Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.06.2017 - 12.07.2017 «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների հստակեցումն է։ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն): Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հարկ է նկատի ունենալ, որ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի բովանդակությունը (աշխատանքի բնույթը) որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել «Հանրային ծառայության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների դրույթների փոխակապակցված մեկնաբանություն, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացնում է խնդիրներ։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է վերը նշված օրենքների դրույթների հիման վրա «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով հստակեցնել գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք հասկացությունը։ 3 0 1 10457