Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-ի) փոխհատուցվող գումարների միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման համար նոր չափանիշների սահմանումն է` նպատակ ունենալով սահմանափակել հնարավոր ռիսկերը չհիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարներն առանց ուսումնասիրության միասնական հաշվին մուտքագրելու և միասնական հաշվից այդ գումարների վերադարձնելու համար:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Կառավարության սահմանած չափանիշները բավարարող հարկ վճարողների ներկայացրած՝ յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում մինչև 60 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում:

ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշմամբ սահմանվել են`

- ԱԱՀ-ի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները,

- ԱԱՀ-ի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները:

Նշված որոշմամբ սահմանված չափանիշները հիմնականում վերաբերում են հարկ վճարողի ներկայացրած դիմումում նշված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների 90 տոկոսը հարկային մարմնի կողմից ուսումնասիրությամբ հիմնավորելուն: Այդ չափանիշների կիրառման ընթացքում ի հայտ են եկել դեպքեր, երբ հարկ վճարողները օգտվելով 90 տոկոսը հարկային մարմնի կողմից ուսումնասիրությամբ հիմնավորելու տարբերակից, հնարավորություն են ունենում ներկայացնելու որևէ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով (սովորաբար փոքր թվով կամ գրեթե ամբողջությամբ հիմնավորող հաշվետու ժամանակաշրջանի համար) դիմում, որոնք, ըստ էության, ամբողջությամբ հիմնավորվում են հարկային մարմնի ուսումնասիրությամբ (ապահովված են համարվում պարզեցված ընթացակարգ կիրառելու չափանիշը): Այնուհետ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են դիմումներ պարզեցված ընթացակարգով՝ առանց ուսումնասիրության, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու համար։ Ընդ որում,  պարզեցված ընթացակարգ կիրառելու հաշվետու ժամանակաշրջանների մասով կարող են ի հայտ գալ դեպքեր՝ փոխհատուցման ենթակա գումարները չհիմնավորված համարելու և դրանք միասնական հաշվին մուտքագրելու հետ կապված։

Չհիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարներն առանց ուսումնասիրության միասնական հաշվին մուտքագրման հնարավոր դեպքերը սահմանափակելու, պարզեցված ընթացակարգի կիրառման համար չափանիշները հստակեցնելու և նոր չափանիշներ նախատեսելու հետ կապված մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) հստակեցնել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար որոշմամբ սահմանված չափանիշները, որոնք վերաբերում են միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների 90 տոկոսը հարկային մարմնի կողմից ուսումնասիրությամբ հիմնավորելուն,  և սահմանել նոր չափանիշներ պարզեցված ընթացակարգի կիրառման համար։ Ընդ որում, չափանիշները հստակեցնելու և նոր չափանիշներ սահմանելու հետ կապված առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, ինչպես նաև 2-րդ կետը,

2) սահմանել, նոր չափանիշներ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար։ Մասնավորապես, պարզեցված ընթացակարգի կիրառման համար հարկ վճարողը պետք է բավարարի նաև հետևյալ չափանիշներին`

- դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողը հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով չպետք է համարվի ռիսկային,

- դիմումը ներկայացնելու օրը ներառող հարկային տարվա և դրան նախորդող հարկային տարվա ընթացքում հարկ վճարողը պետք է համարվի բացառապես ավելացված արժեքի հարկ վճարող,

- դիմումը հարկային մարմին ներկայացվելու օրվա դրությամբ հարկ վճարողի գործու­նեությունը որոշակի ժամկետով կամ անժամկետ դադարեցված չպետք է լինի,

- պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմում ներկայացված լինելու դեպքում դիմումում նշված հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի չափը չպետք է գերազանցի այդ դիմումի ներկայացման օրը ներառող ամսվա և դրան նախորդող 12 ամբողջական ամսվա ընթացքում ներկայացված դիմումներով հարկային մարմնի ուսումնասիրությամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հանրագումարի եռապատիկը,

- դիմումը ներկայացնելու օրվան նախորդող վերջին երեք հաշվետու ժամանակաշրջաններում հարկ վճարողը պետք է իրականացրած լինի ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներ (ապրանքների մատակարարում, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում),

- պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմում ներկայացված լինելու դեպքում պարզեցված ընթացակարգ կիրառելու հաշվետու ժամանակաշրջանին նախորդող վերջին երեք հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված  ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ԱԱՀ-ի բաժնում լրացված` Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի G47 հատվածի տեսակարար կշիռը չպետք է գերազանցի տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ըստ գործունեության տեսակների ԱԱՀ-ի բաժնում լրացված հարկման բազաների տեսակարար կշռի 70 տոկոսը,

- պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմում ներկայացված լինելու դեպքում այդ դիմումին նախորդող վերջին համալիր հարկային ստուգմամբ արձանագրված պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի չափը չպետք է գերազանցի համալիր հարկային ստուգման ժամանակահատվածում ներառված հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի 3 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5 միլիոն դրամը:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է, որ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման համար հարկ վճարողը միաժամանակ պետք է բավարարի կարգի 1-ին կետ 1-3-րդ և 5-8-րդ ենթակետերով սահմանված չափանիշներին,

3) հստակեցնել օրենսգրքի 348-րդ հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգ կիրառելու համար ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում մինչև 60 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրման գործընթացի հետ կապված որոշման N2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջները,

4) որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 1-ից և այն կիրառվելու է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմին  ներկայացվող՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումների մասով:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման գործընթացի կանոնակարգումն է` սահմանափակելով չհիմնավորվող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրելու գործընթացը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. ԱԱՀ-ի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների  միասնական հաշիվ մուտքագրման մասով պարզեցված ընթացակարգի կիրառման համար չափանիշների հստակեցմամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով միասնական հաշվին մուտքագրման գործընթացի կանոնակարգում և չհիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման դեպքերի սահմանափակում:

  • Տևողություն

    26.06.2024 15.07.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 479

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: