Добавить в избранное
ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
-
8 - За
-
0 - Против
Հավելված N 1
2019 թվականի
N - կառավարության որոշման
ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԲԱՆ
- Ներկա ժամանակաշրջանում ՈՎՀ հանդիսանում են մահացության, հիվանդացության և հաշմանդամության առաջացման առաջատար պատճառներից մեկն ամբողջ աշխարհում: Նշանակալի է վերջիններիս տնտեսական բեռը, ինչպես առողջապահության բյուջեի, այնպես էլ երկրի տնտեսության զարգացման վրա:
- Միևնույն ժամանակ, ՈՎՀ-ի, այդ թվում նաև թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (այսուհետև ԹՔՕՀ) և բրոնխիալ ասթմայի բուժման արժեքը և հետևաբար, բեռն առողջապահության համակարգի վրա կարելի է հասցնել նվազագույնի` ընտրված ապացույցների վրա հիմնված միջամտությունների շնորհիվ, ինչը հատկապես կարևոր է սահմանափակ ռեսուրսների առկայության պարագայում:
- Վերոնշյալ հիվանդությունների սոցիալ-տնտեսական կարևորությունից ելնելով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածով սահմանված «Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ցանկի 23-րդ կետի 23.1 ենթակետով նախատեսվել է մշակել և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- ԹՔՕՀ հավաքական հասկացություն է, որը միավորում է շնչական համակարգի մի շարք քրոնիկ հիվանդություններ` քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտ (ՔՕԲ), թոքերի էմֆիզեմա (ԹԷ), պնևմոսկլերոզ, թոքային հիպերտենզիա և քրոնիկ թոքային սիրտ: Թվարկված հիվանդությունների մեկ խմբում միավորելու համար հիմք է հանդիսացել աստիճանաբար զարգացող անդարձելի կամ մասամբ դարձելի բրոնխային օբստրուկցիան, ինչպես նաև բուժական մոտեցումների ընդհանրությունը: ԹՔՕՀ չի ներառում բրոնխիալ ասթման, որի համար բնորոշ է բրոնխիալ դարձելի օբստրուկցիան, սակայն այն կարող հանդիսանալ ԹՔՕՀ ռիսկի գործոն:
- ԹՔՕՀ հանդիսանում է կարևորագույն հանրային առողջության խնդիրներից մեկը։ Այսպես ԱՀԿ տվյալները վկայում են, որ ներկայումս աշխարհի բնակչության մահացության կառուցվածքում ԹՔՕՀ-ից մահացությունը գրավում է 4-րդ տեղը, և համաձայն կանխատեսումների` 2030թ-ին կզբաղեցնի 3-րդ տեղը։
- ԱՀԿ տվյալներով յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում ԹՔՕՀ-ից մահանում է շուրջ 3.0 մլն մարդ, որը կազմում է բոլոր մահերի շուրջ 5.0%-ը: Համաձայն կանխատեսումների, մահերի թիվը 2030թ-ին կգերազանցի 4,5 մլն` զարգացող երկրներում ծխախոտ օգտագործողների թվի ավելացման և բնակչության ծերացմամբ պայմանավորված։ ԱՄՆ-ում այն հանդիսանում է 3-րդը մահվան պատճառների կառուցվածքում՝ ԱՇՀՀ-ից և ուռուցքային հիվանդություններից հետո։ Եվրոպայում մահացությունը ԹՔՕՀ-ից բավականին տարբերվում է` 0.20- 100.000 բնակչի հաշվով Հունաստանում, Շվեդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում, մինչև 80- 100.000 բնակչի հաշվով Ռումինիայում։
- Բարձր են նաև ԹՔՕՀ հիվանդացության և հիվանդելիության ցուցանիշները: Համաձայն ԱՀԿ տվյալների, ներկայումս 65 միլիոն մարդ տառապում է ԹՔՕՀ: Ընդունված է համարել, որ զարգացած երկրների բնակչության առնվազն 6-11%-ը ունի ԹՔՕՀ: Տարբեր երկրների տվյալները կարող են լինել տարբեր` պայմանավորված դասակարգման, ախտորոշման և վերլուծական հզորություններից։ Օրինակ, Չիլիում ԹՔՕՀ տարածվածությունը կազմում է 20%, Մեքսիկայում՝ 6%, Ռուսաստանի Դաշնությունում՝ 15,3%։ Համաձայն գրականության տվյալների` ԱՄՆ-ում 16 մլն մարդ ունի ԹՔՕՀ, ևս 4 մլն մարդ ունի նշված ախտորոշումը, սակայն չգիտի դրա մասին։ ԱՄՆ-ում ավելի հաճախ հիվանդանում են կանայք՝ 56%, քան տղամարդիկ` 44%։
- ԹՔՕՀ լուրջ բեռ է նաև երկրների տնտեսությունների և առողջապահության համակարգի վրա։ Այսպես, գնահատված է, որ Եվրոպական Միության երկրներում շնչառական հիվանդությունների վրա է ուղղվում առողջապահության բյուջեի ընդհանուր ուղիղ ծախսերի շուրջ 6%-ը, որոնց 56%-ը կազմում է ԹՔՕՀ (38,6 մլրդ եվրո)։ ԱՄՆ-ում ԹՔՕՀ կառավարման ուղղակի ծախսերը կազմում են 32 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ անուղղակի ծախսերը՝ 20 մլրդ ԱՄՆ դոլար։ Համաձայն գնահատականների` 2020թ-ին դրանք կհասնեն 49 մլրդ ԱՄՆ դոլար։ Արժեքի զգալի մասը հոսպիտալացումներն են ԹՔՕՀ սրացումների պատճառով։
- ՀՀ-ում ՈՎՀ-ի բուժման պետական ծախսերը (55.6 մլրդ դրամ) ընդամենը այսբերգի գագաթն են: Կորցրած աշխատունակության արդյունքում առաջացած անուղղակի լրացուցիչ ծախսերն ավելի քան 4 անգամ գերազանցում են` կազմելով 294,9 մլրդ դրամ: ՀՀ տնտեսության վնասն այս պահի դրությամբ տարեկան կազմում է 362.7 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, զարգացող երկրներում, որոնց շարքին է դասվում նաև Հայաստանի Հանրապետությունը, ԹՔՕՀ հետևանքով առաջացած ուղղակի ծախսերը կարող են զգալի նվազել` պայմանավորված առողջապահության համակարգի առավել արդյունավետ արձագանքելու հնարավորություններից, ինչպես նաև նշված ծառայություններով բնակչության ընդգրկման ավելացմամբ։
1․ ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ ՈՎՀ-ը, այդ թվում քրոնիկ ռեսպիրատոր հիվանդությունները (ԹՔՕՀ և բրոնխիալ ասթմա) հանդիսանում են հանրային առողջության կարևորագույն, համապետական նշանակություն ունեցող հիվանդություններ, որոնց դեմ պայքարը կարող է դրական անդրադառնալ ժողովրդագրական ցուցանիշների վրա, մասնավորապես` վաղաժամ և ընդհանուր մահացության կրճատման միջոցով:
- Մասնավորապես` 2018թ-ին Հայաստանում գրանցված բոլոր մահերի շուրջ 93%-ը պայմանավորված է ՈՎՀ-ով, որից ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը կազմում է 2.38%: Ինչպես երևում է նկար 1-ում ներկայացված տվյալներից, 2013-2016թթ.-ին նկատվում է շնչառական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերի կայուն բացասական դինամիկա, մասնավորապես 2013թ.-ին արձանագրվել է 1645 մահվան դեպք (որից ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը 990 դեպք է), իսկ 2016թ.-ին` 2148 դեպք (ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը` 1121): 2017թ.-ի համար մահվան դեպքերի թիվը կազմել է 1644 (ստորին շնչառական ուղիներից` 648):
ՆԱԽԱԳԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԴԱԼ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ
-
Обсуждалось
24.07.2019 - 08.08.2019
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 9997
Принт