Քննարկվել է 28.10.2024 - 12.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 318-ն որոշումն ընդունվել է դեռևս 2004թ-ին և վերջին քսան տարիների ընթացքում կրել է բազմաթիվ խմբագրական փոփոխություններ։ Ի սկզբանե, այն իր մեջ ներառել է ժամանակագրական փոփոխություններ, որոնք բնորոշ են եղել պետական բյուջեի՝ տվյալ ժամանակահատվածին բնորոշ սահմանափակումներին և ԱՆ կողմից իրականացվող ծրագրերին։ 2024 թվականի հունվար ամսից ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքի կիրառումը։ Չնայած նոր մեխանիզմի ներդրման արդյունքում 2024թ-ի առաջին կիսամյակում նկատվեց շահառուների դիմելիության աճ՝ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած, ինչի արդյունքում բժշկական կազմակերպությունների կողմից փաստացի մատուցված ծառայությունների դիմաց առաջացան պարտքեր, սակայն հետագայում Կառավարության կողմից թույլ տրվեց իրականացնել միջծրագրային վերաբաշխումներ, ինչի արդյունքում արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտքերը կազմել են ընդամենը 0.2%։ Նոր մեխանիզմի կիրառումը նպաստել է ոչ միայն դիմելիության օբյեկտիվ ցուցանիշների արձանագրմանը, այլ նաև դրանով պայմանավորված ուղեգրումների, հերթագրման համակարգերի փոփոխությունների անհրաժեշտություն են առաջ բերել, ինչը կնպաստի առանց պայմանագրային գումարի սահմանափակման ֆինանսավորման մեխանիզմի ինստիտուցիոնալ կայացմանը, հաշվի առնելով նաև, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում գործելու է նմանատիպ մեխանիզմ։ Իրականացվող փոփոխությունները զուգակցվում են նաև պետական պատվերի տեղադրման կարգի փոփոխության անհրաժեշտության հետ։ Հաշվի առնելով, որ բժշկական կազմակերպությունների հետ պայմանագրերը կնքվում են հրապարակային օֆերտայի հիման վրա վերջիններիս կողմից ներկայացված դիմումների համաձայն, պետք է կիրառվի բժշկական կազմակերպությունների մրցակցային մեխանիզմ։ Բացի դա, նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունները պայմանագրին միանալիս պետք է հավաստեն, որ կապահովեն պայմանագրով սահմանված որկավորման նվազագույն պայմանները, որոնք կերաշխավորեն պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ ստացող ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ամբողջականության և որակի համապատասխան մակարդակ։ 2 3 0 783