Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 115-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառա­վարության որոշման նա­խագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը «Օտարերկրացիների մասին» օրենքին համապատասխանեցնելու, ինչպես նաև գործնականում առաջ եկած որոշ խնդիրներ կարգավորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու անհրա­­­ժեշտությամբ:

Մասնավորապես, «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված մի շարք փոփոխությունների արդյունքում օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժելու, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետություն օտարերկրացու մուտքն արգելելու հիմքերը փոփոխվել և լրացվել են տարբեր օրենքներով, և անհրաժեշտ է Կառավարության որոշման մեջ նշված համապատասխան հիմքերը համահունչ դարձնել օրենքին:

Միաժամանակ, տվյալների բանկ մուտքագրելու նպատակով գրավոր եղանակով տեղեկություններ ներկայացնելու և տվյալների բանկից գրավոր միջնորդությունների հիման վրա տեղեկությունները հանելու վերաբերյալ գործող կարգով նախատեսված ընթացակարգերը վերանայման կարիք ունեն, քանի որ ներկայիս թվայնացման գործընթացների համատեքստում դրանք բավարար չափով արդյունավետ չեն գործում: Բացի այդ, «Օտարերկրացիների մասին» օրենքը և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունները ստացվում են նաև էլեկտրոնային՝ ինքնաշխատ եղանակով, և հաշվի առնելով դրանց մեծածավալությունը՝ անհրաժեշտություն է առաջացել տվյալների բանկ դրանց ներմուծումը ևս իրականացնել ինքնաշխատ եղանակով, ինչը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել տվյալների բանկ մուտքագրվող տեղեկությունները և ապահովել դրանց թարմացումն իրական ժամանակում: Միաժամանակ, անհրաժեշտ է նախատեսել, որ համապատասխան ժամկետները լրանալու կամ վարչական ակտով անձի վրա դրված պարտականությունը կատարելու վերաբերյալ տեղեկությունները տվյալների բանկում հասանելի լինելու դեպքում օտարերկրացիների մասին տեղեկությունները կարող են տվյալների բանկից հանվել ինքնաշխատ եղանակով, քանի որ դա պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքների այնպիսի փոփոխություններով, որոնք միջնորդագրով լրացուցիչ հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Գործող ընթացակարգով տեղեկությունները տվյալների բանկից հանելը ենթադրում է ժամանակատար պրոցես, և հաշվի առնելով, որ այն ուղղակիորեն առնչվում է անձի իրավունքների սահմանափակմանը, անհրաժեշտ է գործընթացն իրականացնել հնարավորինս օպերատիվ: Մասնավորապես, օտարերկրացու կողմից վարչական տուգանքի վճարման վերաբերյալ տեղեկությունները տվյալների բանկ մուտքագրվելու պահից անմիջապես ինքնաշխատ եղանակով հնարավոր կլինի վերացնել անձի նկատմամբ կիրառված մուտքի սահմանափակումը (բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալների բանկում առկա կլինեն օտարերկրացուն անցանկալի համարելու այլ հիմքերով հաշվառելու վերաբերյալ տեղեկություններ), ինչը հնարավորություն կտա նաև առավել արագ կազմակերպել անձանց ՀՀ մուտք գործելու գործընթացը՝ խուսափելով կուտակումներից:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգով նախատեսված հիմքերը համապատասխանեցնել «Օտարերկրացիների մասին» օրենքին, ինչպես նաև վերանայել տվյալների մուտքագրման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ՝ նախատեսելով էլեկտրոնային և ինքնաշխատ եղանակով տվյալների ստացման և նույն եղանակով տեղեկությունները տվյալների բանկից հանելու հնարավորություն՝ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Նշված եղանակով աշխատանքի կազմակերպումը կնպաստի նաև «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով սահմանահատումների իրականացման ժամանակի կրճատմանը:

Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կառավարության որոշման դրույթների համապատասխանեցումն օրենքի պահանջներին, ինչպես նաև հնարավոր կլինի օպտիմալացնել տվյալների բանկ տեղեկությունների մուտքագրման, մշակման գործընթացը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմին­ների կայուն համա­կար­գը» կետ­ից: Համաձայն նշված կետի` ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունու­թյան, հա­սա­րա­կու­թյան բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կա­տա­րե­լա­գործվող, արդի մարտա­հրա­վերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգա­ցում­ներին համ­ընթաց ար­դիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասա­րա­կու­թյան վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկա­յու­թյունը:

 

Ազգային անվտանգության ծառայություն

  • Քննարկվել է

    31.01.2024 - 15.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1807

Տպել