Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը, որոնց ընդունման դեպքում կբացառվի քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան: 

  • Քննարկվել է

    25.05.2018 - 09.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11564

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.06.2018

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի և Եվրոպական Միության կողմից քրեական դատավարության մասնակիցների՝ կասկածյալների և մեղադրյալների, իրավունքների ապահովման և պաշտպանության առանցքային երաշխիքների վերաբերյալ ընդունած իրավական ակտերի համաձայն՝ իրավունքների սահմանափակումները չեն կարող բացառապես հիմնվել հանցագործության տեսակի կամ դրա վտանգավորության աստիճանի վրա, ցանկացած սահմանափակման վերաբերյալ որոշում պետք է ընդունվի իրավասու մարմնի կողմից՝ գործի փաստական հանգամանքների անհատական գնահատմամբ։ Այս դրույթը պահանջում է, որ նմանատիպ սահմանափակումները ընդունվեն միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը կամ այլ իրավապահ մարմինը, որոնք ներպետական օրենսդրության և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով չեն համարվում որպես դատական իշխանություն, իրավասու չեն իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշում կայացնելու (Տե՛ս Proposal for a DIRECTIVE OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL on the right of access to a lawyer in criminal proceedings and on the right to communicate upon arrest․ /*COM/2011/0326 final - COD 2011/0154*/ http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX%3A52011PC0326): Առաջարկում ենք, որ կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ սահմանափակումը ընդունվի միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ: Սույն մոտեցումը առկա էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտապնի աշխատակազմի կողմից ի սկզբանե ներկայացված նախագծում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.06.2018

Գտնում ենք, որ կալանքի տակ գտնվող անձինք հնարավորություն պետք է ունենան բողոքարկելու դատարանի որոշումը, որով արգելվում է տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ՝ որպես արդարադատության մատչելիության իրավունքի երաշխիք: ՄԱԿ-ի կողմից մշակված ազատազրկվածների դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ հիմնական սկզբունքների և ուղենիշների համաձայն` (…) ազատությունից զրկված ցանկացած անձ պետք է ունենա կալանավայրի պայմանների, ներառյալ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ դատական պաշտպանության իրավունք (Տե'ս Report of the Working Group on Arbitrary Detention United Nations Basic Principles and Guidelines on remedies and procedures on the right of anyone deprived of their liberty to bring proceedings before a court. P.17 http://www.ohchr.org/Documents/Issues/Detention/DraftPrinciplesAndGuidelinesRightCourtReview.pdf): Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում դատական բողոքարկման ընթացակարգի համատեքստում բանտարկյալները կարգապահական տույժի դեմ բողոքի հետ միասին ներկայացնում են նաև դիմում դատական ծախսերի վճարումներից ազատվելու նպատակով: Այսպես, չնայած օրենսդրությամբ դեռ սահմանված չէ, որ բանտարկյալները ազատվում են դատական հարկերից, բայց Celle Prison ղեկավարության շնորհիվ բանտարկյալները ազատված են դատական ծախսերի վճարումից: Հաշվի առնելով այն, որ բանտարկյալների համար չպետք է սահմանվեն ֆինանսական խոչընդոտներ կարգապահական տույժերի բողոքարկման համար, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ`ԽԿԿ) պատվիրակությունը հորդորել է Գերմանիայի մնացած քաղաքների համապատասխան մարմիններին նույնպես վերացնել դատական ծախսերի վճարման իրավական պահանջը նմանատիպ վարույթների շրջանակներում (Տե՛ս Report to the German Government on the visit to Germany carried out by the European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatmen or Punishment (CPT) from 25 November 2015 to 7 December 2015. CPT/inf (2017) 13): Գերմանիայում, Վրաստանում, Նիդերլանդներում, այլ երկրներում կարգապահական տույժի նշանակման վերաբերյալ որոշումները, ենթակա են դատական կարգով բողոքարկման։ Որպես կարգապահական տույժ սահմանվում է մերձավոր ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը (Տե՛ս Public Defender (Ombudsman) of Georgia. Natioanl Preventive Mechanizm. Bulletin№3(2005) p. 11-12; Article 51 of the Penitentiary Principles Act of the Netherlands. https://ihl-databases.icrc.org/applic/ihl/ihl- nat.nsf/0/4dcca5be395ff03ec12577060033c97d/$FILE/Prisons%20Act.pdf)։ Հաձնարարականի 60․4-րդ կետի համաձայն՝ պատիժը չպետք է ներառի ընտանիքի հետ շփման բացարձակ արգելք։ ԽԿԿ-ի պատվիրակությունը, իր զեկույցներում հղում կատարելով Հանձնարարականի սույն դրույթի վրա, բազմիցս նշել է, որ բանտարկյալների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը չպետք է ընդհանուր արգելք դնի ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի վրա և ցանկացած սահմանափակում կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե հանցագործությունը անմիջականորեն կապված է տվյալ շփման հետ (Տե՛ս Report to the German Government on the visit to Germany carried out by the European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatmen or Punishment (CPT) from 25 November 2015 to 7 December 2015. CPT/inf (2017) 13, p. 36 https://rm.coe.int/168071803e)։ Նորվեգիան և Ֆինլանդիան որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի համաձայն կարգապահական տույժի արդյունքում իրավունքների կորուստը չի կարող խոչընդոտել բանտարկյալի շփումը արտաքին աշխարհի հետ (Տե՛ս Imprisonment Act of Finland (767/2005) 4 § http://www.vankeinhoito.fi/material/attachments/rise/saannokset-osanliitteet/6IOn6IKW7/Vankeuslaki_- _Imprisonment_Act.pdf , Report to the Norwegian Government on the visit to Norawy carried ot by European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatmen or Punishment (CPT) from 18 to 27 May 2011. CPT/inf (2011) 33, p. 29 https://rm.coe.int/1680697887)։ Որևէ ձևով ձերբակալված կամ կալանավորված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդ անհատին բնորոշ արժանապատվության հարգման իրավունք (Տե՛ս Body of Principles for the Protection of All Persons under Any Form of Detention or Imprisonment. Adopted by General Assembly resolution 43/173 of 9 December 1988. http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/DetentionOrImprisonment.aspx), որը պետք է պահպանվի նաև կարգապահական տույժի կիրառման դեպքում։ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կաննոնների համաձայն՝ կարգապահական զանցանքների համար իբրև պատժաձևեր պետք է արգելել մարմնական պատիժները, չլուսավորվող խցում բանտարկելը և պատժի դաժան, անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը ստորացնող ձևերի կիրառումը: ՀՀ օրենսդիրը սահմանել է իրավունքների սահմանափակում և արժանապատվությունը նվաստացնող պայմաններ ազատազրկած անձանց համար պատժախցում գտնվելու ժամանակ (Տե՛ս «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդված; ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 52-րդ և 98-րդ հոդվածները)։ Անհրաժեշտ է գործող օրենսդրությունում կատարել փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն վերացնելու պատժախցում գտնվելու ժամանակ ազատազրկված անձանց իրավունքների չհիմնավորված սահմանափակումները և արժանապատվությունը նվաստացնող ձևերի կիրառումը։ Հիմք ընդունելով սույն վերլուծության հիմքում ընկած դիրքորոշումը, որ կասկածյալների, մեղադրյալների և դատապարտյալների նկատմամբ պետք է սահմանվեն հավասար պաշտպանության իրավունքներ և կարգապահական տույժը չպետք է հանգեցնի տեսակցության իրավունքի սահմանափակմանը և արժանապատվության նվաստեցմանը, անհրաժեշտ է ինկորպորացնել նշված երկների իրավական ակտերի իրավակարգավորումները գործող օրենսդրությունում և Նախագծով առաջարկվող կալանավորված անձանց իրավունքների վերաբերյալ դրույթներում: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Նախագծում ավելացնել հետևյալ դրույթ. «Տեսակցությության իրավունքի սահմանափակումը կամ սահմանափակման միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան՝ որոշումն ստանալու պահից 5 օրվա ընթացքում»։ Առաջարկում ենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձի հաղորդակցությունները և տեսակցությունները մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ կարող են սահմանափակվել միայն դատարանի որոշման հիման վրա օրենքով սահմանված դեպքերում և կարգով»։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.06.2018

Առաջարկում ենք Նախագծով սահմանված Օրենսգրքի նոր 1531հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով. «3. Կալանավորված անձը իրավունք ունի անարգել տեսակցելու իր անչափահաս երեխաների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին օրենքով սահմանված դեպքերում և կարգով»։ Առաջարկում ենք Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 133 (1)հոդվածով. «Հոդված 133 (1) . Ձերբակալված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ սահմանափակելը 1. Ձերբակալված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ սահմանափակումները կատարվում են կալանավորված անձանց համար՝ սույն օրենսգրքի 153 (1)-րդ, 153(2)-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով և կարգով»։ Առաջարկում ենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Ձերբակալված և կալանավորված անձի իր մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցության սահմանափակումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կալանավորված անձի տեսակցությունների սահմանափակումները կարգավորվում են ձերբակալված անձանց համար՝ սույն հոդվածով նախատեսված կարգով»։

Տեսնել ավելին