ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածն ամրագրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականությունը:
Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:»։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է։ Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:»։
Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունը ազգային անվտանգության ապահովման և երկրի պաշտպանության կարևորագույն երաշխիքն է։ Երկիրը շրջապատված է բարդ աշխարհաքաղաքական իրադրությամբ, ինչը պահանջում է մշտական զգոնություն և զինված ուժերի մարտունակության բարձր պահպանում։ Զինվորական ծառայությունն ազգային ինքնիշխանության պահպանման անհրաժեշտ բաղադրիչն է։
Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ խնդրո առարկա պարտականության կատարումն ապահովելու համար օրենսդրությամբ նախատեսվել են մի շարք երաշխիքներ, այդ թվում՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության ձևով:
Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով կամ
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, ինչպես նաև զորահավաքային զորակոչից խուսափելը`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը:»։
ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի համաձայն՝
«1. Անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»։
Վերոթվարկյալ հանցակազմերը դասվում են կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում են որպես հանցավոր արարքներ, որոնք ոտնձգում են ՀՀ զինված ուժերի, զինվորական ծառայության շահերի և պետության պաշտպանունակության դեմ:
Ներկայում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճը (2023 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1779 քրեական վարույթ) վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական խիստ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին:
Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը, ինչը կհանգեցնի նաև պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազեցմանը։
- 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկում ենք խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների սանկցիաներով նախատեսված պատիժները:
Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, և համամասնորեն խստացնել նաև նույն հոդվածի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասերը՝ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «չորսից ութ» տարին փոխարինել «հինգից տասը» տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ 3-րդ մասում՝ «վեցից տաներկու» տարին՝ «իննից տասնհինգ» տարի ժամկետով ազատազրկմամբ։
ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում առաջարկվում է սանկցիայից հանել կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը, տուգանք պատժատեսակի չափը՝ «առավելագույնը քսանապատիկի չափով» փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված «առավելագույնը երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով»։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կխստացվի ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: