ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
1.1. Էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերի (ներառյալ` օրինակելի պայմաների) արդիականությունը և դրանց տեսակները.
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման պարագայում, ինչպես նաև էլեկտրոնային գործիքների տարածվածությունն ու կիրառման արդյունավետությունը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որոնցով կապահովվի էլեկտրոնային գործարքների (պայմանագրերի) կնքման հարաբերություններում կողմերի իրավունքների համապարփակ պաշտպանությունը։ Մասնավորապես, անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնցով հնարավոր կլինի պատշաճ արձագանքել ժամանակի պահանջմունքներին:
Հարկ է նկատել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) գրավոր մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելուց բացի այլ եղանակներով համապատասխան պայմանագրերի կնքման կառուցակարգերը սահմանված են Օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն՝ պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել հետևյալ եղանակներով.
- փոստային հաղորդակցության միջոցներով,
- հեռագրային հաղորդակցության միջոցներով,
- հեռատիպային հաղորդակցության միջոցներով,
- հեռախոսային հաղորդակցության միջոցներով,
- էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ
- կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով։
Նշվածից բխում է, որ հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով պայմանագրի կնքումը հնարավոր է բացառապես տեղեկության կամ հաղորդագրության (փաստաթղթի) փոխանակման միջոցով։ Ընդ որում, գործող օրենսդրությամբ տեղեկության կամ հաղորդագրության (փաստաթղթի) փոխանակման միջոցով կնքված պայմանագիրը համարվում է վավեր և իրավաչափ, եթե միաժամանակ պահպանվել են առնվազն հետևյալ երկու պայմանները.
- պետք է հաստատվի այդպիսի հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով փոխանցված տեղեկության կամ հաղորդագրության (փաստաթղթի) իսկությունը: Այլ կերպ, ենթադրվում է, որ պետք է առկա լինի նյութական կրիչ, չնայած այն հանգամանքին, որ նույն նորմով ուղղակի մատնանշում դրա մասին առկա չէ), որով հնարավոր կլինի փաստարկել հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկության կամ հաղորդագրություն (փաստաթղթի) փոխանակման, փոխանցման հանգամանքները.
- հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով փոխանցված տեղեկության կամ հաղորդագրության փոխանցումը պետք է հնարավորություն տա ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է պայմանագրի կողմից։ Սակայն, հատկանշական է, որ այս մասով գործող օրենսդրությունը հստակ մեխանիզմներ չի նախատեսում, թե ինչպես պետք է իրականացվի պայմանագրի կողմից ելնելու հանգամանքի առկայության ճշգրիտ որոշումը։ Այդ իսկ պատճառով իրավակիրառ պրակտիկայում, օրինակ, առցանց պայմանագրեր կնքելիս օգտագործվում են անձին նույնականացնելու միջոցներ և քայլեր, օրինակ, նախապես տրամադրված PIN կոդերի առկայություն կամ անձի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, հաշվառման հասցեի վերաբերյալ կամ ճշգրտող այլ հարցադրումների ներկայացում պայմանագիր կնքելու ցանկություն ունեցող անձին:
Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ գործող իրավակարգավորումից միանշանակ պարզ չէ, թե արդյո՞ք Օրենսգրքով նախատեսված կարգավորումը անդրադառնում է նաև այն դեպքերին, երբ պայմանագրի կողմերի կամ նրանցից մեկի գործողությունները վերահսկվում և իրականացվում են, ոչ թե ֆիզիկական անձի, այլ ինքնաշխատ համակարգի կողմից (էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրեր): Այլ կերպ, միանշանակ չէ՝ արդյո՞ք գործող նորմը կարգավորում է այն դեպքերը, երբ պայմանագիրը կնքվում է էլեկտրոնային հարթակներում, օրինակ, ինտերնետային կայքեր մուտք գործելով, էլեկտրոնային հավելվածներ ներբեռնելով կամ համանման այլ միջոցներով: Մասնավորապես, գործող կարգավորման տրամաբանությունից առավելապես բխում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով տեղեկատվության փոխանակման արդյունքում կնքված պայմանագրի ճանաչումն ու կիրառումը՝ հստակ չանդրադառնալով էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերին: Այնուամենայնիվ, օրենսդրության, հատկապես, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքների ուսումնասիրությունը վկայում է, որ ներկայումս, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով պայմանագրերի կնքման ներքո հասկացվում են նաև էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերը: Ինչևէ, միջազգային մոտեցումները վկայում են, որ առավել նպատակահարմար է տարբերակել էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով և էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերը[1]:
Նշվածի համատեքստում հարկ է նշել, որ էլեկտրոնային գործարքների կապակցությամբ պայմանագրային իրավունքում հայտնի են հետևյալ երկու կարևորագույն սկզբունքները՝ «տեխնոլոգիական չեզոքության» (technological neutrality) և «ֆունկցիոնալ համարժեքության» (functional equivalence)։ «Տեխնոլոգիական չեզոքության» սկզբունքը ենթադրում է այնպիսի դրույթների և կարգավորումների ընդունում, որոնք կիրարկվող տեխնոլոգիաների, հաղորդակցության միջոնցերի նկատմամբ ունեն չեզոք բնույթ: Իր հերթին, «ֆունկցիոնալ համարժեքության» սկզբունքը ենթադրում է, որ էլեկտրոնային հաղորդակցության և թղթային հաղորդակցության ձևերը միմյանց նկատմամբ առավելություն չունեն և գտնվում են միևնույն մակարդակում։ Այդ է պատճառը, որ էլեկտրոնային հաղորդակցության նկատմամբ սահմանվում են հատուկ պահանջներ, որոնցով այն ծառայում է այն նույն նպատակներին և գործառույթներին, որոնք բնորոշ են ավանդական թղթային հաղորդակցությանը[2]։
Հարկ է նաև նշել, որ Օրենսգիրքը ներառում է դրույթներ պայմանագրի անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմանների (ընդհանուր կարգի և պայմանների) վերաբերյալ։ Մասնավորապես, Օրենսգրքի 443-րդ հոդվածից բխում է, որ պայմանագրի անբաժանելի մաս կազմող առանձին պայմանները կարողեն որոշվել համապատասխան տեսակի պայմանագրերի համար մշակված և մամուլում հրապարակված օրինակելի պայմաններով։ Բացի այդ, այդպիսի պայմանների կիրարկելիությունը կարող է ապահովվել զուտ օրինակելի պայմաններին կատարված պայմանագրային հղումով։
Այսպես, սույն նորմից հնարավոր չէ միանշանակ բխեցնել նշված պայմանների վերաբերյալ նշում (հղում) պարունակելու, դրանց ծանոթանալու հնարավորության նախատեսման և դրանց համաձայնություն տալու անհրաժեշտությունը: Իր հերթին, գործող եզրույթը՝ «օրինակելի պայմաններ», հաճախ շփոթ է առաջացնում «օրինակելի պայմանագրերի», «պայմանագրերի օրինակելի ձևի» հետ: Նշված հարցերի կարգավորման անհրաժեշտությունն առավել արդիական է, հատկապես, էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերի տարածվածության պայմաններում, որոնց դեպքում գործնականում բավականին շատ է տարածված օրինակելի պայմանների կիրառումը: Այսպես, Օրենսգրքի 443-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից կարելի է եզրահանգել, որ ինքնին պայմանագրի անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմաններին կատարված հղումը բավարար է դրանց պարտադիրության և կիրառման համար: Նման մոտեցումը, սակայն, չի բխում միջազգային իրավական պրակտիկայից. օրինակ՝ ԱՄՆ-ում, Բելգիայի Թագավորությունում, Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում, Ճապոնիայում, Շվեցյարիայում, Ճապոնիայում և այլուր լայն տարածում ունեն, այսպես կոչված, Click-wrap պայմանագրերը, որոնց դեպքում պայմանագրի անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմաններին միանալը և դրանց համաձայնություն տալը համարվում է վավեր, եթե անձին վերապահվել է այդ պայմաններին իրապես ծանոթանալու հնարավորություն և այդ կապակցությամբ արտահայտվել է անձի անվերապահ և անհետկանչելի համաձայնությունը, որը հնարավոր է որևէ նյութական կրիչով փաստարկել։ Համապատասխան եզրահանգումները բխում են նաև Միջազգային պայմանագրերում էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի[3], ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի «Էլեկտրոնային առևտրի մասին» մոդելային օրենքի[4] (այսուհետ՝ Մոդելային օրենք), Էլեկտրոնային ստորագրության 1999թ.[5] և Էլեկտրոնային առևտրի մասին 2000թ.[6] ԵՄ դիրեկտիվների հիմնական տրամաբանությունից և կարգավորումներից։ Բացի նշվածից, գործող կարգավորմամբ խոսվում է միայն մամուլում հրապարակված պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմանների կիրառելիության մասին, մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ օրինակելի պայմանները արդի պայմաններում գերազանցապես տեղ են գտնում համակարգչային հավելվածներում, ինտերնետային կայքերում կամ համանման այլ հարթակներում։
Նկատենք նաև, որ առկա կարգավորումներով օրինակելի պայմանների կապակցությամբ անձի կողմից համապատասխան համաձայնությունը տրամադրելու կամ այդպիսի պայմանների նախապես ծանոթանալու մասով առանձին կարգավորումների բացակայությունը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ անձի կողմից որևէ ինտերնետային կայք մուտք գործելը կամ այն փաստացի օգտագործելը կարող է հանգեցնել որոշակի պայմանների կիրառման պարտադիրության, այլ կերպ, անձը կարող է չիմանալ, որ որոշակի կայքէջ մուտք գործելը անխուսափելիորեն և առանց համաձայնության իր համար կարող է առաջացնել լրացուցիչ պարտավորություններ, օրինակ՝ անձի անձնական տվյալների մշակման, փոխանցման հնարավորություն կամ այս կամ այն գործողության կատարելու կամ անգործություն դրսևորելու հետևանքով հաշվեգրվող տուգանքներ և այլն։ Հատկանշական է, որ կատարված հետազոտություններով Հայաստանում ապրանքների փոխադրումներ իրականացնող, ինչպես նաև հանրային սննդի առաքմամբ զբաղվող մի շարք առևտրային հարթակներով առկա չէ հաճախորդներին նախապես օրինակելի պայմաններին ծանոթացնելու որևէ հնարավորություն, ինչպես նաև սահմանված չեն այդպիսի պայմաններին համաձայնություն տալու տեխնիկական լուծումներ։
Անդրադառնալով միջազգային իրավական պրակտիկային՝ նշենք, որ գործում են էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերի, այդ թվում՝ օրինակելի պայմանագրերի, կնքման հետևյալ տարատեսակները.
1) Click-wrap պայմանագրեր, այս դեպքում կողմը պայմանագրին կամ օրինակելի պայմաններին համաձայնություն է տալիս հատուկ այդ նպատակով նախատեսված հրահանգը (օրինակ՝ «Համաձայն եմ» կամ նմանատիպ այլ հրահանգներ) սեղմելու միջոցով։
2) Browse-wrap պայմանագրեր, այս դեպքում պայմանագրին կամ օրինակելի պայմաններին համաձայնություն տալը փաստվում է անձի կողմից որոշակի ինտերնետային կայք մուտք գործելու կամ այն օգտագործելու փաստերի համադրությամբ կամ համանման այլ եղանակներով։ Այլ կերպ ասած, նմանատիպ պայմանագրերի դեպքում սպառողից կամ հաճախորդից չի պահանջվում տալ պարտավորված լինելու վերաբերյալ որևէ համաձայնություն և ինտերնետային կայք մուտք գործելու հանգամանքը, ինքնին, դիտվում է որպես համաձայնություն, այսինքն, անձը որևէ դրական գործողություն չի ձեռնարկում դրանց կապակցությամբ համաձայնություն տալու ուղղությամբ։
3) Shrink-wrap պայմանագրեր, այս տիպի դեպքում պայմանագիրը կամ օրինակելի պայմանները համարվում են ընդունված, եթե կողմը ձեռք է բերում կամ օգտագործում է որոշակի ապրանք, ծառայություն կամ աշխատանք: Ընդ որում, որպես կանոն, այսպիսի պայմանագրերի պայմանները պարունակող համապատասխան փաստաթուղթը փակցվում է կոնկրետ ապրանքի փաթեթավորման վրա տեսանելի վայրում, որպեսզի ապրանք գնելու ցանկություն ունեցող անձը հնարավորություն ունենա ծանոթանալու դրանց բովանդակությանը։
Նշվածի լույսի ներքո, անհրաժեշտ է նկատել, որ հայկական իրականությունում միանշանակ չէ վերը նշված Click-wrap պայմանագրերի վավերականության և իրագործելիության առաջնահերթ պայման հանդիսացող հրահանգի սեղմմամբ կամքի արտահայտումը և դրանով պայմանավորված պայմանագրի կնքումը։ Սակայն, համապատասխան հրահանգը սեղմելով պայմանագրի կնքումը պետք է հստակ կարգավորված լինի, որպեսզի հետագայում հնարավոր վեճերի շրջանակներում կողմերը հնարավորություն ունենան ապացուցելու անձի կողմից պայմանագրի կնքված լինելու և դրա առկայությունը վկայող համապատասխան նյութական կրիչների առկայությունը։ Ընդ որում, խնդրահարույց է, հատկապես, էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերի կապակցությամբ տրվող համաձայնությունների հարցը։ Մասնավորապես, նման պայմանագրերի կնքման դեպքում անձի կողմից համաձայնության տրամադրումը պետք է լինի որոշակի, այսինքն, համապատասխան հրահանգը սեղմելով կամ համակարգչային հավելվածը ներբեռնելով կամ համանման այլ միջոցով պետք է ակնհայտ, դյուրըմբռնելի և պարզ լինի, որ դրանով անձը տալիս է իր անվերապահ համաձայնությունը պայմանագրին։
Հետևաբար, կարող ենք նշել, որ Օրենսգրքով անդրադարձ չի կատարվում առցանց էլեկտրոնային հարթակներում՝ համապատասխան տվյալների ներբեռնմամբ կամ տարատեսակ հավելվածների միջոցով պայմանագրերի կնքման իրավական հնարավորությանը և դրա կնքման կարգին։ Գործող օրենսդրությունը նախատեսում է, որ հաղորդակցության կամ կապի միջոցներով պայմանագրերի կնքումը հնարավոր է տեղեկության կամ հաղորդագրության (փաստաթղթի) փոխանակման միջոցով, սակայն խնդրո առարկա պարագայում հնարավոր չէ միանշանակորեն պնդել, որ համակարգչային հավելվածները հանդիսանում են Օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաղորդակցության կամ կապի միջոցներ, ավելին, էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս, ըստ էության, ոչ բոլոր դեպքերում է, որ անձը փոխանակում է տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ), այլ կերպ, «Համաձայն եմ» կամ նմանօրինակ այլ հրահանգների սեղմումը միանշանակորեն հնարավոր չէ համարել տեղեկություն կամ հաղորդագրություն։
Հարկ է ընդգծել նաև, որ Օրենսգրքում գործող օֆերտայի և ակցեպտի վերաբերյալ դրույթները կարգավորում են միայն էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով պայմանագրերի կնքումը, ըստ էության, թերի անդրադառնալով էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերին։ Մասնավորապես, գործող դրույթներով հնարավոր չէ միաշանակորեն կարգավորել այն դեպքերը, երբ օֆերտան կամ ակցեպտը կատարվում են էլեկտրոնային հարթակում որոշակի տվյալների մուտքագրման, համապատասխան հրահագների սեղմման կամ համանման այլ եղանակներով։ Միևնույն ժամանակ, գործող կարգավորումները անդրադառնում են միայն օֆերտան կամ ակցեպտը ստանալու պահին։ Սակայն, անհրաժեշտ է նկատել, որ հատկապես էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ էլեկտրանային ձևով պայմանագիր կնքելիս կարևոր է նաև օֆերտան կամ ակցեպտը ուղարկելու պահը, որի հետ նույնպես կարող են կապվել իրավական հետևանքներ։ Հետևաբար, նպատակահարմար է օրենսդրորեն նաև օֆերտան կամ ակցեպտը ուղարկելու պահի վերաբերյալ կարգավորումներ նախատեսելը։
1.2. Էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերի (ներառյալ` օրինակելի պայմաների) վերաբերյալ միջազգային փորձը
Էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերի զարգացման պատմություննն ու ուղղություները հասկանալու համար անհրաժեշտ է անդրադարձ կաատարել նաև դրանց վերբերյալ ձևավորված միջազգային փարձին։ Մասնավորապես, թե՛ միջազգային իրավական, թե՛ ներպետական պրակտիկայում նշվածի կապակցությամբ ձևավորվել են հստակ մոտեցումներ և չափանիշներ, որոնց պարագայում ապահովվում են էլեկտրոնային հարթակներում համապատասխան տվյալների մուտքագրման, համապատասխան հրահանգներ սեղմման, էլեկտրոնայի հավելվածների ներբեռման կամ համանման այլ եղանակներով պայմանագրերի վավերականությունը, իրավաչափությունը և իրագործելիությունը։
Այսպես՝ Մոդելային օրենքի մշակման պրոցեսում բավականին մեծ ուշադրություն է դարձվել ձեռագիր ստորագրության հավասարեցված այլ միջոցների կիրառման հնարավորությանը, որոնցով կհաստատվեն տարբեր պայմանագրերի կնքվածության և դրանով պայմանավորված իրագործելիության հանգամանքները։ Մասնավորապես, համաձայն Մոդելային օրենքի կիրարկման ուղեցույցի (այսուհետ՝ Ուղեցույց), անձի կամքի արտահայտման հիմնական ձև հանդիսացող ստորագրությունը կոչված է իրացնելու հետևյալ հիմնական գործառույթները՝
ա) անձի նույնականացումը,
բ) ստորագրման պրոցեսում անձի ներգրավվածությունը վկայող որոշակիությունը (հստակություն, ճշգրիտ լինելը),
գ) որոշակի փաստաթղթի բովանդակության հետ անձի կապակցվածությունը (կապվածությունը) հաստատելը կամ, այլ կերպ, անձի համար տվյալ փաստաթղթի պարտադիր (պարտավորեցնող) բնույթ ունենալը։
Այդ է պատճառը, որ Մոդելային Օրենքով և Ուղեցույցով կարևորվում է, որ էլեկտրոնային գործարք կնքելիս`
- կիրառվի այնպիսի մեթոդ, որն ապահովում է անձի նույնականացումը և ցույց է տալիս անձի կողմից որոշակի փաստաթղթին կամ դրանում պարունակվող տեղեկատվությանը համաձայնություն տալու փաստը, և
- այդպիսի մեթոդի կիրառումը բոլոր հանգամանքների հաշվառմամբ նույնքան հուսալի լինի, որքան օֆերտա կատարած անձի կողմից էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով համապատասխան տեղեկության կամ հաղորդագրության ստեղծումը կամ փոխանակումը։
- Ամերիկայի Միացյալ Նահանգներում[7] Միասնական էլեկտրոնային գործարքների մասին դաշնային ակտով (այսուհետ` ՄԷԳԱ) պայմանագիրը կնքելիս անձի համաձայնությունը պետք է պարունակի հետևյալ հատկանիշներից որևէ մեկը, որպեսզի հավասարեցվի ձեռագիր ստորագրությամբ տրվող համաձաայնությանը.
