Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման անհրաժեշտությամբ, ինչի կարևորությունն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022թթ. ծրագրով:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցի համաձայն` նախորդ տարվա համեմատ Հայաստանը հետընթաց է գրանցել 9 կետով՝ 190 երկրների շարքում զբաղեցնելով 47-րդ տեղը:
Զգալի անկում է նկատվել վարկերի ստացման ոլորտում (Getting Credit), որում Հայաստանը զբաղեցնում է 42-րդ տեղը՝ նախորդ տարվա 20-րդ տեղի համեմատ: Վարկերի ստացման ոլորտի գնահատման հիմքում ընկած 20 չափանիշներից Հայաստանը բավարարում է 14-ին, իսկ սահմանագծից հեռավորության ցուցանիշը (հնարավոր 20 միավորի մեջ կազմող տոկոսը) կազմում է 70%:
Վարկանիշի որոշման հիմքում ընկած չափանիշների ուսումնասիրության արդյունքում վերհանվել է գրավառուի իրավունքներին առնչվող մի շարք հարաբերությունների վերանայման անհրաժեշտություն, մասնավորապես.
- առանձին ակտիվների խմբի նկատմամբ ապահովություն տրամադրելու հնարավորությունը,
- ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը,
- գույքի օգտագործման արդյունքում ստացված ակտիվների վրա ապահովված իրավունքի տարածումը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գործարար միջավայրի բարելավման բնագավառում իրականացվող քաղաքականության համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 24 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը:
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «վարկերի ստացում» ցուցիչի մասով Հայաստանի դիրքի բարելավման նպատակով: Նախագծով ամրագրված դրույթներով.
- սահմանվում են գրավի հնարավոր առարկա հանդիսացող գույքի տեսակները.
- վերանում է ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրության պահանջը՝ բավարար համարելով այդ առարկայի նույնացման համար ընդհանուր նկարագրությունը.
- գրավի իրավունքը տարածվում է նաև գույքի օգտագործման արդյունքում ստացված ակտիվների վրա՝ անկախ պայմանագրում նախատեսված լինելու հանգամանքից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
Ակնալվող արդյունքը
Նախագծով սահմանվող փոփոխությունների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «վարկերի ստացում» ցուցիչի մասով Հայաստանը կստանա 3 լրացուցիչ միավոր՝ սահմանագծից հեռավորության ցուցանիշը կրճատելով 15%-ով:
Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների արդյունավետությունը և շարունակականությունը, իսկ այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը կհանգեցնի Doing Business վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքերի կայուն բարելավմանը: