ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ)
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերի լուծման նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմից տրված հանձնարարականի կատարումն ապահովելու հետ:
Հարկ է ընդգծել, որ BEPS ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում ծրագրի քարտուղարության կողմից և այնուհետև նաև ԵՄ բարեվարքության խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում գործող ԱՏԳ շահագործողներին շահութահարկից ազատման արտոնությունները որակվել են որպես «վնասակար» հարկային ռեժիմներ:
Այս արտոնությունը որակվել է որպես վնասակար հետևյալ պատճառներով.
- նախ, այս մասով ՀՀ օրենսդրությամբ գործում է շահութահարկից (ուղղակի հարկերից) ազատման արտոնություն,
- արտոնյալ ռեժիմը կիրառելի է նաև աշխարհագրորեն հեշտ տեղափոխվող գործունեության տեսակներից (geographically mobile activities) ստացվող եկամուտների նկատմամբ։ Այստեղ հատկանշական է, որ ԵՄ շրջանակներում գործող ստանդարտների կիրառության շրջանակն ավելի ընդգրկուն է, և այդ ստանդարտները կիրառելի են ոչ միայն աշխարհագրորեն հեշտ տեղափոխվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտների նկատմամբ, այլ նաև գործունեության այլ տեսակներից ստացվող եկամուտների նկատմամբ,
- արտոնությունը կիրառելի է միայն այն պարագայում, երբ շահութահարկից ազատված եկամուտները ստացվում են ոչ ռեզիդենտներից կամ արտասահմանյան աղբյուրներից (ԱՏԳ-ների դեպքում շահութահարկից ազատման արտոնությունը գործնականում կիրառվում է միայն Հայաստանի Հանրապետությունից ապրանքների և ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտների նկատմամբ) կամ առնվազն ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված չէ, որ այդ արտոնությունը կիրառելի է նաև հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների նկատմամբ,
- սահմանված չեն այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն արտոնությունը կիրառել միայն ՀՀ տարածքում փաստացի ստեղծվող եկամուտների նկատմամբ կամ բացակայում են այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն այլ երկրներում ձևավորված և այդ երկրներում հարկվող եկամուտները արհեստականորեն Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և այս արտոնության շրջանակներում չհարկելու կարգավորումները (Substantial activity requirement)։
Վերոնշյալ խնդիրները լուծելու համար մեր կարծիքով անհրաժեշտ է լինելու ԱՏԳ-ների մասով կատարել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, որոնք ներկայացված են նախագծերի փաթեթում։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը BEPS ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը։
Հարկ է ընդգծել, որ նախատեսվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում ամրագրել, որ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը, ինչը ենթադրում է, որ սույն նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ, մասնավորապես՝
- կսահմանվեն պահանջներ, որոնց շրջանակներում կհավաստվի, որ այդ գործունեությունն իրականացվում է արտոնությունից օգտվող հարկ վճարողի կողմից,
- արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ արտոնյալ գործունեությունն իրականացնելու համար բավարար քանակի և մասնագիտացմամբ աշխատողներ,
- արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ բավարար քանակի օպերացիոն ծախսեր, որոնցով կհավաստվի իրականում գործունեություն իրականացնելու հանգամանքը,
- կսահմանվեն նշված պահանջների նկատմամբ հսկողության կառուցակարգեր, որոնց արդյունքում պահանջներին չբավարարող շահագործողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:
Միաժամանակ, ԱՏԳ շահագործողների գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվի ուղեցույց։
Գործող կարգավորումներով ամրագրված են այն գործունեության տեսակները, որոնք արգելված են ազատ տնտեսական գոտիներում։ Սույն նախագծով նախատեսվում է նաև սահմանել նաև ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը (մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն), ինչպես նաև միջազգային փորձը։ Նշված ոլորտներն ընդգրկում են նաև առևտուրը, քանի որ որոշ ազատ տնտեսական գոտիներում (հայ-իրանական սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ) դրա իրականացումը կնպաստի ԱՏԳ-ում արտադրված ապրանքների տեղում իրացմանը, երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Օրինագծերի փաթեթն ուղղակիորեն չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Օրինագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Օրինագծերի փաթեթի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Օրինագծերի փաթեթի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։