Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքի նախագիծ

20%80%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Անհրաժեշտություն

«Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ ՀԸԳՀ) ճանապարհային քարտեզով ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո գտնվող միջոցառումների 139 կետով «Հոդված 82, կետ (b) Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 3-ի 2001/95/ԵՀ հրահանգ»-ին (Շուկայահանված ապրանքների անվտանգության ապահովում) և 135 կետով «Հոդված 82, կետ (b) Խորհրդի 1987 թվականի հունիսի 25-ի 87/357/ԵՏՀ հրահանգ»-ին (Իրավական կարգավորող դաշտի ձևավորում այն արտադրատեսակների համար, որոնք, թվացյալ լինելով այլ, քան իրականում կան, վտանգում են սպառողների առողջությունը կամ անվտանգությունը) ՀՀ օրենսդրության մոտարկման անհրաժեշտությամբ։

 

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու, այդ արտադրանքի անվտանգության ապահովման հետ կապված իրավահարաբերությունները։ Օրենքի գործողությունը տարածվում է ոչ պարենային ամբողջ արտադրանքի վրա՝ անկախ վաճառքի ձևից։

Օրենքը չի տարածվում՝ ծառայությունների և աշխատանքների, օգտագործված արտադրանքի, դեղամիջոցների, բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական սարքավորումների, պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաև՝ սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների հետ կապված իրավահարաբերությունների վրա։

 

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

ՀԸԳՀ-ի համապատասխան կետերի դրութներին ՀՀ օրենսդրության մոտարկումը նպատակաուղղված է սպառողների առողջության և անվտանգության ապահովմանը, անհավասար մրցակցային պայմանների բացառմանը։

Օրենքը հնարավորություն կընձեռնի շուկայում առկա արտադրանքի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից իր տեսչական գործառույթների իրականացման ընթացքում վտանգ ներկայացնող արտադրանքի մասին հայտնաբերված դեպքերի վերաբերյալ տեղեկվությունը մատչելի դարձնել հանրությանը՝ ընդհանուր տեղեկատվական համակարգերի ռեեստրում զետեղելու միջոցով։

Օրենքը ընդգրկում է նաև այն արտադրատեսակները, որոնք թվացյալ լինելով, քան իրականում կան, չնայած սննդամթերքներ չեն և հանդիսանում են ոչ պարենային արտադրանք, ունեն այնպիսի ձև, տեսք, հոտ, գույն, փաթեթավորում, պիտակավորում, չափ կամ ծավալ, կարող են շփոթության մեջ դնել սպառողներին (հատկապես երեխաներին), որոնք կարող են ուտել, ծամել կամ կուլ տալ տվյալ արտադրանքը, ինչն էլ կարող է շնչահեղձության, թունավորման կամ մարսողական համակարգի խնդիր առաջացնել՝ ընդհուպ վտանգելով վերջիններիս կյանքը։

 

4 Կարգավորման նպատակը.

«Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքի ընդունման նպատակն է սպառողների առողջության և անվտանգության ապահովումը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

6 Ակնկալվող արդյունքը

 

Շուկայում շրջանառության մեջ գտնվող ոչ պարենային արտադրանքի անվտանգության (սույն օրենքի իմաստով՝ «անվտանգ ոչ պարենային արտադրանք»-ը օգտագործման սովորական կամ հիմնավորված կանխատեսելի պայմաններում (ներառյալ գործողության ժամկետը և, անհրաժեշտության դեպքում շահագործման մեջ դնելու, պահպանման, տեղափոխման, իրացման, օգտահանման պայմանները) ռիսկ չի առաջացնում կամ նման արտադրանքի օգտագործմամբ պայմանավորված կարող են առաջանալ միայն նվազագույն ռիսկեր, որոնք համարվում են ընդունելի և վտանգ չեն առաջացնում բնակչության առողջությանն ու անվտանգությանը) ապահովումն է։

 

7 Այլ տեղեկություններ

 

«Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա  ստեղծել շուկայի վերահսկողության ազգային տեղեկատվական համակարգ։

 

8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 

Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 6-րդ «Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում» կետի դրույթներից՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման շրջանակներում։

 

  • Քննարկվել է

    05.03.2025 - 20.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 613

Տպել