ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող խնդիրների վերաբերյալ։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի՝ ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ապրանքային նշանը, ինչպես նաև այլ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը։
Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝ 1) նույնական է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, 2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը (…):
Վերոնշյալ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝ այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը։
Միևնույն ժամանակ, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 26-րդ հավելվածի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության (որը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2018 թ․ հունվարի 1-ից) 5-րդ բաժնի 16-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի ապառման սկզբունքը, համաձայն որի՝ տվյալ ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների առնչությամբ, որոնք իրավաչափորեն դրվել են քաղաքացիական շրջանառության մեջ ցանկացած անդամ պետության տարածքում՝ անմիջականորեն ապրանքային նշանի և (կամ) Միության ապրանքային նշանի իրավատիրոջ կամ վերջինիս համաձայնությամբ այլ անձանց կողմից, ապրանքային նշանի, Միության ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում։
Հարկ է նշել, որ մինչև 2018թ․ հունվարի 14-ը ՀՀ-ում զուգահեռ առևտուրը թույլատրվում էր։ Ցանկացած տնտեսվարող անձ կարող էր ցանկացած երկրից ապրանք ներմուծել առանց իրավատիրոջ թույլտվության։ Սակայն 2018 թվականից սկսած ԵՏՄ Պայմանագրի 26-րդ հավելվածն ուժի մեջ մտնելուց հետո զուգահեռ առևտուրը սահմանափակվեց միայն ԵՏՄ Պայմանագրի անդամ երկրներով։ Նշվածից հետևում է, որ Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների սպառման միջազգային սկզբունքը փոխարինվել է տարածքային սկզբունքով։ Ներկայումս ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծումը սահմանափակվել է։
Եթե իրավատերն իր ապրանքային նշանը գրանցել է մաքսային մարմնում, ապա միայն պաշտոնական մատակարարն իրավունք ունի ներմուծել այդ ապրանքները Հայաստան։
Այսպիսով, մինչև 2018թ․ հունվարի 1-ը ՀՀ-ում գործում էր ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների սպառման միջազգային սկզբունքը, ըստ որի՝ գրանցված ապրանքային նշանի իրավատերն իրավունք չուներ արգելելու երրորդ անձանց կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում։
2018թ․ հունվարի 1-ից ՀՀ համար ուժի մեջ մտավ ԵՏՄ Պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքի սպառման տարածքային սկզբունքը։ Ըստ որի՝ տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների առնչությամբ, որոնք իրավաչափորեն դրվել են քաղաքացիական շրջանառության մեջ ԵՏՄ ցանկացած անդամ պետության տարածքում՝ անմիջականորեն ապրանքային նշանի իրավատիրոջ կամ վերջինիս համաձայնությամբ այլ անձանց կողմից, ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում։
Հետևաբար, համաձայն ԵՏՄ Պայմանագրի՝ այլ անձանց կողմից առանց ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնության տվյալ ապրանքային նշանի օգտագործումը, այդ թվում՝ «զուգահեռ ներմուծումը», համարվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում և կարող է հանգեցնել համապատասխան իրավական հետևանքների։ Սա ենթադրում է, որ առանց ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնության, երրորդ երկրից (ոչ ԵՏՄ անդամ) Հայաստան ցանկացած ապրանքի ներմուծումը կարող է արգելվել, եթե այդ ապրանքի ապրանքային նշանը գրանցված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունում և մաքսային մարմնի ռեեստրում։
Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 239-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումները վերաբերում են այն ապրանքներին, որոնք պարունակում են մտավոր սեփականության օբյեկտներ և իրավատիրոջ դիմումի հիման վրա ներառված են մտավոր սեփականության օբյեկտների մաքսային օբյեկտների մաքսային ռեեստրներում։
Հետևաբար, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մաքսային սահմանով տեղափոխում են վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում գրանցված ապրանքային նշանով մակնշված ապրանքներ, պետք է նախապես ձեռք բերեն ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը կամ թույլտվությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքի տիրապետողը, այդ օբյեկտն օգտագործելու օրինական իրավունք ունեցող որևէ այլ անձ, ինչպես նաև վերջիններիս իրավահաջորդը կամ ներկայացուցիչը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Միության մաքսային սահմանով կարող են տեղափոխվել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներ, կարող է կոմիտե ներկայացնել դիմում (այսուհետ նաև` կասեցման դիմում)` մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բաց թողնումը կասեցնելու խնդրանքով:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային մարմիններն իրավունք ունեն կասեցնելու մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ տեղափոխվող ապրանքների բաց թողնումը, որոնք ներառված չեն ռեեստրներում:
Համաձայն նույն հոդվածի 3-րդ մասի՝ ապրանքների բաց թողնումը կասեցվում է յոթ աշխատանքային օրում: Մաքսային մարմինը կարող է երկարաձգել նշված ժամկետը տասն օրը չգերազանցող ժամկետով, եթե իրավատերը կասեցման ժամկետի երկարաձգման գրավոր դիմում է ներկայացրել մաքսային մարմին և մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում ապրանքների ներառման դիմում է ներկայացրել կոմիտե:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մինչև ապրանքների բաց թողնման կասեցման ժամկետը լրանալը իրավատիրոջ կողմից նշյալ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործողությունների չկատարման կամ կոմիտեի կողմից ապրանքների վերցման կամ առգրավման որոշում չկայացվելու դեպքում ապրանքների բաց թողնումն իրականացվում է Միության մաքսային օրենսդրությամբ և նշյալ օրենքով սահմանված կարգով:
Նույն օրենքի 243-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապրանքի բաց թողնումը կասեցնելու մասին որոշումը ենթակա է չեղյալ համարման, իսկ ապրանքները` նշյալ օրենքով սահմանված կարգով բաց թողնման, եթե ապրանքների բաց թողնման կասեցման մասին իրավատիրոջը տեղեկացնելուց հետո` տասն օրվա ընթացքում, կասեցման մասին որոշում կայացրած մաքսային մարմինը չի տեղեկացվում, որ հարցի վերաբերյալ ըստ էության այլ որոշում կայացնելու նպատակով գործը հանձնված է դատական մարմիններ, և դատարանը ձեռնարկել է ապրանքների բաց թողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոց (ժամանակավոր միջոց): Հայտատուի խնդրանքով, եթե նա ապացուցում է դատարան հայցադիմում ներկայացնելու, բայց դատարանի կատարողական թերթը դեռևս ստացած չլինելու փաստը, սկզբնապես կիրառված կասեցման ժամկետը մաքսային մարմինը կարող է երկարաձգել տասն օրը չգերազանցող ժամկետով:
Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ ներմուծվող ապրանքների բաց թողնման առավել երկար ժամկետով կասեցնելու լիազորությունը չի տվել մաքսային մարմիններին, այլ այդպիսի լիազորություն վերապահել է դատարանին՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 243-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսելով հայցի ապահովման այլ միջոց՝ ապրանքների բաց թողնման կասեցումը երկարաձգելը։
Դեռ ավելին, օրենսդիրը սահմանել է, որ եթե մինչև կասեցման ժամկետի ավարտը մաքսային մարմիններին չներկայացվի դատարանի կողմից կիրառված ապրանքների բաց թողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոցի վերաբերյալ ծանուցում, վերջինս պետք է չեղյալ համարի կասեցման որոշումը՝ թույլատրելով մաքսազերծել իրավունքների խախտմամբ ՀՀ ներմուծված ապրանքները։
Վերոգրյալից հետևում է, որ ապրանքների բաց թողնման կասեցումը երկարաձգող հայցի ապահովման միջոցի չկիրառելու արդյունքում վեճի առարկա ապրանքները բաց կթողնվեն և կհայտնվեն ազատ շրջանառության մեջ, իսկ այդ դեպքում էականորեն կդժվարանա կամ նույնիսկ կարող է անհնարին դառնա հայցվորի իրավունքների հետագա պաշտպանությունը, մասնավորապես վեճի առարկա ապրանքները հայտնաբերելը և պատասխանողի միջոցներով ոչնչացնելը։
Խնդիրը կայանում է նրանում, որ վերը նշված դեպքերում ապրանքների բաց թողնումը մաքսային մարմինն իրավասու է կասեցնել տասն օրով, իսկ դատարան հայցադիմում ներկայացնելու, բայց դատարանի կատարողական թերթը դեռևս ստացած չլինելու փաստը ապացուցելու դեպքում ապրանքների բաց թողնումը մաքսային մարմինը երկարաձգում է ևս տասն օրով։ Նշված ժամկետը լրանալուց հետո ապրանքները բաց են թողնվում։ Մինչդեռ, շատ դեպքերում իրավատերը մտավոր սեփականության օբյեկտի ապօրինի օգտագործումը դադարեցնելու նպատակով հայց է ներկայացնում դատարան, դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնում է յոթնօրյա ժամկետում, իսկ վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում այն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
Լինում են դեպքեր, երբ հայցադիմումով առկա թերությունները վերացնելու նպատակով դատարանն այն վերադարձնում է, հետևաբար այն վարույթ ընդունելու ժամանակը երկարաձգվում է, իսկ ապրանքների բաց թողնման ժամկետը չի երկարաձգվում։ Նշված դեպքերում իրավատերը հնարավորություն չի ունենում ներկայացնել գործը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը և փաստորեն մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքները բաց են թողնվում և իրացվում։ Ստացվում է, որ ներկայիս կարգավորումներով խախտվում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված անձի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։
ՄԻԵԴ դատական պրակտիկայում սեփականության ձևերից են մտավոր սեփականության իրավունքները։ Մասնավորապես, Anheuser-Busch inc. v. Portugal (2007) գործով դատարանն արձանագրել է, որ մտավոր սեփականությունը օգտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պաշտպանության մեխանիզմներից: Այն է՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավասու է անարգել օգտվելու իր գույքից: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետությանն այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է իրավական պաշտպանության հասանելիություն ազգային մակարդակով՝ կիրառելու կոնվենցիան այն դեպքում, երբ դա կարող է անհրաժեշտ լինել ներպետական ազգային իրավունքի շրջանակներում պաշտպանված լինելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշվածի վերաբերյալ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության միջոցը պետք է նույնքան արդյունավետ լինի ինչպես գործնականում, այնպես էլ օրենքի տեսանկյունից, մասնավորապես, այն իմաստով, որ պետության գործողություններն ու բացթողումները չպետք է անարդարացիորեն խոչընդոտեն դրա կիրառմանը[1]:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվում է արդար դատաքննության իրավունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է դիրքորոշում առ այն, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով ավելի էական է այն, թե արդյոք Եվրոպական դատարան դիմողն ունեցել է բավարար հնարավորություն ներկայացնելու իր վեճը և վիճարկելու այն ապացույցները, որոնք նա համարել է կեղծ, այլ ոչ թե` արդյոք ներպետական դատարանները կայացրել են ճիշտ կամ սխալ որոշում[2] ։
Մեկ այլ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ուժով ստեղծելու միջոցներ` արագացնելու վարույթը 6-րդ հոդվածի նպատակներից ելնելով[3]։
Նշված խնդրի դիտարկումը կարևոր է նաև սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Բացի այդ, ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքն անձի` արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարրերից մեկն է։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «ողջամիտ» ժամկետը գնահատում է հետևյալ երեք չափանիշներով.
- գործի բնույթն ու բարդությունը,
- դիմողի (վարույթի կողմերի) վարքը (գործողությունները),
- պետական մարմինների գործողությունները[4]:
Քաղաքացիական գործերի տևական քննությունը պետության կողմից իր քաղաքացիներին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ տրամադրելու էական խոչընդոտ է:
Մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացի հետ կապված վարույթները վերաբերում են իրավատիրոջ՝ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի հաստատմանը, հետևաբար քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանության համար նշված վարույթները պետք է իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։
Հաշվի առնելով նշված մոտեցումը՝ Նախագծում հատուկ հայցային վարույթների ցանկում ավելացվել է մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացում ապրանքների բացթողնումը կասեցնելու վերաբերյալ գործերի վարույթը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածով առաջին ատյանի դատարանին իրավունք է տրված կիրառել հայցի նախնական ապահովման միջոցներ, որոնք ուղղված են դիմողի կողմից հարուցվելիք հայցի ապահովմանը: Տվյալ դեպքում դատարանը հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում: Սակայն հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու պարտադիր պայման է հանդիսանում հայցվորի կողմից տվյալ պահին հայցադիմում ներկայացնելու անհնարինության վերաբերյալ ապացույցներ ներկայացնելը։ Իսկ հաշվի առնելով այն, որ մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացում բացակայում են դատարան հայցադիմում ներկայացնելու անհնարինության հիմքերը, քանի որ օրենքով սահմանված է հայցադիմում ներկայացնելու համար տասնօրյա ժամկետ, ուստի նշված գործերով հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառել հնարավոր չէ։
Պաշտպանի աշխատակազմում իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրինակ` Նորվեգիայում, երբ մաքսային մարմինները հայտնաբերում եմ ապրանքներ, որոնց բաց թողումը ենթակա է կասեցման համապատասխան դիմումի հիման վրա, այդ մասին պետք է անմիջապես տեղեկացնեն տարածքային դատարանին, հայցվորին, բեռնափոխադրողին։ Ծանուցման մեջ պետք է նշված լինի, որ կասեցումն իրականացվում է մինչև դատարանի կամ հայցվորի կողմից այլ որոշման կայացումը։
Դատարանը ծանուցումը ստանալուց հետո պետք է սեղմ ժամկետ տրամադրի հայցվորին հիմնավորելու համար այն հանգամանքը, որ ապրանքի տեղափոխման կասեցման որոշումը հիմնավոր է։ Եթե կասեցնելու հրամանը տրվել է առանց բանավոր լսումների անցկացման, ապա կողմերը կարող են ներկայացնել բանավոր լսումների անցկացման պահանջ[5]։
Ինդոնեզիայում մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծումը կասեցնելու վերաբերյալ իրավատիրոջ ներկայացրած դիմումի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում դիմումը դատարանին ներկայացվելուց երկու աշխատանքային օրվա ընթացքում և որոշումն անմիջապես ուղարկվում է մաքսային մարմիններին[6]։
Մտավոր սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ դատավարական ուղեցույցի համաձայն՝ Գերմանիայում քաղաքացիական դատարանը մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծումը կասեցնելու վերաբերյալ իրավատիրոջ ներկայացրած դիմումի վերաբերյալ որոշում է կայացնում այն ներկայացնելուց մեկից երկու օրվա ընթացքում[7]։
ԵՄ Խորհրդի No 1383/2003 կանոնակարգի համաձայն՝ այն դեպքում, երբ մաքսային մարմինների կողմից կասեցվել է մտավոր սեփականության իրավունքի խախտմամբ տեղափոխվող ապրանքների բաց թողնման ժամկետը կարող է երկարացվել 30 աշխատանքային օրով[8]։
Այսպիսով, մտավոր սեփականության օբյեկտների իրավատերերի սեփականության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև անձի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի երաշխավորման նպատակով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների իրականացումն անհրաժեշտ է դառնում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացի հետ կապված դատարան ներկայացվող հայցերն ընդգրկել հատուկ հայցային վարույթների ցանկում և դրանց շրջանակներում դատարանի կողմից գործողությունների կատարման համար սեղմ ժամկետներ սահմանելը հնարավորություն կտա իրավատերերին լիարժեք իրացնել իրենց իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը։
Հաշվի առնելով այն, որ մտավոր սեփականությունն անկյունաքարային դեր ունի գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար, և մտավոր սեփականության իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը էական նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար՝ Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն մտավոր սեփականության և դատական պաշտպանության իրավունքների ապահովման համար։
[1] Տե՛ս Հուսեյն Աբու Զաբայդան ընդդեմ Լեհաստանի (Husayn (Abu Zubaydah) v. Poland) գործով 2014 թվականի հուլիսի 24-ի վճիռը, գանգատ թիվ 7511/13, կետ 540:
Տե՛ս Մահմուտ Կայան ընդդեմ Թուրքիայի (Mahmut Kaya v. Turkey) գործով 2000 թվականի մարտի 28-ի վճիռը, գանգատ թիվ 22535/93, կետ 124:
[2]Տե՛ս Karalevicius v. Lithuania, որոշում (վերջնական), 06/06/2002 թ., գանգատ թիվ 53254/99
[3]Տե՛ս Kudla v. Poland, 26/10/2000 թ. վճիռ, գանգատ թիվ 30210/96
[4] Տե՛ս Pretto and others, §§ 30-37
[5]Տե՛սhttps://www.toll.no/contentassets/71f70c1b980a45b8b57098ded3069fd9/act_on_customs_duties_and_movement_of_goods_0718.pdf
[6]Տե՛ս https://www.rouse.com/magazine/news/indonesias-customs-system-the-final-stage-of-setting-up-its-ip-border-protection-system/?tag=trade%20marks
[7] Տե՛ս https://www.irglobal.com/file/1badfbdfe8067869e18e3670ed885088.pdf
[8]Տե՛ս https://eur-lex.europa.eu/eli/reg/2003/1383/oj