ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
7 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» N 3-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) սահմանված N 1 հավելվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետը։
Պետք է նշել, որ Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված «Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-98-Ն օրենքի ուժի մեջ մտնելով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո, իսկ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վարչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 18-Լ հրամանով հաստատված ՀՀ ՆԳՆ իրավաբանական վարչության կանոնադրության համաձայն՝ հիշյալ վարչությունը վերադաս վարչական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և նրան ենթակա պետական մարմինների կողմից կայացված վարչական ակտերի, գործողությունների անգործության դեմ բերված վարչական բողոքներով վարչական բողոքարկման վարույթներ իրականացնելու և իր նախաձեռնությամբ վարչական վարույթներ հարուցելու համար, ուստի անաչառության սկզբունքից ելնելով՝ իրավաբանական վարչության պետը չի կարող մնալ Հանձնաժողովի կազմում և քվեարկել։
Բացի այդ, Հանձնաժողովի նիստերի հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և նիստերն արձանագրելու համար՝ անհրաժեշտ է N 1 հավելվածում կատարել լրացում՝ Հանձնաժողովի կազմում ներառելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողին նիստի քարտուղարին, ով Հանձնաժողովում կգործի առանց քվեարկելու իրավունքի։
Հրամանով հաստատված N 2 հավելվածի 24-րդ կետում նախատեսված փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ՝ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական միավորումների կողմից հայտերը ներկայացվելուց հետո՝ անհրաժեշտ ստուգումների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմիններ և բժշկական հաստատություններ կատարված հարցումները հաճախակի ուշ են ստացվում, ինչի արդյունքում ներկայացված հայտը մերժելու հիմքեր ի հայտ գալու դեպքում խախտվում է 2-րդ հավելվածի 24-րդ կետում նշված՝ հայտը մերժելու յոթ-օրյա օրացուցային ժամկետը։
Նույն հավելվածի 31-րդ կետում «Եթե» բառից առաջ գրված «Հանձնաժողովի» բառն անհրաժեշտ է հանել, քանի որ այն հանդիսանում է տեխնիկական վրիպակ։
Նույն հավելվածի 37-րդ կետի նոր խմբագրությամբ շարադրելը պայմանավորված է N 1 հավելվածում նիստի քարտուղարի լրացմամբ։
Նույն հավելվածի 42-րդ և 43-րդ կետերում, 53-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 54-րդ կետում, 55-րդ կետի 3-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերություններում, 57-րդ և 58-րդ կետերում «կարգապահական» բառից հետո «կոպիտ» բառի լրացումը պայմանավորված է նրանով, որ Հանձնաժաղովը քննության է առնում կարգապահական կոպիտ խախտումների առիթներով իրականացված ծառայողական քննություների նյութերն ու արդյունքներով կազմված եզրակացությունները։
Նույն հավելվածի 43-րդ կետի նոր խմբագրությամբ շարադրելը պայմանավորված է նրանով, որ նույն հավելվածի համաձայն՝ Հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով և կարող է սեփական նախաձեռնությամբ լսել այլ անձանց բացատրությունները, ուստի ղեկավարին Հանձնաժողովում առանձին լսված լինելու իրավունք վերապահելու անհրաժեշտություն չկա, այլ նպատակահարմար է այն թողել Հանձնաժողովի հայեցողությանը՝ ըստ անհրաժեշտության։
Պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կարգապահական կոպիտ խախտում թույլ տված ծառայողը կարգապահական հանձնաժողովում մասնակացելու ցանկություն է հայտնած եղել, սակայն հարգելի (հիվանդություն և այլն) պատճառներով հնարավոր չի եղել ապահովել կարգապահական հանձնաժողովում նրա լսված լինելու իրավունքը։
Նույն հավելվածը 43․1-ին և 43.2-րդ կետերով լրացնելը պայմանավորված է հավելվածի 43-րդ կետում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին ոստիկանության կարգապահական հանձնաժողովում նաև տեսակապի միջոցով լսված լինելու իրավունքն ապահովելու հնարավորություն տալով։
Նույն հավելվածը նոր՝ 44․1-րդ կետով լրացնելը պայմանավորված է Հրամանով նիստի քարտուղարի ավելացմամբ։
Նույն հավելվածի 55-րդ կետի 1-ին ենթակետում լրացում կատարելու համար հիմք է հանդիսացել այն, որ, հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության տրամաբանությունը, ինչպես նաև երբեմն հանդիպող դեպքերը, երբ Հանձնաժողովը որոշել է կարգապահական կոպիտ խախտում թույլ տված ծառայողի նկատմամբ «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժի փոխարեն այլ կարգապահական տույժ կիրառելու համար միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ առաջարկելով կիրառվելիք կարգապահական տույժի տեսակը։
Նույն կետը նոր՝ 5-րդ ենթակետով լրացնելը պայմանավորված է նրանով, որ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ կարգապահական կոպիտ խախտում թույլ տված ծառայողը կարգապահական հանձնաժողովում լսված լինելու ցանկություն է հայտնած եղել, սակայն հարգելի (հիվանդություն և այլն) պատճառներով չի կարողացել, այդ թվում՝ տեսակապի միջոցով, ապահովել կարգապահական հանձնաժողովում իր լսված լինելու իրավունքը, ուստի նման դեպքերում կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու փաստով կատարված ծառայողական քննության նյութերը և դրանց արդյունքներով կազմված եզրակացությունը քննության առնելը հետաձգելու անհրաժեշտություն է առաջանում, սակայն Հրամանում նման կարգավորում նախատեսված չէ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունումը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
- 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
- 6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ՆԳՆ իրավաբանական վարչությունը հնարավորություն կունենա վերադասության կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկվելու դեպքում անաչառության սկզբունքի սահմաններում իրացնել իր իրավունքները, Հանձնաժողովում լսված լինելու իրավունքն իրացնելու ցանկություն հայտնած կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողի կողմից նշված իրավունքի իրացման հարգելի պատճառներով անհնարինության դեպքում հնարավորություն կունենա տեսակապի միջոցով իրացնել այդ իրավունքը, իսկ դրա անհնարինության դեպքում Հանձնաժողովը կունենա ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և արդյունքներով կազմված եզրակացության քննության առնելը հետաձգելու իրավունք, բացի այդ, կարգապահական կոպիտ խախտում թույլ տված ծառայողի նկատմամբ «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժի հետ չկապված այլ կարգապահական տույժ կիրառելու համար ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին միջնորդելու որոշում կայացնելիս՝ Հանձնաժողովը հնարավորություն կունենա նրան առաջարկել կիրառվելիք կարգապահական տույժի տեսակը։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
11.03.2025 - 26.03.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 433
Տպել