Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Եկամտային հարկի վերադարձման համակարգի ներդրումը նպատակ է ունեցել բնակարանների և անհատական բնակելի տների նկատմամբ պահանջարկի աճի հաշվին նպաստել տնտեսության շինարարության ոլորտի աշխուժացմանը: Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը ՀՀ տնտեսության հիմնական ոլորտներից է, ակնկալվում էր նշյալ գործիքի կիրառման միջոցով ոլորտում տնտեսական աճ ապահովել, իսկ տնտեսական աճից ստացվող հարկերի միջոցով՝ փոխհատուցել եկամտային հարկի գումարների վերադարձման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորուստները:
Հարկ է նկատել նաև, որ ամբողջ աշխարհում բնակարանաշինությունը համարվում է շահութաբեր և մասնավոր ներդրողների մոտ հետաքրքրություն վայելող ոլորտ, և այս պարագայում պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունները բնակարանաշինությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին աջակցության նպատակով օգտագործելը բյուջետային ծախսերի առաջնահերթությունների որոշման քաղաքականության տեսանկյունից հիմնավորված չէ։
Ավելին, համակարգի՝ ներկա առանձնահատկություններով գոյությունը նշանակում է պետական բյուջեից սուբսիդավորման ճանապարհով շարունակել բուռն կեպով խթանել երկու ոչ արտահանելի՝ ֆինանսական և շինարարության ոլորտների զարգացումը, ինչը համահունչ չէ ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսության արտահանելի հատվածը խթանելու քաղաքականությանը։
Այս առումով, պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետության հետ կապված հարկ ենք համարում ընդգծել, որ ներկա տնտեսական պայմաններում, առավել քան երբևէ, պետական բյուջեի եկամուտների յուրաքանչյուր միավորի զիջումը կամ ծախսերի յուրաքանչյուր միավորի ավելացումը պետք է ունենա առնվազն ներքոհիշյալ երեք հիմնական նպատակադրումները՝
- տնտեսական աճի նպաստում և հեռանկարայաին աճի կայուն հիմքերի ապահովում,
- հանրային ծառայությունների մատուցման որակի կատարելագործման ապահովում,
- առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծում։
Այդ կապակցությամբ, գտնում ենք, որ առավել նպատակահարմար է եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության վրա ծախսվող բյուջետային ռեսուրսներն ուղղել վերոնշյալ 1-ին և 2-րդ նպատակադրումներին՝ առավել հասցեական և արդյունավետ ծրագրերում, ինչը տնտեսական աճի նախադրյալներ ստեղծելու ավելի մեծ ներուժ կունենա, իսկ վերջինս էլ իր հերթին ավելի դյուրին կդարձնի տարբեր բնույթի սոցիալական խնդիրների լուծումը:
Շատ կարևոր է նաև այն, որ եկամտային հարկի վերադարձման համակարգն, ըստ էության, պետք է ընկալվի ոչ թե որպես համակարգի շահառուներին տրամադրվող հարկային արտոնություն, այլ որպես սոցիալական քաղաքականության շրջանակներում շահառուներին տրամադրվող բյուջետային աջակցություն, քանի որ համակարգի շահառուներն ընդհանուր սահմանված կարգով հաշվարկում և կատարում են եկամտային հարկի գծով իրենց հարկային պարտավորությունները, որից հետո նոր միայն դիմում են պետական բյուջեից եկամտային հարկի գումարը հետ ստանալու համար: Հետևաբար, գտնում ենք, որ այս համակարգի կիրառության հարցը քննարկելիս անհրաժեշտ է համակարգը դիտարկել բյուջետային գործընթացի շրջանակներում սոցիալական նշանակությամբ պետական աջակցության ծրագրերի ընդհանուր համատեքստում:
Այս կապակցությամբ, կարևորելով սահմանափակ բյուջետային միջոցներն առավելագույն հասցեականությամբ և արդյունավետությամբ օգտագործելու նպատակադրումը՝ գտնում ենք, որ համակարգի կիրառության արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը հիմնավորվածության ու առաջնահերթությունների առումով պետք է անպայմանորեն համադրվեն միևնույն՝ սոցիալական ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերի հիմնավորվածության ու առաջնահերթությունների հետ:
Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել նաև, որ 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է 273,9 մլն. դրամ, 2016թ.՝ 1.3 մլրդ. դրամ, 2017թ.՝ 2.4 մլրդ. դրամ, իսկ 2018թ.՝ 4,7 մլրդ․ դրամ, 2019թ․ 7,9 մլրդ դրամ, 2020թ․ 13,3 մլրդ․ դրամ, 2021թ․ 22,6 մլրդ․ դրամ, իսկ 2022թ․ 36,5 մլրդ․ դրամ, ինչը նշանակում է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են, արդյունքում մեծ բեռ են պետական բյուջեի վրա: Բացի այդ, վերջին տարիներին աճել է նաև համակարգից օգտվողների քանակը։
Հատկանշական է նաև այն, որ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս խնդրո առարկա համակարգի կիրառության անժամկետ բնույթը չի խթանում, որպեսզի համակարգից պոտենցիալ օգտվողները համակարգից օգտվելու իրենք իրավունքը ժամանակի մեջ իրացնեն ավելի տեսանելի ժամկետներում՝ կարճաժամկետ հեռանկարում:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝
- 2027 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,
- 2029 թվականի հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի.
Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը, տվյալ եռամսյակի որևէ ամսվա համար փաստացի կիրառված հիպոտեկային վարկի տոկոսը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքի և երկու տոկոսային կետի հանրագումարը գերազանցելու դեպքում, գերազանցող մասով չի վերադարձվում:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակն ու ժամկետներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
- Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը,
- Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար,
լավարկվելու է հիպոտեկային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը և դրան հաղորդվելու է տարածքային համաչափ զարգացման և ավելի ընդգծված սոցիալական ազդեցության նշանակություն։