- անձի համաձայնությունը կարող է լինել ձայնանշանի, խորհրդանիշի (սիմվոլ) կամ ընթացակարգի տեսքով,
- անձի համաձայնությունը կարող է կցված լինել կամ տրամաբանորեն կապված լինել էլեկտրոնային գրառման հետ (վերջինիս ներքո նկատի է ունեցվում ցանկացած տեղեկություն, որը գրված է նյութական կրիչի վրա կամ այն պահվում է էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա և կարող է արտատպվել, նյութականացվել ընկալելի ձևով),
- անձի համաձայնությունը պետք է կատարվի էլեկտրոնային գրառումն ստորագրելու մտայնությամբ[8]։
Վերոգրյալ կարգավորումները հիմք ընդունելով՝ ԱՄՆ-ում էլեկտրոնային ստորագրության պահանջը, ըստ ՄԷԳԱ-ի պաշտոնական մեկնաբանությունների[9], պահպանված կարող է համարվել հետևյալ օրինակներով, որոնք հիմնականում կիրառվում են Click-wrap պայմանագրերի նկատմամբ` էլեկտրոնային փոստի վերջին հատվածում ուղարկողի անվանումը տպելով, էլեկտրոնային փաստաթղթում ձեռագիր ստորագրության տեսաներածված տարբերակը կցելով, գաղտաբառ, PIN կոդ, հատուկ պաշտպանված կոդեր տրամադրելով, որոնք պետք է ուղղված լինեն անձի նույնականացմանը, եզակի բիոմետրիկ նույնացուցիչի առկայություն, ինչպիսիք են մատնահետքը, ձայնի նույնականացումը կամ աչքի ցանցաթաղանթի սկանավորումը, ձայնային ազդանշան ստեղծելով, համակարգչային մկնիկի օգտագործմամբ «Համաձայն եմ» հրահանգի կամ համապատասխան հղման սեղմմամբ, համակարգչային հավելվածի ներբեռնմամբ, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ, նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին բացահայտող, ճշգրտող հարցադրումներ ուղարկելով՝ մինչև ճիշտ պատասխանի ստացումը[10]։
- Միացյալ Թագավորությունում ևս էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման տարածված տեսակներից մեկը Click-wrap պայմանագիրն է։ Հարկ է նկատի ունենալ, որ Browse-wrap և Shrink-wrap պայմանագրերը ևս իրենց կիրառությունն ունեն Միացյալ Թագավորությունում, սակայն Սպառողների իրավունքների մասին 2015թ. Ակտի վերաբերյալ պարզաբանող դիտարկումների համաձայն՝ Browse-wrap պայմանագրերը չեն կարող դիտվել որպես պայմանագրեր և դրանով պայմանավորված չեն կարող հաճախորդների համար առաջացնել պարտավորություններ, քանի որ դրանց դեպում, ըստ էության, առկա չէ սպառողի վավեր համաձայնությունը[11]։
- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էլեկտրոնային ձևով պայմանագրի կնքումը պետք է համապատասխանի Գերմանիայի Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կանոններին, այն է` կողմերի կամահայտնության, պայմանագրերի կնքման կարգավորումներին։
Գերմանիայում պայմանագրերի կնքման օֆերտան և ակցեպտը, ինչպես նաև համապատասխան կարգի և պայմանների ինկորպորացումն ունեն մեծ կարևորություն։ Այսպես, որպես կանոն՝ հաճախորդը համարվում է իր առաջարկը ներկայացրած, եթե տեղադրում է համապատասխան պատվերը։ Իր հերթին, առևտուր իրականացնողը ընդունում է պատվերը, եթե վերջինս տրամադրել է պատվերի հաստատումը։ Ընդհանուր Կարգը և Պայմանները համարվում են պայմանագրում ինկորպորացված, եթե դրանք պատշաճորեն և արդյունավետորեն ներկայացվել են սպառողի ուշադրությանը և վերջինս սեղմել է համապատասխան հրահանգը՝ դրանով իսկ ընդունելով Ընդհանուր Կարգը և Պայմանները։
Ընդհանուր առմամբ էլեկտրոնային գործարքների կնքմանը ներկայացվում են հետևյալ պահանջները.
- հաճախորդի կողմից ներկայացվող պատվեր կատարելու գործըննթացը պետք է ներառի այն անհրաժեշտ քայլերի մասին տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են պայմանագրի կնքման համար, ինչպես նաև տեխնիկական հնարավորություն պետք է ընձեռի ուսումնասիրելու և շտկումներ կատարելու համապատասխան պատվերում,
- սպառողի կողմից պատվերի տրամադրման գործըթացը պետք է ներառի որոշակի պարտադիր տեղեկություններ` ապրանքի, ծառայության անվանումը, գինը, ապրանք վաճառողի կամ ծառայություն տրամադրողի վերաբերյալ տվյալները, երաշխիքային ժամկետներն ու պայմանները և այլն,
- առևտուր իրականացնողը պարտավոր է հաստատել պատվերի ստացումը և տրամադրել պայմանագրի կնքման հաստատում,
- Առևտուր իրականացնողը պարտավոր է սպառողին տրամադրել բոլոր տեղեկությունները նյութական կրիչի միջոցով (սովորաբար իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով)[12]։
- Ֆրանսիայի Հանրապետությունում առցանց հարթակների թափանցիկության պահանջներն ուժի մեջ են մտել 2018թ.-ին, որոնք կիրառվում են առցանց հարթակների և շուկաների (առավել մանրամասն կարգավորվում է 2017թ. սեպտեմբերի 29-ի No 2017-1434 հրամանով), ինչպես նաև ինտերնետային կայքերի նկատմամբ (առավել մանրամասն՝ 2017թ. սեպտեմբերի 29-ի No 2017-1436 հրամանով)։ Վերոգրյալ կարգավորումների համաձայն՝ առցանց հարթակները պետք է ունենան առանձին և հատուկ բաժիններ, որոնցում զետեղված է մանրամասն տեղեկատվություն վաճառողների կամ այլ անձանց վերաբերյալ, ինչպես նաև հաճախորդների նկատմամբ արդարացի վերաբերմունք ապահովելու նպատակով համապատասխան տեղեկություններ պատվերների վարկանիշերի վերաբերյալ։
Էլեկտրոնային գործարքների կնքման ձևի հետ կապված ֆրանսիական օրենսդրությունը որևէ պահանջներ չի նախատեսում, բացառությամբ նրա, որ վաճառողը պարտավոր է հաճախորդին տրամադրել համապատասխան տեղեկատվությունը նյութական կրիչով, որն իրենից ներկայացնում է ցանկացած գործիք, որը հաճախորդին հնարավորություն է տալիս պահպանել կամ արտատպել ցանկացած տեղեկություն այն ձևով, որը հնարավոր է դարձնում ապագայում այն օգտագործել կամ դրան հղում կատարել, և որը թույլ է տալիս անփոփոխ կերպով վերարտադրել տեղեկատվությունը (օրինակ՝ որպես pdf ֆայլ կամ էլեկտրոնային փոստ)։ Ընդ որում, Ֆրանսիական դատական պրակտիկային համաձայն՝ նյութակա կրիչ չի կարող հանդիսանալ վաճառողի կայքում զետեղված հիպերտեքստին կատարված հղումը[13]։
- Նիդերլանդների Թագավորության քաղաքացիական օրենսգիրքը ևս որոշակի կարգավորումներ է պարունակում էլեկտրոնային գործարքների (պայմանագրերի) հետ կապված։ Օրինակ.
- առևտուր իրականացնողը պարտավոր է սպառողին կամ հաճախորդին, նախքան պայմանագրի կնքումը, տրամադրել դրա պայմանները, այլապես այդպիսի պարտականության չկատարումը, նույնիսկ, եթե հաճախորդը կամ սպառողը կնքել է պայմանագիրը, կարող է հանգեցնել այդ պայմանների անվավերության։ Shrink-wrap, Click-wrap, Browse-wrap պայմանագրերի կնքումը հնարավոր է և իրավաչափ, եթե դրանց պայմանները կարող են տրամադրվել էլեկտրոնային ձևով, և միաժամանակ առկա է հաճախորդի կամ սպառողի կողմից դրանց ծանոթանալու կամ դրանք հետագայում պահպանելու հնարավորություն (Նիդերլանդների քաղաքացիական օրենսգիրք, Գիրք 6, 234-րդ հոդված),
- նախքան պայմանագրի կնքումը կամ Ընդհանուր Կարգին և Պայմաններին միանալը, հաճախորդը պետք է տեղեկացվի իր քայլերի հաջորդականության (իր պատվերի տրամադրման ընթացակարգի), պայմանագրի լեզվի, ինչպես նաև վարվելակերպի այլ կանոնների առկայության մասին (Նիդերլանդների քաղաքացիական օրենսգիրք, Գիրք 6, 227b, 227c հոդվածներ),
- հաճախորդին պետք է տրվի հնարավորություն ուսումնասիրելու և շտկելու առցանց պատվերը նախքան դրա վերջնականացումը։ Պատվերի տեղադրումից և պայմանագրի վերջնականացումից հետո առևտուր իրականացնողը պարտավոր է էլեկտրոնային փոստով հաստատել պատվերի էլեկտրոնային ստացման մասին,
- պայմանագրի կնքումից հետո էլեկտրոնային փոստով կամ ցանկացած այլ հաղորդակցության միջոցով, որով հնարավոր է ամրագրել տեղեկություն, առևտուր իրականացնողը պարտավոր է տրամադրել որոշակի տեղեկությունները՝ ապրանքի բնութագրիչների, այն արտադրող ընկերության և այլնի վերաբերյալ,
- վերոգրյալ պահանջներին ցանկացած անհապատասխանություն կամ դրանց խախտում, ըստ Նիդերլանդների քաղաքացիական օրենսգրքի, հանգեցնում է պայմանագրի կամ համապատասխան պայմանի անվավերության կամ այլ սանկցիաների (օրինակ՝ սպառողի կողմից պատժիչ տուգանքների գանձում)[14]։
- Իսպանիայի Թագավորությունում էլեկտրոնային գործարքների կնքելիս համաձայնության տրամադրումը պետք է իրականացվի ակնհայտ ձևով պայմանագրի պայմանները ընդունելով, օրինակ, «Համաձայն եմ» հրահանգը սեղմելու միջոցով։ Ընդ որում, վերոգրյալ հրահանգի սեղմումը հնարավոր է դառնում, եթե դրանք ամբողջապես ընթերցվել են սպառողի կողմից (այլ կերպ, նշված հրահանգն ակտիվանում է պայմանները ամբողջությամբ թերթելուց (scroll-down) հետո) կամ առկա է համապատասխան հիպերհղում (hyperlink), որը դրանց ծանոթանալու հնարավորություն է տալիս։ Էլեկտրոնային պայմանագրերի վավերականությունը և իրագործելիությունը կախված են համապատասխան էլեկտրոնային պայմանագրի տարատեսակից, մասնավորապես.
- Click-wrap պայմանագրերի դեպքում, հաշվի առնելով այն, որ սպառողը կարող է ընթերցել պայմանագրի պայմանների, նշված հանգամանքը դիտարկվում է որպես իրավաչափ համաձայնություն։ Ուստիև Click-wrap պայմանագիրը համարվում է իրագործելի և վավեր,
- Browse-wrap պայմանագրերի դեպքում, հաշվի առնելով այն, որ սպառողի համաձայնությունը պայմանագրի պայմաններին համարվում է տրված կայքէջ մուտք գործելու կամ այն օգտագործելու փաստերի ուժով, նման պայմանագրերի վավերականությունը հաճախ վիճարկվում է, քանի որ հաճախորդն իրապես տեղյակ չէ դրանք ընդունելու (դրանց պարտադիր բնույթի) մասին և, հետևաբար, չի տվել իր տեղեկացված համաձայնությունը դրանց վերաբերյալ։ Մատնանշված դիրքորոշումները հաստատվել են նաև Ryanair v Edreams (C-630/2012) և Ryanair v Atrápalo (C-572/2015), 2012թ.) դատական գործերով,
- Shrink-wrap պայմանագրերը իսպանական օրենսդրությամբ վավերական և իրագործելի չեն, քանի որ դրանց դեպքում սպառողը իր համաձայնությունը տալիս է պայմանագրի կնքման վերաբերյալ, այլ ոչ թե Ընդհանուր Կարգի և Պայմանների վերաբերյալ, որոնք տրամադրվում են պայմանագրի կնքման պահին։ Այդ է պատճառը, որ այսպիսի պայմանագրերը ևս դատական կարգով վիճարկվում են[15]։
- Բելգիայի Թագավորության[16] քաղաքացիական օրենսգրքով և «Տնտեսական իրավունքի մասին» օրենքով էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման կապակցությամբ առկա են հետևյալ իրավիճակը.
- էլեկտրոնային ձևով պայմանագրի կնքման ձևի կապակցությամբ օրենսդրությամբ հատուկ պահանջ առկա չեն։ Միակ պահանջը, ըստ էության, հանգում է նրան, որ այդպիսի պայմանագրերի կնքումը հնարավոր է իրականացնել էլեկտրոնային փոստով կամ ցանկացած այլ հաղորդակցության միջոցով, որով հնարավոր է ամրագրել տեղեկատվություն (նյութական կրիչ),
- էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրերը կարող են կիրառելի և իրագործելի լինել, եթե դրանք պատշաճորեն ներկայացվել են սպառողի ուշադրությանը և, որպես կանոն, կիրառելի են սպառողի կողմից ընդունվելուց հետո։ Ուստի, պետք է առկա լինի հստակ փաստ, որ սպառողն ունեցել է արդյունավետ և ողջամիտ տեղեկացվածություն պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Ընդ որում, սպառողի տեղեկացվածությունը պետք է առկա լինի մինչև պայմանագրի կնքումը, և եթե առևտուր իրականացնողը չի ապահովում սպառողի ծանոթացման հնարավորությունը, ապա այդպիսի պայմանները չեն կարող համարվել կնքված կամ համաձայնեցված,
- հաճախորդը պատվերը կազմելիս պետք է բացահայտ կերպով ընդունի և ճանաչի վճարում կատարելու իր պարտականությունը։ Ուստի, եթե պատվերի տեղադրումը իրականացվում է որևէ հրահանգ սեղմելու կամ նմանատիպ այլ եղանակով, ապա պետք է նման հրահանգը պետք է պարունակի «Պատվեր տեղադրում վճարելու պարտականությամբ» կամ համանման այլ գրառում,
- Վերոգրյալ պահանջների չպահպանման դեպքում համապատասխան պայմանները հաճախորդի համար չեն կարող լինել պարտավորեցնող։
- Շվեյցարիայի Կոնֆեդերացիայում պայմանագրերը կարող են կնքվել էլեկտրոնային ձևով, եթե կողմերը տվել են իրենց փոխադարձ համաձայնությունը պայմանագրի էական պայմանների վերաբերյալ։ Պայմանագրին և դրա անբաժանելի մաս կազմող Ընդհանուր Կարգի և Պայմանների վերաբերյալ համաձայնությունը կարող է հաստատվել և փաստարկվել Click-wrap պայմանագրերի եղանակով։
Միաժանանակ, թե՛ օրենքով, թե՛ դատական պրակտիկայում հստակ չէ, Browse-wrap պայմանագրերի կիրառման հնարավորությունը։ Ուստի, այդ պայմանագրերի վավերականությունը պետք է գնահատվի անհատապես՝ հաշվի առնելով.
- խնդրո առարկա կայքէջի պատրաստման և մշակման առանձնահատկությունները,
- փոխադարձ համաձայնության սկզբունքները ընդհանուր պայմանագրային իրավունքում։
Այդ է պատճառը, որ շվեցարական իրավունքում հստակ չէ, թե արդյոք ապրանքի ցուցադրումը կայքում իրենից ենթադրում է առաջարկ՝ օֆերտա։ Գերակայող մոտեցումներին համաձայն՝ ապրանքի ցուցադրումը կայքում իրենից չի ենթադրում օֆերտա, այլ դրանով ներկայացվում են միայն որոշակի ապրանքներ։ Հետևաբար, սպառողն ինքն է օֆերտա անում հաստատելով վերջնական պատվերը կամ սեղմելով համապատասխան հրահանգը։ Միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում է, որ կայքում որոշակի ապրանքի ցուցադրությունը կարող է համարվել պարտավորեցնող օֆերտա, այն է՝ եթե այդպիսի ցուցադրումը ներառում է տվյալ պայմանագրին բնորոշ բոլոր էական պայմանները, ներառյալ՝ գինը այնպիսի ձևով, որ սպառողը կարող է ընդունել այն՝ համապատասխան հրահանգը սեղմելով[17]։
- Դանիայի Թագավորությունում ևս որոշակի հստակ պահանջներ առկա չեն էլեկտրոնային կարգով կնքվող պայմանագրերի կնքման ձևի և կարգի վերաբերյալ, ուստի պայմանագրերի կնքումը էլեկտրոնային ձևով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով, իրավաչափ է և վավեր (մատնանշված հարցերը կարգավորում են «Հաճախորդների պայմանագրերի մասին» դանիական ակտի 8-րդ, 12-րդ և 14-րդ բաժիններով)։ Դանիական օրենսդրական պրակտիկայի համաձայն՝ ապրանքների կամ ծառայությունների ցուցադրման նպատակով կայքում պայմանագրի պայմանների, այդ թվում՝ Ընդհանուր Կարգի և Պայմանների առկայությունը իրենից չի ենթադրում հաճախորդներին ուղղված օֆերտա, այլ՝ օֆերտա անելու հրավեր, իսկ առևտուր իրականացնող իրավաբանական անձի համար հաճախորդի կողմից պատվերի տեղադրումը չի կարող լինել պարտավորեցնող, քանի դեռ հաճախորդի առաջարկը գրավոր ձևով չի ընդունվել։ Ընդ որում, համապատասխան կայքը պետք է պարունակի հստակ տեղկատվություն առ այն, որ ապրանքների և ծառայությունների ցուցադրումը կամ դրանց մասին տեղեկության զետեղումը չի հանդիսանում առաջարկ, որը պետք է ընդունվի սպառողի կողմից։ Համապատասխանաբար, տեղեկատվությունը պետք է ներկայացվի այնպիսի ձևով, որ ակնհայտ լինի, որ հաճախորդի կողմից պատվերի տեղադրումն իրենից ներկայացնում է առևտուր իրականացնողին ուղղված առաջարկ։
Միևնույն ժամանակ, դանիական իրավունքով Browse-wrap և Shrink-wrap պայմանագրերը կարող են դատական կարգով անվավեր ճանաչվել, եթե դրանցում պարունակվում են «անսովոր», «չսպասված» կամ «ծանրաբեռնող» դրույթներ։ Իսկ Click-wrap պայմանագրերի դեպքում «անսովոր», «չսպասված» կամ «ծանրաբեռնող» պայմանների մասին վերապահումները պետք է հատուկ ընդգծված լինեն, իսկ առևտուր իրականացնողը պետք է ապահովի, որ դրանք ընդունող կողմը՝ սպառողը, լիարժեքորեն իրազեկված լինի դրանց մասին[18]։
- Ճապոնիայում էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման կապակցությամբ կիրառվում է պայմանագրի ազատության սկզբունքը։
Միաժամանակ, ինտերնետային կայքը մշակելիս այն շահագործող անձը պարտավոր է պահպանել հետևյալ պահանջները, մասնավորապես.
- հաճախորդները պետք է պարզ և դյուրըմբռնելի կերպով ընկալելի լինի, որ որոշակի փոխանցման/հաստատման հրահանգը սեղմելով նրանք անում են օֆերտա,
- հաճախորդի առաջարկի հստակ բովանդակությունները և պայմանները պետք է որոշակիորեն և հասանելի ձևով լինեն նկարագրված/ցուցադրված լինեն և հաճախորդները, նախքան վերջնական պատվերի հստատումը և տեղադրումը, պետք է հնարավորություն ունենան դրանք ուսումնասիրելու (Էլեկտրոնային Առևտրի և Տեղեկատվության Գույքային Առևտրի վերաբերյալ Իմպերատիվ Ուղեցույցներ, Բաժին I-1-2)։
Ճապոնիայում հատուկ կարգավորումներ առկա են նաև Shrink-wrap, Browse-wrap, Click-wrap պայմանագրերի կապակցությամբ։ Այսպես՝
- Click-wrap պայմանագրերի կնքումը վավեր է և պարտավորեցնող, եթե օգտատերը, մինչև համապատասխան հրահանգի սեղմումը, իրազեկված է եղել կնքվելիք պայմանագրի պայմանների և բովանդակության վերաբերյալ։ Ի լրումն վերոգրյալի՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե օգտատերը սեղմում է համապատասխան հրահանգը այդ պայմանագիրը կնքելու մտադրությամբ։
- Browse-wrap պայմանագրերը չեն համարվում կնքված, եթե միաժամանակ չեն պահպանվել հետևյալ պայմանները.
ա) առցանց հարթակը/էկրանը կազմված (կոնֆիգուրացված) է այնպես, որ օգտատերն իրավասու է հղման (link) օգտագործմամբ առցանց պայմանագրի տարբերակի էկրանից փոխադրվել միանգամից վերջնական պայմանագրի տարբերակին,
բ) հղումը (link) փնտրելը բարդ է,
գ) պայմանագրի և դրա պայմանների վերաբերյալ հաճախորդների համաձայնությունը չի պահանջվում նախքան գնման, պատվերի տեղադրման հրահանգի սեղմումը։
- Shrink-wrap պայմանագրերի կապակցությամբ ճապոնական դատարանների մոտեցումները հակասական են և ոչ միանշանակ։ Այսպես, եթե օգտատերը տեղյակ է պայմանագրի պայմանների մասին նախքան էլեկտրոնային եղանակով համաձայնություն տալը, և եթե նա այդպիսի ստորագրությունը կամ կնիքը դնում է պայմանագրի կնքման նպատակով, ուրեմն պայմանագիրը կհամարվի կնքված։ Այսպիսի պարագայում օգտատերն իրավունք չունի վերադարձնել ձեռքբերած ապրանքներն այն հիմքով, որ նա չի տվել համապատասխան համաձայնությունը։ Հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով ճապոնական պրակտիկան սահմանում է, որ եթե հաճախորդի կողմից էլեկտրոնային կնիքի կամ ստորագրության դնելը կամ վերջինիս անհատականացնող այլ միջոցի կիրառությունը բավարար է և վերաբերելի (ճանաչելի), ապա հաճախորդը չի կարող բերել հակափաստարկ առ այն, որ իրականում պայմանագիրը կնքված չէ, իսկ դրա պայմանները կիրառելի չեն իր նկատմամբ։ Այնուհանդերձ, եթե հաճախորդը կարողանում է ապացուցել, որ ինքն իրապես տեղյակ չէ պայմանագրի բովանդակությանը, ապա այս դեպքում պայմանագիրը կարող է համարվել չկնքված[19]։
- Լեհաստանի Հանրապետությունում էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս անձի կամահայտնությունը կարող է հաստատվել ցանկացած ձևով, այդ թվում՝ էլեկտրոնային (Լեհաստանի քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդված)։
Էլեկտրոնային ձևով կնքված պայմանագիրը պետք է համապատասխանի հետևյալ երեք չափանիշներին.
- սպառողի կամահայտնությունը պետք է հաստատվի այնպիսի ձևով, որը հնարավորություն է տալիս այն հետագայում ստուգելու,
- պետք է հնարավոր լինի ծանոթանալ արտահայտված կամահայտնության բովանդակությանը,
- պետք է հնարավորություն լինի նույնականացնել մտադրությունների և կամահայտնության հեղինակին:
Click-wrap, browse-wrap and shrink-wrap պայմանագրերը լեհական իրավունքում իրագործելի են և վավերական, եթե կողմին հնարավորություն է տրվել ամբողջապես ծանոթանալու պայմանագրի պայմաններին[20]։
- Ուկրաինայի Հանրապետությունում նույնպես «Էլեկտրոնային առևտրի մասին» օրենքի ուժով էլեկտրոնային գործարքների (պայմանագրերի) կնքումը հնարավոր է, եթե համապատասխան ծառայություն մատուցողի, ապրանք մատակարարողի, աշխատանք կատարողի օֆերտան ստացած անձը գրանցվում է տեղեկատվական հեռահաղորդակցության համակարգում. այսինքն, այդպիսի համակարգում գրանցման պահին օֆերտա ուղարկած անձի մատնանշած ձևով (կարճ հաղորդագրության փոխանցմամբ, էլեկտրոնային փոստային նամակի փոխանակմամբ, վարկառուի անձնական կաբինետի մուտք գործելով և այլ միջոցներով)[21]։
1.3. Միանալու պայմնագրերը և անարդար պայմանները
Հարկ է ընդգծել, որ Օրենսգիրքը որոշակի երաշխիքներ է նախատեսում նաև միանալու պայմանագրերով միացած կողմերի համար։ Այսպես՝ Օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ միանալու պայմանագրին միացած կողմը կարող է պահանջել միայն լուծելու կամ փոփոխելու պայմանագիրը բացառապես, եթե առկա են հետևյալ պայմանները.
- միացող կողմը զրկվում է նման տեսակ պայմանագրերով սովորաբար տրամադրվող իրավունքներից, կամ
- բացառվում կամ սահմանափակվում է միանալու պայմանագիրը մշակած կողմի պատասխանատվությունը պարտավորությունները խախտելու համար, կամ
- միանալու պայմանագիրը պարունակում է միացած կողմի համար այլ ակնհայտ ծանր պայմաններ։
Ընդ որում, վերոգրյալ դեպքերում պայմանագրի լուծումը և փոփոխումը կարող է վավեր համարվել՝ պայմանով, որ միացող կողմը, ելնելով ողջամտորեն գիտակցված իր շահերից, չէր ընդունի այդ պայմանագիրը, եթե հնարավորություն ունենար մասնակցել պայմանագրի պայմանների որոշմանը:
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում առկա չեն միանալու պայմանագրերի վերաբերյալ կարգավորումներ` կարող ենք եզրակացնել, որ գործող օրենսդրությամբ բացակայում են սպառողների հետ կքնվող միանալու պայմանագրերում, այդ թվում` օրինակելի պայմաններում, «անարդար պայմանների» վերաբերյալ դրույթներ ներառելու անթույլատրելիության մասին կարգավորումները։
Հարկ է ընդգծել նաև, որ քննարկվող հոդվածի շարադրանքում օգտագործվող «այլ ակնհայտ ծանր պայմաններ», «ողջամտորեն գիտակցված շահ» արտահայտությունների առկայությունը գործնականում կարող է ոչ միանշանակ ընկալվել և կիրառվել՝ հաշվի առնելով դրանց գնահատողական էության, ինչպես նաև միացած կողմի վրա ակնհայտ ծանր ապացուցողական բեռ դնելու հանգամանքները։ Բացի այդ, նշված կարգավորման պարագայում, ըստ էության, սահմանափակվում են վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու հնարավորությունը, ինչպես նաև պայմանգիրը մասնակի անվավեր ճանաչելը և մնացած մասով դրա գործողությունը շարունակելը, քանի որ նշված նորմը հնարավորություն է տալիս միայն պայմանագիրը փոփոխել կամ լուծել։
Նշենք, որ «անարդար պայմանների» վերաբերյալ կարգավորումները բավականին լայն տարածում ունեն միջազգային պրակտիկայում և նույնիսկ իրենց արտացոլումն են գտել Եվրոպական Միության խորհրդի կողմից 1993թ. ապրիլի 5-ին ընդունված «Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների մասին» 93/13/EEC դիրեկտիվով (այսուհետ` Անարդար պայմանների մասին դիրեկտիվ), ինչպես նաև` դրանով պայմանավորված, Գերմանիայի, Մեծ Բրիատանիայի, Նիդերլանդների և ԵՄ այլ առաջատար երկրների օրենսդրությամբ։
1.4. Միանալու պայմանագրերի և անարդար պայմանների վերաբերյալ միջազգային փորձը
Միջազգային իրավական պրակտիկայում հատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի դրույթներին, որոնցով միանալու պայմանագրին միացող կողմը (որի դերում գերազանցապես հանդես են գալիս սպառողները) կարող է հայտնվել անհավասար և խտրական իրավիճակներում։ Նմանատիպ իրավիճակների բացառման նպատակով ԵՄ շրջանակներում, ինչպես նաև վերջինիս անդամ հանդիսացող պետությունների ներպետական ակտերով նախատեսվել են այնպիսի դրույթներ, որոնց ուժով միանալու պայմանագրերի որոշակի դրույթների և կարգավորումների առկայության իրավաչափությունը վիճարկվում է (դրանք համարելով անվավեր կամ առոչինչ)՝ նպատակ ունենալով երաշխավորել նկարագրված դեպքերում «թույլ» կողմի շահերը։
Մատնանշվածով պայմանավորված առավել ցայտուն օրինակներից է արդեն նշված Անարդար պայմանների մասին դիրեկտիվը[22], որի հավելվածով սահմանվում է այն պայմանների ցանկը, որոնք համարվում են «անարդար»։ Այդպիսիք են, օրիանկ, այնպիսի պայմանները, որոնք սահմանափակում կամ բացառում են վաճառողի[23] իրավաբանական պատասխանատվությունը սպառողի մահվան կամ վաճառողի կամ մատակարարի գործողությունների կամ բացթողումների հետևանքով սպառողի առողջությանը պատճառված վնասի դեպքում, ոչ ողջամիտ ձևով սահմանափակում կամ բացառում են սպառողի իրավունքները վաճառողի կամ մատակարարի կամ այլ անձի նկատմամբ վաճառողի կամ մատակարարի կողմից իրենց կողմից ստանձնած պարտավորությունների լրիվ կամ մասնակի չկատարման կամ դրանց ոչ պատշաճ կատարման դեպքերում, հնարավորություն է տրվում վաճառողին գանձելու կամ պահելու սպառողի կողմից վճարված ցանկացած դրամական միջոց այն դեպքերում, եթե սպառողը հրաժարվում է կնքելու կամ կատարելու պայմանագիրը, և որով պայմանագրի կատարումից հրաժարվող սպառողը զրկվում է վաճառողից կամ մատակարարից համարժեք գումար ստանալու հնարավորությունից, հնարավորություն են տալիս վաճառողին կամ մատակարարին լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը առանց ողջամիտ ծանուցման, ինքնաբերաբար երկարաձգելու որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը, եթե դրա վերաբերյալ առկա չէ սպառողի համաձայնությունը, փոփոխելու պայմանագրի պայմանները առանց հիմնավոր պատճառի և հիմքի, որոնք պետք է սահմանված լինի պայմանագրով և այլն:
Վրաստանի Հանրապետությունում[24] Անարդար պայմանների մասին դիրտեկտիվով նկարագրված «անարդար պայմանները» դասակարգված են երկու խմբի՝ այնպիսի պայմաններ, որոնք օրենքի ուժով առոչինչ են և այնպիսիք, որոնք կարող են վիճարկվել համապատասխան անձի պահանջով (վիճահարույց պայմաններ)։
Օրինակ՝ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ առոչինչ են հետևյալ պայմանները.
- որոնցով առաջարկ վաճառողը սահմանում է անհիմն երկար կամ ակնհայտորեն անարդյունավետ ժամանակահատվածներ ներկայացված առաջարկի կապակցությամբ ակցեպտ տրամադրելու կամ ակցեպտից հրաժարվելու համար կամ դրանց կապակցությամբ որոշակի գործողությունների ձեռնարկման համար,
- որոնք վաճառողինհնարավորություն են տալիս դադարեցնելու իր պարտավորություններն առանց հիմնավոր պատճառի, որոնց մասին պետք է նշված լիներ համապատասխան պայմանագրում,
- որոնք հնարավորություն են տալիս վաճառողին փոփոխելու, լրացնելու կամ այլ կերպ խուսափելու պայմանավորված կատարումից (պայմանագրի փոփոխության, լրացման վերապահում),
- որոնք հնարավորություն են տալիս վաճառողին մյուս կողմից պահանջել անհիմն բարձր վնասների հատուցում,
- և այլն։
Իր հերթին, Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածով սահմանված են այն պայմանները, որոնք կողմի պահանջով կարող են վիճարկվել (վիճահարույց պայմաններ):
Հատկանշական է, որ Անարդար պայմանների վերաբերյալ դիրեկտիվի դրույթները իրենց տառացի արտացոլումն են գտել նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների և ԵՄ առաջատար այլ երկրների օրենսդրությամբ[25]։
1.5. Պետական կարիքների համար գնումները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Գնումների մասին» օրենքի գործող կարգավորումները հակասության մեջ են գտնվում իրար հետ, ընդ որում, Քաղաքացիական օրենսգրքի ընդունումից ի վեր որևէ փոփոխության չեն ենթարկվել և գործնականում չեն կիրառվում: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացնել վերացնել երկու իրավական ակտերի միջև առկա հակասությունները՝ նկատի ունենալով, որ «Գնումների մասին» օրենքի գործող կարգավորումների պայմաններում Քաղաքացիական օրենսգրքի գործող կարգավորումներն առավելապես կրում են հռչակագրային բնույթ:
Այսպես, Քաղաքացիական օրենսդրության գործող կարգավորումների համաձայն՝ պետական կարիքների բավարարման նպատակով ապրանքների մատակարարման համար կնքվում է երկու պայմանագիր: Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 540-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կարիքները մատակարարվում են կա՛մ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրի (պետական պայմանագիր) հիման վրա (պարզ հարաբերություններ), կա՛մ պետական պայմանագրի և դրան համապատասխան կնքված պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի հիման վրա (բարդ հարաբերություններ):
Փաստորեն, Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է երկու տեսակի պայմանագրի կնքման հնարավորություն՝
- պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագիր (պետական պայմանագիր),
- պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրին համապատասխան կնքված պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր:
Քաղաքացիական օրենսգրքի 540-549-րդ հոդվածների վերլուծությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ երկու պայմանագրերը կնքվում են այն դեպքում, երբ պետական պատվիրատուն մրցույթի արդյունքում հաղթած անձի՝ մատակարարի հետ կնքում է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագիր (պետական պայմանագիր), և նույն պայմանագրում նախատեսվում է, որ ապրանքները պետք է մատակարարվեն այլ անձի՝ մատակարարին ամրակցված գնորդի, որի հետ էլ կնքվում է երկրորդ պայմանագիրը՝ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիրը:
Այլ կերպ ասած՝ ըստ Քաղաքացիական օրենսգրքի տրամաբանության.
- պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրի կողմեր են պետական պատվիրատուն և մատակարարը,
- պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի կողմեր են մատակարարը և պատվիրատուի կողմից վերջինիս ամրակցված գնորդը:
Այդուհանդերձ, «Գնումների մասին» օրենքը պայմանագրի կնքման նման ընթացակարգ չի նախատեսում:
Ընդ որում՝ www.gnumner.am, www.armeps.am կայքերում հրապարակված պայմանագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիական օրենսգրքի նշված հոդվածների կիրառելիության պրակտիկան բացակայում է[26]:
Ավելին, գիտական հետազոտության շրջանակներում կատարված հետազոտությունները նույնպես վկայում են կրկնակի պայմանագրերի կնքված դեպքերի բացակայության մասին: Մասնավորապես, տարբեր պետական մարմիններին կատարված հարցումները վկայել են, որ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումից ի վեր չի կնքվել պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրեր (պետական պայմանագիր), որի հիման վրա հետագայում կնքվեր պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր, այլ կնքվել է միայն մեկ պայմանագիր[27]:
Ավելին, պետական պատվիրատուներին կատարած հարցումներից պարզ է դարձել, որ երկու պայմանագիր չի կնքվել անգամ կենտրոնացված գնման միջոցով գնման ընթացակարգ կիրառելու դեպքում[28]:
Հետևաբար, Քաղաքացիական օրենսգրքով և «Գնումների մասին» օրենքով պետական կարիքների համար կնքվող պայմանագրերի կնքման ընթացակարգերը միմյանցից տարբերվում են, ընդ որում, պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատվիրատուներն առաջնորդվում են «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերով և ըստ էության Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրերը գործնականում չեն կնքվում՝ այդուհանդերձ որևէ գործնական խնդիր չառաջացնելով:
Բացի այդ, հարկ է նշել, որ Քաղաքացիական օրենսգրքի՝ պետական կարիքների բավարարման նպատակով կնքվող ապրանքների մատակարարման պայմանագրի վերաբերյալ 540-549-րդ հոդվածները և պետական կարիքների համար կապալային աշխատանքների պայմանագրի վերաբերյալ 761-766-րդ հոդվածները Քաղաքացիական օրենսգրքի ընդունումից ի վեր որևէ փոփոխության չեն ենթարկվել այն դեպքում, երբ միայն 2000 թվականից մինչև օրս ընդունվել են «Գնումների մասին» թվով չորս օրենքներ, որոնց կարգավորումները սկզբունքորեն տարբերվել են իրարից:
Մինչդեռ, օրինակ, Քաղաքացիական օրենսգրքի 544-րդ հոդվածը սահմանում է պետական պայմանագրի կնքման կարգը, որը գործնականում չի կիրառվում, քանի որ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման հարաբերությունները գործնականում կարգավորվում են «Գնումների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ:
Միաժամանակ նկատի ունենալով, որ պայմանագրային հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտը Քաղաքացիական օրենսգիրքն է, անհրաժեշտ է Քաղաքացիական օրենսգրքում ներկայացնել պետական կարիքների բավարարման նպատակով կնքվող պայմանագրերի ընդհանուր բնութագիրը՝ առանձնահատուկ կարգավորումները թողնելով հարակից օրենքների կարգավորմանը և միաժամանակ բացառելով հետագայում, օրինակ, ենթաօրենսդրական ակտերով այնպիսի կարգավորումների սահմանումը, որոնք կհակասեն Քաղաքացիական օրենսգրքին:
Հիմք ընդունելով այդ հանգամանքը և հաշվի առնելով, որ պետական կարիքների բավարարման նպատակով կնքվում են ոչ միայն ապրանքների մատակարարման և կապալային աշխատանքների կատարման պայմանագրեր, այլ նաև այլ պայմանագրեր (օրինակ՝ ծառայությունների մատուցում, վարձակալություն և այլն), անհրաժեշտ է ընդհանուր բնույթի կարգավորումներ սահմանել նաև այդ պայմանագրերի մասով, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է միայն պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի և կապալային աշխատանքների կատարման պայմանագրի կնքման հնարավորություն: Մինչդեռ պրակտիկայում պետական կարիքների բավարարման համար կնքվում են նաև այլ պայմանագրեր, այդ թվում՝ փոխադրման, ապահովագրության, վարձակալության և այլն[29]:
Բացի այդ, վերանայման կարիք ունի նաև «Գնումների մասին» օրենքով «գնում» հասկացությունը, որում ներառված չեն նաև այլ ակտիվներ (արժեքներ), որոնք ձեռք են բերվում գնման գործընթացում, այլ կերպ ասած՝ սահմանափակված է պայմանագրերի տեսակները:
Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ օրենսդրական հիմք ստեղծելով «Գնումների մասին» օրենքով իրականացնող գնման ընթացակարգերի արդյունքում կնքվող պայմանագրերի համար, ինչպես նաև վերացնելով երկու իրավական ակտերի միջև առկա հակասությունները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Ամփոփելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մաիսն» օրենքներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Առաջին, էլեկտրոնային հարթակներում՝ համապատասխան տվյալների մուտքագրման, էլեկտրոնային հավելվածների ներբեռնման կամ համանման այլ եղանակներով էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման իրավական հնարավորության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով, որ նշված եղանակների օգտագործման դեպքում պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված և կողմերի համար ուղղակիորեն առաջացնում է փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Ընդ որում, պետք է ապահովվեն պայմանագրի պայմաններին, այդ թվում՝ օրինակելի պայմաններին, նախապես ծանոթանալու և դրանց կապակցությամբ վավեր համաձայնություն տրամադրելու հնարավորությունները, որոնք կարող են փաստարկվել որևէ նյութական կրիչով։
- Երկրորդ, նախատեսել օրինակելի պայմանների կիրառելիության արդյունավետությանը միտված պայմաններ, որոնց չպահպանման դեպքում դրանք այդ պայմանների մասով կհամարվեն անվավեր։
- Երրորդ, առաջարկվում է սահմանել, որ էլեկտրոնային հարթակներ միայն մուտք գործելու կամ դրանցից օգտվելու հանգամանքները չեն կարող համարվել էլեկտրոնային ձևով կնքվող պայմանագրին համաձայնություն տալ, եթե առկա չէ անձի՝ սահմանված ձևով և կարգով տրված համաձայնությունը։
- Չորրորդ, առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից անձի կողմից տրված համաձայնությունը, կնքված պայմանագիրը, դրա անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմանները պահպանելու, արխիվացնելու և ցանկացած ժամանակ անձանց հասանելիությունը ապահովելու պարտավորություններ, որոնք հնարավորություն կտան պայմանագիր կնքած անձին արտատպել ցանկացած տեղեկություն այն ձևով, որը իրագործելի է դարձնում ապագայում դրանց օգտագործումը կամ հղում կատարելը, և որը թույլ է տալիս անփոփոխ կերպով վերարտադրել տեղեկատվությունը։ Այդ իսկ նպատակով առաջարկվում է էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս էլեկտրոնային հարթակ շահագործողների կողմից տեխնիկական և կազմակերպական այնպիսի միջոցների առկայություն, որոնցով հնարավոր կլինի անփոփոխ ձևով արտատպել, վերարտադրել, արտաբեռնել պայմանագրի, օրինակելի պայմանների բովանդակությունը։
- Հինգերորդ, առաջարկվում է նախատեսել նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ էլեկտրոնային ձևով պայմանագրեր կնքելիս օֆերտայի և ակցեպտի ուղարկման և ստացման պահերը, որոնց հետ հնարավոր կլինի կապել որոշակի իրավական հետևանքներ:
- Վեցերորդ, առաջարկվում է նախատեսել անարդար պայմանները սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում ներառելու անթույլատրելիության վերաբերյալ հստակ կարգավորումներ, որոնց ուժով որոշակի պայմաններ օրենքի ուժով կդիտարկվեն անվավեր կամ առոչինչ։
- Յոթերորդ, առաջարկվում է վերացնել Քաղաքացիական օրենսգրքով պետական կարիքների բավարարման համար ապրանքների մատակարարման և կապալային աշխատանքների կատարման պայմանագրերի վերաբերյալ կարգավորումների և «Գնումների մասին» օրենքի հակասությունները՝ Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցնելով տարիների շարունակ արդյունավետ գործող պրակտիկային և ուժը կորցրած ճանաչելով փաստացի չկիրառվող իրավակարգավորումները, ինչպես նաև լրացնել «Գնումների մասին» օրենքով «գնում» հասկացությունը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է միայն մեկ պայմանագրի կնքման հնարավորություն, ինչպես որ գործում է պրակտիկայում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված և գործնականում չկիրառվող կարգավորումները: Իր հերթին, նախագծով պայմանագրերի կնքման մասով հղում է կատարվում «Գնումների մասին» օրենքին՝ հնարավորություն տալով ճկունություն ապահովել այս հարցում, քանի որ իրավահարաբերությունը կարգավորող հիմնական ակտով՝ «Գնումների մասին» օրենքով գնման ընթացակարգերի փոփոխության դեպքում անհրաժեշտություն չի լինի փոփոխություն կատարել նաև Քաղաքացիական օրենսգրքում:
- Ութերորդ, միաժամանակ առաջարկվում է լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ նախատեսելով նաև վարձակալության և ծառայություններ մատուցելու պայմանագրերի մասով պետական կարիքների բավարարման համար պայմանագրերի կնքում, քանի որ գործող Քաղաքացիական օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում: Այսինքն՝ «Գնումների մասին» օրենքով անցկացվող գնման ընթացակարգերի արդյունքում նշված պայմանագրերը կնքվում են՝ Քաղաքացիական օրենսգրքում չունենալով համապատասխան իրավական հիմքը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով կամ էլեկտրոնային ձևով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում կամ օրինակելի պայմաններում անարդար պայմանների ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ։
Միևնույն ժամանակ, ակնկալվում է վերացնել Քաղաքացիական օրենսգրքի և «Գնումների մասին» օրենքի միջև առկա հակասությունը, ինչպես նաև առավել ամբողջական կարգավորում նախատեսել պետական կարիքների համար կնքվող պայմանագրերի տարբեր տեսակների համար:
Հարկ է հավելել, որ կատարվող փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից և դրանից բխող գործողությունների ծրագրից:
[1] Տե՛ս օրինակ՝ United Nations Convention on the Use of Electronic Communications in International Contracts, Article 4(g); Uniform Electronic Transactions Act (1999), National Conference of Commissioners on Uniform State Laws, Sec. 2(2)
[2] Առավել մանրամասն տես՝ ՄԱԿ միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի մոդելային օրենքը «Էլեկտրոնային առևտրի մասին» (1996թ.) https://uncitral.un.org/en/texts/ecommerce/modellaw/electronic_commerce#:~:text=The%20Model%20Law%20on%20Electronic,legal%20predictability%20for%20electronic%20commerce.
[3] Տես՝ https://www.uncitral.org/pdf/english/texts/electcom/06-57452_Ebook.pdf
[4] Տես՝ https://uncitral.un.org/sites/uncitral.un.org/files/media-documents/uncitral/en/19-04970_ebook.pdf
[5] Տես՝ https://eur-lex.europa.eu/legal-content/EN/ALL/?uri=CELEX%3A31999L0093
[6] Տես՝ https://eur-lex.europa.eu/legal-content/EN/ALL/?uri=CELEX%3A32000L0031
[7] Տես՝ Digital business in the United States: overviewby Ieuan Jolly and Angela Matney, Loeb & Loeb LLP, 2019թ.
[8] Տես՝ Uniform Electronic Transactions Act (1999) Articles 2, 5, 7, 8, 13
[9] Տես՝ ՄԷԳԱ կիրառման մեկնաբանություններ, էջեր 9-11, http://euro.ecom.cmu.edu/program/law/08-732/Transactions/ueta.pdf
[10] Տես՝ Bruce S. Nathan & Terence D. Watson,Electronic Signatures, Agreements & Documents; The Recipe for Enforceability and Admissibility,2013թ. էջեր 2-4։ Էլեկտրոնային հղումը՝ https://www.lowenstein.com/media/3117/1-electronic-signatures-agreements-and-documents_-the-recipe-for-enforceability-an.pdf
[11] Տես՝ Digital business in the United Kingdom: overview by Craig Giles and Will Deller, Bird & Bird LLP, 2018թ.
[12]Տես՝ Digital business in Germany: overview by Dr. Nils Lölfing and Dr. Fabian Niemann, Bird & Bird, 2020թ.
[13] Տես՝ Digital business in France: overview by Rami Kawkabani, Bird & Bird, 2020թ.
[14] Տես՝ Digital business in The Netherlands: overview, by Roelien van Neck, Manon Rieger-Jansen, Brian Mulier and Stephanie Welbergen, Bird & Bird LLP, 2020թ.
[15]Տես՝ Digital business in Spain: overview by Alexander Benalal, Pablo Berenguer, Maria Berlanga, Covadonga Maestro, Bernardo Reus, Juan Calderon, Carolina Muñoz and Ester Vidal, Bird & Bird, 2019թ.
[16]Տես՝ Digital business in Belgium: overviewby Benoit Van Asbroeck, Anne Federle, Jasmien César and Charlotte Haine,Bird & Bird LLP, 2019թ.
[17]Տես՝ Digital business in Switzerland: overviewby Lukas Morscher and Lukas Staub, Lenz & Staehelin, 2020թ.
[18]Տես՝ Digital business in Denmark: overview by Katja Djurhuus, Elayna Michelsen and Laura Katarina Dollerup, Bird & Bird Advokatpartnerselskab, 2020թ.
[19] Տես՝ Digital business in Japan: overviewby Hiroyasu Kageshima, Hiroyuki Yamauchi and Satoshi Yakushiji, Ushijima & Partners, 2020թ.
[20] Տես՝ Digital business in Poland: overview by Marcin Alberski, Paulina Bełzak and Zuzanna Morawska-Zakroczymska, Bird & Bird, Szepietowski i wspólnicy sp.k, 2020թ.
[21] Տես՝ «Էլեկտրոնային առևտրի մասին» Ուկրաինայի Հանրապետության օրենքի 12-րդ հոդված։ Էլեկտրոնային հղումը՝ https://www.profiwins.com.ua/ru/legislation/laws/14690.html, ինչպես նաև Ուկրաինայի Հանրապետության դատական պրակտիկայից որոշակի օրինակներ, էլեկտրոնային հղումը՝ https://bires.com.ua/sydebnue-resheniya-v-electronnoi-comercii/
[22]Տես՝ https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=celex%3A31993L0013
[23]«վաճառող» եզրույթի ներքո նկատի են ունեցվում նաև ծառայություն մատուցողներն ու աշխատանքներ կատարողները
[24] Տես՝https://www.wipo.int/edocs/lexdocs/laws/en/ge/ge012en.pdf
[25] Առավել մանրամասն տես՝ https://uk.practicallaw.thomsonreuters.com/Browse/Home/PracticalLaw?transitionType=Default&contextData=(sc.Default)
[26] Տե՛ս http://www.gnumner.am/hy/page/knqvats_paymanagri_masin_haytararutyun/ և https://armeps.am/ppcm/public/contracts կայքերում:
[27]Տե՛ս Նանե Սահակյան «Պետական կարիքների բավարարման նպատակով կնքվող պայմանագրի հիմնական բնութագիրը», Դատական իշխանություն, Եր., 2018, N 11-12 (233-234), էջեր 42-59, https://ajra.am/hy/judi cial-power:
[28]Տե՛ս նույն տեղում:
[29] Տե՛ս https://armeps.am/ppcm/public/contracts կայքում: