Վարդան Պետրոսյան
06.02.2025
Սահմանադրության` «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: 23.12.2021թ․ ՍԴՈ-1621 որոշմամբ էլ Սահմանադրական դատարանն արձանագրել է, Սահմանադրության 39 և 79-րդ հոդվածներով ամրագրված կարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Սահմանադրությունը որպես իրավական պետության հիմնաքար դիտարկել է իրավունքի գերակայությունը, որի երաշխավորման առանցքային բաղադրատարրն իրավական որոշակիության սկզբունքն է՝ իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների: Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված պահանջն առ այն, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի՝ չի կարող ձևական բնույթ կրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող/պահանջվող վարքագծի հարցում: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ Օրենքը դիտարկելով որպես պարտականության սահմանման (իրավունքի սահմանափակման) իրավական ձև՝ սահմանադիրը կանխորոշել է սահմանափակումների հիմքերը և ծավալը, ինչպես նաև բավարար չափով որոշակի լինելը: Դա ենթադրում է, որ անձի համար պարտականություն սահմանելիս օրենսդիրը պարտավոր է օրենքով բավարար հստակությամբ սահմանել այդ պարտականության հիմքը և ծավալը: Հիշատակված սահմանադրաիրավական չափորոշիչներին բավարարող օրենքի կատարումն ապահովելու նպատակով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով օրենսդիրն օժտված է Սահմանադրությամբ նախատեսված համապատասխան մարմիններին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելը լիազորելու հայեցողությամբ, որոնք իրենց բնույթով կկոնկրետացնեն օրենքով սահմանված պարտականությունների իրավական բովանդակությունը: Այսպիսով՝ նախագծում նշված` «2․5․ Սպանդի նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերը նշանակման կետ հասնելուց հետո Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 317 որոշման դրույթներին համաձայն 72 ժամում սպանդի չենթարկելը հինք է համդիսանում հաջորդ ներմուծման հայտերը մերժելու համար։», սահմանմամբ նախատեսվում է սահմանադրությամբ և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների սահմանափակում, այն է սահմանված ժամկետներում սպանդի չենթարկելը հիմք է անձին՝ հաջորդ անգամ ներմուծելու իրավունքից զրկելու համար։ Այսինքն՝ ենթաօրենսդրական իրավական ակտի նախագծով նախատեսվում է ընդունել հիմնարար իրավունքները սահմանափակող նորմ, որի բացառիկ լիազորությունը տրված է օրենսդիր մարմնին։