Հակոբ Մանուկյան
07.02.2019
Նախագիծն ունի միայն ֆիսկալ քաղաքականություն, չկա ոչ մի ազատականացում... ԴԵՄ ԵՄ: ՀՀԿ-ն հասկացել էր իր եզությունը և հաշվապահներին հանեց աահ-ով հարկվողների ցանկից, իսկ դուք տանում եք նույն եզությանը
61 - За
665 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի հիմնական նպատակներն են ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
1. ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 միլիոն դրամից նվազել է մինչև 58.35 միլիոն դրամ: Խնդիրը կայանում է նրանում, որ շեմի իջեցումը գնահատվում է որպես փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում: Մասնավորապես, այս փոփոխության արդյունքում, այլ հավասար պայմաններում, շուրջ 2800 տնտեսավարող սուբյեկտներ շրջանառության հարկի համակարգից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, որի պարագայում հարկային բեռը էականորեն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի համակարգի հարկային բեռն է:
2. Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 և 36 տոկոս դրույքաչափեր: Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որը կազմում է շուրջ 25.1-25.2 տոկոս, բավական բարձր է, ինչը բացասական ազդեցություն է ունենում ինչպես ազգային տնտեսության մրցունակության, արտահանման ծավալների ու տնտեսական աճի ցուցանիշների բարելավման, այնպես էլ աղքատության մակարդակի կրճատման վրա: Ավելին, եկամտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկամուտների իրական մեծությունների թերհայտարարագրման, քանի որ տնտեսապես ավելի ձեռնտու է վճարել շահութահարկ և շահաբաժնի հարկ, քան եկամտային հարկ՝ ավելի բարձր դրույքաճափերով։ Արդյունքում, թեև եկամտային հարկի համակարգը անվանական առումով պրոգրեսիվ բնույթ ունի, իրականում հարկման համակարգը չի բնութագրվում ընդգծված պրոգրեսիվությամբ, քանի որ հայտարարագրվող եկամուտների հիմնական մասը կենտրոնացված է ցածր եկամտային խմբում: Մասնավորապես, դիտարկումները ցույց են տալիս, որ շուրջ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսի մասով հայտարարագրված ամսական եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ հայտարարագրվում է վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսի մասով:
3. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի դրույքաչափը 20 տոկոս է: Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ շահութահարկի գծով հարկային բեռը նույնպես մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը բացասաբար է անդրադառնում ազգային տնտեսության ներդրումային գրավչության ու երկրում տնտեսական ակտիվության մակարդակի վրա: Հարցի էությունը կայանում է նրանում, որ ազգային տնտեության ներդրումային գրավչությունը մեծապես կախված է ներդրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա ուղղակի ազդեցություն ունի շահութահարկի դրույքաչափը: Այս պատճառով Կառավարության ծրագրում ամրագրվել է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելու և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելու ծրագրային դրույթ, որը նաև համահունչ է հարկման համակարգերի՝ աշխարհում ընթացող փոփոխություններին։
4. Գործող օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկը վճարում են 10 տոկոս դրույքաչափով, իսկ ՀՀ քաղաքացիները՝ 5 տոկոս դրույքաչափով: Խնդիրը կայանում է նրանում, որ այս մոտեցումը նույնպես չի խրախուսում օտերերկրյա ներդրումների ներգրավումը:
5. Ներկայումս գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են հարկման հետևյալ այլընտրանքային համակարգերը՝
1) ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչև 9 մլն. դրամ շրջանառություն ունեցող՝ գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողներն ամբողջությամբ ազատված են հարկերից (բացառությամբ ներմուծման հարկերի),
2) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչև 18 մլն. դրամ շրջանառություն ունեցող և միայն ընտանիքի անդամների միջոցով գործունեություն իրականացնող հարկ վճարողներն ամբողջությամբ ազատված են հարկերից (բացառությամբ ներմուծման հարկերի),
3) արտոնագրային հարկի համակարգ, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողներն, առանց շրջանառության սահմանափակման, վճարում են արտոնագրային հարկ (հաստատուն գումար),
4) շրջանառության հարկով հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչև 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները վճարում են շրջանառության հարկ:
Խնդիրը կայանում է նրանում, որ հարկման տարբեր համակարգերի կիրառության նախորդ տարիների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հարկման համակարգերի բազմազանությունն անխուսափելիորեն հանգեցնում է մի շարք բացասական երևույթների, որոնցից են, մասնավորապես՝
1) հարկային օրենսդրության բարդությունը, հետևաբար նաև՝ հարկ վճարողների մոտ վարվող հարկային հաշվառման հետ կապված դժվարությունները,
2) օրենսդրական երկիմաստությունները, տարընկալումները, անորոշություններն ու հակասությունները, որոնք մի կողմից հարկ վճարողներին դարձնում են խոցելի, մյուս կողմից կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում հարկ վճարողների և հարկային մարմինների փոխհարաբերություններում,
3) հարկային վարչարարության հետ կապված դժվարությունները, հետևաբար նաև՝ հարկային վարչարարության արդյունավետության ցածր մակարդակը։
6. Գործող օրենսդրության համաձայն՝ կիրառվում են ակցիզային հարկի ինչպես արժեքային (տոկոսային), այնպես էլ հաստատուն դրույքաչափեր: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկային համակարգերի զարգացմանը զուգահեռ, երկրներն աստիճանաբար հրաժարվում են ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերի կիրառությունից, քանի որ ապրանքի սպառումն արժեքի հիման վրա անուղղակի հարկով հարկելու խնդիրն արդեն իսկ լուծվում է ԱԱՀ-ի միջոցով, հետևաբար արժեքային հիմքով երկրորդ անուղղակի հարկ կիրառելու անհրաժեշտություն չկա:
Բացի այդ, ակցիզային հարկի գործող համակարգի կիրառությունն ուղեկցվում է որոշակի խնդիրներով, քանի որ տոկոսային և հաստատուն դրույքաչափերի միաժամանակյա կիրառությունը՝
1) հանգեցնում է բարձրարժեք և ցածրարժեք կամ ներմուծվող և տեղական արտադրության ապրանքների միջև հարկային բեռի անհավասար բաշխման,
2) հարկ վճարողների համար չի ապահովում կանխատեսելի հարկային միջավայր, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ արտադրողներն իրենց արտադրանքն իրացնում են դիստրիբյուտորների միջոցով, մշտապես առկա է ռիսկ, որ հարկային հսկողության ընթացքում այս մեխանիզմը կարող է որակվել որպես հարկումից խուսափելու հնարավորություն: Մյուս կողմից, կան հարկ վճարողներ, որոնք այս ճանապարհով խուսափում են ակցիզային հարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելուց,
3) ստեղծում է հարկման անարդարացի պայմաններ, քանի որ տոկոսային դրույքաչափերի կիրառությունը նշանակում է, որ, ըստ էության, ակցիզային հարկով հարկվում է նաև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի տարան, պիտակը, խցանը և այլն,
4) բարդացնում է հարկային հաշվառումը և հարկային վարչարարությունը:
7. Ակցիզային հարկի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներ սկսել են հարկել վնասակար սպառում ենթադրող՝ բարձր շաքարայնություն պարունակող ըմպելիքները: Քաղաքականության այս ուղղությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու անհրաժեշտությունը նույնպես հասունանում է՝ հաշվի առնելով նաև այն, որ սույն նախագծերի փաթեթով առաջարկվող շատ փոփոխություններ ենթադրում են հարկային եկամուտների կորուստ, և հետևաբար, նմանատիպ միջոցառումներով հնարավոր կլինի որոշակիորեն փոխհատուցել պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը:
8. ՀՀ հարկային օրենսգրքով, ակցիզային հարկով հարկումից խուսափելու հնարավորությունները սահմանափակելու նպատակով օղու և էթիլային սպիրտի մասով սահմանվել են իրացման նվազագույն գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի չափով: Խնդիրը կայանում է նրանում, որ սահմանված նվազագույն գինը իր առջև դրված խնդիրը լիարժեք չի լուծում, քանի որ դրա սահմանումից անցել է երկար ժամանակ, իսկ այդ ընթացքում ապրանքների գները նկատելիորեն բարձրացել են:
9. Բնապահպանական հարկի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներ սկսել են ավելի բարձր դրույքաչափերով հարկել հին և շարժիչի մեծ հզուրություն ունեցող ավտոմեքենաները: Քաղաքականության այս ուղղությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու անհրաժեշտությունը նույնպես հասունանում է՝ հաշվի առնելով նաև այն, որ սույն նախագծերի փաթեթով առաջարկվող շատ փոփոխություններ ենթադրում են հարկային եկամուտների կորուստ, և հետևաբար, նմանատիպ միջոցառումներով հնարավոր կլինի որոշակիորեն փոխհատուցել պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը:
10. Գործող օրենսդրության համաձայն՝ խաղային բիզնեսի (շահումով խաղեր, խաղատներ, տոտալիզատորներ) հարկումն իրականացվում է հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակներում: Այսինքն, նշված գործունեության տեսակների համար վճարվող հարկերը որևէ կերպ կախված չեն այս ոլորտում ստեղծվող նոր արժեքի մեծությունից: Խնդիրը կայանում է նրանում, որ գործող հարկման համակարգը հնարավորություն չի ընձեռում ապահովել խաղային բիզնեսի լիարժեք հարկում, ինչի արդյունքում այս ոլորտից հարկային եկամուտներ ապահովելու ներուժը չի օգտագործվում:
11. Օրենքով սահմանված՝ ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծվող ապրանքների ցանկում ներառված ապրանքներն առանց ԱԱՀ-ի վճարման ներմուծելու հնարավորություն ունեն ինչպես ԱԱՀ վճարողները, այնպես էլ ԱԱՀ վճարող չհամարվողները: Այն, որ ԱԱՀ վճարողները ներդրումային նշանակություն ունեցող ապրանքների ներմուծման փուլում ԱԱՀ չեն վճարում, հիմնավորվում է նրանց շրջանառու ֆինանսական միջոցների համալրման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Բացի այդ, ներմուծման փուլում չվճարված ԱԱՀ-ն վճարվում է հետագա իրացումների փուլում: Արդյունքում երկրի ներսում սպառվող ապրանքների համար, միևնույն է, կատարվում է ԱԱՀ-ի վճարում՝ պարզապես տարաժամկետմամբ: Խնդրահարույց է այն, որ եթե ներմուծողը չի համարվում շրջանառության հարկ վճարող, ԱԱՀ չի վճարվում ինչպես ներմուծման փուլում, այնպես էլ հետագա իրացման փուլում: Արդյունքում ԱԱՀ վճարող չհամարվողները ստանում են չհիմնավորված մրցակցային առավելություններ և դրանով իսկ խեղաթյուրվում է ներդրումային նշանակության ապրանքների շուկան, պետական բյուջեն կորցնում է որոշակի հարկային եկամուտներ:
12. Գործող օրենսդրությամբ ավտոմեքենաների ու անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար սահմանված են եկամտային հարկով հարկման կարգավորումներ, որոնք խնդրահարույց են այն առումով, որ ենթադրում են շատ բարձր հարկային բեռ: Բացի այդ, նշյալ կարգավորման կիրառության պարագայում այս շրջանակի ֆիզիկական անձինք կուտակել են բավական մեծ գումարներով հարկային պարտավորություններ, որոնց կատարումն իրատեսական չէ:
13. Միջազգային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու արդյունքում որոշակի խնդիրներ են առաջացել արտերկրում կատարվող ծախսերի փաստաթղթավորման հնարավորությունների հետ կապված: Բացի այդ, 2018 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են նրանց կողմից վճարվող ճանապարհային հարկի դրույքաչափերը, որը նույնպես խնդիրներ է առաջացրել այս խմբի տնտեսավարող սուբյեկտների համար:
14. Ինչպես մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, այնպես էլ դրանից հետո գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք եկամտային հարկ են վճարում ինչպես հայաստանյան աղբյուրներից ստացվող, այնպես էլ արտերկրից ստացվող եկամուտներից՝ նվազեցնելով արտերկրում վճարված եկամտային հարկը։ Խնդիրը կայանում է նրանում, որ կան որոշ եկամտատեսակներ (հիմնականում կենսաթոշակները), որոնք արտերկրում տվյալ երկրի օրենսդրության համաձայն ենթակա չեն հարկման, սակայն Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հարկման։ Արդյունքում ստացվում է, որ գործող կարգավորումը չի խթանում, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները վերադառնան հայրենիք, բնակություն հաստատեն հայրենիքում, քանի որ այս դեպքում նրանք դառնում են ռեզիդենտներ և պետք է սկսեն հարկ վճարել նախկինում չհարկվող եկամուտների համար:
15. Գործող օրենսդրության համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ, իսկ եթե համարվում են այդպիսին, ապա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրելու կամ ներմուծելու պարագայում դադարում են համարվել շրջանառության հարկ վճարողներ: Նշվածը բավական խիստ կարգավորում է այն իմաստով, որ գործնականում շատ հաճախ շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտները կարիք են ունենում իրենց արտադրատնտեսական գործունեության շրջանակներում, օրինակ, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք ներմուծելու:
Մյուս կողմից, կան օղու և գինու բազմաթիվ փոքր արտադրություններ, որոնք հնարավորություն չունեն գործել շրջանառության հարկի համակարգում, ինչը նրանց հնարավորություն չի ընձեռում գործել օրինական դաշտում և ընդլայնվել: Արդյունքում այս արտադրությունները տարիներ շարունակ մնում են ստվերում և տնայնագործական մակարդակում:
16. Ատամնաբույժերն ու ատամնատեխնիկները դժգոհում են արտոնագրային հարկի համակարգի կիրառությունից, քանի որ արտոնագրային հարկը մեծ բեռ է փոքր շրջանառություններ ունեցողների համար, իսկ մեծ շրջանառություններ ունեցողների համար խիստ ցածր հարկային բեռ է, ինչի արդյունքում առաջանում է անհավասարություն: Մասնավորապես, խնդիրը կայանում է նրանում, որ արտոնագրային հարկի դրույքաչափերը հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի շուկա նոր մուտք գործող մասնագետները գործունեություն սկսեն, իսկ մյուս կողմից՝ խոշոր ատամնաբուժական կլինիկաներն ու ատամնատեխնիկական կենտրոնները հայտնվում են իրենց համար նպաստավոր հարկային միջավայրում և դրանով իսկ ճնշում են փոքրերին:
17. Հարկային օրենսգրքի կիրառության նախորդ ժամանակաշրջանի փորձը ցույց է տվել, որ առկա են խնդրահարույց կարգավորումներ, որոնք պարունակում են անորոշություններ, երկիմաստություններ կամ անհարկի բարդացնում են օրենսդրությունն ու հարկային հաշվառումը, հարկ վճարողների համար ստեղծում են անհարմարություններ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է՝
1) ԱԱՀ-ի շեմը վերականգնել տարեկան կտրվածքով շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում,
2) անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը,
3) 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս,
4) օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինները հարկել ոչ թե եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով, այլ ՀՀ քաղաքացիների համար սահմանված նույն՝ 5 տոկոս դրույքաչափով,
5) 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է վերացնել արտոնագրային հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Առաջարկվում է սահմանել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համակարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Օրենսգրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով: Հարկման համակարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմանել, որ՝
ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,
բ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող, կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանափակումների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով,
գ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության իրականացման վայրերի քանակը չի սահմանափակվում,
6) հրաժարվել ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերի կիրառությունից՝ զուգահեռաբար որոշակիորեն բարձրացնելով մի շարք ապրանքների մասով ակցիզային հարկի դրույքաչափերը ներդնելով ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի ճշգրտելու համակարգ,
7) 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ակցիզային հարկով հարկել նաև 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները,
8) բարձրացնել օղու և էթիլային սպիրտի իրացման նվազագույն գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ,
9) վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ,
10) 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի), իսկ 2021 թվականի հունվարի 1-ից՝ շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի) կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով ոլորտում ստեղծված նոր արդյունքի մեծությունը (այսինքն՝ առաջարկվում է գործունեության այս տեսակների հարկումն իրականացնել շահութահարկի համակարգում): Առաջարկվում է նաև այս փուլում ձեռնպահ մնալ շահումների հարկումից՝ հաշվի առնելով միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներն ու վարչարարական հնարավոր բարդությունները,
11) օրենքով սահմանված՝ ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծվող ապրանքների ցանկում ներառված ապրանքներն առանց ԱԱՀ-ի վճարման ներմուծելու հնարավորություն ընձեռել միայն ԱԱՀ վճարողներին,
12) վերանայել հարկային բեռը և սահմանել, որ եկամտային հարկը վճարվում է ավտոմեքենայի վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 100 դրամ։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է սահմանել, որ եթե ավտոմեքենան վաճառվում է ձեռքբերումից 6 ամիս հետո, ապա հարկային պարտավորություն չի առաջանում։ Ընդ որում, առաջարկվում է այս կանոնը կիրառել հետադարձ ուժով՝ 2018 թվականի հուլիսի 1-ից սկսած, որպեսզի անձինք կարողանան մարել նախկինում կուտակված հարկային պարտավորությունները։ Զուգահեռաբար առաջարկվում է Հարկային օրենսգրքում ամրագրել, որ ֆիզիկական անձանց միջև իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները ենթակա չեն եկամտային հարկով հարկման,
13) ՀՀ հարկային օրենսգրքում սահմանել, որ միջազգային բեռնափոխադրման ծառայություն մատուցողների կողմից արտերկրում կատարվող ծախսերի փաստաթղթավորման նկատմամբ պահանջները սահմանում է Կառավարությունը: Միաժամանակ, առաջարկվում որոշակիորեն նվազեցնել ճանապարհային հարկի դրույքաչափերը՝ դրանք մոտարկելով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը սահմանված դրույքաչափերին,
14) ՀՀ հարկային օրենսգրքում ամրագրել, որ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ արտերկրից ստացվող կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունումում ենթակա չեն եկամտային հարկով հարկման,
15) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտներին նույնպես հնարավորություն ընձեռել գործել շրջանառության հարկի համակարգում,
16) ատամնաբույժերի ու ատամնատեխնիկների գործունեությունը 2019 թվականի հուլիսի 1-ից դուրս բերել արտոնագրային հարկի համակարգից,
17) հստակեցնել հարկային օրենսգրքի կիրառության նախորդ ժամանակաշրջանում հայտնաբերված խնդրահարույց կարգավորումներ, որոնք պարունակում են անորոշություններ, երկիմաստություններ կամ անհարկի բարդացնում են օրենսդրությունն ու հարկային հաշվառումը, հարկ վճարողների համար ստեղծում են անհարմարություններ:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան գործունեության տարբեր տեսակների հարկման հարկային համակարգերն են, հարկման օբյեկտները և դրույքաչափերը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ:
Обсуждалось
23.01.2019 - 07.02.2019
Тип
Кодекс
Область
Финансовая, Экономическая
Министерство
Министерство финансов
Просмотры 121658
Принт07.02.2019
Նախագիծն ունի միայն ֆիսկալ քաղաքականություն, չկա ոչ մի ազատականացում... ԴԵՄ ԵՄ: ՀՀԿ-ն հասկացել էր իր եզությունը և հաշվապահներին հանեց աահ-ով հարկվողների ցանկից, իսկ դուք տանում եք նույն եզությանը
07.02.2019
առաջարկի շարունակություն՝ 1. Ռեգրեսսիվ հարկում Հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող համեմատաբար խոշոր (հարկման ընդհանուր համակարգում գործող) տնտեսվարողները իրենց ձեռքբերումների շոշափելի մասը (բիզնես կենտրոնում գրասենյակի վարձակալություն, ծրագրային լիցենզներ, ՏՏ ծառայություններ, վարչական բնույթի ծառայություններ) կատարում են ԱԱՀ վճարողներից, և կարողանում են կատարել ձեռքբերման ու իրացման գործարքների ԱԱՀ հաշվանց: Բացի դա, նրանք ծառայությունների զգալի մասը մատուցում են ԱԱՀ վճարող հանդիսացող հաճախորդների (որոնք կարող են ԱԱՀ-ն հաշվանցել, և ուստի ծառայությունների գնի մեջ ներառված ԱԱՀ-ի գումարը չեն դիտարկում որպես ծախս) կամ արտասահմանյան հաճախորդների (որոնց մատուցվող ծառայությունների մասով կիրառվում է ԱԱՀ 0 տոկոս դրույքաչափ), և ուստի համեմատաբար հեշտությամբ կարող են ԱԱՀ-ն հավելել իրենց բազային գներին: Արդյունքում նման տնտեսվարողների համար ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունը առավելագույնը կազմում է շրջանառության 5-7 տոկոս: Միաժամանակ շրջանառության հարկի դաշտում աշխատող իրավաբանական, հաշվապահական ու խորհրդատվական ծառայություններ մատուցողները գրեթե չունեն ԱԱՀ-ով ձեռքբերումներ (որպես կանոն կամ չեն վարձում գրասենյակ, կամ այն վարձում են անհատներից, և ԱԱՀ-ով հարկվող ծախսերի թվում ունեն միայն կոմունալ վճարները ու որոշ գրասենյակային ծախսեր), և արդյունքում նրանց համար ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունը կազմելու է շրջանառության մինչև 15 տոկոս՝ այսինքն շուրջ երկու անգամ ավել, քան ներկայումս ԱԱՀ դաշտում աշխատողներինը: Հատկապես անհատ փաստաբանների ու հաշվապահների դեպքում էլ ավելի մեծ տարբերություն է ձևավորվում շահութահարկի գծով, քանի որ չունենալով գրասենյակի վարձույթի ու աշխատողների վարձատրության ծախսեր, նրանք շրջանառության հարկ վճարելու են գրեթե ամբողջ շրջանառությունից՝ փաստացի շահութահարկի պարտավորություն ձևավորելով շրջանառության գրեթե 20 տոկոսի չափով: Ընդ որում, տվյալ դեպքում բարձր եկամտաբերությամբ բարձր հարկերը հիմնավորելը տեղին չէ, քանի որ չնայած տոկոսային առումով բարձր եկամտաբերության բացարձակ թվերի առումով խոսքը գնում է բավական ցածր գումարների մասին, և դրանց զգալի նվազումը անմիջապես ազդելու է համապատասխան անձանց կենսամակարդակի ու գնողունակության վրա՝ ինչը ընդհանուր բացասական հետևանքներ է ունենալու ամբողջ տնտեսության վրա: Ուստի չնայած ձևական առումով միասնական մոտեցման, փոփոխությունները հանգեցնելու են փաստացի «ռեգրեսիվ» հարկման հետ՝ երբ փոքր հասույթ ունեցողը վճարում է էապես ավելի շատ հարկ, քան մեծ հասույթ ունեցողը: Նման մոտեցումը հարկային քաղաքականության առումով անհեթեթ է: Մեր պետությունը իր ռազմավարական նպատակների թվում ունի ՓՄՁ զարգացումը, իսկ հարկային քաղաքականության առումով ընդունելի է պրոգրեսիվ, կամ առնվազն համահարթեցված մոտեցումը, բայց ոչ՝ ռեգրեսիվ հարկումը: 2. Ստվերի էական աճ ու հասույթի էքսպատրիացիա՝ հարկային մուտքերի նվազեցմամբ Ինչպես մանրամասն ներկայացվել է ոլորտի կազմակերպությունների կողմից ֆինանսների փոխնախարարի և տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի հետ հանդիպմանը, հարկերի բարձրացման դեպքում զգալի թվով իրավաբաններ, հաշվապահներ ու խորհրդատուներ մասամբ կգնան ստվեր, իսկ մասամբ իրենց եկամուտները կձևակերպեն այլ երկրներում (հեռու գնալ պետք չէ՝ հարևան Վրաստանում շատ հեշտ ընկերություն են բացում, վճարում են ավելի քիչ հարկ, ու բոլոր դրսի հաճախորդների գումարները այնտեղով են հա, առաջացած շահույթն էլ ամենայն հավանականությամբ Հայաստան հետ չեն բերում): Այսինքն ամենայն հավանականությամբ հարկային մուտքերի ավելացումը այդքան մեծ չի լինի, որքան կարելի է ակնկալել: 3. Մուլտիպլիկացվող բացասական ազդեցություն տնտեսության վրա Հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում բարեխիղճ հարկ վճարողները ստիպված կլինեն իրենց գները բարձրացնել՝ առնվազն ԱԱՀ չափով: Քանի որ շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսվարողները հիմնականում սպասարկում են այլ շրջանառության հարկով աշխատողներին, իրենց հաճախորդների համար սա փաստացի ծախս է լինելու: Եթե հաճախորդները համաձայնվեն նման թանկացմանը, ապա կիջնի իրենց եկամտաբերությունը (իսկ շատ ՓՄՁ-ների համար նույնիսկ հաշվապահին վճարվող ավել 10-20 հազար դրամը բավական էական են), իսկ եթե չընդունեն՝ կսկսեն աշխատել ստվեր գնացած անբարեխիղճ հաշվապահների ու փաստաբանների հետ, որոնք որպես կանոն ավելի ցածր որակ ունեն (բարձր որակ ունեցողը միշտ ձգտում է աճել, աշխատել լուրջ հաճախորդների հետ, ու պարզապես չի կարող ստվեր գնալ), որը էլ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ հաճախորդների համար (արդարության համար նշենք, որ վատ հաշվապահ ունենալը կարող է պետությանը ավել հարկային եկամուտ բերել՝ սխալներից առաջացող տույժերի ու տուգանքների տեսքով, բայց հուսով ենք կառավարությունը նման կերպով հարկային մուտքեր ավելացնելու նպատակ չունի): Ընդ որում, եթե հաշվապահ ունենալը գրեթե անխուսափելի է, ապա իրավաբանների ու խորհրդատուների ծառայությունները դեռ զգալի չափով ընկալվում են որպես «օպցիոնալ», և թանկացման դեպքում դրանցից ավելի քիչ կօտգվեն: Իսկ այդ ծառայությունները գործնականում մեծ կարևորություն ունեն բիզնեսի համար, քանի որ նպաստում են compliance-ին ու արդյունավետության բարձրացմանը: Այսինքն ինչքան քիչ են օգտվում իրավաբանական ու խորհրդատվական ծառայություններից (բնականաբար՝ որակյալ), այդքան տուժում է նրանց կայունությունն ու զարգացումը: Տնտեսական զարգացման նոր մակարդակի դուրս գալ հնարավոր չէ առանց որակյալ խորհրդատուների, իրավաբանների ու հաշվապահների ծառայությունների, ու դրանց թանկացումը անխուսափելիորեն խոչընդոտելու է տնտեսական զարգացմանը: Թեև այս առումով տնտեսական ազդեցությունը հեշտ չափելի չէ (գումարային արտահայտմամբ), բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնվի: Ամբողջ նշվածից բխում է, որ խնդրո առարկա փոփոխությունը (նախագծի 33 հոդված) միանգամայն սխալ է հարկային քաղաքականության ու պետության զարգացման առաջնահերթությունների տեսանկյունից, և տրամաբանական է միայն կարճաժամկետ առումով հարկային մուտքեր ավելացնելու առումով (նույնիսկ այս առումով երկար ժամկետում արդյունքը կարող է բացասական լինել՝ եթե հաշվի առնենք վերը նշված բացասական մուլտիպլիկատորները): Այն նաև ըստ էության խտրական է (լայն իմաստով), քանի որ փաստացի առկա է առանց որևէ էական հիմնավորման տարբերակում թիրախավորված 3 ոլորտի ու այլ ծառայությունների միջև, և նաև առկա է փաստացի ռեգրեսիվ հարկում: 4. Իրավական որոշակիության սկզբունք Եթե իրավաբանական ու հաշվապահական ծառայությունների հասկացությունը քիչ թե շատ հստակ է, ապա «խորհրդատվական ծառայություններ» եզրույթը հակասական մեկնաբանությունների տեղիք է տալիս: Գրեթե ցանկացած մտավոր ծառայության տեսակ (մարքեթինգային, ՏՏ, գիտահետազոտական, կառավարման և այլ) իր մեջ կարող է խորհրդատվության էլեմենտներ պարունակել: Ներկայումս հարկային օրենսգիրքը հատուկ կարգավորումներ է սահմանում «խորհրդատվական ծառայությունների» համար 2 դեպքում՝ ծառայությունների մատուցման վայրը ու եկամուտի ստացման աղբյուրը որոշելիս: Երկու դեպքում էլ խորհրդատվական ծառայությունների հետ նույն մոտեցումը սահմանված է նաև վերը նշված «հարակից» ծառայությունների հանդեպ: Ուստի դրանց տարանջատման խնդիր չի առաջանում: Բայց Նախագծի 33-րդ հոդվածի ուժով այս տարանջատումը դառնում է խիստ սկզբունքային, իսկ դրա ոչ հստակ լինելը նշանակում է իրավական որոշակիության բացակայություն, և հղի է շատ հստակ կոռուպցիոն ռիսկերով: Ամփոփելով ամբողջ վերոգրյալը միանգամայն հանգում ենք այն եզրակացությանը, որ Նախագծի 33-րդ հոդվածով նախատեսված փոփոխություններ՝ հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողների մասով սխալ հարկային քաղաքականության ակնհայտ դրսևորում են:
07.02.2019
Նախևառաջ անհրաժեշտ ենք համարում ողջունել Նախագծով շրջանառության հարկի շեմի վերականգնումը 115 միլիոն դրամի մակարդակում, քանի որ նման մոտեցումը ուղղակիորեն բխում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներից, ըստ որոնց ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններից է բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը: Հաշվի առնելով, որ նույն օրենքի մինչև 100 մլն դրամ հասույթ ունեցող ձեռնարկություններն որպես կանոն համարվում են գերփոքր, ուստի շրջանառության հարկի շեմի իջեցումը կհակասեր նման ձեռնարկությունների հանդեպ է բարենպաստ հարկային քաղաքականություն իրականացնելու համապատասխան պահանջին: Այն նաև խնդրահարույց կլիներ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) 57-րդ և 58-րդ հոդվածներից բխող՝ հատկապես գերփոքր ձեռնարկություններին ԵՄ Փորք Բիզնեսի Ակտի պահանջներին համահունչ աջակցելու պարտավորության տեսանկյունից: Նմանապես ողջունելի է Նախագծի 33-րդ հոդվածով նախատեսվող այն փոփոխությունը, որի ուժով արտոնագրային հարկ վճարողներին, ինչպես նաև ակցիզային հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռնվում գործել շրջանառության հարկի ռեժիմով, հաշվի առնելով, որ համապատասխան անձանց շրջանակներում զգալի է գերփոքր ձեռնարկությունների թիվը (այդ թվում տնտեսության կայուն աճի համար կարևոր այնպիսի ոլորտներում, ինչպիսին է, օրինակ, գինեգործությունը): Միաժամանակ առավել քան խնդրահարույց է Նախագծի 33-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունները, որոնց ուժով շրջանառության հարկի համակարգում գործելու հնարավորությունից զրկվում են հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները: Հիմնական խնդիրը կապված է այն հանգամանքի հետ, որ փաստացի համապատասխան գործունեություն իրականացնող տնտեսվարողների գերակշիռ մասը հանդիսանում են գերփոքր ձեռնարկություններ («Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի և ՀԸԳՀ իմաստով): Այս առումով առկա է հստակ տարբերություն շրջանառության հարկի համակարգում աշխատելու իրավունք չունեցող այլ անձանց հետ, որոնք որպես կանոն ի սկզբանե պետք է հանդիսանան միջին կամ խոշոր ձեռնարկություններ՝ նրանց կապիտալի հանդեպ պահանջներից և/կամ գործունեության բնույթից (այդ թվում՝ հատուկ լիցենզիաների ու թույլտվությունների պահանջներից) ելնելով (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ընկերություններ, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներ, գրավատներ, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողներ, ներդրումային ֆոնդեր, ֆոնդերի կառավարիչներ, վճարահաշվարկային կազմակերպություններ, խաղատներ, շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողներ, աուդիտորական կազմակերպություններ): Առաջարկվող փոփոխությամբ հաշվապահական, իրավաբանական ու խորհրդատվական ծառայություններ մատուցող գերփոքր ձեռնարկությունները փաստացի զրկվում են բարենպաստ հարկային քաղաքականությունից օգտվելու հնարավորությունից, իսկ իրենց հարկային բեռը կտրուկ ավելանում է: Այս առումով ոլորտի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը ֆինանսների փոխնախարար պարոն Պողոսյանի կողմից ներկայացվեց հիմնավորում առ այն, որ շրջանառության հարկը նախատեսված է որպես այլընտրանքային, այլ ոչ թե արտոնյալ հարկային ռեժիմ, մինչդեռ ըստ ՊԵԿ տվյալների շրջանառության հարկով աշխատողների հարկային բեռը մոտ 2-2,5 անգամ պակաս է, քան ընդհանուր հարկային համակարգով աշխատողներինը, ինչն, ըստ փոխնախարարի, հարկային քաղաքականության առումով սխալ է: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ համապատասխան հիմնավորումը (ավելին՝ համապատասխան փոփոխության որևէ հիմնավորում) չի ներկայացվել Նախագծի հետ օրենքով սահմանված կարգով, հարկ ենք համարում այս հիմնավորմանը (և առհասարակ խնդրո առարկա փոփոխության հիմնավորվածությանը) անդրադառնալ ըստ էության: Այսպես, եթե ընդունենք այն մոտեցումը, որ հարկային քաղաքականության տեսանկյունից շրջանառության հարկը նախատեսված է որպես այլընտրանքային, այլ ոչ թե արտոնյալ հարկային ռեժիմ (ինչը ինքնին վիճելի է՝ հաշվի առնելով ՓՄՁ և հատկապես գերփոքր ձեռնարկությունների հանդեպ բարենպաստ, այսինք՝ նաև որոշ չափով արտոնյալ հարկային քաղաքականություն վարելու պետության՝ վերը նշված պարտավորությունը), ապա այդ դեպքում էլ որևէ կերպ չի հիմնավորվում հատկապես իրավաբանների, հաշվապահների ու խորհրդատուների հանդեպ թիրախավորված անբարենպաստ մոտեցումը: Այն հիմնավորելու համար պարոն Պողոսյանը պնդեց, որ իրավաբանները, հաշվապահներն ու խորհրդատուները առավել բարձր եկամտաբերությունն ունեն, ու նրանք նաև առավել գրագետն են, ու ավելի հեշտ կկարողանան վարել հաշվապահություն ու տալ հաշվետվություններ ընդհանուր հարկային ռեժիմով: Առաջին պնդման մասով որևէ հստակ հաշվարկ չներկայացվեց, իսկ երկրորդ պնդումը ակնհայտ անվերաբերելի է այն պարզ պատճառով, որ հատկապես իրավաբանների ու խորհրդատուի դեպքում գրագիտության մակարդակը որևէ կապ չունի ընդհանուր հարկային ռեժիմով հաշվառում վարելու ունակության հետ, քանի որ վերջինս ամեն դեպքում պահանջում է հատուկ մասնագիտական գիտելիքներ հաշվապահության ոլորտում, և բացի դա՝ որևէ անձի գրագիտության մակարդակի մասին որևէ կանխավարկած կառուցելը սոսկ նրա մասնագիտության հիման վրա միանգամայն անհիմն է: Վերադառնալով եկամտաբերության ենթադրյալ բարձր մակարդակի մասին պնդմանը, նույնիսկ եթե ենթադրենք, որ միջինում իրավաբանները, հաշվապահներն ու խորհրդատուներն ունեն առավել բարձր եկամտաբերություն, քան այլ տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարողները, դա ինքնին որևէ կերպ չի հիմնավորում նրանց համար շրջանառության հարկի համակարգում գործելու առաջարկվող արգելքը, հաշվի առնելով, որ ընդհանուր առմամբ այս համակարգը հասանելի է մնում բոլոր այլ ՓՄՁ-ների համար: Նման թիրախավորումը ակնհայտ խտրական է: Նման մոտեցումը անկհայտ անհիմն է նաև հարկային քաղաքականության տեսանկյունից, քանի որ՝ 1. Փաստացի սահմանում է «ռեգրեսսիվ» հարկում (համեմատաբար փոքր հասույթ ունեցողի նկատմամբ արդյունավետորեն ավելի բարձր հարկային բեռ է սահմանում, քան մեծ հասույթ ունեցողի նկատմամբ): 2. Գործնականում մեծ հավանականությամբ կխթանի ստվերի էական աճ ու հասույթի էքսպատրիացիա, որի հետևանքով չի ապահովի հարկային մուտքերի ակնկալվող աճ: 3. Ի լրումն իրավաբանների, խորհրդատուների ու հաշվապահեների համար հարկային բեռի բարձրացմանը, կունենա նաև մուլտիպլիկացվող բացասական ազդեցություն տնտեսության վրա: 4. Հատկապես խորհրդատվական ծառայությունների մասով խախտում է իրավական որոշակիության սկզբունքի պահանջը: շարունակությունը հաջորդ առաջարկում