Եվրոպական Բիզնես Ասոցիացիա
31.12.2023
Գրում ենք՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (Օրենք) առաջարկվող փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Նախագիծն առաջարկում է, ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ կիրառել միատեսակ փաթեթավորման պահանջ, երբ այդպիսիք ներդրվեն ՄՄ ՏԿ 035/2014-ով (ՏԿ): Առաջարկվող օրինագիծը, ըստ երևույթին, հիմնված է վերազգային տեխնիկական կանոնակարգերի ապագա փոփոխությունների վերաբերյալ սխալ համոզմունքների վրա, քանի որ այդպիսին պահանջում է կոնսենսուս ԵԱՏՄ անդամ երկրների միջև, որոնք արտահայտել են հստակ և միանշանակ դիրքորոշում, որ համաձայն չեն ծխախոտի արտադրանքի նկատմամբ միատեսակ փաթեթավորման կիրառման ողջամտությանը: ԵԱՏՄ անդամ երկրներ Ռուսաստանն ու Բելառուսը դեմ են միատեսակ փաթեթավորմանը ոչ առանց պատճառի. արտադրանքն իրեն առանձնացնող բրենդավորումից զատելը, լավագույն դեպքում, կասկածելի քաղաքականություն է, քանի որ միատեսակ փաթեթավորման և ծխելու տարածվածության նվազման տոկոսադրույքների միջև ուղղակի հարաբերակցությունն արտահայտող բավարար ապացույցներ չկան: Ընդհակառակը, միատեսակ փաթեթավորումը կարող է ստեղծել բարենպաստ միջավայր ապօրինի առևտրի համար, քանի որ հստակ բրենդավորման բացակայության պայմաններում, ավելի հեշտ է դառնում կեղծ ապրանքներ արտադրելը: Ավելին, միատեսակ փաթեթավորումը ոչ միայն խախտում է մտավոր սեփականության սկզբունքները, այլև կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների՝ սպառողական ընտրության, մրցակցության և պետական եկամուտների նվազման։ Այնուամենայնիվ, մեր հիմնական մտահոգությունն այն պոտենցիալ բացասական ազդեցությունն է, որ այս փոփոխությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության իմիջի վրա՝ որպես միջազգային հանրության դերակատարի, երբ այդպիսի հանրության անդամներից ակնկալվում է հետևել վերջիններիս միջև համաձայնեցված կանոններին։ Ինչ վերաբերում է ծխախոտային արտադրանքին, ապա ԵԱՏՄ անդամ երկրների միջև կա համաձայնեցված կանոն՝ ամրագրված ՏԿ-ում, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար, և որը հստակ թույլատրում է արտադրանքի բրենդային փաթեթավորումը: Առաջարկվող փոփոխությունը հակասում է երկրի միջազգային պարտավորություններին, քանի որ ՕՐԵՆՔԸ ՏԿ-ի հետ ներդաշնակեցնելու փոխարեն, այն փորձում է շրջանցել համայնքի կանոնները՝ ներմուծելով փաթեթավորման պահանջներ, որոնք ներկայումս ոչ միայն պլանավորված չեն ներդնել ԵԱՏՄ-ում, այլև բախվում են ԵԱՏՄ անդամ երկրների ակնհայտ հակադրությանը: Հրամայական է, որ որպես միջազգային հանրության անդամ, Հայաստանի օրենսդրական որոշումները համահունչ լինեն իր միջազգային պարտավորություններին և հիմնված լինեն հետազոտական տվյալների վրա հիմնված համապարփակ վերլուծության և հնարավոր հետևանքների լիակատար ընկալման վրա: Օրենսդրական փոփոխությունների հիմքում ընկած անհիմն ենթադրությունները կարող են վտանգել իրավական որոշակիությունը՝ բիզնեսի և ներդրումային միջավայրի հիմնաքարը, ստեղծելով միջավայր, որտեղ ներդրողները վարանում են ներգրավվել՝ իրավական դաշտի շուրջ անորոշության պատճառով: Սա իր հերթին կարող է խոչընդոտել տնտեսական զարգացմանը և երկիր այնքան անհրաժեշտ ներդրումների ներգրավմանը։ Իրավական որոշակիության ապահովման, բարենպաստ ներդրումային միջավայրի խթանման և միջազգային հանրության վստահելի անդամի իմիջը պահպանելու համար՝ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը վերանայել առաջարկվող օրենսդրական փոփոխությունները և կիրառել առկա և համաձայնեցված չափանիշները, որոնք հիմնված են գործող ՏԿ-ի վրա: Շնորհակալություն ուշադրության համար։ Պատրաստ ենք հետագա քննարկումների՝ լուծելու ցանկացած խնդիր և նպաստելու առողջ և արդյունավետ օրենսդրական կարգավորումների մշակմանը: