Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.08.2020 - 31.08.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 882 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: 2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը։ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում, սահմանվել է գործատուների՝ իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը։ Արդյունքում, ընդունվել է նաև ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշումը, որը կարգավորում է աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, նշված որոշման 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը: 2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված է տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։ Գրքույկները ներկայացնելու անհրաժեշտության մասին Էլեկտրոնային եղանակով ծանուցվել է շուրջ 44 000 կազմակերպություն, ինչպես նաև պարբերաբար Ծառայության պաշտոնական կայքի, սոցիալական ցանցում Ծառայության էջի և էլեկտրոնային մամուլի միջոցով տարածվում են համապատասխան հաղորդագրություններ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները Ծառայություն ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու (չկատարելու) համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել և ըստ էության Ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում՝ չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն։ Սակայն, 2019 թվականին ևս հնարավոր չեղավ աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել (պատճառներից է հանդիսանում այն հանգամանքը, որ գործատուների մի մասը չէին ներկայացնում աշխատանքային գրքույկները, իսկ Ծառայությունը որևէ օրենսդրական լծակ չուներ գործատուների նկատմամբ և այլ հանգամանքներ)։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ այժմ առկա է շուրջ 130.000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։ 3 0 0 7023