Հիշել նախագիծը

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՉԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս գործող «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)  10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաներ (E-VISA): Գործնականում էլեկտրոնային մուտքի վիզաների ուսումնասիրությունը և տրամադրումն իրականացվում է Ազգային անվտանգության ծառայության կողմից։

ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծման (անձնագրային և վիզաների վարչության հետ միավորման) շրջանակներում նպատակահարմար է համարվել ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաների տրամադրման գործառույթը վերապահել վերջինիս՝ հաշվի առնելով, որ

 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի «Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները» վերտառությամբ հավելվածի 6.1 կետով սահմանվում է, որ ներքին գործերի նախարարությունը, ի թիվս այլ գործառույթների, մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրամադրման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։

ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրության 11-րդ կետի համաձայն՝ Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հետևյալ գործառույթները`

«...

39) միգրացիոն գործընթացների ու քաղաքացիության ոլորտի կառավարման բնագավառում համակողմանի վերլուծության իրականացումը, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.

40) միգրացիոն գործընթացների կարգավորման կազմակերպումը և համակարգումը.

41) ապաստանի համակարգի գործունեության կազմակերպումը, համակարգումը.

...»:

Միգրացիոն գործընթացների կառավարման, կարգավորման կազմակերպման և համակարգման համար կարևորագույն գործիքակազմերից մեկը վիզային քաղաքականությունն է՝ օտարերկրյա պետությունների հետ վիզային ռեժիմների սահմանումը, վիզաների տրամադրման ընթացակարգերի մշակումն ու իրականացումը՝ հաշվի առնելով առկա ու փոփոխվող միգրացիոն և անվտանգային ռիսկերը։

Հետևաբար, միգրացիայի և քաղաքացիության ծառայության անմիջական ներգրավվածությունը ՀՀ մուտքի վիզաների, այդ թվում՝ էլեկտրոնային վիզաների տրամադրման գործընթացում օբյեկտիվ անհրաժեշտություն է։

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիվանագիտական մուտքի վիզան տրամադրվում և երկարաձգվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ նախագծով առաջարկվում է ավելացնել որոշ դրույթներ՝ նշյալ իրավահարաբերության կարգավորման շրջանակներում, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների աշխատակիցների հավատարմագրումը և համապատասխան տեսակի քարտերի (քարտերի հասկացության սահմանումը ևս նախագծով ավելացվել է) տրամադրման գործառույթը թողնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, միաժամանակ, սահմանելով հավատարմագրման և քարտերի տրամադրման համար լիազորող նորմ՝ հետագայում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունեկու նպատակով:

Սահմանվում է նաև այն դրույթը, որ հավատարմագրումը և համապատասխան տեսակի քարտի ստացումն ինքնին հանդիսանում է օտարերկրացու՝ ՀՀ-ում բնակվելու օրինական հիմք, որի առկայության պարագայում կարիք չկա ստանալ երկարաժամկետ մուտքի արտոնագիր։

Նախագծով առաջարկվում է նաև նախատեսել լրացուցիչ պայմաններ, որոնք չբավարարելու դեպքում վիզայի տրամադրումը կմերժվի: Մասնավորապես, դիմումատուն պետք է պատշաճ հիմնավորի այցելության նպատակը, նախատեսված ժամկետում գտնվելու պայմանները, ՀՀ-ում բնակվելու բավարար միջոցների առկայությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ներկայացնի առողջապահական ապահովագրություն և այլն: Նշյալ պայմանները սահմանելիս հաշվի է առնվել նաև միջազգային փորձը:

Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը պետք է սահմանի վիզաների ուսումնասիրման ընթացակարգը նկարագրող մանրամասն մեթոդական ցուցում, որն անհրաժեշտ և օգտակար ուղեցույց կլինի տվյալ գործընթացի հետ առնչվող պաշտոնատար անձանց համար՝ ապահովելով վարչարարության միասնականությունը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված այլ սկզբունքների և կանոնների կիրառումը։

Որպես կարևոր նորմ, Նախագծով առաջարկվում է օտարերկրացու մուտքը արգելելու կամ մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքում վերջինիս տրամադրել գրավոր ծանուցում, որը նույնպես ընդունված միջազգային պրակտիկա է և բխում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման տրամաբանությունից։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաներ (E-VISA) տրամադրելու գործառույթը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարությանը։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է ավելացնել որոշ դրույթներ ՝ ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների աշխատակիցների հավատարմագրման հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Միաժամանակ, նախատեսվում է վիզայի տրամադրումը մերժելու լրացուցիչ հիմքերի սահմանում, ինչպես նաև մերժման մասին դիմումատուին ծանուցման միջոցով հայտնելու եղանակ:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունների հետ խորհրդակցությունների արդյունքում։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունման պարագայում՝

  • ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաներ (E-VISA) տրամադրելու գործառույթը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից,
  • Կկարգավորվեն ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների աշխատակիցների հավատարմագրման հետ կապված հարաբերությունները,
  • Կսահմանվեն վիզայի տրամադրումը մերժելու լրացուցիչ հիմքեր, ինչպես նաև մերժման մասին դիմումատուին ծանուցման միջոցով հայտնելու եղանակ:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

  • Քննարկվել է

    20.05.2024 - 04.06.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Միջազգային հարաբերություններ

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2025

Տպել