Արա Սաղումյան
29.01.2025
Անհրաժեշտ է առանձին օրենքով փոփոխություն կատարել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 97-րդ հոդվածում՝ հանելով «մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասի» բառերը:
3 - Կողմ
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքն (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2001 թվականին և հանդիսանում է առևտրային կազմակերպությունների մեծամասնության գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերից մեկը: Միաժամանակ 31.12.2023թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 91910 ՍՊԸ[1]: Ընդ որում, վերջին տարիներին նկատվում է ակտիվ (գործունեությունը չդադարեցրած) ՍՊԸ-ների թվի զգալի աճ, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ՍՊԸ-ների դերի աստիճանական կայուն աճի մասին։ Այսպես, 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում գործող ՍՊԸ-ների թիվը կազմել է 43,921, մինչդեռ 2021 թվականին այն կազմում էր 32,207, այսինքն՝ 2021 թվականի համեմատ ակտիվ ՍՊԸ-ների թիվը աճել է 36.3%-ով։ Այս ցուցանիշը վկայում է Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների շրջանում կազմակերպաիրավական տվյալ ձևի աճող տարածվածության մասին։
Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ՍՊԸ-ների կարևոր դերի մասին է վկայում նաև վերջիններիս կողմից տարբեր հարկատեսակների գծով կատարված հարկային վճարումների ծավալը։ Այսպես, օրինակ՝ 2023 թվականին ՍՊԸ-ների կողմից վճարված համախառն հարկերը ԱԱՀ-ն, կազմել են 485,3 միլիարդ դրամ՝ 2021 թվականի 316,9 միլիարդ դրամի համեմատ աճելով 53,1%-ով: Դեռ ավելին, ՍՊԸ-ների կողմից վճարված շահութահարկի ծավալը նույն ժամանակահատվածում կտրուկ աճել է 91,9%-ով, մասնավորապես՝ 2021 թվականին ՍՊԸ-ների կողմից վճարված շահութահարկը կազմել է 79,8 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականին 153,1 միլիարդ դրամ: Այս տվյալները ընդգծում են ՍՊԸ-ների ֆինանսական ազդեցության աճը ազգային տնտեսության վրա:
Ընդ որում, հարկ է ընդգծել, որ ՍՊԸ-ների զգալի մասը համապատասխանում է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչներին։ 2023 թվականին ՍՊԸ-ի կազմակերպաիրավական ձևով ՓՄՁ-ները զգալի ներդրում են ունեցել պետական բյուջեի մուտքերում: Այսպես, օրինակ՝ մինչև 100 միլիոն դրամ կազմած ընկերությունները 2023 թվականին վճարել են 5,4 միլիարդ դրամ շահութահարկ (62.59% աճ՝ համեմատած նույն հարկատեսակի գծով 2021 թվականին վճարված հարկերի), 29,6 միլիարդ դրամ ԱԱՀ (31.79% աճ՝ համեմատած նույն հարկատեսակի գծով 2021 թվականին վճարված հարկերի) և 25,5 միլիարդ դրամ եկամտային հարկ (55.76% աճ՝ համեմատած նույն հարկատեսակի գծով 2021 թվականին վճարված հարկերի), 100 միլիոնից 500 միլիոն դրամ կազմած ընկերությունները վճարել են 23,2 միլիարդ դրամ շահութահարկ (97.99% աճ՝ համեմատած նույն հարկատեսակի գծով 2021 թվականին վճարված հարկերի), 57,9 միլիարդ դրամ ԱԱՀ (20.10% աճ՝ համեմատած նույն հարկատեսակի գծով 2021 թվականին վճարված հարկերի) և 33,6 միլիարդ դրամ եկամտային հարկ (51.85% աճ՝ համեմատած նույն հարկատեսակի գծով 2021 թվականին վճարված հարկերի), իսկ 500-1500 միլիոն դրամ կազմած ՍՊԸ-ները 2023 թվականին վճարել են 24,9 միլիարդ շահութահարկ (88.55% աճ՝ համեմատած նույն հարկատեսակի գծով 2021 թվականին վճարված հարկերի), 65,3 միլիարդ ԱԱՀ (34.97% աճ՝ համեմատած նույն հարկատեսակի գծով 2021 թվականին վճարված հարկերի) և 35,9 միլիարդ եկամտային հարկ (74.43% աճ՝ համեմատած նույն հարկատեսակի գծով 2021 թվականին վճարված հարկերի)։
Ակտիվ ՍՊԸ-ների աճող թիվը և վերջիններիս կողմից պետական բյուջեի օգտին կատարվող վճարումների ծավալի հետևողական աճը ընդգծում են ՍՊԸ-ների նշանակությունը և վերջիններիս զգալի ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առավելագույնս ընդգծվում է ՍՊԸ-ների գործունեության կարգավորմանն ուղղված իրավական ակտերի կատարելագործման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ անհրաժեշտ է փոփոխության ենթարկել ներկայիս կարգավորումներում առկա այն դրույթները, որոնք ծախսերի և ժամանակի կորստի տեսքով անհարկի խոչընդոտներ են ստեղծում ՍՊԸ-ների անխափան գործունեությանը: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել ՍՊԸ-ների գործունեությանը առնչվող մի շարք հարցեր, օրենսդրական ներկայիս կարգավորումները համապատասխանեցնել գործարար պրակտիկային՝ նպաստելով գործարար ոլորտի զարգացման համար ավելի բարենպաստ միջավայրի ձևավորմանը:
Այս պայմաններում նախորդ տարիների ընթացքում ի հայտ են եկել Օրենքի հետ կապված մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք գործնականում անհարկի բարդացնում են ՍՊԸ-ների գործունեությունը, չեն ապահովում հարաբերությունների ճկունության անհրաժեշտ մակարդակ և, երբեմն, այլևս չեն արտահայտում գործարար պրակտիկայի իրականությունը:
Այս խնդիրները վեր հանելու նպատակով իրականացվել են հետևողական ուսումնասիրություն, գործարար միջավայրի և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումներ:
Մասնավորապես ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի, ՀՀ առաջատար իրավաբանական, հաշվապահական և աուդիտորական ընկերությունների, ՓՄՁ զարգացման խորհրդի կազմում ընդգրկված ասոցիացիաների և դրանց անդամների հետ քննարկվել են ներկայումս առկա և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։
Նախագիծը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ 26.06.2024 թ. Կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդում, որտեղ մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից հավանություն է ստացել առաջադրված խնդիրների լուծման առաջնահերթությունը։
Քննարկումների արդյունքում առանձնացվել են հետևյալ հիմնական խնդիրները.
Այսպես` Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն ընկերության մասնակցի պարտքերի համար պարտատերերի պահանջով նրա բաժնեմասի վրա կարող է բռնագանձում տարածվել միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում` դատարանի վճռի հիման վրա: Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն Ընկերության մասնակցի գրավ դրված բաժնեմասի (դրա մասի) վրա բռնագանձում տարածվում է Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:
Համապատասխանաբար առաջանում է իրավիճակ, երբ գրավադրված բաժնեմասի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել միայն մասնակցի այլ գույքի անբավարարության դեպքում, ինչը սկզբունքորեն հակասում է գրավի իրավունքի տրամաբանությանը` այն է` պարտավորությունը չկատարվելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը:
Բացի այդ, առկա կարգավորումները նաև չեն սահմանում գրավի առարկա բաժնեմասի նկատմամբ բռնագանձում տարածելու դեպքում նախապես նախապատվության իրավունքից հրաժարվելու մեխանիզմ: Այսինքն` այն դեպքում, երբ բոլոր մասնակիցները համաձայն են, որպեսզի մասնակիցներից մեկը գրավադրի իր բաժնեմասը, նրանք, այնուամենայնիվ, պահպանում են հետագայում իրենց նախապատվության իրացման իրավունքը, ինչը խոչընդոտում է բաժնեմասը գրավի առարկա դարձնելուն և ֆինանսական միջոցների հասանելիություն ստանալուն:
Մասնավորապես, օրենքով հստակ սահմանված չեն Ընկերության ընդհանուր ժողովի կողմից ընկերության գործադիր մարմնի լիազորությունների դադարեցման կարգը և հիմքերը, նման դադարեցման աշխատանքային-իրավական հետևանքները:
Այս առումով հատկանշական է Բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան և արտահայտված դիրքորոշումները:
Մասնավորապես ՀՀ Վճռաբեկ դատարանը 28.12.2015 թվականի թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով քննարկելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդված 5-րդ կետում ամրագրված դրույթը գտել է, որ այն ձևակերպված է բավարար ճշգրտությամբ: ՀՀ Սահմանադրական դատարանի 28 հոկտեմբերի 2016 թվականի ՍԴՈ-1316 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը մատնանշել է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից «պատճառաբանվել է, որ «ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված հնարավորությունը բխում է բաժնետիրական ընկերության բաժնետերերի շահերից, իսկ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել ձեռնարկատիրական գործունեության զարգացման ռազմավարության և մարտավարության փոփոխությամբ, կամ ընկերության ղեկավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, կամ գործունեության նոր ուղղությունների ընտրությամբ, ինչպես նաև այլ պատճառներով, որոնց սպառիչ և ամբողջական ցանկը հնարավոր չէ նախապես սահմանել: Դատարանն արձանագրել է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետում ամրագրված «ցանկացած ժամանակ» ձևակերպումը, որը ենթադրում է այդպիսի անհրաժեշտության առաջացման դեպքում յուրաքանչյուր պահի ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծելու հնարավորության առկայություն, ըստ էության, բխում է շուկայական տնտեսության պահանջներից` հաշվի առնելով բաժնետիրական ընկերությունների տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը:» Վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ «ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծելու վերաբերյալ համապատասխան մարմնի որոշումը կարող է չպարունակել այդպիսի որոշման որևէ պատճառաբանություն, ինչը ևս բխում է տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության սկզբունքից, հաշվի առնելով, որ այդպիսի որոշում կայացնելու դրդապատճառները կարող են կապված լինել օրինակ, առևտրային գաղտնիքի, կամ նոու-հաուի (know-how) հետ և այլն:»
ՀՀ Սահմանադրական դատարանի 28 հոկտեմբերի 2016 թվականի ՍԴՈ-1316 որոշմամբ արտահայտել է համանման իրավական դիրքորոշում, նշելով, որ «Ի տարբերություն աշխատանքի շուկայում առկա այլ իրավահարաբերությունների, որտեղ, որպես կանոն, կատարված աշխատանքի գնահատման չափանիշն աշխատանքի որակն է, բաժնետիրական ընկերությունների միանձնյա գործադիր մարմնի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամների աշխատանքի գնահատականը հիմնականում կատարված աշխատանքի արդյունքն է, որի գնահատողն ընկերության բաժնետերերն են:»
Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ Կառավարությունը 4 հուլիսի 2018 թվականի N 742-Լ որոշմամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-329-11.06.2018-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններով, որտեղ նաև առաջարկել է համանման կարգավորումներ նախատեսել Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար:
Այնուամենայնիվ ՀՀ Վճռաբեկ դատարանը` զարգացնելով իր իրավական դիրքորոշումները ԵԴ/18568/02/18 քաղաքացիական գործով 14.04.2022 թ. որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով ընկերությանը վերապահված վերը նշված իրավունքի դիմաց ընկերության տնօրենի համար որևէ իրավական ակտով համարժեք իրավական երաշխիք չնախատեսելը, ըստ էության, հանգեցնում է վերջինիս աշխատանքային իրավունքների խախտմանը, քանի որ այն պետք է լինի անհրաժեշտ և համաչափ սահմանադրորեն ամրագրված նպատակների պաշտպանության ուղղված և չպետք է պայմանավորված լինի աշխատանք փնտրելու իրավունքի խախտմամբ, որի մեկնաբանությունից բխում է նաև արդեն ձեռք բերված աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունքը» և նշել է, որ «Տվյալ դեպքում ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ թեև ընդհանուր ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, ի դեպ` տնօրենին աշխատանքից ազատելու պատճառների հարցում ընդհանուր ժողովն ուղղակի սահմանափակված չէ, այնուամենայնիվ աշխատանքից ազատելու մասին հրամանում պայմանագրի լուծման իրավական հիմքից բացի պետք է նշվի նաև փաստական հիմքը, ինչը սույն պարագայում բացակայում է:»
Այս պայմաններում հարկ է նաև հաշվի առնել, որ Օրենքը չի պարունակում նույնիսկ ընդհանրական կարգավորումներ այս հարցի վերաբերյալ, ինչն առաջացնում է վեճերի ռիսկեր:
Հատկանշական է նաև, որ առկա է նաև հակառակ խնդիրը, երբ գործադիր մարմինն ինքն է փորձում դադարեցնել ընկերության հետ առկա իրավահարաբերությունները, սակայն չի կարողանում դա իրականացնել` իրավական կանոնակարգման բացակայության պատճառով: Այսպես` օրինակ ՎԴ/6436/05/18 վարչական գործով ՀՀ Վարչական դատարանի 30.12.2019 թ. վճռով նշել է, որ եթե գործադիր մարմինը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը՝ խնդրելով վերացնել իր վերաբերյալ, որպես բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի, կատարված գրանցումը, նման պահանջը չի կարող բավարարվել, իսկ «նույնիսկ իրավաբանական անձանց գործադիր մարմնի փոփոխության գրանցում պահանջելու դեպքում դիմողը պարտավոր է վարչական մարմնին ներկայացնել օրենքով սահմանված բոլոր փաստաթղերը, այդ թվում՝ պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը, որի չներկայացնելը համապատասխան գրանցման մերժման հիմք է:»
Նշվածի արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ անձը, որը չի ցանկանում շարունակել իր գործունեությունը, որպես իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար զրկված է իր այդ կարգավիճակը իր կամաարտահայտությամբ դադարեցնելու գործուն հնարավորություններից:
Մատնանշված խնդիրները քարտեզագրվել են և դրանց լուծումը կարևորվել է մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ 24.07.2024 թ. կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում։
Ելնելով վերոգրյալից` Նախագծի նպատակն է լուծել վեր հանված գործնական խնդիրներն` ապահովելով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության առավել ճկուն և կանխատեսելի իրավական միջավայր:
3․ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ստեղծման և գործունեության հետ կապված` վերը մատնանշված գործնական խնդիրները կստանան լուծում, ինչը կնպաստի ձեռնարկատիրական գործունեության իրականացման մեխանիզմների բարելավմանը, վարչարարական բեռի նվազմանը և ՍՊԸ-ների մասնակիցների համար իրավական դաշտի հստակեցմանը:
Առաջարկվող կարգավորումը նաև խրախուսում է ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ կորպորատիվ որոշումների կայացման իրականացումը և ներքին փաստաթղթերի վարումը:
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 4-րդ կետից:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի հետ համատեղ։
Քննարկվել է
07.01.2025 - 30.01.2025
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն, Էկոնոմիկա, Տնտեսական
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1062
Տպել29.01.2025
Անհրաժեշտ է առանձին օրենքով փոփոխություն կատարել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 97-րդ հոդվածում՝ հանելով «մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասի» բառերը:
09.01.2025
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. «գ» կետից հանել «մասնակիցների բաժնեմասերի չափերը» բառերը, 2. «դ» կետն ուժը կորցրած ճանաչել»: