ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու և կազմակերպությունում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափի կանոնակարգման նպատակով:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎ օրենսգիրք) 16912-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Հիմք ընդունելով Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի համաձայն հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների` օրենքով սահմանված կարգով և ժամկետում վերջին տարիների փաստացի հրապարակման արդյունքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի միջին արժեքը կազմում է 6 մլն դրամ՝ Նախագծով առաջարկվում է խստացնել ՎԻՎ օրենսգրքի 16912-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները։
2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով, ի թիվս այլ կարգավորումների, ճշգրտվել է պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը։
Մասնավորապես, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտի ենթակա կազմակերպությունները պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո, իսկ 5-րդ մասի համաձայն` առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:
Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները կարող է հրապարակել՝
- իր ինտերնետային կայքում կամ
- http://www.azdarar.am ինտերնետային կայքում կամ
- ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում:
Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ ՀՀ-ում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև http://www.azdarar.am ինտերնետային կայքում:
Վերը նշված կարգավորումները ուժի մեջ մտնելուց ի վեր յուրաքանչյուր տարի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նույնականացվել են Օրենքի իմաստով հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր կամ միջին հանդիսացող կազմակերպություններ, որոնց ֆինանսական հաշվետվությունները Օրենքով ենթակա են եղել պարտադիր աուդիտի և հրապարակման։ Ընդ որում, ինչպես ցույց են տալիս փաստացի հրապարակման արդյունքները նշված կազմակերպությունների ավելի քան 30%-ը http://www.azdarar.am ինտերնետային կայքում որևէ տեղեկատվություն չի հրապարակել, իսկ շուրջ 25%-ը հրապարակել է Օրենքով սահմանված կարգի և/կամ ժամկետի խախտմամբ:
Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոցը համադրելի չէ այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, հետևաբար կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ ընդամենը 500 հազար դրամի չափով, քան ապահովել օրենքի պահանջները, այն է՝ ֆինանսական հաշվետվությունները ենթարկել պարտադիր աուդիտի։
Միաժամանակ, ՎԻՎ օրենսգրքի 16913-րդ հոդվածով վարչական պատասխանատ-վության միջոցներ են նախատեսված հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելու կամ անստորագիր ներկայացնելու համար, այն դեպքում երբ Հաշվապահական հաշվառման մասին և Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքներով սահմանված են պահանջներ որոշակի կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու համար:
Վերը նշվածով պայմանավորված, Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն ենթադրող արարքը սահմանել օրենսդրության պահանջներին համապատասխան:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարական փաստաթղթերից:
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կբարձրացվի ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը` ապահովելով օրենքի պահանջների կատարումը:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: