Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 152-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 152.       Կասկածյալի կամ մեղադրյալի լիազորությունների կասեցումը          (ժամանակավորապես դադարեցումը)

  1. Դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի կասեցնել (ժամանակավորապես դադարեցնել) կասկածյալի կամ մեղադրյալի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
  2. Աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշումն ուղարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր և ի կատար է ածվում այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան իրավասություն ունեցող անձի կողմից, այդ թվում` այն դեպքում, երբ լիազորությունը կասեցնելու իրավասությունը պատկանում է կասկածյալին կամ մեղադրյալին: Որոշումն ի կատար ածվելու մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան որոշումը կայացրած մարմինը կամ անձը:
  3. Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:»

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն Աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 107.1-ին հոդվածով.

«Հոդված 107.1. Աշխատողի լիազորությունների կասեցումը   (ժամանակավորապես դադարեցումը)

  1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները կարող են կասեցվել (ժամանակավորապես դադարեցվել) դատախազի, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչի որոշմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
  2. Աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նրան աշխատանքի ընդունելու իրավասություն ունեցող անձը ընդունում է աշխատողի լիազորությունների կասեցման մասին անհատական իրավական ակտ, որի մասին ոչ ուշ քան 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին:
  3. Աշխատող հանրային ծառայողի լիազորությունների կասեցման պահից մինչև կասեցման վերաբերյալ որոշման վերացումը աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը պահպանվում են, սակայն չի պահպանվում աշխատողի ամենամյա արձակուրդի իրավունքը:
  4. Լիազորությունների կասեցումը արգելք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կասեցման ժամանակահատվածում առաջացել են աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով նախատեսված հիմքեր:»:
  • Обсуждалось

    11.10.2019 - 26.10.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Работа и занятость, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7684

Принт

Предложения

Աննա Բարիկյան

25.10.2019

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով սահմանված կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցման (կասեցման) իրավունքը վերապահել ոչ թե դատախազին կամ քննիչին (դատախազի համաձայնությամբ), այլ միայն դատարանին: Դատախազին կամ քննիչին վերապահելով այս լիազորությունը՝ հնարավորություն ենք տալիս նրանց որոշումներ ընդունել միաձնյա կամ երկկողմանի պայմանավորվածության հիման վրա: Առաջարկված տարբերակի դեպքում դատախազը կամ քննիչը դատախազի համաձայնությամբ կարող են դիմել դատարան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցման որոշումը կայացնելու համար: Առաջարկվում է դատարանին տալ օրենքով սահմանված ժամանակ միջնորդությունը քննելու համար: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով սահմանված 107.1 հոդվածի 2-րդ մասի «Աշխատող» բառից հետո առաջարկվում է լրացնել «Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող» բառակապակցությունը: Սա կհստակեցնի, թե որ աշխատողի մասին է խոսքը գնում: Նույն հոդվածի 3-րդ մասի ուսումնասիրությունից հետո հարց է առաջանում, թե ինչպես է կարգավորվելու մասնավոր հատվածում աշխատողների աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանումը աշխատանքի ժամանակավորապես դադարեցման ժամանակ, քանի որ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում օգտագործվում է միայն «աշխատող» բառը: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացնել մասնավոր հատվածում աշխատողների աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանման վերաբերյալ դրույթներ: Առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել աշխատողների լիազորությունների կասեցման ժամանակ աշխատողների աշխատավարձի չափը և դրա հաշվարկման կարգը: Ամենակարևոր հարցը կայանում է նրանում, որ ոչ պետական հատվածում գործատուները արդյոք պատրաստ կլինեն վճարել աշխատավարձ այդ աշխատողներին այդ անորոշ ժամանակահատվածի համար (նախագծով սահմանվում է, որ աշխատողների լիազորությունների ժամանակավոր դադարումը կվերանա անհրաժեշտության բացակայության դեպքում): Իսկ 4-րդ մասում առաջարկվում է հստակ նշել օրենքով նախատեսված հիմքերը, որոնց առկայության դեպքում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել: Աշխատողի անմեղության փաստը հաստատվելուց հետո, աշխատողը ինչպես կարող է ստանալ աշխատանքային պայմանագրով սահմանված իր աշխատավարձի և փաստացի ստացած գումարի տարբերությունը: Անհրաժեշություն է առաջանում այս հարցը կարգավորող դրույթ ներառել օրենսդրությունում, քանի որ աշխատողը անմեղ է ճանաչվել և քրեական գործի բացահայտման ժամանակահատվածում նա գտնվել է անաշխատունակության մեջ և չի ստացել աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձը:

Узнать больше