Արթուր Հովհաննիսյան
26.02.2025
Սույն օրենքը ընդունման պահից փոփոխության է ենթարկվել մի քանի անգամ:Սակայն ներկա փուլի փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրության 42 հոդվածին և « Նորմատիվ իրավական ակտերի » ՀՀ օրենքի 78-րդ հոդվածին:
Լրամշակման փուլում է
10 - Կողմ
116 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն օժտված են առավել մեծ հանրային վտանգավորությամբ և օրինաչափ է, որ հասարակությունն առավել զգայուն կերպով է արձագանքում նման դրսևորումներին, որոնք հաճախ ստանում են հանրային հնչեղություն։ Ընդ որում, նշված հանցագործությունների առարկա են հանդիսանում ինչպես անօրինական, այնպես էլ օրինական շրջանառության մեջ գտնվող, այդ թվում՝ պարգևատրական զենքերը։
Զենքով պարգևատրելու կապակցությամբ ՀՀ օրենսդրության զարգացումը վկայում է 2022 թվականին «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունմանը նախորդած իրավակարգավորումների ոչ լիարժեքության, պարգևատրման ոչ բոլոր դեպքերում անհրաժեշտ ստանդարտների առկայության, պարգևատրման գործընթացը որոշ դեպքերում ընդամենը հայեցողական լիազորությունների տիրույթում իրականացնելու, և, վերջնարդյունքում, օրինական շրջանառության մեջ օրինական զենքի չհիմնավորված մեծ ծավալի ներդրման մասին։
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ մինչ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունումը և դրա ընդունումից հետո եղած իրավիճակին։
Այսպես, մինչ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունումն արձանագրված իրավական խնդիրները հանգում են հետևյալին՝
Նշվածը հավասարապես վերաբերելի է նաև օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների կողմից նախկինում զենքով պարգևատրումներին։
Անդրադառնալով գործող իրավիճակին՝ արձանագրենք, որ թեև 2022 թվականին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը որոշ չափով որոշակիացրել է ոլորտի իրավահարաբերությունները, սակայն այստեղ ևս առկա են վերապահումներ, քանի որ ոչ բոլոր դեպքերում է, որ քաղաքացիները հստակ սահմանված չափորոշիչների հիման վրա են պարգևատրվում զենքով։
Մասնավորապես, գործող օրենքը սահմանում է զենքով պարգևատրելու հետևյալ դեպքերը՝
1. Սահմանված ստանդարտների կիրառմամբ՝ ՀՀ վարչապետի կողմից պարգևատրում։ Նշված ստանդարտներն են՝
2. Օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների կողմից պարգևատրում, ինչի ստանդարտները ներպետական օրենսդրությամբ սահմանված չեն և չեն էլ կարող սահմանվել, քանի որ ներպետական օրենսդրությամբ հնարավոր չէ ստանդարտներ սահմանել այլ պետության համար։ Հատկանշական է, որ քննարկվող հարցի համատեքստում տարբեր երկրներ ունեն իրարից տարբերվող մոտեցումներ զենքով պարգևատրման չափորոշիչների տեսանկյունից․ մի դեպքում դրանք կարող են լինել չափազանց խիստ, մեկ այլ դեպքում՝ մեղմ, երրորդ դեպքում՝ խիստ հայեցողական։ Նման պայմաններում ներպետական օրենսդրությամբ այսպիսի կարգավորման գոյությունն ինքնին պետության համար անկանխատեսելի իրավիճակների դաշտ է բացում, որը առնվազն հուսալիություն և կառավարելիություն երաշխավորել չի կարող։ Հատկապես, երբ հարցը վերաբերում է զենքի շրջանառությանը, պետությունն իր համար կանխատեսելի կառուցակարգեր պետք է ընդունի՝ անհրաժեշտ նախադրյալներ ապահովելով հանրային անվտանգության ապահովման պետության գործառույթի իրականացման համար և բացառելով այնպիսի գոտիների առկայությունը, որտեղ պետությունն ազդեցություն ունենալ չի կարող։
Չնայած պարգևատրման նշված հիմքերին՝ գործող օրենսդրությամբ նախատեսված է անցումային դրույթ, համաձայն որի՝ «Զենքի մասին» 1998 թվականի օրենքով սահմանված կարգով պարգևատրված անձինք սահմանված ժամկետում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն են ներկայացնում գործող օրենքով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և համապատասխան հավաստագիր, ինչի արդյունքում զենքը դիտարկվում է որպես օրինական։ Այս կարգավորումների համաձայն՝ նախկինում պարգևատրված զենքի տիրապետումը դառնում է օրինական, սակայն պարգևատրման հիմքերը հստակ չափորոշիչի կիրառման տեսանկյունից շարունակում են մնալ անորոշ՝ առաջացնելով պարգևատրական զենքերի շրջանառության երկակի ստանդարտ։ Այլ կերպ ասած՝ միայն վերը թվարկված փաստաթղթերի ներկայացումը լուծում է գործընթացի ձևական-իրավաբանական կողմը՝ չապահովելով պետության համար ոլորտում ձևավորած հիմնական նպատակադրումը՝ ավելի խորացնելով միասնական մոտեցումների բացակայությունը։
Ինչպես վերոգրյալից հետևում է, միայն 1-ին դեպքի պարագայում են սահմանված զենքով պարգևատրման հստակ չափորոշիչներ։
Զուգահեռաբար պետք է նկատենք, որ պարգևատրման ինստիտուտից զատ, գործող օրենսդրությունը չափորոշիչ է սահմանել նաև հետևյալ դեպքում․ գործող օրենքի պահանջներին համապատասխան մեկ միավոր ծառայողական զենք պահելու և կրելու իրավունք տրված է նաև Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեցող անձին։
Վերոգրյալ իրավիճակներն ու դրանց կարգավորումները նկատի ունենալով՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու մինչև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունումը պարգևատրված զենքերը շրջանառության մեջ թողնելու հարցը և առհասարակ ձևավորել զենքով պարգևատրման՝ պետության համար հուսալի, կանխատեսելի և ստանդարտացված գործուն մեխանիզմ, որը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոններից է։
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Նախագծով նախատեսվում է պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը համապատասխանեցնել գործող օրենսդրությամբ սահմանված՝ ստանդարտ ունեցող կանոններին և բացառել երկակի մոտեցումների կիրառումը։
Որպես հարցի համապարփակ լուծում՝ առաջարկվում է․
1. Վերացնել գործող օրենսդրության հիմնական և անցումային դրույթներում պարգևատրական զենքերի մասով առկա՝ պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող իրավիճակները։ Ըստ այդմ՝ պարգևատրական մեկ միավոր զենքը կարող է շարունակել մնալ անձի օրինական տիրապետման տակ, եթե․․
Նշված նախապայմանների առկայության դեպքում անձի մոտ պարգևատրական զենք թողնելը իրավաչափ է և համահունչ գործող օրենսդրությամբ ընդունված չափորոշիչներին, քանի որ գործող օրենսդրությունն արդեն իսկ ճանաչել է այդպիսի անձի համար մեկ միավոր ծառայողական զենք ձեռք բերելու իրավունքը՝ այդպիսով այս նախապայմաններին բավարարող անձին պետության հետ հարաբերություններում համարելով հուսալի։
Եթե նշված նախապայմաններին բավարարող անձը զենքով պարգևատրվել է մեկից ավելի անգամ, ապա երկրորդ և հաջորդ միավոր պարգևատրական զենքերը պետք է հանձնի ոստիկանություն, քանի որ, ինչպես վերը նշվեց, օրենքով նախատեսված կարգավորումը նախատեսում է ընդամենը մեկ միավոր ծառայողական զենքի ձեռքբերման հնարավորություն։
2. Պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով զենքով պարգևատրված բոլոր անձանց տրամադրել ժամկետ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը՝ պարգևատրական զենքերը ոստիկանություն ներկայացնելու համար։ ՆԳՆ ոստիկանության կողմից նշված պարգևատրական զենքերի հետագա տնօրինումը կիրականացվի օրենսդրությանը համապատասխան։
3. Սահմանված ժամկետում պարգևատրական զենքերը ՆԳՆ Ոստիկանություն ներկայացնելը չի առաջացնի որևէ բացասական հետևանք, այդ թվում՝ քրեաիրավական հետևանքներ։ Սահմանված ժամկետում զենքը կամ 1-ին կետով նախատեսված հիմքերը չներկայացնելու դեպքերը կդիտարկվեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի համատեքստում, ինչը հիմք կհանդիսանա քրեական վարույթ նախաձեռնելու համար։
4. Պարգևատրման ինստիտուտում պահպանել գործող օրենքում առկա՝ ստանդարտ ունեցող միակ եղանակը, այն է՝ օրենքով սահմանված չափորոշիչների բավարարման դեպքում ՀՀ վարչապետի կողմից պարգևատրումը։
5. Ստեղծել իրավական հնարավորություն, որպեսզի Ոստիկանություն ներկայացված, Ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգևատրական զենքերն օգտագործվեն նաև գիտակրթական կամ մշակութային նպատակներով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը.
Նշված լուծումը, առաջարկվող կարգավորումների համատեքստում, թույլ կտա՝ զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն և որոշակիացված, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։ Միաժամանակ, շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգևատրման հիմքերում բացակայում են ստանդարտները։
Փոփոխությունները դրական իմաստով կանդրադառնան նաև հանրապետության քրեածին իրավիճակի վրա՝ հրազենով կատարվող հանցագործությունների արդյունավետ կանխարգելման համատեքստում։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի առաջացնի:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա։
7. Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Քննարկվել է
21.02.2025 - 08.03.2025
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 3023
Տպել26.02.2025
Սույն օրենքը ընդունման պահից փոփոխության է ենթարկվել մի քանի անգամ:Սակայն ներկա փուլի փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրության 42 հոդվածին և « Նորմատիվ իրավական ակտերի » ՀՀ օրենքի 78-րդ հոդվածին:
24.02.2025
Այս նախագծի նպատակը շատ կարևոր է, քանի որ այն ապահովում է զենքի շրջանառության հստակ կարգավորում, որը ունի անմիջական ազդեցություն հանրային անվտանգության վրա։ Առաջարկում եմ * հստակեցնել պարգևատրական զենքերի պահման և կրելու պայմանները // Նախագիծը խոսում է միայն 20 տարի ծառայության և «մայոր» կոչումով անձանց մասին, սակայն կարելի է ավելացնել դրույթ, որը վերաբերում է նաև այլ պետական կառույցներում ծառայող, սակայն այլ հաստիքներով և ոչ միայն ռազմականացված կազմակերպություններում աշխատող մարդկանց: Սա կնպաստի ավելի լայն շրջանակի ներգրավմանը և հանրային անվտանգության հարցում ավելի լայն մոտեցում սահմանելու հնարավորություն կընձեռի։ Առաջարկում եմ բացատրել, թե ինչպես է վերահսկվելու, որ ոստիկանությունը համապատասխանի նշված չափորոշիչներին (այսինքն՝՝ ոնց կկարողանանք վերահսկել, որ յուրաքանչյուր զենք գրանցված լինի և համապատասխանեցված բոլոր չափանիշներին): Սա հնարավորություն կտա պարգևատրված անձանց զենքը վերադարձնելու կամ կարգավորելու գործընթացը դարձնել ավելի թափանցիկ ու արդյունավետ: Շնորհակալություն
24.02.2025
Հաշվի առնելով նախագծի քվեարկությանը դեմ արտահայտվողների մեծ (98%) տոկոսը` հավանական է,որ բավականին լուրջ խնդիրներ են առաջանալու իրավապահ համակարգի համար նախագծի անփոփոխ ընդունման դեպքում,քանիոր ահռելի քանակությամբ զենքեր և զինամթերք է դուրս մնալու վերահսկողությունից զանազան պատճառներով...