Добавить в избранное

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

         Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         2015 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 19 արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը։ 2016 թվականի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Պրոբացիայի մասին» օրենքը։ Սույն օրենքով թիվս այլ իրավակարգավորումների սահմանվեց «պրոբացիա» հասկացությունը, պրոբացիայի ծառայության լիազորությունները, պրոբացիայի ծառայության կարգավիճակը և կառուցվածքը։ Պրոբացիայի հասկացության սահմանման համար ըստ էության հիմք է հանդիսացել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի կողմից անդամ-պետություններին ուղղված թիվ 2010/1 հանձնարարականով[1] (այսուհետ նաև` ԵԽ հանձնարարական), համաձայն որի՝ «Պրոբացիան վերաբերում է օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարմանը հասարակությունում։ Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն»: Պրոբացիայի առաքելությունն է համարվում հասարակությունից անձին չմեկուսացնելը։ Օրենքում առկա գործող իրավակարգավորումը բավականին ընդարձակ է, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել պրոբացիայի մասին բացահայտելով պրոբացիայի ծառայության գործառույթները, քանի որ «պրոբացիա» հասկացության մեջ նշված է ըստ էության բոլոր այն գործառույթները, որոնք իրականացնում է պրոբացիայի ծառայությունը։

         Գործող իրավակարգավորումների շրջանակում առկա են մի շարք իրավադրույթներ, որոնք իրավական որոշակիության տեսանկյունից իրավական բեռ չեն պարունակում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը։

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը և քրեակատարողական ծառայությունը ունեն հատուկ կարգավիճակ։ Երկու ծառայություններն էլ հանդիսանում են հանրային ծառայության ինքնուրույն տեսակներ։ Թեև քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև առկա են մի  շարք նմանություններ, այնուամենայնիվ պրոբացիայի ծառայությունը, հանդիսանալով քաղաքացիական ծառայություն, չի օգտվում այն սոցիալական երաշխիքներից, որոնք սահմանվել են ոչ միայն քրեակատարողական, այլ հարկադիր կատարման ծառայությունների համար։

Համաձայն օրենսդրական կարգավորումների՝ պրոբացիայի ծառայողը հանդիսանում է քաղաքացիական ծառայող, սակայն օրենսդրի կողմից սահմանվել է բացառություն պրոբացիայի այն ծառայողների համար, ովքեր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծառայել են այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումում։ Այսինքն՝ օրենսդիրը երկակի մոտեցում է դրսևորել պրոբացիայի ծառայողների նկատմամբ, այսպես՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ծառայողների և օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծառայողների նկատմամբ։ Սա ինքնին ողջամիտ մտահոգություն կարող է առաջացնել նույն աշխատանքն իրականացնող, սակայն ավելի ցածր վարձատրվող ծառայողների շրջանում՝ օբյեկտիվ հիմքից զուրկ տարբերակված մոտեցում դրսևորելու առումով։ Խոսքը վերաբերում է այն տարբերակմանը, որը չի բխում փաստացի կատարած աշխատանքի բնույթից ու ծավալից։ Ընդունելով հանդերձ, որ նախկինում ավելի բարձր վարձատրվող ծառայողներն ունեին ողջամիտ ակնկալիք (legitimate expectation), հարցի լուծումը պետք է դիտարկել հենց սոցիալական երաշխիքների բարձրացման առումով՝ հիմք ընդունելով ներկայում պրոբացիայի ծառայության առջև դրված խնդիրները։

  • «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պրոբացիայի ծառայության գործունեության ընթացքում բացահայտված խնդիրները և առկա բարդությունները վերանայելով, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 2019թ.-ի նոյեմբերի 28-ի N1717-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագրով: Մասնավորապես սույն նախագծով վերանայման ենթարկվում են հետևյալ հարցերը.լրացուցիչ երաշխիքների սահմանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ անչափահասներ, ընտանեկան բռնության զոհեր, անվտանգության միջոցների ենթարկված անձանց և այլն

Գործող օրենսդրությունը մասնակի է կարգավորում վերը նշված անձանց առնչությամբ պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող հարաբերությունների առանձնահատկությունները: Նախևառաջ, սկզբունքային է երեխայի լավագույն շահի ամրագրումը և դրանով առաջնորդվելու՝ պրոբացիայի ծառայողի պարտականությունը:

«Երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը» և «երեխայի լավագույն  շահով առաջնորդվելը» նույնական չեն, ինչից ելնելով սույն նախագծով առաջարկվում է կիրառել առաջին ձևակերպումը, որի ամբողջականությունն ապահովելու համար առաջարկվել է նոր սկզբունք՝ համապատասխան փոփոխության ենթարկելով նաև Օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված սկզբունքը:

Բացի այդ, պրոբացիայի անչափահաս շահառուների առնչությամբ նախատեսվում է պարտականությունների լրացուցիչ շրջանակ, որի արդյունքում պրոբացիայի անչափահաս շահառուի կարիքներից ելնելով կներգրավվի հոգեբան, կգնահատվի պրոբացիայի անչափահաս շահառուների ռիսկերը և կարիքները, պրոբացիայի անչափահաս շահառուի հետ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներն առանց նրա օրինական ներկայացուցիչների, եթե դա է պահանջում նրա լավագույն շահը: Հարկ է նշել, որ հանդիպումները կիրականացվեն հատուկ հարմարեցված և կահավորված սենյակներում, որտեղ կլինի տեսաձայնագրման հնարավորություն: Տեսաձայնագրությունների կիրառումն անչափահասների հետ կապված ցանկացած գործողություններում բխում է անչափահասների լավագույն շահից և միտված է նրանց նկատմամբ ոչ երեխայակենտրոն և անբարենպաստ վերաբերմունքը վերացնելուն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծն էլ որոշակի դեպքերում ամրագրում է անչափահասների մասնակցությամբ քննչական գործողությունների տեսաձայանագրման անհրաժեշտությունը:

Անչափահասի հետ աշխատանքների տեսաձայնագրման դեպքում հնարավորություն է ընձեռնվում հետագայում վերարտադրել տեսաձայանագրությունը և վերլուծել այն մասնագետների՝ հոգեբանի, մանկավարժի, սոցիալական աշխատողի հետ, իրականացրել քննարկումներ, գնահատել անչափահասի կարիքները՝ առանց վերջինիս կրկին անգամ պրոբացիայի ծառայություն հրավիրելու:

Անչափահասի հետ աշխատանքների տեսաձայնագրումը նաև հնարավորություն է ընձեռելու գնահատել կատարված աշխատանքի արդյունավետությունը՝ ակնհայտորեն վարքագծային, սոցիալական, հոգեբանական և այլ առաջընթացը ֆիքսելով:

Անչափահասների մասնակցության հետ կապված՝ Եվրոպայի խորհրդի՝ քրեական գործերով վերականգնողական արդարադատության վերաբերյալ CM/Rec(2018)8 հանձնարարականի համաձայն՝ հաշտարարությանն անչափահասները կարող են մասնակցել իրենց օրինական ներկայացուցիչների հետ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պետք է ապահովվի սոցիալական աշխատողների կամ այլ իրավասու մարմինների ներկայացուցիչների ներկայությունը։

Անչափահասի հետ աշխատանքների տեսաձայնագրումը կօգնի հաշտեցման ընթացքում կրկնակի զոհացման կանխմանը, ինչպես նաև հավաստում, որ իրավախախտն ագրեսիվ չէ կամ որևէ այլ կերպ վտանգ չի ներկայացնի անչափահասի համար կամ չի փորձի ազդեցություն ունենալ անչափահասի նկատմամբ։ Այսպես, օրինակ, Լիտվայում գործում է հաշտարարության ենթակա գործերի ընտրության երկու փուլ՝ որոշակի չափանիշների վրա հիմնված նախնական տեսական գնահատում և կողմերի հետ անհատական հանդիպումների կազմակերպում, որոնց արդյունքում որոշվում է՝ գործը ենթակա է հաշտեցման, թե ոչ։ Եթե վիկտիմիզացիայի վտանգը մեծ է, հաշտարարության ողջ ընթացքը կարող է կազմակերպվել կողմերի հետ առանձին հանդիպումների միջոցով[2]։ Տվյալ դեպքում տեսաձայնագրության կիրառումն առավել արդիական է: 

Հաշվի առնելով ընտանիքում բռնության ենթարկված անձանց խոցելիությունը և նրանց մասնակցությամբ հաշտարարության հնարավոր բացասական հետևանքներն առաջարկվում է ընտանիքում բռնության դեպքերով քրեական վարույթի ընթացքում հաշտարարություն կիրառելիս ղեկավարվել նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սկզբունքներով: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ընտանիքում բռնության դեպքում հնարավոր է կիրառված լինի ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության որևէ միջոց, իսկ դրանց բովանդակությունից և առանձնահատկություններից ելնելով հնարավոր է, որ անհնարին լինի անգամ հաշտության համար հանդիպում կազմակերպելը:

Նաև կարևոր է ընտանիքում բռնության ենթարկված անձի համաձայնությունը հաշտարարություն կիրառելու համար: Սակայն, ընտանիքում բռնության ենթարկված անձի համաձայնության գիտակցված և կամային լինելու հարցը քննարկվելու է հոգեբանի մասնագիտական կարծիքը հաշվի առնելուց հետո՝ բացառելու համար Ստոկհոլմյան համախտանիշը, հետվնասվածքային սթրեսային համախտանիշը կամ ընտանիքում բռնության ենթարկված անձի գիտակցության կամ կամարտահայտության վրա ազդեցությունը: Բացի այդ, ընտանիքում բռնության դեպքերով հաշտարարություն չի իրականացվում, եթե ընտանիքում բռնության այդ դեպքը նույն անձանց միջև տեղի ունեցած և արձանագրված կամ հաշվառված ընտանիքում բռնության առաջին դեպքը չէ: Նման մոտեցումը բխում է ընտանիքում բռնության ենթարկված անձի իրավունքների պաշտպանության արդյունավետությունից:

Նման օրինակ առկա է Ֆրանսիայում, որտեղ ընտանեկան բռնության գործերով հաշտարարություն չի կարող իրականացվել, քանի դեռ տուժողը հստակ չի պահանջում, կամ եթե ընտանեկան բռնության դեպքը կրկին արձանագրվում է հաշտարարության նախաձեռնումից հետո, այն այլևս չի շարունակվում[3]։

Քանի որ պրոբացիայի ծառայությունն իրականացնում է վերահսկողություն նաև անվտանգության միջոցների ենթարկված անձանց նկատմամբ, մանրամասնվում են այցելությունների ընթացքում հոգեբանի հետ համատեղ դրանք իրականացնելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հոգեբույժի դիմելը՝ պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացման դեպքում: Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ պրոբացիայի ծառայողը պարտավոր չէ ունենալ մասնագիտական հոգեբուժական գիտելիքներ՝ վիճակի վատթարացումը պարզելու համար, իսկ հաշվի առնելով, որ հոգեկան խանգարում ունեցող անձինք առաջնահերթ թիրախավորում են իրենց խնամակալներին, հոգաբարձուներին կամ այլ անձանց, ովքեր խնամում են իրենց, ովքեր իրենց հերթին, չեն դիմում իրավապահ մարմիններին՝ մասնագիտական մոտեցումը կունենա կանխարգելիչ ազդեցություն:

  • էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը

Օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի 123-րդ հոդվածի 4-րդ մասը և 125-րդ հոդվածը 6-րդ մասը նախատեսում են հետևյալը. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

Այս պահանջներն ինքնին բավարար չեն էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման ամբողջականությունն ապահովելու համար, իսկ հաշվի առնելով այդ միջոցների հիմնականում տեխնիկական բնույթի լինելու հանգամանքը, առավել նպատակահարմար է ոչ թե հղում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այլ հստակ նախատեսել այդ միջոցների կիրառման կարգը ՀՀ կառավարության որոշմամբ, ինչը փաստացի ամրագրված է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1440-Ն որոշմամբ:

2014թ.-ի փետրվարի 19-ի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատվել է թիվ CM/Rec(2014)4 հանձնարարականն Էլեկտրոնային մոնիթորինգի վերաբերյալ։ Հանձնարարականի սահմանում է, որ որոշ իրավական համակարգերում սարքը կրող կասկածյալը, մեղադրյալը կամ դատապարտյալը վճարում է այդ սարքի կիրառման հետ կապված ծախսերի մի մասը, մյուսներում էլեկտրոնային մոնիթորինգի հետ կապված ծախսերը հոգում է միայն պետությունը։ Այն դեպքերում, երբ կասկածյալները, մեղադրյալները և դատապարտյալները մասամբ վճարում են էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման ծախսերը, նրանց կողմից վճարվելիք գումարը պետք է համապատասխանի նրանց ֆինանսական դրությանը և պետք է կանոնակարգի օրենքով։ Սույն հանձնարարականը պետություններին հնարավորություն է տալիս կիրառել տարբերակված մոտեցում՝ կախված էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման հետ կապված ծախսերը պրոբացիայի շահառուն է հոգում, թե պետությունը։ Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատական ակտով՝ պետական բյուջեի կամ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին։»։ Սույն սահմանումից ողջամտորեն հարց է ծագում, երբ էլեկտրոնային հսկողության միջոցները կարող են կիրառվել պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին։ Օրենսդիրը սույն հարցադրմանը պատասխանել է Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում, այսպես՝ էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում տվյալ անձի գույքային դրությունը: Հետևաբար՝ պրոբացիայի շահառուի գույքային դրությունից ելնելով՝ դատարանն իրավունք ունի էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման հետ կապված ծախսերի պարտականությունը դնել պրոբացիայի շահառուի վրա։ Հարկ է նշել, որ հետաքրքիր մոտեցում է որդեգրել Հայաստանի Հանրապետությունն էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման ֆինանսավորման վերաբերյալ։

Սակայն առավել տրամաբանական է ստանալ պրոբացիայի շահառուի նախնական համաձայնությունն իր միջոցներով էլեկտրոնային հսկողությունն իրականացնելու համար, այդ իսկ հիմքով առաջարկվել է այն կիրառել պրոբացիայի շահառուի, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության դեպքում:

Եթե էլեկտրոնային հսկողության ծառայությունները կազմակերպվում են պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին, ապա պրոբացիայի շահառուի նյութական վիճակի վատթարացումը կամ նրա մոտ բավարար դրամական միջոցների վերացումը, հիմք է էլեկտրոնային հսկողության ծառայությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացնելու համար՝ հիմք ընդունելով նրա դիմումը և նյութական վիճակի վատթարացումը կամ նրա մոտ բավարար դրամական միջոցների վերացումը հիմնավորող փաստերը:

  • պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում

 Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով միջոցառումները և ծրագրերը ներկայումս մշակվում և իրականացվում են միայն պրոբացիայի ծառայության կողմից, ինչն առաջացնում է թե՛ բովանդակային, թե՛ կազմակերպչական խնդիրներ՝ հաշվի առնելով միջոցառումների կամ ծրագրերի բազմամասնագիտական, տևական, բարդ և համագործակցային լինելը: Այդ իսկ պատճառով առաջարկվում է վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի մշակումն ընձեռել նաև  համագործակցող մարմիններին կամ կազմակերպություններին: Իհարկե, եթե միջոցառումները կամ ծրագրերը մշակվում կամ իրականացվում են համագործակցող մարմինների կամ կազմակերպությունների կողմից, ապա պրոբացիայի ծառայությունը պետք է ունենա համակարգման և վերահսկման լիազորություն:

Որպես համագործակցող մարմիններ կամ կազմակերպություններ կարող են հանդես գալ այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց հիմնարկներն ու կազմակերպությունները, միջազգային և հասարակական կազմակերպությունները, դրանց ներկայացուցչությունները, որոնք լիազորված են իրականացնել գործառույթներ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ոլորտներում՝ աշխատանքի և սոցիալական ապահովության, մշակութային, կրթական, մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման, սպորտային, առողջապահական, հոգեբանական, վարքաբանական, զբաղվածության և այլն: Բացի այդ առաջարկվում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել ոչ միայն վերասոցիալականացման միջոցառումների մշակման կարգը, այլ վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի մշակման և իրականացման կարգը, քանի որ ոչ միայն միջոցառումները, այլ նաև այդ ծրագրերը պետք է մշակվեն մեկ միասնական ընթացակարգերով, ինչպես նաև դրանց իրականացումը պետք է ունենա որոշակի կանոնակարգում՝ թողնելով նաև ազատություն անհատական մոտեցումներ դրսևորելու համար՝ առավել ևս, որ ՀՀ կառավարության 2017թ.-ի ապրիլի 20-ի N404-ն որոշումն արդեն իսկ բովանդակում է թե՛ միջոցառումների, թե՛ ծրագրերի իրականացման կարգին վերաբերող իրավակարգավորումներ:

Պրոբացիայի ծառայությունը բաց է համագործակցության համար և վերասոցիալականացման ծրագրերի իրականացման համար համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների հետ։ Հարկ է նշել, որ վերասոցիալականացման ծրագրերի իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է պրոբացիայի ոլորտում առկա հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությունից։ Հասարակական կազմակերպությունների և պրոբացիայի ծառայության շղթայի վերաբերյալ պրակտիկայում արդեն առկա են հաջողված օրինակներ։ Ըստ էության պրոբացիայի ծառայությունը բաց է համագործակցության համար, Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները պետք է առավել արդյունավետ համագործակցեն և´ դոնորների, և´ պրոբացիայի ծառայության հետ վերասոցիալականացման ծրագրեր իրականացնելու համար։

Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով պրոբացիայի ծառայության և այլ մարմինների ու կազմակերպությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար առաջարկվում է այն ամրագրել Օրենքում՝ հստակեցնելով, որ  դրանք էլ կարող են ներկայացնեն համապատասխան ծրագրեր և միջոցառումներ:

  • պրոբացիայի շահառուին բժշկական հետազոտության ներկայացնելը

Պրոբացիայի շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օգտագործման վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պատճառաբանված որոշում է կայացնում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին՝ պատշաճ ծանուցելով պրոբացիայի շահառուին: Սակայն, ՀՀ կառավարության 2018թ.-ի ապրիլի 5-ի N 395-Ն որոշմամբ և ոչ էլ Օրենքում սահմանված չէ վերը նշվածը ստուգելու մեխանիզմները: Այդ իսկ պատճառով, Օրենքի 24-րդ հոդվածում լրացում է կատարվում, որով պրոբացիայի ծառայողը, նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում համապատասխան որոշում կայացնելով, դիմելու է ոստիկանության, որը կարող է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ գործադրել պրոբացիայի շահառուին համապատասխան բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող կազմակերպություններ կամ հաստատություններ տեղափոխելու և որոշման պահանջները կատարելու համար:

  • պրոբացիայի ծառայողի ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու իրավունքը

Գործող օրենսդրությունը չի նախատեսում պրոբացիայի ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը, այն պարագայում, երբ իրավապահ կամ պատիժ կատարող կամ արդարադատությանն աջակցող այլ մարմիններ՝ ոստիկանություն, քրեակատարողական ծառայություն և այլն, նման լիազորություններով օժտված են:

2018թ.-ի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված է նաև քաղաքացիական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը: Այսինքն՝ պետությունն ընդլայնում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է պրոբացիայի ծառայողի առնչությամբ՝ ելնելով նրանց լիազորություններից և գործառույթների առանձնահատկություններից:

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելը հնարավոր կլինի պրոբացիայի ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերում:

Հատկանշական է, որ առաջարկվող հատուկ միջոցների շրջանակն անհամեմատ նեղ է, քան, օրինակ՝ ոստիկանության կողմից օգտագործվողը և որպես այդպիսինն են հանդիսանալու ռետինե մահակները, ձեռնաշղթաները և ոտնաշղթաները, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցները, էլեկտրահարող սարքերը, ինչպես նաև մարդու առողջությանը վնաս չպատճառող յուրաքանչյուր այլ միջոցները:

Արգելվում է հատուկ միջոցներ և զենք գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, անչափահասների, հաշմանդամություն ունեցող կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և պրոբացիայի ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք պրոբացիայի ծառայողի կողմից կիրառելն օրինական է շատ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ տարբեր նահանգներում[4], ԱՊՀ երկրներից՝ Ղազախստանում[5] և այլն:

  • հիվանդության հետևանքով պատժի կրումից ազատված անձանց նկատմամբ պրոբացիայի ծառայության կողմից գործառույթներ չիրականացնելը

Օրենքի 27-րդ հոդվածով սահմանվում է հիվանդության հետևանքով պատժի կրումից ազատված պրոբացիայի շահառուի առնչությամբ իրականացվող որոշ գործառույթներ: Նման լիազորությամբ պրոբացիայի ծառայությանն օժտելն առնվազն անտրամաբանական է, քանի որ հիվանդության հետևանքով պատժի կրումից ազատելը պայմանական ազատում չէ, և դատարանը որևէ պարտականություն ազատվող անձի վրա կամ պայման նրա առջև չի դնում: Դա ամրագրված է թե՛ ՀՀ քրեական օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածով, թե՛ մասնագիտական գրականությամբ[6]: Այսինքն եթե պետությունը, գտնելով հիվանդության անհամատեղելիությունը պատժի կրման հետ, որոշում է կայացրել դատապարտյալին ազատել պատժի կրումից և եթե անձն իր միջոցներով բուժվել է կամ կայունացրել է իր առողջական վիճակը՝ դեռ չի նշանակում, որ նա պետք է վերադառնա պատժի չկրած մասի կրմանը, առավել ևս՝ պրոբացիայի ծառայությունն այդ գործընթացում որևէ լիազորություն կամ գործողություն կատարելու իրական հնարավորություն չունի:

Հակառակ դեպքում՝ եթե հիվանդության հիմքով ազատվելը համարվի պայմանական ազատում, և դատապարտյալը պարտավոր լինի բուժումից հետո վերադառնալ պատժի կրման, ապա դա բացասաբար կանդրադառնա բուժման արդյունավետության վրա և կհանդիսանա նախապայման չբուժվելը կամ մասնակի բուժվելը պատժի չվերադառնալու առիթ դարձնելու համար:

Բացի այդ, քանի որ հիվանդության հետևանքով հնարավոր է ոչ միայն պատժից ազատում, այլ նաև պատժի կրման հետաձգում, այս դեպքում սահմանվում է հատուկ ընթացակարգ առ այն, որ դրա մասին դատական ակտն ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատություն՝ համապատասխան բժշկական վերահսկողություն, օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով: Բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնող հաստատությունն, իր հերթին, պրոբացիայի շահառուի առողջական վիճակի փոփոխությունների մասին պարբերաբար, իսկ պատժի կրումը հետաձգելու հիմք հանդիսացող հիվանդության բուժման կամ պրոբացիայի շահառուի առողջական վիճակի կայունացման դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում տեղեկացնում է պրոբացիայի ծառայողին: Նման կարգավորումն անհրաժեշտ է, քանի որ գործող օրենսդրությամբ պրոբացիայի ծառայությունն օժտված չէ այս ոլորտում որևէ լիազորություն իրականացնելուց և հիվանդության հիմքով պատժի կրման հետաձգման դեպքում ունի ձևական ներգրավվածություն:

  • տեխնիկական շտկումներ

Հաշվի առնելով, որ ՀՀ ոստիկանությունն այլևս ՀՀ կառավարության առընթեր մարմին չէ, ինչը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներով, սույն նախագծով առաջարկվել է շտկել առկա տեխնիկական վրիպակը:

Պրոբացիայի ծառայողի կազմած արձանագրությունները համապատասխան մարմիններին ուղարկելու նոր դեպքերի ավելացումը պայմանավորված է համագործակցության ամրապնդմանը և այդ մարմինների կողմից կայացված որոշումների իրականացման ընթացքի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրման ցանկալիության հետ:

Հարկ է նշել, որ բացի վերոնշյալ օրենքից հետագայում ընդունվեցին մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնք ուղղված էին պրոբացիայի ծառայության և ընդհանուր առմամբ պրոբացիայի ինստիտուտի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ իրավանորմատիվային բազայի ստեղծմանը: Մասնավորապես,  դրանց թվին են դասվում`

  • ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1561-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 395-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1019-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2016 թվականիդեկտեմբերի 15-ի «Պրոբացիայի պետական ծառայության կողմից թարգմանչի ներգրավման կարգը սահմանելու մասին» N 1283-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» N 189-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը սահմանելու մասին» N 1176-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Վերասոցիալականացմանմիջոցառումների և ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին»  N 404-Ն որոշումը,
  • Այլ իրավական ակտեր

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ՀՀ  կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-Լ որոշմամբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, որում որպես ռազմավարական կարևոր ուղղություն  առանձնացվում է նաև ՀՀ պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործումը, ըստ այդմ կարևորելով գնահատման արդյունքների հիման վրա «Պրոբացիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի մշակումը, որը, ի թիվս, վերը նշված ռազմավարության մեջ արտացոլված այլ համալիր միջոցառումների, անհրաժեշտ հիմքեր պետք է ստեղծեր պատժի նպատակների արդյունավետ իրացման, վերասոցիալականացմանն ուղղված համալիր և արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացման, կառավարման արդյունավետ համակարգի, պրոբացիայի ծառայողների համար սոցիալական ապահովության բավարար երաշխիքների ապահովման տեսանկյունից: 

Հարկ է նաև նշել, որ «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում և այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի մշակման և ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի նիստում դրանց հավանության արժանացման հանգամանքով, ինչը իր հերթին պահանջում է նշված ակտերի միջև համահունչության և ըստ այդմ նաև նախատեսվող կարգավորումների համապատասխանության ապահովում` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ նշված նախագծերի ընդունման արդյունքում անկնկալվում են ոլորտային համակարգային փոփոխությունների իրականացում:

Բացի այդ, պետք է նշել, որ չնայած պրոբացիայի ինստիտուտի ներդրման ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերին, համակարգում առկա են նաև բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծումը կարևոր դերակատարում կարող է ունենալ պրոբացիայի ինստիտուտի առջև դրված գաղափարախոսության ամբողջական իրացման և դրա արդյունավետության բարձրացման տեսանկյունից: 

Պրոբացիայի ծառայության գործունեության համալիր գնահատմանը անդրադարձել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2018 թվականի «ՀՀ պրոբացիայի ծառայության գործունեության մշտադիտարկում» վերտառությամբ արտահերթ հրապարակային զեկույցում[7] (վերաբերելի է 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի հոկտեմբերը ընկած ժամանակահատվածին), որտեղ մանրամասն ներկայացվել են ինչպես օրենսդրության, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում արձանագրված խնդիրները, նախանշվել են նաև դրանց լուծման հիմնական ուղղությունները:

Պրոբացիայի ծառայության համակարգում անհրաժեշտ բարեփոխումների հիմնական ուղղությունների նախանշման տեսանկյունից անհրաժեշտ է առանձնացնել նաև 2020 թվականի մարտին Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում ներգրավված փորձագետների կողմից կազմված «Պրոբացիայի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության կատարելագործմանը ուղղված առաջարկներ» զեկույցը (այսուհետ` նաև Զեկույց):

Զեկույցում, ի թիվս այլ խնդիրների, որպես խնդրահարույց ոլորտներ առանձնացվել են նաև ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը: Ըստ այդմ, հարկ է անդրադառնալ և առանձնացնել ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման գործընթացքում արձանագրված հիմնական և առանցքային խնդիրները, այնուհետև անդրադարձ կատարել նաև պրոբացիայի ծառայության կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում կազմվող զեկույցների հետ կապված և ա

յլ որոշակի հիմնախնդիրներին:

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հանրային աշխատանքների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքով և ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1019-Ն որոշմամբ:

  1. Հաշվի առնելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով հանրային աշխատանքների կապակցությամբ որդեգրված նոր մոտեցումը, հարկ է կատարել նաև համապատասխան փոփոխություններ վերոնշյալ ակտերում` ապահովելով դրանց համահունչությունը: Մասնավորապես ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվել է, որ
  • հանրային աշխատանքները չպետք է վտանգեն անձի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը, դրանք պետք է կատարվեն դատապարտյալի ուսումնառությունից և աշխատանքից ազատ ժամանակահատվածում,
  • հանրային աշխատանքների տևողությունը 60-270 ժամ է (օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է պակաս լինեն նաև 60 ժամից),
  • նախատեսվել է առողջական վիճակի վատթարացման կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու դեպքում պատժի կրումից ազատվելու հնարավորություն,
  • նախատեսվել է համապատասխան կարգավորում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի, 65 տ լրացած անձի կամ հղի կնոջ նկատմամբ վերջիններիս դիմումի հիման վրա հանրային աշխատանքների նշանակման հնարավորության վերաբերյալ՝ աշխատանքների բնույթն ընտրելիս հաշվի առնելով նրանց կարգավիճակը,
  • նախատեսվել է հանրային աշխատանքները խուսափելու դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելու կառուցակարգ` 8 ժամը հաշվարկելով ազատազրկման մեկ օրվա դիմաց
  • Այլ փոփոխություններ

 

 

Աշխատանքների բնույթ, շրջանակ

Անդրադառնալով հանրային աշխատանքների բնույթին, հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի  N 1019-Ն որոշման հավելվածի 12-րդ կետով սահմանվում են հանրային աշխատանքների այն տեսակները, որոնք պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի կողմից կարող են առաջարկվել պրոբացիայի շահառուին: Ընդ որում վերը նշված կետով սահմանվում են հանրային աշխատանքների սպառիչ ցանկ, և այդ ցանկում ներառված են այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են`

1) բանվորական աշխատանքները (բակերի բարեկարգում, բարձրահարկ շենքերի տանիքների վերանորոգում, ցանկապատերի ներկում, շենք-շինությունների կոսմետիկ վերանորոգում).

2) ոռոգման աշխատանքները.

3) կանաչապատման աշխատանքները.

4) հողի մշակման աշխատանքները

5) ճանապարհային նշանների ներկումը, մոնտաժումը.

6) պատմամշակութային վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքները:

Վերը նշվածը վկայում է, որ գործող իրավակարգավորման պարագայում առկա չէ պրոբացիայի շահառուին այլ` այդ թվում իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, հմտություններին համապատասխանող աշխատանքներում ներգրավելու հնարավորություն: Աշխատանքների սպառիչ բնույթի օրենսդրական նախատեսումը խնդրահարույց է նաև հանրային աշխատանքներում շահառուների առավելագույնս ներգրավվածությունն ապահովելու համար պետական մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության հնարավոր շրջանակները սահմանափակելու տեսանկյունից:

Գործող իրավակարգավորումը խնդրահարույց է նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Համայնքային պատիժների և այլ միջոցների մասին եվրոպական կանոնների մասին» թիվ (2017)3 հանձնարարականի պահանջների կատարման ապահովման տեսանկյունից, որի 39-րդ կետը սահմանում է, որ հանրային աշխատանքների ներգրավված դատապարտյալներին տրված առաջադրանքները պետք է լինեն հանրության համար օգտակար, իմաստալից և առավելագույնս շահեկան` հաշվի առնելով դատապարտյալի հմտությունները»[8]:

Բացի այդ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Համայնքային պատիժների և այլ միջոցների մասին եվրոպական կանոնների մասին» 92/16 հանձնարարականի 6-րդ կետի համաձայն «Համայնքում իրականացվող պատիժների և այլ միջոցների բնույթն ու տևողությունը պետք է համաչափ լինեն իրավախախտի գործած հանցանքի ծանրությանը (...) և հաշվի առնեն նրա անհատական հանգամանքները»[9]:

Հարկ է նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Համայնքային պատիժների և այլ միջոցների մասին եվրոպական կանոնների իրականացումը բարելավելու վերաբերյալ» (2000) 22 հանձանարարականի 21-րդ կետի համաձայն (...) համայնքային պատիժների և այլ միջոցների համատեքստում հատուկ ուշադրություն պետք է դարձվի հանցագործություն կատարած անձանց վրա դրանց հավանական ազդեցությանը` մասնավորապես` կապված հետևյալի հետ`

  • Տարրական հմտությունների (օրինակ` տարրական գրագիտություն և թվաբանություն, ընդհանուր խնդիրների լուծում, անձնական և ընտանեկան փոխհարաբերություններ, հանրամետ վարքագիծ)
  • Կրթական կամ աշխատանքային դրություն,
  • Հնարավոր կախվածություն թմրանյութերից, ալկոհոլից, դեղամիջոցներից,
  • Համայնքամետ կարգավորումներ[10]

Կարևոր է այս տեսանկյունից նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպայի խորհրդի պրոբացիոն կանոնների վերաբերյալ» թիվ (2010)1 հանձնարարականի վկայակոչումը, որի համաձայն (47-րդ կետ) «Համայնքային ծառայությունը չպետք է խարանող բնույթ ունենա, իսկ պրոբացիոն գործակալությունները պետք է սահմանեն և կիրառեն այնպիսի աշխատանքներ, որոնք կնպաստեն իրավախախտների մոտ հմտությունների ձևավորմանը և նրանց սոցիալական ներառմանը:  Համայնքային ծառայությունը չպետք է իրագործվի ի շահ պրոբացիոն գործակալությունների կամ դրանց անձնակազմի կամ առևտրային շահ հետապնդի (48-րդ կետ)»: Նույն հանձնարարականի 51-րդ և 52-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են, որ պրոբացիոն գործակալությունները պետք է մշակեն համայնքային ծառայության իրականացման ծրագրեր, որոնք պետք է իրավախախտների տարբեր հմտություններին և բազմազան կարիքներին համապատասխանող առաջադրանքներ նախատեսեն: Մասնավորապես, հարկավոր է տրամադրության տակ ունենալ հարմար աշխատանքներ իրավախախտների այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են` կանայք, հաշմանդամություն ունեցողները, չափահասության հասած երիտասարդները և տարեցները, իսկ իրավախախտների հետ հարկավոր է խորհրդակցել այն աշխատանքների վերաբերյալ, որոնք նրանք կարող են իրականացնել[11]»:

Վկայակոչված հանձնարարականների և ՀՀ գործող իրավակարգավորումների վերլուծությունից բխում է, որ փոփոխման և ընդլայնման կարիք ունի հանրային աշխատանքների ցանկը, ինչը հնարավորություն կտա պրոբացիայի շահառուին ներգրավել նաև մասնագիտական բնույթի հանրային աշխատանքներում` հաշվի առնելով նաև վերջինիս հմտությունները:

 

Հանրային աշխատանքներում ներգրավման դժվարություններ

Պրակտիկ բնագավառում հանդիպող լուրջ խնդիրներից է նաև պրոբացիայի շահառուներին հանրային աշխատանքներում ներգրավման  դժվարությունները:

 Այսպես, ՀՀ կառավարության 2017 թվականի  օգոստոսի 17-ի N 1019-Ն որոշման 7-րդ կետի համաձայն հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումն ապահովելու նպատակով տարածքային մարմինը հանրային աշխատանքների ձևով հանրային աշխատանքների կատարման վայրերը որոշելու նպատակով համագործակցում է պետական մարմինների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Մինչդեռ, ինչպես արձանագրվել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, գործատուները դժվարությամբ են համագործակցում, հատկապես մասնավոր սեկտորում, նրանց մոտ առկա է կարծրատիպային ու արդյունքում խտրական վերաբերմունք դատապարտվածների նկատմամբ[15]:

Այս կապակցությամբ կարևոր նշանակություն ունի հանրային աշխատանքների կատարման գործընթացում ներգրավված կազմակերպությունների, հիմնարկների համար խրախուսման որոշակի միջոցներ նախատեսելու հարցի հնարավորության դիտարկումը, ինչը կնպաստի հանրային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և որպես խթան կծառայի գործատուների կողմից դատապարտյալներին հանրային աշխատանքներում ներգրավման համար:

 

ՏՈՒԳԱՆՔ

 

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի փոփոխություններ

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով նոր մոտեցում է որդեգրվել տուգանքի` որպես ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կապակցությամբ:

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով նախատեսված փոփոխությունները վերաբերելի են օրինակ`

  • տուգանքը և´ որպես հիմնական և´ որպես լրացուցիչ պատիժ դիտարկելուն,
  • տուգանքի չափի փոփոխությանը[18] (ներկայիս նվազագույն աշխատավարձի 30-3000-ապատիկի փոխարեն), տուգանքի չափի որոշման ժամանակ հաշվի առնվող հանգամանքներին,
  • տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դրա մաս առ մաս վճարման կամ հետաձգման, տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով տուգանքի վճարման վերջնաժամկետի երկարաձգման կամ հանրային աշխատանքներ նշանակելու հնարավորությանը,
  • տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատարանի կողմից որոշված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու կամ տուգանքը ազատազրկմամբ փոխարինելուն (եթե այդպիսի գույք առկա չէ),
  • տուգանքը վճարելուց խուսափող համարվելու կարգավորումներին:

Նախագծով նախատեսված վերը նշված (և այլ) կարգավորումները իրենց հերթին պահանջում են համապատասպան փոփոխություններ կատարել նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և հարակից այլ իրավական ակտերում` ապահովելով դրանց համահունչությունը` նախատեսելով նաև նշված պատժի կատարման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը:

 

Վճարման ժամկետների և տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող համարվելու հետ կապված խնդիրներ

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ... ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: ...»

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն «Դատապարտյալը պարտավոր է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատական ակտով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով տարածքային մարմին»:

Նշված նորմերի համադրումը ցույց է տալիս, որ տարբեր են տուգանքի վճարման գործընթացի համար նախատեսված ժամկետները, քանի որ վերոնշյալ կարգավորման ուժով պրոբացիայի ծառայողը պարտավոր է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրը լրանալուն պես դիմել դատարան` որպես չարամիտ խուսափողի նկատմամբ տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու խնդրանքով: Հիմնական խնդիրն այն է, որ լինում են դեպքեր, երբ պրոբացիայի ծառայողները գործը ստանում են բավական ուշ` անգամ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամիս անց: Ըստ այդմ, առավել նպատակահարմար է օրենսդրորեն հստակեցնել, որ դատապարտյալը պարտավոր է տուգանքը վճարել պրոբացիայի ծառայողի կողմից տեղեկացվելուց հետո[19]: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով (59-րդ հոդված հոդված 10-րդ մաս) նախատեսվել է, որ տուգանքը վճարելուց խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը տուգանքի մասին պրոբացիոն ծառայության կողմից պատշաճ կերպով ծանուցվելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին: Ըստ այդմ, հարկ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և այլ հարակից ակտերում:

 

Տուգանքի կիրառմամբ գոյացած միջոցների օգտագործման հնարավոր ուղղություններ

 

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով (59-րդ հոդված) նախատեսվել է, որ տուգանքի կիրառմամբ գոյացած միջոցների հիսուն տոկոսը ուղղում է հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման պետական հիմնադրամ, իսկ մնացած հիսուն տոկոսը` պետական բյուջե:

Այս կապակցությամբ նպատակահարմար է պետական բյուջե ուղղված տուգանքի կիրառմամբ գոյացած միջոցների հիսուն տոկոսից հինգ տոկոսը պետական բյուջեի ծախսերում առանձին տողով նախատեսել որպես պրոբացիայի ծառայության աշխատակիցների խրախուսման ֆոնդ, որի օգտագործման ուղղությունները ապագայում կսահմանվեն պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի և պրոբացիայի ծառայության ղեկավարի սահմանած կարգով: Նման խրախուսման ֆոնդ նախատեսելու անհրաժեշտությունը պայմանավորված է պրոբացիայի ծառայության կողմից մատուցվող ծառայությունների բարդության, բազմապրոֆիլության, համապատասխան խրախուսման ֆոնդի բացակայության, պրակտիկ գործունեության ընթացքում պրոբացիայի ծառայողների համար առաջացող մի շարք դժվարությունների և դրանց լուծման մեխանիզմների բացակայության հանգամանքով:

Մասնավորապես` խրախուսման ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել պրոբացիայի ծառայողների խրախուսանքի (այն ծառայողների, որոնք օրինակ կազմում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցներ, այցելում են քրեակատարողական հիմնարկներ, հանդիպում են ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, տուժող և այլ կողմի հետ):

 Հարկ է նշել, որ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում աշխատակիցների խրախուսման և համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի ձևավորման հնարավորություն օրինակ նախատեսված է նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, հարկային մարմնի, մաքսային մարմնի, ինչպես նաև այլ պետական մարմինների համար:

Պրոբացիայի ծառայողների համար նման ֆոնդի նախատեսումը որոշակի իմաստով կարող է դիտարկվել նաև արդյունավետ լուծում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնած Պրոբացիայի ծառայողների աշխատանքի բարենպաստ պայմանների ապահովման տեսանկյունից[20]:

Պրոբացիայի ծառայության աշխատակիցների խրախուսման ֆոնդի նախատեսումը իր հերթին կնպաստի Պրոբացիայի ծառայության աշխատանքային բարձր արդյունավետությանը, բարդ ու ծավալուն գործողությունների իրականացման որակի բարելավմանը:

 

ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՈՒՄ

Պրոբացիայի ծառայության գործառույթները որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակի կատարման առնչությամբ կարգավորվում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքով և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 395-Ն որոշմամբ:

 Նշված որոշման 24-րդ կետի համաձայն «Տարածքային մարմինը պրոբացիայի շահառուից պահանջում է հաշվառման ներկայանալուց հետո յուրաքանչյուր ամիս աշխատավայրից ներկայացնել տեղեկանք զբաղեցրած պաշտոնի մասին, նոր աշխատանքի անցնելու դեպքում` 5-օրյա ժամկետում աշխատավայրից բերել տեղեկանք զբաղեցրած նոր պաշտոնի մասին, չաշխատելու կամ արգելված գործունեությամբ չզբաղվելու դեպքում` յուրաքանչյուր ամիս տարածքային մարմին ներկայացնել դրա մասին իր ստորագրությամբ գրավոր հայտարարություն», իսկ 25-րդ կետի համաձայն «Պատժի ժամկետի ավարտից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին և դրա մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնին»:

Նշված պատժատեսակի` ՀՀ պրոբացիայի ծառայության կողմից արդյունավետ կատարման առանցքային խնդիրներից է պատժի կրման պահանջների խախտման պարագայում պրոբացիայի շահառուների նկատմամբ բացասական ներգործության միջոցներ կիրառելու գործիքակազմի բացակայությունը: Այլ կերպ ասած պատժի կրման կարգի և պայմանների խախտման պարագայում շահառուի համար չեն կարող առաջանալ բացասական հետևանքներ: Այս տեսանկյունից կարևոր է օրենսդրորեն համապատասխան բացասական հետևանքների առաջացման իրավական հնարավորության ամրագրումը, ինչը որպես վերջնական արդյունք կնպաստի նաև պատժի նպատակների իրացմանը:

Այս խնդիրը իր արձանագրումն է ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից` մատնանշելով, որ օրենսդիրը չի նախատեսել որևէ կառուցակարգ, որը հնարավորություն կտար խստացնել դատապարտյալին ներկայացված պահանջը կամ նշանակված պատիժը փոխարինել այլ պատժատեսակով[21]:

Այս տեսանկյունից հարկ է արձանագրել, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծով (61-րդ հոդված) նախատեսվել է, որ եթե դատապարտյալը խուսափում է նշված պատիժը կրելուց, ապա այն փոխարինվում է ազատազրկմամբ`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու երեք օրը հաշվարկելով ազատազրկման մեկ օրվա դիմաց, ընդ որում ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Ըստ այդմ, հարկ է նաև համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 395-Ն որոշան մեջ` հստակեցնելով համանման դեպքերում պրոբացիայի ծառայության կողմից դատարան միջնորդություն ներկայացնելու հարցերը:

 

ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԱԶՄՎՈՂ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

 

Պայմանական ազատումը կրկնահանցագործությունը կանխելու և սոցիալական վերականգնումը խթանելու ամենաարդյունավետ ու ամենակառուցողական միջոցներից մեկն է, որն ապահովում է ազատությունից զրկված անձի ծրագրված օժանդակվող ու վերահսկվող վերաինտեգրումը հասարակությանը[22]:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Պայմանական ազատման (պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման)» վերաբերյալ (2003)22 հանձնարարականի ընդհանուր սկզբունքների 5-րդ կետի համաձայն պատիժը կրելու սկզբից ևս ազատությունից զրկված անձինք պետք է տեղեկացվեն (...) թե ինչ չափորոշիչներ են կիրառվելու իրենց ազատելու համար («ազատման հայեցողական համակարգ»), կամ այն դեպքերին, երբ նրանք պետք է ազատ արձակվեն` պատժի սահմանված որոշակի ժամկետը և (կամ) պատժի որոշակի մասը կրելուց հետո («պարտադիր ազատման համակարգ»)[23]։

Նույն հանձնարարականով սահմանվում է, որ (18-րդ կետ, 20-րդ կետ) այն չափորոշիչները, որոնք պետք է բավարարեն ազատությունից զրկված անձինք պայմանական ազատում ստանալու համար, պետք է լինեն պարզ և հստակ։ Դրանք նաև պետք է լինեն իրատեսական՝ այն իմաստով, որ պետք է հաշվի առնեն ազատությունից զրկված անձի անձնային առանձնահատկությունները, սոցիալական ու տնտեսական հանգամանքները, ինչպես նաև սոցիալական վերականգնման ծրագրերի հնարավորությունը։ (...) Պայմանական ազատում տրամադրելու չափորոշիչները պետք է կիրառվեն այնպես, որպեսզի պայմանական ազատում տրամադրվի բոլոր այն ազատությունից զրկված անձանց, ովքեր թեկուզև նվազագույն չափով ապահովում են օրինապահ քաղաքացիներ դառնալու երաշխիքները։ (...)[24]։

Հանձնարարականը, անդրադարձ կատարելով պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում որոշումների ընդունման գործընթացի բարելավման մեթոդներին, սահմանում է, որ (37-րդ կետ) պետք է խրախուսել ռիսկերի ու կարիքների հուսալի գնահատման գործիքների կիրառումն ու զարգացումը, որոնք այլ մեթոդների հետ կօժանդակեն որոշումների ընդունման գործընթացին[25]։

ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրամանով:

ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում տարիների ընթացքում արձանագրված  խնդիրների լուծման հրամայականով էր պայմանավորված նաև այս համակարգի բարեփոխման ուղղությամբ օրենսդրությամբ համապատասխան կառուցակարգերի նախատեսումը, որի արդյունքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համար խորհրդատվական զեկույցներ սկսեց տրամադրել նաև ՀՀ պրոբացիայի ծառայությունը, իսկ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցը կազմելու կարգը համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 14-րդ մասի վերապահվեց արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարին:

Վերը նշված լիազորող նորմի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրամանով հաստատվեցին ՀՀ ԱՆ  քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և այդ հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը:

ՀՀ արդարադատության նախարարի վերը նշված հրամանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ Քրեակատարողական ծառայության կողմից համապատասխան զեկույցների կազմման համար նախատեսված են այնպիսի կարգավորումներ, որոնք նպաստում են նաև զեկույցների կազմման գործընթացի թափանցիկությանը և ծառայողների հաշվետվողականության բարձրացմանը (օրինակ ներդրվել են զեկույցի կազմման համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ ներկայացված տեղեկանքում ներառված տեղեկատվության գնահատման չափորոշիչներ): Միաժամանակ հարկ է նշել, որ Պրոբացիայի ծառայության կողմից կազմվող զեկույցների հիմքում դրված գնահատման ենթակա հանգամանքների մասով անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ` ապահովելով նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Պայմանական ազատման (պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման)» վերաբերյալ (2003)22 հանձնարարականի 5-րդ, 18-րդ և 20-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկ այլ՝ Պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ Առաջարկությունների 3-րդ կետի համաձայն՝ «Պայմանական ազատումը պետք է հետապնդի դատապարտյալին ազատազրկման վայրի կյանքից դեպի հասարակության մեջ օրինապահ կյանք վարելն անցում կատարելուն աջակցելու նպատակ՝ ազատումից հետո նշանակվող պայմանների և վերահսկողություն սահմանելու միջոցով, որոնք պետք է նպաստեն այս նպատակին հասնելուն և հասարակական անվտանգության ապահովմանն ու հանցագործությունների նվազեցմանը հասարակությունում»:

Անդրադառնալով միջազգային փորձին հարկ է նշել, որ օրինակ Ավստրիայում նույնպես շեշտվում է, որ պայմանական ազատման ինստիտուտի երկու հիմնական նպատակներն են կրկին հանցանք կատարելու հավանականության նվազեցումը և հասարակական անվտանգության կարիքների ապահովումը: Գերմանիայում պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանները պարզում են կրկին հանցանք կատարելու հավանականությունը և հասարակական անվտանգության շահը:

Արտասահմանյան երկրների փորձի և միջազգային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշները բաժանվում են երկու խմբի.

 1) դատապարտյալի անցյալին և ներկային վերաբերող գործոնների գնահատում (ազատազրկման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագիծը, կարիքները, նրա հետ իրականացված աշխատանքների արդյունքները և այլն),

2) ապագային վերաբերող գործոնների գնահատում (պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո կրկին հանցանք կատարելու ռիսկի կանխատեսումը)[26]:

Ամփոփելով վերոգրյալը` կարելի է առանձնացնել գնահատման կարիք ունեցող հետևյալ հիմնական հանգամանքները`

  • Անձնային առանձնահատկություններ,
  • Սոցիալական և տնտեսական հանգամանքներ,
  • Կրկին հանցանք կատարելու հավանականություն,
  • Հասարակական անվտանգության ապահովում,
  • Դատապարտյալի դրսևորած վարքագիծ,
  • Դատապարտյալի կարիքները, պահանջմունքները,
  • Դատապարտյալի հետ տարվող աշխատանքների արդյունքները,
  • Այլ հանգամանքներ

Այս տեսանկյունից կարծում ենք` առկա է որոշակի լրացում կատարելու անհրաժեշտություն ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրամանի հավելված 1-ով հաստատված կարգի 16-րդ կետում, որում նշվում է, որ պրոբացիայի ծառայողը դատապարտյալի հետ անձնական շփման և նախօրոք մշակված հարցաշարի օգնությամբ բացահայտում է կրկնահանցագործության թաքնված մոտիվները և հակվածության աստիճանը, դրան խոչընդոտող հանգամանքները, հնարավորինս հստակ պատկերացում կազմում դատապարտյալի անձի, նրա վարքագծի և սոցիալական խոցելիության վերաբերյալ, ինչպես նաև գնահատում է նրա՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:

Այս տեսանկյունից անհրաժեշտ է նաև առաջադրել տնտեսական խոցելիության, հասարակությանը վերաինտեգրվելու դեպքում հասարակության անվտանգության ապահովման, դատապարտյալի կարիքների և պահանջմունքների, դատապարտյալի հետ տարված աշխատանքների արդյունքների և այլ հանգամանքների բացահայտման, գնահատման պահանջ:

Իրավակիրառ պրակտիկայում ևս արձանագրվել է այն կարևոր խնդիրը, որ պրոբացիայի ծառայության կողմից խորհրդատվական զեկույցներ կազմելու համար առկա է ուղեցույց-հարցաշարի կարիք, մինչդեռ ծառայության կողմից զեկույցի կազմման համար անհրաժեշտ ծավալի տեղեկությունների հավաքման, դրանց` ՀՀ Քրեական օրենսգրքով ամրագված հանգամանքների հետ համադրման մեթոդաբանական հստակ հիմքեր առկա չեն: Կանոնակարգված չեն նաև պրոբացիայի ծառայության աշխատակիցների կողմից քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու և դատապարտյալներին այցելելու ընթացակարգերը, ինչը իր հերթին պահանջում է նաև անվտանգության աշխատակիցների ներգրավում, առանձին սենյակի տրամադրում[27]:

 Կարծում ենք` տեղեկատվական տեխնոլոգիաների արդի ժամանակաշրջանում անհրաժեշտ է նախատեսել նաև կարգավորումներ առանց քրեակատարողական հիմնարկ այցելելու` պրոբացիայի ծառայողի կողմից համապատասխան զեկույց կազմելու ուղղությամբ: Օրինակ` վերը նշված եղանակով զեկույցները կարող են կազմվել պրոբացիայի ծառայողի և դատապարտյալի տեսազանգի արդյունքում` հաշվի առնելով նաև քրեակատարողական հիմնարկներում տեսազանգի կազմակերպման համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակների առկայությունը:

Այս տեսանկյունից հարկ է նաև նշել, որ անհրաժեշտ է նախատեսել նաև այնպիսի կառուցակարգեր, որոնք կապահովվեն նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Եվրոպայի խորհրդի պրոբացիոն կանոնների վերաբերյալ» թիվ (2010)1 հանձնարարականի 39-րդ կետի պահանջը, որի համաձայն «Անկախ այն բանից` պրոբացիոն գործակալությունները և բանտային ծառայությունը գործում են մեկ կազմակերպության ներքո, թե առանձին, նրանք պետք է աշխատեն սերտ համագործակցությամբ` բանտային կյանքից համայնքային կյանքին բարեհաջող անցմանը նպաստելու նպատակով»[28]:

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԵՎ ԱՅԼ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է նրա մշտական բնակության վայրի տարածքային մարմինը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:

  1. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում դատական ակտով պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ»:

         Հարկ է նշել, որ նշված դրույթի կիրառման կապակցությամբ ևս արձանագրվել են որոշակի խնդիրներ` հաշվի առնելով այն, որ օտարերկրյա քաղաքացիների դեպքում սույն դրույթը հնարավոր չի լինում կիրառել և կատարել դատական ակտով սահմանված վերահսկողությունը, քանի որ մինչև դատական ակտը պրոբացիայի ծառայությունում մուտք լինելը օտարերկրյա քաղաքացին մեկնում է իր հայրենիք (ՌԴ, Վրաստան, Իրան, և այլն):  Ըստ այդմ, առաջարկվում է լրացում կատարել «Օտարերկրացիների մասին» օրենքում` նախատեսելով, ի թիվս Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքն արգելքի այլ հիմքերի, նաև «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը: 

         Մեկ այլ խնդիր է նաև պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտությունների իրականացման հստակ կարգավորումների բացակայությունը, ինչի կապակցությամբ հարկ է համապատասխան լրացում կատարել նաև ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 395-Ն որոշման մեջ` հստակեցնելով, որ դրանք իրականացվում են պետական պատվեր տեղադրող մարմնի և բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված անձի միջև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման մասին պայմանագրի հիման վրա բուժհաստատությունների կողմից` կարգավորելով նաև հետազոտության արդյունքում արձանագրության կազմման և դրանց տրամադրման հետ կապված հարցերը:

 

         Առաջարկվող կարգավորման բնույթը

         Սույն օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս տարբերակում չսահմանել պրոբացիայի ծառայողների միջև, այլ որպես հանրային ծառայության ինքնուրույն տեսակ է համարվելու պրոբացիայի ծառայությունը։ Որպես հանրային ծառայության ինքնուրույն տեսակ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի առանձին աղյուսակով սահմանվելու է  պրոբացիայի ծառայողների աշխատավարձային դրույքաչափերը։

         Օրենքի նախագիծը պարունակում է իրավակարգավորումներ պրոբացիայի ծառայությունում   պաշտոնի նշանակելու պայմանների և պահանջերի վերաբերյալ։ Նախագծով կարգավորվում են պրոբացիայի ծառայողների շնորհվող կոչումների, կոչումների շնորհման ժամկետների, պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելու,  ատեստավորման, հատուկ միջոցներ կիրառելու, խրախուսանքի և կարգապահական միջոցներ կիրառելու հետ կապված հարաբերությունները։

ԵԽ հանձնարարականը հատուկ դրույթներ է պարունակում պրոբացիայի ծառայության կարգավիճակի և անձնակազմի վերաբերյալ, ինչը հիմք է հանդիսացել սույն օրենքի նախագծի մշակման համար, այսպես․

         «18. Դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների կառուցվածքը, կարգավիճակը և ռեսուրսները պետք է համապատասխանեն նրանց վերապահված խնդիրների և պարտականությունների ծավալին և արտացոլեն նրանց կողմից իրականացվող հանրային ծառայության կարևորությունը։

  1. Անկախ այն հանգամանքից՝ պրոբացիոն ծառայությունները տրամադրվում են պետական, թե մասնավոր կազմակերպությունների կողմից, մարմինները պետք է աշխատեն իրավասու մարմինների կողմից նախատեսված քաղաքականության պաշտոնական ցուցումներին և կանոններին համապատասխան։
  2. Դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները պետք է գործեն այնպես, որպեսզի դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձնակազմի կարգավիճակն ու աշխատանքն արժանանան արդարադատության համակարգի այլ մարմինների և քաղաքացիական հասարակության հարգանքին։ Իրավասու մարմինները պետք է փորձեն դյուրացնել այդ նպատակի իրագործումը՝ ապահովելով համապատասխան ռեսուրսներ, նպատակաուղղված ընտրություն և ներգրավում, անձնակազմի բավարար վարձատրություն և արդյունավետ կառավարում։
  3. Անձնակազմը պետք է ներգրավվի և ընտրվի հաստատված չափորոշիչներին համապատասխան, որոնց հիմքում պետք է ընկած լինի ազնվության, մարդասիրության, մասնագիտական կարողությունների, ինչպես նաև այն բարդ աշխատանքին համապատասխանության անհրաժեշտությունը, որը նրանք պետք է կատարեն։
  4. Անձնակազմի բոլոր անդամները պետք է անցնեն պատրաստում և վերապատրաստում՝ իրենց պաշտոնին և մասնագիտական պատասխանատվության մակարդակին համապատասխան։
  5. Աշխատանքին համապատասխանող անձնակազմ ներգրավելու և պահպանելու համար անձնակազմի վարձատրությունը, նպաստները և աշխատանքի պայմանները պետք է արտացոլեն նրանց մասնագիտության հեղինակությունը և համապատասխանեն նրանց աշխատանքի բարդ բնույթին։»։

         Նախագծի համաձայն պրոբացիայի ծառայությունում ծառայողները կհամարվեն պրոբացիայի ծառայողներ։

Լատվիայում պրոբացիայի ծառայության մասին օրենքը ընդունվել է 2003 թվականին։ Թեև օրենքի 22-րդ հոդված սահմանում է պաշտոնի նշանակման պայմանները  և հղում է կատարում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին, սակայն օրենքի իրավահամեմատական վերլուծությունը վկայում է այն մասին, որ պրոբացիայի ծառայությունը համարվում է պետական ծառայության ինքնուրույն տեսակ[29]։

         Մոլդովայի «Պրոբացիայի մասին» օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ պրոբացիայի ծառայությունը պետական ծառայության ինքնուրույն տեսակ է[30]։

         Ուկրաինայի «Պրոբացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածը պրոբացիայի ծառայողներին հավասարեցնում է քրեակատարողական ծառայողներին[31]։

         Էստոնիայում և Չեխիայում պրոբացիայի ծառայությունը գործում է դատական իշխանության ներսում և պրոբացիայի ծառայողները համարվում են դատական ծառայողներ[32]։

Օրենքի նախագծով՝

  1. հստակեցվում են պրոբացիայի շահառու խոցելի խմբերի ներկայացուցիչների, մասնավորապես՝ անչափահասների և ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքների որոշ առանձնահատկություններ,
  2. հստակեցվում են էլեկտրոնային հսկողության որոշ առանձնահատկություններ,
  3. ապահովվում է ներդաշնակություն պրոբացիայի պետական ծառայության և քրեական դատավարության հանրային մասնակիցների՝ քննիչի, հետաքննության մարմնի, գործունեության միջև,
  4. պրոբացիայի շահառուին բժշկական հետազոտության ներկայացնելու կարգի հստակեցում,
  5. ամրագրվում է, որ հիվանդության հետևանքով պատժից ազատելու դեպքում պրոբացիայի ծառայությունը որևէ գործառույթ չի իրականացնելու և հակառակը՝ հստակեցվում և ամրագրվում են հիվանդության հետևանքով պատժից կրումը հետաձգելու դեպքում պրոբացիայի ծառայության գործառույթները,
  6. պրոբացիայի ծառայողն օրենքով սահմանված դեպքերում լիազորվում է գործածել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք,
  7. ընդլայնվել են հանրային աշխատանքների ցանկը, հնարավորություն է ընձեռվել պրոբացիայի շահառուին ներգրավել նաև մասնագիտական բնույթի հանրային աշխատանքներում` հաշվի առնելով վերջինիս կրթությունը, մասնագիտությունը, հմտությունները, ուշադրության արժանի այլ հանգամանքները,
  8. նախատեսվել են խրախուսման որոշակի մեխանիզմներ հանրային աշխատանքներ առաջարկող առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների համար` դրանով իսկ ապահովելով նշված պատժի արդյունավետ կատարումը, և խթանելով վերջիններիս և պրոբացիայի ծառայության միջև սերտ համագործակցությունը,
  9. հստակեցվել է պրոբացիայի շահառուի առողջական վիճակով պայմանավորված հանրային աշխատանքներում ներգրավման անհնարինության դեպքում դրանցից ազատվելու ընթացակարգը, նշվածի կապակցությամբ կարգավորվել է նաև պրոբացիայի ծառայության կողմից փորձաքննություններ նշանակելու հետ կապված հարաբերությունները,
  10. հստակեցվել է դատապարտյալի կողմից տուգանքը վճարելու ժամկետը,
  11. պրոբացիայի ծառայությունը օժտվել է անհրաժեշտ և բավարար գործիքակազմով տուգանքի կատարումն ապահովելու համար` մասնավորապես նախատեսվել է իրավասու մարմիններ հարցումներ կատարելու հնարավորություն,
  12. որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակի կատարման առնչությամբ հստակեցվել են այն կրելուց խուսափելու հետ կապված կարգավորումները` մասնավորապես նախատեսելով, որ պրոբացիայի ծառայությունը այս պարագայում միջնորդություն է ներկայացնելու դատարան` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատիժը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ,
  13. լրացվել են պրոբացիայի ծառայության կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում տրամադրվող զեկույցների հիմքում ընկած` գնահատման ենթակա հանգամանքները` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականները և միջազգային փորձը,
  14. ապահովվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի, այլ իրավական ակտերի (պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգ և այլն) համահունչությունն ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծին,
  15. նախատեսվել է ՀՀ-ից օտարերկրացու ելքի արգելք այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ սահմանվել է վերահսկողություն պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվելու կամ պատժի կրումը հետաձգվելու կապակցությամբ,
  16. սահմանվում են լիազորող նորմեր՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներ ընդունելու համար:
  17. համապատասխան փոփոխություններ են կատարվել ենթաօրենսդրական մի շարք ակտերում:

 

Նախագծերի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

         Օրենքի նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում ԵԽ տրամադրված փորձագիտական աջակցությամբ։

 

         Ակնկալվող արդյունքը

         Օրենքի նախագծերի ընդունմամբ միատեսակ մոտեցում կդրսևորվի պրոբացիայի ծառայողների նկատմամբ։ Պրոբացիայի ծառայությունը կհամարվի հանրային ծառայության ինքնուրույն տեսակ՝ իր առանձնահատկություններով, այսպես՝ ծառայության անցնելու պայմանները, պահանջները, շնորհվող կոչումները և ժամկետները, խրախուսանքի միջոցները և կարգապահական տույժեըը, ծառայությունից հեռացման հիմքերը, հատուկ միջոցներ կիրառելու պայմանները և այլն։ Օրենքով առանձին աղյուսակով կսահմանվեն պրոբացիայի ծառայողների աշխատավարձերի դրույքաչափերը։

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է պրոբացիայի գործառույթների հստակեցում, քրեական դատավարության ընթացքում պրոբացիայի պետական ծառայության գործառույթների հստակեցում, պրոբացիայի շահառու՝ անչափահասների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքների բարելավում, Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման պայմանների հստակեցում, պրոբացիայի ծառայողին օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործածելու իրավունքի վերապահում և այլն:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պրոբացիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների և Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշումների նախագծերի Փաթեթի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պրոբացիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների և Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշումների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա։

 

[1]Recommandation CM/Rec(2010)1  du Comité des Ministres aux Etats membres  sur les règles du Conseil de   l’Europe relatives à la probation

[2] https://rm.coe.int/cepej-2019-9-en-handbook/168094ef3c#_ftnref152

[3] https://rm.coe.int/cepej-2019-9-en-handbook/168094ef3c#_ftn144

[4] https://scholarworks.waldenu.edu/cgi/viewcontent.cgi?article=6409&context=dissertations

[5] https://cdb.kz/sistema/pravovaya-baza/kodeks-respubliki-kazakhstan-ot-5-iyulya-2014-goda-234-v/

[6] https://cyberleninka.ru/article/n/osvobozhdenie-ot-nakazaniya-v-svyazi-s-boleznyu, https://elibrary.ru/item.asp?id=32857989, https://books.google.am/books?id=VGx3wWrISd8C&pg=PA96&lpg=PA96&dq=%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5+%D0%BE%D1%82+%D0%BD%D0%B0%D0%BA%D0%B0%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F+%D0%B2+%D1%81%D0%B2%D1%8F%D0%B7%D0%B8+%D1%81+%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B5%D0%B7%D0%BD%D1%8C%D1%8E+%D0%BD%D0%B5+%D1%83%D1%81%D0%BB%D0%BE%D0%B2%D0%BD%D0%BE%D0%B5+%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5&source=bl&ots=Xfq9By09Sc&sig=ACfU3U2myFoOue7D0FN76o24Hunfqwb_pg&hl=ru&sa=X&ved=2ahUKEwit6pqKsPbpAhWh-ioKHcsQBMkQ6AEwCHoECAoQAQ#v=onepage&q=%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5%20%D0%BE%D1%82%20%D0%BD%D0%B0%D0%BA%D0%B0%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F%20%D0%B2%20%D1%81%D0%B2%D1%8F%D0%B7%D0%B8%20%D1%81%20%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B5%D0%B7%D0%BD%D1%8C%D1%8E%20%D0%BD%D0%B5%20%D1%83%D1%81%D0%BB%D0%BE%D0%B2%D0%BD%D0%BE%D0%B5%20%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5&f=false, https://alekssandr.jimdofree.com/%D1%83%D0%B3%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D0%BD%D0%BE%D0%B5-%D0%BF%D1%80%D0%B0%D0%B2%D0%BE-%D0%BE%D0%B1%D1%89%D0%B0%D1%8F-%D1%87%D0%B0%D1%81%D1%82%D1%8C/52-%D0%BF%D0%BE%D0%BD%D1%8F%D1%82%D0%B8%D0%B5-%D0%B8-%D0%B2%D0%B8%D0%B4%D1%8B-%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F-%D0%BE%D1%82-%D0%BD%D0%B0%D0%BA%D0%B0%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F-%D0%BE%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%BE%D1%82-%D0%BD%D0%B0%D0%BA%D0%B0%D0%B7%D0%B0%D0%BD%D0%B8%D1%8F-%D0%B2-%D1%81%D0%B2%D1%8F%D0%B7%D0%B8-%D1%81-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B5%D0%B7%D0%BD%D1%8C%D1%8E/ և այլն:

[7] Տե´ս https://www.ombuds.am/images/files/245f3e38f9ef19e121201e4236daa175.pdf:

[8] Տե´ս https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=0900001680700a5a, 39-րդ հետ:

[9] Տե´ս Բանտերի գերբնակեցման կանխարգելման հարցերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի ժողովածու, 2005, էջ 8, հասանելի է https://rm.coe.int/criminal-justice-response-to-prison-overcrowding-in-eap-countries-eng/16806ab9aa հղումով:

[10] Տե´ս Բանտերի գերբնակեցման կանխարգելման հարցերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի ժողովածու, 2005, էջեր` 51-52, հասանելի է https://rm.coe.int/criminal-justice-response-to-prison-overcrowding-in-eap-countries-eng/16806ab9aa հղումով:

[11] Տե´ս Անչափահասների գործերով արդարադատության ոլորտի միջազգային փաստաթղթերի ժողովածու, հասանելի է https://rm.coe.int/16806f405a հղումով, էջ 17:

[12] Տե´ս https://www.ombuds.am/images/files/245f3e38f9ef19e121201e4236daa175.pdf,  էջեր 77-78:

[13] Տե´ս «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում կազմված «Պրոբացիայի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության կատարելագործմանը ուղղված առաջարկներ» զեկույցը (այսուհետ` հղումներում նաև Զեկույց), 2020 թվական մարտ, էջ 12:

[14] Տե´ս Բանտերի գերբնակեցման կանխարգելման հարցերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի ժողովածու, 2005, էջ 17, հասանելի է https://rm.coe.int/criminal-justice-response-to-prison-overcrowding-in-eap-countries-eng/16806ab9aa հղումով

[15] Տե´ս https://www.ombuds.am/images/files/245f3e38f9ef19e121201e4236daa175.pdf, էջեր 80-81:

[16] Այս կապակցությամբ օրինակ նշվում է, որ առևտրային բնույթ ունեցող կազմակերպություններին նման հնարավորություն չպետք է ընձեռվի, քանի որ վերջիններս չեն կարող դատապարտյալներին ներգրավվեն այնպիսի աշխատանքներում, որոնք հանրության համար օգտակար են:

[17]  Տե´ս Բանտերի գերբնակեցման կանխարգելման հարցերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի ժողովածու, 2005, էջեր` 10-11, հասանելի է https://rm.coe.int/criminal-justice-response-to-prison-overcrowding-in-eap-countries-eng/16806ab9aa հղումով:

[18] Ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի հնգապատիկից հիսնապատիկի չափով, իսկ որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել ծանր և առանձնապես ծանր՝ գույքային վնաս պատճառելու հետ կապված կամ շահադիտական դրդումներով կատարված հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի կրկնապատիկից քսանապատիկի չափով:

 

 

[19] Տե´ս https://www.ombuds.am/images/files/245f3e38f9ef19e121201e4236daa175.pdf էջեր` 65-66:

[20] Տե´ս https://www.ombuds.am/images/files/245f3e38f9ef19e121201e4236daa175.pdf, էջ 44:

[21] Տե´ս https://www.ombuds.am/images/files/245f3e38f9ef19e121201e4236daa175.pdf, էջ 85:

[22] Տե´ս Բանտերի գերբնակեցման կանխարգելման հարցերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի ժողովածու, 2005, էջ` 55, հասանելի է https://rm.coe.int/criminal-justice-response-to-prison-overcrowding-in-eap-countries-eng/16806ab9aa հղումով:

[23] Տե´ս Բանտերի գերբնակեցման կանխարգելման հարցերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի ժողովածու, 2005, էջ` 58, հասանելի է https://rm.coe.int/criminal-justice-response-to-prison-overcrowding-in-eap-countries-eng/16806ab9aa հղումով:

[24] Տե´ս Բանտերի գերբնակեցման կանխարգելման հարցերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի ժողովածու, 2005, էջ` 61, հասանելի է https://rm.coe.int/criminal-justice-response-to-prison-overcrowding-in-eap-countries-eng/16806ab9aa հղումով:

[25] Տե´ս Բանտերի գերբնակեցման կանխարգելման հարցերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի ժողովածու, 2005, էջ` 64, հասանելի է https://rm.coe.int/criminal-justice-response-to-prison-overcrowding-in-eap-countries-eng/16806ab9aa հղումով:

 

[26] Տե´ս «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանի Հանրապետությունում, հիմնախնդիրներ և զարգացման ուղիներ», Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Երևան 2012, էջեր 33-34, էջ 37:

[27] Տե´ս https://www.ombuds.am/images/files/245f3e38f9ef19e121201e4236daa175.pdf, էջեր` 95-96:

[28] Տե´ս Անչափահասների գործերով արդարադատության ոլորտի միջազգային փաստաթղթերի ժողովածու, հասանելի է https://rm.coe.int/16806f405a հղումով, էջ 16:

 

[29] https://www.vpd.gov.lv/stateprobationservicelaw

[30] https://www.legislationline.org/ru/documents/id/14991

[31] https://kodeksy.com.ua/ka/o_probatsii/19.htm

[32] European Probation Service Systems: A Comparative Overview. Anton M. van Kalmthout and Ioan Durnescu.

 

  • Обсуждалось

    27.07.2020 - 11.08.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Пробация, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8991

Принт

Предложения

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

10.08.2020

4. Նախագծի 20-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «հարմարեցված» բառից հետո լրացնել «, կահավորված» բառը, իսկ «սենյակներ» բառից հետո լրացնել «, որտեղ կարող են տեղակայված լինեն տեսաձայնագրող սարքեր, որոնք կիրառվում են պրոբացիայի անչափահաս շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ (օրինական ներկայացուցչի համաձայնությունը հաշվի է առվում, եթե անչափահասը համաձայնության վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել)» բառերը: Միաժամանակ առաջարկվում է հոդվածը լրացնել 2.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. «Պրոբացիայի անչափահաս շահառուի հետ հանդիպումների տեսաձայնագրությունները վերարտադրվում և վերլուծվում են հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի հետ, ինչի հիման վրա գնահատվում են պրոբացիայի անչափահաս շահառուի կարիքները առանց նրան կրկին անգամ պրոբացիայի ծառայություն հրավիրելու: Տեսաձայնագրությունն օգտագործվում է նաև կատարված աշխատանքների արդյունավետությունը գնահատելու համար:»: Նախագծի հիմնավորման տրամաբանությունից բխում է անչափահասների հետ աշխատանքների պարտադիր տեսաձայնագրման մասին նորմը, ինչը, ըստ հեղինակի, հաշտեցման ընթացքում կօգնի կանխել կրկնակի գոհացումը: Այդ իմաստով, Նախագծով առաջարկվող «կարող են տեղակայված լինեն տեսաձայնագրող սարքեր, որոնք կիրառվում են պրոբացիայի անչափահաս շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ» թույլատրող նորմի նախատեսմամբ հակասության տարրեր են ձևավորվում Նախագծի հիմնավորման առնչությամբ այն դեպքում, երբ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է' հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից: Կարծում ենք, որ անհրաժեշտ է Նախագծով առաջարկվող դրույթից բացառել «կարող է» և «պրոբացիայի անչափահաս շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ» բառերը:

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

10.08.2020

3. Նախագծի 17-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 29-րդ հոդվածը, ի թիվս այլնի, լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքում բռնության դեպքերով հաշտարարություն չի իրականացվում, եթե ընտանիքում բռնության այդ դեպքը նույն անձանց միջև տեղի ունեցած և արձանագրված կամ հաշվառված ընտանիքում բռնության առաջին դեպքը չէ»: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձի և ընտանիքում բռնություն գործադրած անձի հաշտեցում կրկնակի բռնության դեպքերում: Այս իմաստով, առկա է անհամապատասխանություն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Նախագծով առաջարկվող դրույթների միջև: Կարծում ենք, որ ընտանիքում բռնության ենթարկված անձի համաձայնության առկայության պարագայում, անթույլատրելի է արգելք հանդիսանալ նրա և ընտանիքում բռնություն գործադրած անձի հաշտեցմանը թեկուզ ելնելով երեխայի լավագույն շահերից: Անհրաժեշտ է հաշվի առնել հայ ընտանիքի որպես սոցիալ- հոգեբանական միջավայրի և սոցիալ-մշակութային համակարգի առանձնահատկությունները և միջազգային փորձի ադապտացումն իրականացնել բացառապես ելնելով այդ առանձնահատկություններից: Այլ խնդիր է հաշտեցումը ընտանիքում բռնության ենթարկված անձի և ընտանիքում բռնություն գործադրած անձի միջև այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության ենթարկված անձն ունի, օրինակ, հոգեկան զարգացման հապաղում կամ մտավոր զարգացման խանգարում: Այդ պարագայում, կարծում ենք, որ, որպես լուծման գործիք, կարող է ծառայել հոգեբանի և (կամ) հոգեբույժի հաշտության վերաբերյալ հայտնած կարծիքը: Ուստի, կարծում ենք, որ նպատակահարմար է ընտանիքում բռնության ենթարկված անձի և ընտանիքում բռնություն գործադրած անձի միջև հաշտեցման մեխանիզմի կիրարկումը անկախ գործադրված բռնության կրկնակիությունից և յուրաքանչյուր հաշտեցման դեպքում նախատեսելով հոգեբանի և (կամ) հոգեբույժի ներգրավվածությունը:

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

10.08.2020

Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. «Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն կատարող պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացման դեպքում երկօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ներկայացնում այն համապատասխան դատարան, քննիչին կամ հետաքննության մարմին, ինչպես նաև տեղեկացնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարածքային մարմիններին: Արձանագրությանը կցվում է պրոբացիայի շահառուի հոգեկան վիճակի վատթարացումը փաստող հոգեբանի մասնագիտական կարծիքը»: Կարծում ենք, որ անհրաժեշտ է Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվող դրույթը «հոգեբանի» բաոից հետո լրացնել «և (կամ) հոգեբույժի» բառերով հաշվի առնելով նաև Նախագծի 10-րդ հոդվածի տրամաբանությունը:

Узнать больше