության վերակազմակերպումը կամ լուծարումը։ Միաժամանակ, մնացած բոլոր այն իրավասությունները, որոնք ուղղակիորեն չեն ազդում բաժնետերերի իրավունքների և շահերի վրա առաջարկվում է կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պատվիրակել խորհրդին կամ գործադիր մարմնին.

5) ներդնել աշխատողների բաժնետիրացման առավել ճկուն մեխանիզմներ՝ որոշումների կայացման հիմնական իրավասությունը վերապահելով կանոնադրությանը կամ ժողովին։ Ընդ որում, աշխատակիցների բաաժնետիրացումը առաջարկվում է դիտարկել որպես Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված խրախուսանքի միջոց.

6) վերանայել Օրենքը` վերացնելով Ընկերության գրանցման ժամանակ դրա կանոնադրական կապիտալի վճաարվաած լինելու իրավակաան ֆիկցիան և սահմանելով կանոնադրական կապիտալի համալրման ժամկետ` միաժամանակ նախատեսելով սահմանված ժամկետում կանոնադրական կապիտալը չվճարելու դեպքում վրա հասնող հետևանքները.

7) հաշվի առնելով պարտատոմսերից բացի նաև պարտքային այլ գործիքների փոխարկումը ընկերության բաժնետոմսերի` նախատեսել ընկերության հանդեպ պահանջը բաժնետոմսի դիմաց վճարման ենթակա գումարովհաշվանցելու հնարավորությունը.

8) բացասական կապիտալի առկայության դեպքում անհապաղ հրավիրել արտահերթ ընդհանուր ժողով, հասկանալ դրա պատճառները, և դրանից հետո միայն կայացնել որոշում՝ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, լուծարվելու կամ գործունեությունը շարունակելու վերաբերյալ։ Միաժամանակ, բարեխիղճ պարտատերերի շահերը ապահովելու համար առաջարկվում է սահմանել ընկերության պարտավորությունը՝ իր պարտատերերին հրապարակային ծանուցել բացասական կապիտալով գործունեությունը շարունակելու մասին ժողովի կայացրած որոշման մասին.

9) վերացնել առանց ապահովման պարտատոմսերի թողարկման եռամյա ժամկետի պայմանը.

10) Օրենքով նախատեսված դեպքերում կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում թույլատրել բաժնետերերին պահպանել այդ բաժնետոմսերը՝ ապահովելով դրանք տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունը։ Ընդ որում, կոտորակային բաժնետոմսերի սեփականատերերին տրվում են նույն իրավունքները, ինչ ամբողջական բաժնետմսերի սեփականատերերին` իրենց կոտորակային բաժնետոսմսի կոտորակին (մասին) համամասնորեն.

12) ներդնել կորպորատիվ հարաբերությունների ժամանակակից կարգավորմանն ուղղված այլ լուծումներ։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից` «Adwise Consulting» բիզնես և իրավաբանական խորհրդատվական ընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (ANIF) հետ համատեղ:

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կորպորատիվ իրավունքին վերաբերող կարգավորումները համապատասխանեցնել ժամանակի զարգացումներին։ Ակնկալվում է հնարավորություն ստեղծել թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար առավել արդյունավետ իրականացնելու ընկերությունների ֆինանսավորումը և՛ պարտքի, և՛ բաժնեմասնակցության միջոցով, ստեղծել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության լրացուցիչ գործիքներ` միաժամանակ պահպանելով հավասարակշռությունը փոքր և խոշոր բաժնետերերի շահերի միջև, նախատեսել ընկերության կառավարման գործընթացում ճկունության կիրառման հնարավորություններ, անհատականացված մոտեցումներ յուրաքանչյուր տեսակի և կատեգորիայի ներդրողների և բաժնետերերի համար։ Իր հերթին, անհատականացված մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ներդրումային դաշտի այցեքարտերից մեկը։

 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ,  ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

[1]Դանիական ընկերությունների ակտ բաժին 70:

[2] Anton Babak - Adoption of Squeeze-Out and Sell-Out Rights of Shareholders in Ukraine on the Basis of a Comparison of EU, Germany and USA, Central European University March 30, 2012, էջ 22

[3] Տե՛ս նույն տեղում, էջ 31, այստեղ նկարագրված օրենքը չի ստորագրվել նախագահի կողմից, իսկ 95%-անոց շեմն ամրագրվել է հետագայում ընդունված օրենքով՝ http://search.ligazakon.ua/l_doc2.nsf/link1/T171983.html

[4] The Netherlands, Squeeze-out Guide, IBA Corporate and M&A Law Committee 2014, էջ 2

[5] LAW OF GEORGIA ON ENTREPRENEURS, հոդված 534

[6] https://www.kinstellar.com/insights/detail/778/kazakhstan-introduces-new-squeeze-out-mechanism-for-major-shareholders

[7]Italy, Squeeze-out Guide, IBA Corporate and M&A Law Committee 2014, էջ 2

[8]Law of 21 July 2012 on mandatory squeeze-out and sell-out of securities of companies currently admitted or previously admitted to trading on a regulated market or having been offered to the public and amending the law of 23 December 1998 establishing a financial sector supervisory commission, հոդված 4

[9] DIRECTIVE 2004/25/EC OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCILof 21 April 2004on takeover bids

[10]ԵՄԿԱ առաջին հրատարակություն, 2017թ․, Nordic & European company law, LSN research Paper series, No. 16-26, European Model Companies Act, First Edition, 2017, by Paul Kruger Andersen and Jan Bertil Andersson, էջեր՝ 234-237, 264-65:

[11] ՀՀ սահմանադրական դատարանի` 13.07.2010թ.-ի թիվ ՍԴՈ-903 որոշում:

[12] Անձ ով ունի  բավականաչափ ֆինանսական կարողություն և ֆինանսապես աջակցում է փոքր սկսնակ (startup) ընկերությունների` այդ ընկերությունում մասնակցություն ձեռք բերելու դիմաց։

[13]ԵՄԿԱ, էջեր՝ 95-96

[14] ԵՄԿԱ, էջեր՝ 95-97

[15] https://www.doingbusiness.org/en/methodology/protecting-minority-investors

[16]Առավել մանրամասն տես ԵՄԿԱ, էջեր՝ 258-259

[17] https://www.farrer.co.uk/news-and-insights/funding-alternatives-in-difficult-times--converting-debt-to-equity/?fbclid=IwAR15sxH5_hUEYjJWyY-Kbtw-ryWfQMtba7dYUhXHkBdbGoQmBxCE81_IhFs

[18]Տե՛ս ավելին ԵՄԿԱ, էջ 199

[19] А.Глушецкий, Институт дробных акций – востребованная новация корпоративной практики, էջ 1

[20] Տե՛ս նույն տեղում, էջ 9

[21] Закон об акционерных обществах, статья 25, пункт 3

[22] Estonia – Commercial Code, Passed 15.02.1995, Article 152

[23] Moldova – Law on Joint-Stock Companies, Article 81

  • Обсуждалось

    22.03.2021 - 06.04.2021

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10336

Принт