Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1․ Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացի և իրականացվող հարկային քաղաքականության բարելավմամբ գյուղատնտեսության մրցունակության բարձրացման ապահովման անհրաժեշտությամբ։

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև  2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկի վճարումից ազատելու մասին պահանջը սահմանվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև նշված ժամկետը գյուղատնտեսության ոլորտում պետք է սահմանված լինեին համատարած հաշվառման մեխանիզմներ, մինչդեռ դրանք դեռևս սահմանված չեն, ինչի արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ձևավորվող եկամուտների արդյունավետ հաշվառում հնարավոր չի լինի ապահովել: Նշված ժամկետը չերկարացնելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավորողները շահութահարկի վճարումից խուսափելու նպատակով կարող են դադարեցնել իրենց իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, իսկ այլ ֆերմերային տնտեսություններ խուսափեն  գրանցվելուց։ 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, ըստ որոնց գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

5․ Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի բարելավելու գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացը և իրականացվող հարկային քաղաքականությունը, որը նպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը։

6․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության 23-րդ կետի 11-րդ ենթակետից և 26.1-ին կետի 1-ին ենթակետի դ․ պարբերությունից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/7/Lokal_2019N1886hav.1.docx,  27-րդ և 45-րդ էջեր), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026 թթ․ միջոցառումների ծրագրի՝ «1.11 Գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրում» միջոցառումից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/7/2023_N1222hav_inc1886.docx , 4-րդ էջ)։

 

 

  • Քննարկվել է

    30.09.2024 - 17.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1792

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

30.09.2024

Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ Մեր կազմակերպությունը դեմ է քվեարկել նախագծին, քանի որ. 1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարիներ շարունակ զլացել է կատարել հողերի խոշորացման մասին ՀՀ կառավարության տարբեր որոշումները, 2. չի ընդունել մեր առաջարկությունները ՀՀ հողերի խոշորացման վերաբերյալ, ինչը նեկայացվել էր նաև ՀՀ ՏԿԵ նախարարությանը, 3. Օրինագծի հետ միասին չի ներկայացվել Հայաստան-ԵՄ ՀԳԸ համաձայնագրով գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ նախատեսված հանձնառություններին համապատասխան ԵՄ օրենսդրությանը մոտարկման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական որոշումը, 4. դա հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի կարևորագույն սկզբունքներից մեկին, ըստ որի արտոնությունները չեն խրախուսվում և ունեն կոռուպցիոն լուրջ վտանգներ, 5. Օրինագծի հիմնավորման մեջ անարդարացիորեն նշվում է, որ պետական բյուջեում եկամուտների նվազեցում չի կարող լինել, մինչդեռ նշված արտոնությունը ևս 6 տարի շարունակելու դեպքում պետական բյուջե չեն հավաքագրվի զգալի եկամուտներ՝ շահութահարկի տեսքով, և դրա հաշվարկը սույն օրինագծի հիմնավորման մեջ պետք է ներկայացներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Տեսնել ավելին