Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել հետևյալ փոփոխությունը.

 

 

Հոդված 1. Օրենսգրքի 1227-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում մահացած անձանց ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում»։

 

 

 

Հոդված 2. Օրենսգրքի 1246-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում մահացած անձանց ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագիր տրվում է ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    14.12.2020 - 29.12.2020

  • Тип

    Кодекс

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10498

Принт

Предложения

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

29.12.2020

Հոգեբանական գործոնն էական և նույնիսկ վճռական նշանակություն ունի ցանկացած ոլորտի (…) բարեփոխումների համար (Տե՛ս Արթուր Ղամբարյան, «Իրավունք և արդարադատություն (հարաբերակցության մեթոդաբանական ասպեկտը)», էջ 10:): Պետության և իրավունքի հարաբերակցության ծայրահեղ էտատիկ (իրավունքը դիտարկվում է որպես պետության կցորդ, որպես դրա հետևանք (Տե՛ս Рассказов Л.П. Теория государства и права: углубленный курс: Учебник. — М.: РИОР: ИНФРА-М, 2015, էջ 242:)) մոտեցումը թույլ չի տալիս ընկալել իրավունքի հումանիստական պոտենցիալը, իրավունքի արժեքը և իրավունքի արժեքային այնպիսի առաջնային հատկանիշներ, ինչպիսիք են արդարությունը, հավասարությունը և ազատությունը» (Տե՛ս Արթուր Ղամբարյան, «Իրավունք և արդարադատություն (հարաբերակցության մեթոդաբանական ասպեկտը)», էջ 10:)։ Նախագծով սահմանվել է հատուկ ժամկետ, որն ավելի քան 18 անգամ պակաս է, քան ժառանգության ընդունման ընդհանուր ժամկետը։ «Ընդհանուր» և «հատուկ» կատեգորիաների հարաբերակցության և՛ «ընդհանուր», և՛ «հատուկ» նորմերի մրցակցության հետ կապված հայտնում ենք, որ «իրավունքի տեսության մեջ նշվում է, որ իրավական նորմերի մրցակցության դեպքում, ի տարբերություն իրավական նորմի կոլիզիայի (բախման), առկա չէ հակասություն, պարզապես 2 և ավելի իրավական նորմեր կարգավորում են միևնույն խումբ հասարակական հարաբերությունները, միայն թե տարբեր կոնկրետացման աստիճանով, տարբեր ծավալներով և այլն: «Ընդհանուր» և «հատուկ» նորմերի մրցակցության դեպքում կիրառվում է «հատուկ» նորմը (Նույն տեղում, էջ 15։): Ակնհայտ է, որ Նախագծի ընդունման դեպքում Օրենսգրքով սահմանված ընդհանուր ժամկետում ժառանգություն ընդունվել այլևս չի կարող այն դեպքերում, երբ ժառանգատուն կորոնավիրուսային համավարակից կամ էլ պատերազմական գործողություններից մահացած անձ է։ Ակնհայտ է, որ Նախագծով սահմանված ժամկետը խոչընդոտում է սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը՝ անհամաչափ կրճատում այն ողջամիտ ժամանակահատվածը, որի ընթացքում իրատեսական է քաղաքացիաիրավական քննարկվող իրավահարաբերության գործարկումը։ Ժառանգության ընդունման նպատակահարմարությունն ուղղակի կախվածության մեջ է գտնվում ժառանգատուի պարտատերերի կողմից պահանջների ներկայացումից։ Պարտատերերի կողմից իրենց պահանջները ներկայացնելու ժամկետային սահմանափակումը երաշխավորում է ժառանգի՝ ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու իրավունքը։ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ «պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի սահմանափակում դնելը նպատակաուղղված է ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու՝ իր իրավունքի իրացման համար բավարար հստակություն և որոշակիություն մտցնելուն, որպեսզի սահմանված ժամկետում ժառանգը հնարավորություն ունենա որոշել ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ, կամ օրինակ՝ պարտատերերի կողմից նշված ժամկետում պահանջ ներկայացվելու դեպքում հրաժարվել ժառանգությունից, թե՝ ոչ։ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է. «Ընդունելով ժառանգությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլև պարտավորություն ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու՝ ժառանգատուի պարտավորությունների համար: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում իր ժառանգման իրավունքն իրացնելիս, ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմի, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ: Եթե ժառանգության զանգվածի կազմը, որպես կանոն, պարզ է լինում ժառանգի համար, այլ է իրավիճակը ժառանգատուի պարտավորությունների պարագայում: Վերջիններիս վերաբերյալ որոշակի պատկերացում ժառանգը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվեն համապատասխան պահանջներ»: Օրենսգրքի պահանջներ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելն ինքնանպատակ չէ. այն կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը՝ պայմանավորված ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով: Ընդունելով ժառանգությունը՝ ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլև ստանձնում պարտավորություն՝ իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու ժառանգատուի պարտավորությունների համար: Նախագիծը կորոնավիրուսային համավարակից կամ պատերազմական գործողությունների հետևանքով մահացած ժառանգատուի պարտատերերի համար այլ ժամկետ չի նախատեսել, այսինքն, այս դեպքում ևս գործելու է Օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր ժամկետը, համաձայն որի՝ «1. Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները»: Ստացվում է, որ ժառանգին «հարկադրում են» ընդունելու ժառանգությունը՝ առանց դրա ընդունման նպատակահարմարությունը պարզելու, քանի որ ժառանգության զանգվածի մեջ են մտնում թե՛ ժառանգատուին պատկանող ակտիվները՝ գույքը, դրամական միջոցները, թե՛ պարտավորությունները։ Նշված մոտեցումն անընդունելի է և առաջացնում է անորոշություն ժառանգի համար, եթե անգամ վերացարկվենք այն հանգամանքից, որ ժառանգը յոթնօրյա ժամկետում կներկայանա նոտարական գրասենյակ, անհայտ է, թե ժառանգության ինչպիսի կազմի հետ գործ ունի։ 3. Միջազգային փորձը ժառանգության ընդունման ժամկետի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքացիական օրենսգրքի 1154-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման օրվանից՝ 6 ամսվա ընթացքում։ «Ժառանգության մասին» Էստոնիայի օրենքի 118-րդ և 119-րդ հոդվածների համաձայն` ժառանգությունը համարվում է ընդունված, եթե 3 ամսվա ընթացքում ժառանգը չի հրաժարվում ժառանգությունից, ընդ որում ժամկետի սկիզբը հաշվարկվում է այն պահից, երբ ժառանգն իմացել է ժառանգատուի մահվան և ժառանգության իր իրավունքի մասին ։ Համանման կարգավորում է պարունակում նաև Մոլդովայի քաղաքացիական օրենսգիրքը՝ ամրագրելով ժառանգության ավտոնոմ ընդունման իրավունքը։ Մոլդովայի qաղաքացիական օրենսգրքի 2390-րդ և 2391-րդ հոդվածներով նախատեսված է եռամսյա ժամկետ՝ ժառանգությունից հրաժարվելու համար։ Լատվիայի քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության ընդունման ժամկետը 1 տարի է ։ Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածում 2006 թվականին կատարված փոփոխությամբ՝ ժառանգության ընդունման ժամկետը 30 տարուց նվազեցվեց 10 տարվա։ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 1424-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության ընդունման ժամկետը 6 ամիս է՝ հաշված ժառանգության բացման օրվանից ։ Ուսումնասիրված երկրների օրենսդրություններից և ոչ մեկը մահվան պատճառի հիմքով ժառանգության ընդունման տարբերակված ժամկետներ չի նախատեսում, ընդհակառակը՝ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման այլ եղանակներ է օգտագործում, մասնավորապես՝ վերը հիշատակված Էստոնիայի և Մոլդովայի քաղաքացիական օրենսգրքերը սահմանում են ժառանգության ինքնավար (ավտոնոմ) ընդունման իրավակարգավորումներ, այսինքն՝ ժառանգությունը համարվում է ընդունված, եթե սահմանված ժամկետում վերջինից հրաժարման դիմում չի ներկայացվում։ Ֆրանսիայում շահագրգիռ անձինք կարող են ժառանգության բացման օրվանից 4 ամսվա ընթացքում «ոչ վճռական» ժառանգից պահանջել կատարել ընտրություն՝ ժառանգությունը ընդունելու կամ հրաժարվելու միջև։ Գերմանիայի քաղաքացիական օրենսգիրքը ևս սահմանում է ժառանգության ավտոնոմ ընդունման կառուցակարգ. ժառանգությունը համարվում է ընդունված՝ 4 շաբաթվա ընթացքում հրաժարվելու դիմում չներկայացնելու դեպքում, ընդ որում՝ ժամկետի հաշվարկման հիմքը ժառանգության կանչվելու պահն է, այսինքն, երբ ժառանգն իմացել է ժառանգության նկատմամբ իր իրավունքի մասին։ Ակնհայտ է, որ իրավական անորոշության հաղթահարման վկայակոչված այլընտրանքային մեթոդներն ավելի իրավաչափ են և ապահովում են մասնավոր և հանրային շահերի հավասարակշռումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

29.12.2020

Նախագիծը սահմանում է ժառանգների իրավունքների իրացումը սահմանափակող կարգավորումներ՝ համաձայն ներքոնշյալ հիմնավորումների։ 1. Նախագծի հիմնավորման խոցելիությունը Նախագծի նպատակը իրավաբանական անձի միակ մասնակից կամ բաժնետեր և միաժամանակ նաև տվյալ իրավաբանական անձի տնօրեն հանդիսացող անձի մահվան դեպքում իրավաբանական անձի գործունեության այն խոչընդոտների վերացումն է, որը կապված է ժառանգության բացման օրվանից 6 ամիս հետո վկայագիր ստանալու հետ։ Ըստ այդմ, Նախագծի հեղինակն առաջարկում է ժառանգության ընդունման 6-ամսյա ժամկետը կրճատել՝ դարձնելով ընդամենը 7 օր՝ այն դեպքերում, երբ անձը մահացել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում։ Անհասկանալի է, թե արդյո՞ք իրավաբանական անձի գործունեության վկայակոչված խոչընդոտն առաջանում է միայն այն դեպքերում, երբ անձը մահանում է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում, թե, դիցուք, սրտի իշեմիկ խրոնիկ հիվանդության, բռնության հետևանքով և բազմաթիվ այլ պատճառներով։ Նախագիծն այս կապակցությամբ պատշաճ և փաստարկված հիմնավորում չի ներկայացնում, թե ինչու են կիրառվում երկակի ստանդարտներ ժառանգների նկատմամբ միայն այն հիմքով, թե ինչից կամ ինչ հանգամանքներում է մահացել ժառանգատուն, ուստի Նախագծի ընդունմամբ որոշակի անհավասար պայմաններ կառաջանան տարբեր պատճառներով մահացած ժառանգատուների ժառանգների միջև։ Երբ նույնասեռ հասարակական հարաբերությունները կարգավորելիս օրենսդիրը դրսևորում է տարբերակված մոտեցում կարգավորման կառուցակարգերի և մասնակիցների իրավունքների և պարտականությունների ծավալների մասով, պետք է ներկայացնի պատշաճ փաստարկված հիմնավորում առ այն, թե ինչու հասարակական հարաբերությունների մի խումբը պահանջում է այլ իրավակարգավորում, քան նույն խմբին պատկանող հասարակական մյուս հարաբերությունները։ Միաժամանակ նշենք, որ օրենսդրական նման փոփոխությունների դեպքում հարկ է ուսումնասիրել նաև միջազգային օրինակելի փորձը, մասնավորապես՝ ուսումնասիրել, թե արդյո՞ք արտասահմանյան երկրների օրենսդրությունը նախատեսում է մահվան հանգամանքներից կախված ժառանգության ընդունման տարբերակված ժամկետներ։ 2. Նախագծով սահմանված անհամաչափ և ոչ ողջամիտ ժամկետը Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ նախատեսվել է Օրենսգրքի 1227-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «4.Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում մահացած անձանց ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում»։ Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվել է Օրենսգրքի 1246-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «4.Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում մահացած անձանց ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագիր տրվում է ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու օրվանից՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում»: Նշենք, որ գործող իրավակարգավորմամբ Օրենսգրքի 1227-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է ժառանգության ընդունման 1 ընդհանուր ժամկետ, համաձայն այդ նորմի՝ «1. Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից՝ 6 ամսվա ընթացքում»: Ժամկետի նախատեսման իրավակարգավորումը հարկ ենք համարում դիտարկել ժառանգական իրավահարաբերությունների բովանդակությունը կազմող և միմյանց հետ անխզելիորեն կապված 2 հիմնահարցերի համատեքստում՝ 1. Յոթնօրյա ժամկետի նախատեսումը ժառանգի ժառանգության ընդունման իրավունքի համատեքստում, 2. Ժառանգի պարտատերերի պահանջների ներկայացումը՝ որպես ժառանգության ընդունման նախապայման։ Քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժամկետներն առհասարակ (…) նպատակ ունեն ոչ միայն ժամանակի առումով կանոնակարգելու քաղաքացիական շրջանառությունը, այլև ապահովելու քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը, դրդելու անձանց կատարելու իրենց պարտականությունները, ինչպես նաև խթանելու խախտված իրավունքների ժամանակին պաշտպանությունը: Քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները պետք է շահագրգռված լինեն, որպեսզի իրենց իրավունքները և պարտականություններն իրացվեն ոչ միայն պատշաճ կերպով, այլև ժամանակին (Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին կայացված թիվ ՍԴՈ-1495 որոշում։) : Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքը, սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները և ազատությունները ճանաչելուն և պաշտպանելուն, ինչպես նաև դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն ուղղված՝ պետության պոզիտիվ պարտականությունը (…) (Տե՛ս Արման Վահանի Դավթյանի և Սոնա Ռուբենի Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0004/11/12 որոշման 14-րդ կետը)): Ժառանգության ընդունման իրավունքը սահմանափակված է ժամկետներով՝ ընդհանուր և հատուկ։ Այդ ժամկետների նախատեսումը նպատակ է հետապնդում՝ 1. երաշխավորել ժառանգի՝ ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու իրավունքը, այսինքն՝ «մտածելու» ժամանակ և հնարավորություն ժառանգի համար՝ հենվելով ժառանգության զանգվածի կազմի և գտնվելու վայրի, ժառանգատուի պարտավորությունների, այլ ժառանգների առկայության, հնարավոր իրավական վեճերի վերաբերյալ ստացված տեղեկությունների վրա (մասնավոր շահ), 2. սահմանել գույքի սեփականատիրոջ մահից հետո առաջացած իրավական անորոշության հաղթահարման համար ռացիոնալ ժամանակահատված (հանրային շահ)։ Ժառանգության ընդունման ժամանակահատվածը որոշելիս օրենսդիրը պետք է ողջամիտ հավասարակշռություն ապահովի մի կողմից մասնավոր շահի, երբ ժառանգին ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու ողջամիտ ժամկետ պետք է ընձեռնվի, մյուս կողմից հանրային շահի, երբ քաղաքացիաիրավական շրջանառության կայունությունը կարող է տուժել գույքի սեփականատիրոջ երկար ձգվող բացակայությունից։ Ընդ որում, նման դեպքում համաչափության սկզբունքի հիման վրա օրենսդիրը պետք է հավասարակշռի իրավահարաբերությունների տարբեր մասնակիցների իրավունքները: Ժառանգության ընդունման նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների իրացման խոչընդոտներ: Նախագծի հեղինակների կողմից առաջարկվող յոթնօրյա ժամկետը չի ապահովում վերը վկայակոչված ողջամիտ հավասարակշումը, ակնհայտ է, որ մասնավոր շահը՝ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու հնարավորությունն անհամաչափ սահմանափակվում է՝ հօգուտ «իրավաբանական անձի գործունեության անխաթար ապահովման»։ Ընդ որում, Նախագծով ոչ միայն հաշվի չի առնվել ողջամիտ հավասարակշռման ապահովման չափանիշը, այլև իրավահարաբերության մասնակիցների հոգեբանական վիճակը՝ մտնելու քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ՝ դրսևորելով գիտակցված և կամային վարքագիծ։ (Շարունակությունը տես հաջորդ դաշտում)

Արտակ Պողոսյան

16.12.2020

Հարգելի գործընկերներ, սույն նախագիծը ընդհանուր առմամբ անընդունելի է: Առնվազն այն պատճառով, որ անկախ ժառանգության առաջացման հանգամանքներից, իրավական ակտերով և նորմերով պետք է պահպանվի ժառանգության ընդունման գաղափարախոսությունը և էությունը, հաշվի առնելով երրորդ անձանց իրավունքները: Անգամ տեխնիկապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանելով կոնկրետ դեպքը անընդունելի է: Գործնականում, եթե անգամ կիրառելի լինի, ապա ոչ թե «կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)» սահմանումը պետք է կիրառել, ապա «համավարագ, որի արդյունքում ՀՀ կառավարության մակարդակով ընդունվում են համաճարակի դեպ պայքարելու համապատասխան իրավական ակտեր» սահմանումը: Բայց, ոչ ժառանգության իրավունքների կիրառումը: Բացի այդ, իրավական ակտի նախագծին կից ներկայացված չէ ազդեցության գնահատման վերլուծությունը:

Узнать больше